Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուսուցչական սեմինարիայի (այժմ՝ ժող․ տնտ․ ինստ–ի շենքը, ճարտ․ Բ․ Մեհրաբյան), Պետ․ գանձարանի (այժմ՝ Մինիստրությունների շենքը Ազիզբեկովի հրապարակում), Պետ․ բանկի (այժմ՝ 2-րդ հիվանդանոցի շենքը), «Տղայոց» և «Օրիորդաց» (Հռիփսիմյան) գիմնազիաների շենքերը (բոլորի ճարտ․ Վ․ Միրզոյան)։ Ճարտ․ նույնպիսի նկարագիր են ունեցել «Անգլ․ այգու» (այժմ` 26 կոմիսարների անվ․) հս–արմ․ սահմանով ձգված և շուկայական հրապարակի կողմը դարձած շենքերի (1–2 հարկանի, աոաջին հարկում՝ խանութներով) շարքը։ Երևանի հանդիսատեսային շենքերի առաջնեկներն էին Ջանփոլադյանների թատրոնը (այժմ՝ Սպայի տուն, ճարտ․ Բ․Արազյան), Դրամատիկական թատրոնը (հետագայում՝ Երաժշտական կոմեդիայի թատրոն, ճարտ․ Վ․ Միրզոյան), Քաղաքապետարանը (այժմ՝ Սպանդարյանի շրջսովետի շենքը), «Օրիանտ» և «Գրանդ հոթել» հյուրանոցները ևն։ Ոճական որոշ տարբերությամբ, դրանց թվին կարող է դասվել «Տղայոց գիմնազիայի» նոր շենքը (հետագայում՝ «Կուլտուրայի տունը» Լենինի հրապարակում, ճարտ․ Վ․ Սիմոնսոն)։ Ալեքսանդրապոլում կլասիցիզմի ճարտ․ ոճով կառուցված շենքերի լավագույն օրինակներն են՝ «Օֆիցերական ակումբը» (ճարտ․ Էլլարով), «Առևտրական» և «Օրիորդաց» (Օլգինյան) գիմնազիաները (ճարտ․ Միրոնով), իսկ Կարսում՝ «Օֆիցերական ակումբի», «Պետական գանձարանի», հյուրանոցի և մի քանի այլ շենքեր։

Նույն ժամանակաշրջանում Արլ․ Հայաստանի դանդաղորեն զարգացող արդյունաբերության հիմնական կենտրոն Երևանի տարբեր մասերում կառուցվել են արտադր․ տարաբնույթ ձեռնարկությունների շենքեր (1912 թ․ դրությամբ՝ մինչև 67)։ Դրանցից են՝ Թայիրյանի, Սարգսյանի, Շուստովի, Աֆրիկյանի, Գյոզալյան և սպիրտ–կոնյակի, Տեր–Ավետիքյանի թուջաձուլման և մեխանիկական, Գաբրիելյանի և Սարգսյանի պահածոների, Ավետյանի բամբակամամլիչ, Գյոզալյանի ձիթազտիչ, կաշվի, լիմոնադ–գարեջրի և այլ գործարանները։ Դրանցից մի քանիսի՝ Սարաջյանի (1894), Շուստովի (1899) և Գյոզալյանի (1893) ձիթազտիչ գործարանների ճարտ–յունը չհամապատասխանելով դրանց բնույթին, մեծ ընդհանրություն ունի նույն ժամանակաշրջանի Երևանի քաղաքացիական ճարտ–յան հետ։ Մոտավորապես նման է Ալեքսանդրապոլի (մեխանիկական, գարեջրի, շինանյութերի) և Կարսի տարբեր տեսակի արտադր․ շենքերի ճարտ–յանը։

Այլ է պատկերը եկեղեց․ ճարտ–յան բնագավառում, որտեղ պահպանվել է ազգ․ ճարտ․ ավանդույթների շարունակման ստեղծագործական միտումը։ Դա արտահայտվել է ինչպես հայկ․, այնպես էլ ռուս. եկեղեցիների ճարտ–յան մեջ։ Հայկ․ եկեղեցական ճարտ–յան ոճով են կերտվել Երևանի Ս․ Լուսավորիչը (1868–1900), Ս․ Զորավորի դամբարան–զանգակատունը (XX դ․ սկիզբ, ճարտ․ Վ․ Միրզոյան), Ալեքսանդրապոլի Ս․ Ամենափրկիչը [1858–76, հեղ–ներ՝ վարպետներ Թադևոս (Թաթոս) Անտիկյան և Մանուկ Պետրոսյան (Արդար Մանուկ)] Կարսի քաղաքամեջի նոր (1908–15), Նոր Բայազետի կենտրոնի (1903, ճարտ․՝ Վ․ Միրզոյան) եկեղեցիները։ Կառուցվել են Վարդենիսի, Մրգավանի (Արտաշատի շրջան), Արարատյան դաշտի մի շարք գյուղերի եկեղեցիները, Աշտարակի Մարինե և Եղվարդի Ս․ Աստվածածին եկեղեցիներին կցակառուցված գավիթները, Տաթևի վանքի և Կարսի Առաքելոց եկեղեցու զանգակատները, նույն եկեղեցուն կցակառուցված նախամուտքերը (1885, հեղ․ ճարտ–յան ակադեմիկոս Գ․ Գրիմ) ևն։ Ռուս. եկեղեց․ ճարտ–յան ոճն իր արտահայտությունն է գտել Երևանի Նիկոլաևյան (1901, ճարտ․ Վ․ Միրզոյան, կառուցումն ավարտել է Ի․ Կիտլինը), Քանաքեռի, Ալեքսանդրապոլի «Սևեռսկի պոստի» և «Կազաչի պոստի» զինվորական եկեղեցիները (XX դ․ սկիզբ, առաջինի ճարտ․ Վ․ Միրզոյան, մյուսներինը՝ ենթադրաբար նույնը), Ալեքսանդրապոլի «Պատվո բլուրի» վրա կառուցված «Պլպլան ժամը», Կարսի ռուս. եկեղեցին (1908), զորամասային մի քանի եկեղեցիներ։

Բազմաոճ են XIX դ․ վերջ –XX դ․ սկզբին Վաղարշապատում կառուցված Ս․ Էջմիածնի վանքապատկան քաղաքացիական շենքերը։ Դրանց թվին են պատկանում Մայր տաճարին կցված թանգարանի (1869), Գևորգյան ճեմարանի (1869–74), Երեմյան խցերի (1875), ճեմարանի ննջարանային մասնաշենքի (1879), «Հայրիկյան» թանգարանի (1896), տպարանի (1888–98, ճարտ․ Մ․ Սալամբեկյան), հիվանդանոցի (1902, ճարտ․ Լ․ Շիրմազանյան), սերտարանի (1911, ճարտ․ Վ․ Միրզոյան), ուս․ աստղադիտարանի (1911 – 1914, ճարտ․ Ա․ Կալգին) շենքերը։ Բացառություն են կազմում մատենադարանը (այժմ՝ հոգևոր ճեմարան, 1910–11) և նոր վեհարանը (1910–14), որոնց հեղինակը՝ թիֆլիսահայ ճարտարապետ Պ․ Զուրաբյանը, ջանացել է դրանք մեկնաբանել հայկ․ ճարտ–յան ավանդույթների ոգով։ Նույն կարգի է Թիֆլիսում կառուցված Ներսիսյան դպրոցի նոր շենքը (1909–12, ճարտ․ Ա․ Մորովիցկի, կառուցման ղեկավարներ՝ Պ․ Զուրաբյան, Մ․ Նեպրինցև)։

Թիֆլիսում և Բաքվում է ընթացել հայազգի տաղանդաշատ ճարտ–ների՝ Գ․ Տեր–Միքելյանի, Ք․ Տեր–Սարգսյանի, Ղ․ Սարգըսյանի, Վ․ Սարգսյանի, Հ․ Տեր–Հովհաննիսյան–Քաջազնունու, Դ․ Չիսլիևի, Պ․ Զուրաբյանի, Ն․, Բաևի, Ն․ Մադաթովի, Ֆ․ Աղալյանի, Ա․ Ռոաինյանի և ուրիշների ստեղծագործական կյանքը։ Կատարելով տեղի հայկ․ համայնքների և այլ պատվիրատուների առաջադրանքը, նրանց նախագծերով կառուցվել են բազմաբնույթ շենքեր, որոնք էապես նպաստել են Անդրկովկասի երկու կարևոր կենտրոնների քաղաքային նոր ճարտ–յան կազմավորմանը։ Թիֆլիսում կառուցված շենքերից նշանավոր են՝ Մ․ Արամյանցի «Մաժեստիկ» հյուրանոցը (այժմ՝ «Թբիլիսի», 1912–15, ճարտ․՝ Գ․ Տեր–Միքելյան), Ղ․ Սարգսյանի նախագծերով կառուցված Զուբալովի ժող․ տունը (1902, այժմ՝ Կ․ Մարջանիշվիլու անվ․ թատրոն), Անդրկովկասյան օֆիցերական ընկերության ակումբը (1902, այժմ՝ կենտր, հանրախանութ), Ա․ Մանթաշյանի առևտր․ դպրոցը (1911) և մենատունը (1912–14)։ Հայ ճարտ–ների նախագծերով Թիֆլիսում կառուցվել են Մելիք Ազարյանի և ուրիշների բազմաթիվ շահութաբեր բնակելի տներ ու մենատներ, հանդիսատեսային, մշակութային ու այլ բնույթի շենքեր։ Բաքվում կառուցվածներից հիշատակելի են՝ Հասարակական հավաքույթի ամառային ակումբի (այժմ՝ ֆիլհարմոնիայի համերգային դահլիճ, 1910–12), Թիֆլիսի առևտր․ բանկի Բաքվի բաժանմունքի (այժմ՝ «Մանկական աշխարհ» հանրախանութ, 1902–03) շենքերը, Յուզբաշյանի (1900–01), Ադամյան եղբայրների (1908–1909), Թաղիևների (1909–11), Սադիխովների (1909–12) շահութաբեր բնակելի տները (բոլորը՝ ճարտ․ Գ․ Տեր–Միքելյան), Մայիլովի թատրոնը (այժմ՝ Ախունդովի անվ․ օպերայի և բալետի պետ․ թատրոն, 1910, ճարտ․ Ն․ Բաև), Ս․ Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին (այժմ գոյություն չունի, 1910–1911, ճարտ․ Հ․ Տեր–Հովհաննիսյան–Քաջազնունի)։ Ճարտ–ներ Վ․ Սարգսյանի, Ֆ․ Աղալյանի և ուրիշների նախագծերով Բաքվում կառուցվել են բազմաթիվ բնակելի, վարչա–հասարակական, ուս․, առևտր․, արտադր․ և այլ բնույթի շենքեր ու կառույցներ։ XX դ․ սկզբին Պետերբուրգում, Մոսկվայում, Կրատովոյում և Յարոսլավլում նույնպիսի բեղմնավոր գործունեություն է ծավալել ճարտարապետության ակադեմիկոս Ա․ Թամանյանը, որի նախագծերով Մոսկվայում կառուցվել է Շչերբատովների տունը, իսկ Կրատովոյում՝ հիվանդանոցային մասնաշենքերի ու բնակելի ավանի մի ընդարձակ համալիր։ Վ․ Հարությունյան

Սովետական շրջանի ճարտարապետություն: 1920–1930-ական թթ․ ճարտարապետություն։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո, 1922-ից սկսվել է կազմակերպված շինարարական գործը։ 1923-ին ժողկոմխորհին կից ստեղծվել է Գերագույն տեխ․ բաժին, որը ղեկավարել է նախագծային և շին․ աշխատանքները։ Կազմվել են քաղաքների և այլ բնակավայրերի հատակագծեր, ոռոգիչ կառույցների, հիդրոէլեկտրակայանների և այլ շինությունների նախագծեր։ Այդ գործին իրենց մասնակցությունն Են բերել ճարտարապետներ Ա․ Թամանյանը, Ն․ Բունիաթյանը, Դ․ Չիսլիևը (Չիսլյան), Հ․ Քաջազնունին, Բ․ Արազյանը, Ֆ․ Աղալյանը, Ն․ Բաևը, Հ․ Զաքյանը, Հ․ Խիզանյանը, Ղ․ Սարգսյանը, իսկ 1920-ական թթ․ վերջերից նաև Մոսկվայի և Երևանի բուհերն ավարտած Կ․ Հալաբյանը, Մ․ Մազմանյանը, Գ․ Քոչարը, Տ․ Երկանյանը, Ս․ Սաֆարյանը, Մ․ Գրիգորյանը, Հ․ Մարգարյանը, Ա․ Ահարոնյանը։ 1924-ին ժողկոմխորհը հաստատել է Ա․ Թամանյանի կազմած Երևանի գլխ․ հատակագիծը (150 հզ․ բնակչի համար), որը հիմք դարձավ մայրաքաղաքի հետագա բոլոր հատակագծերի համար։ Այն սովետական քաղաքաշինության առա–