Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


գի գործունեության խանգարման։ Անոթային անբավարարությունից լայնանում են արյունատար անոթները, ընկնում է արյան ճնշումը, հոսքի արագությունը խիստ դանդաղում է (շոկ, կոլապս)։

Հայկական ՍՍՀ ԳԱ 1968-ից հրատարակում է «Արյան շրջանառություն» («Кровообращение») երկամսյա բժշկագիտական հանդեսը (1968-ին լույս է տեսել 2 համար)։ Հանդեսում հոդվածները տպագրվում են ռուս․, ամփոփումները հայ․ և անգլ․։ Գլխավոր խմբագիր՝ պրոֆեսոր Ա․ Լ․ Միքայելյան։

Գրկ․ Савицкий Н․ Н․, Биофизические основы кровообращения и клиническиеметоды изучения гемодинамики, 2 изд․, М․, 1963; Куршаков Н․ А․, Прессман Л․ П․, Кровообращение в норме и патология, М․, 1969; Уиггерс К․, Динамикакровообращения, пер․ с англ․, М․, 1957; Маерсон Ф․ 3․, Очерки клинической физиологии кровообращения․ Минутный объем сердца и его регуляция, пер․ с англ․, М․, 1969․ Գ․ Մուշեղյան


ԱՐՅԱՆ ՎՐԵԺ, վրիժառություն, վրեժխնդրություն, սպանելու կամ վիրավորելու համար վրեժ լուծելու սովորույթ։ Բնորոշ էր տոհմատիրական կարգերին։ Ըստ այդ սովորույթի, տոհմը պարտավոր էր վրիժառու լինել իր անդամին վիրավորանք հասցրած տոհմից։ «Արյուն նարյունով լվանալու» սովորույթը հաճախ տարածվում էր ոչ միայն հանցավորի, այլև նրա տոհմակիցների վրա։ Ա․ վ–ի սովորույթը իր հիմքում ունեցել է տնտեսական (տոհմի անդամի կորուստը նյութապես վնասել է տոհմին, ուստի նա պետք է սպաներ վնաս հասցնողին կամ դրա փոխարեն ստանար արևագին) և կրոնական (իբր հանդերձյալ աշխարհում սպանվողը հանգիստ չի գտնի, քանի դեռ նրա տոհմակիցները վրեժխնդիր չեն եղել) գործոններ։ Վրիժառությունը հաճախ փոխանցվել է սերնդե–սերունդ և երբեմն հանգեցրել ողջ տոհմի բնաջնջմանը։ Պետության առաջացման հետ տիրող դասակարգը սահմանափակել է Ա․ վ–ի գործադրումը։ Բացի սպանվածի ընտանիքին հատուցում տալուց, սպանողից գանձվել է տուգանք հօգուտ տիրակալի։ Աստիճանաբար Ա․վ–ի սովորույթը վերածվել է իրավական նորմի։ Սահմանվել են տոնական և շաբաթվա օրեր, ընտրվել են վայրեր՝ քաղաքներ, տաճարներ ևն, երբ և որտեղ արգելվել է Ա․ վ․։ Որոշ երկրներում (Կորսիկա, Ալբանիա, Սերբիա, Սարդինիա, Ճապոնիա) Ա․ վ․ պահպանվել է ընդհուպ մինչև XX դ․ սկիզբը։ Հայերի մոտ Ա․ վ․գոյատևել է մինչև զարգացած ֆեոդալիզմը։ ՍՍՀՄ–ում Ա․ վ․ պատժվում է օրենքով, որպես քրեական հանցագործություն։

Մ․ Խաչատրյան, Է․ Կարապետյան


ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄ, բուժիչ մեթոդ, երբ հիվանդի արյունատար համակարգի մեջ ներարկվում է ուրիշ մարդու արյուն։ Կիրառվում է արյան կորուստը վերականգնելու, օրգանիզմի դիմադրողականությունն ուժեղացնելու, թունավոր նյութերը չեզոքացնելու, արյան մակարդելիությունը բարձրացնելու նպատակով։ Ա․ փ․ կատարվում է ուղղակի և անուղղակի։ Առաջին դեպքում դոնորից վերցրած արյունը անմիջապես ներարկվում է հիվանդին (ռեցիպիենտին)։ Այս եղանակը կիրառվում է հազվադեպ։ Անուղղակի փոխներարկման դեպքում դոնորից վերցրած արյունը հավաքում են հատուկ անոթի մեջ, ֆիբրինազրկում կամ խառնում արյան մակարդումը կանխող նյութի (կիտրոնաթթվի նատրիումական աղ, հեպարին և այլն) հետ և նոր միայն փոխներարկում հիվանդին։ Փոխներարկման համար դոնորից ստացված և մշակված արյունը պահվում է սառնարանում, հերմետիկորեն փակ ապակե անոթների կամ մեծ ամպուլների մեջ։ Ա․ փ․ կատարում են ներերակային, ներզարկերակային, ներոսկրային և այլ ուղիներով։ Արյան կորուստը վերականգնելու համար, օրվա ընթացքում ընդմիջումներով կամ անընդհատ կաթիլային եղանակով, մարդուն կարելի է փոխներարկել մինչև 1-2 լ արյուն։ Քրոնիկական հիվանդությունների ժամանակ (ծայրանդամների տրոֆիկական խոցեր, դանդաղ ապաքինվող վերքեր) օրգանիզմի կենսական պրոցեսներն աշխուժացնելու նպատակով կատարում են նաև փոքրաքանակ հեմոլիզված կամ անհամատեղելի և այլածին (ոչխարի կամ այլ կենդանու) արյան փոխներարկում։ Ա․ փ–ման համար օգտագործում են նաև ընկերքային և դիակային արյուն, երբեմն էլ հիվանդի արյունը, որը զանազան վնասվածքների հետևանքով կուտակվում է որովայնի կամ այլ խոռոչներում։ Բացի ամբողջական արյունից փոխներարկում են արյան պլազմա, շիճուկ, արյան էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների զանգվածներ, ինչպես և արյանը փոխարինող զանազան լուծույթներ։ Ա․ փ–ման ցուցմունքներն են՝ արյան սուր կորուստ, վնասվածքային շոկ, այրվածքներ, սակավարյունություն, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, նյութափոխանակության ու ներքին սեկրեցիայի խանգարումներ ևն։ Ա․ փ․հակացուցված է ուղեղի ծանր վնասվածքների, թրոմբոզի, արյունազեղման և մի քանի այլ հիվանդությունների ժամանակ։ Ա․ փ․ կարող է առաջացնել ռեակցիաներ և բարդություններ։ ՀՍՍՀ–ում Ա․ փ–մանգործը կազմակերպվել է 1931-ին։ Հայ բժիշկներ Հ․ Քեչեկի և Հ․ Միրզա–Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է Ա․փ–ման հայկական կոմիտե։ 1933-ին կոմիտեն վերակազմավորվել է որպես Մոսկվայի արյան փոխներարկման ինստ–ի հայկ․ մասնաճյուղ։ 1937-ին այն վերածվել է Արյան փոխներարկման հանրապետական կայանի, որի բազայի վրա 1947-ին հիմնադրվել է Հեմատոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստ–ը (1956-ից՝ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան)։ ՀՍՍՀ–ում ստեղծվել է արյան ծառայության լայն ցանց։ 1972-ի տվյալներով գործում են Ա․ փ–ման 5 կայան (Երևանում, Լենինականում, Կիրովականում, Գորիսում, Հրազդանում) և 40 բաժանմունք։

Վ․ Մարտիրոսյան



Մարդու արյան բնականոն բաղադրությունը
Արյան բաղադրիչ մասերը Ամբողջական արյուն Պլազմա էրիթրոցիտներ
Ջուր 75-85% 90-91% 57-68%
Չոր մնացորդ 15–25% 9,8-10% 30-42%
Հեմոգլոբին 13-16% 30–40%
Սպիտակուց ընդհանուր - 6,2–8,2% -
Մնացորդային ազոտ 28-29 մգ% 18-30մգ% 35-40մգ%
Միզանյութ 20–30 » 20–30 » 15-30 »
Միզաթթու 3 – 4 » 0,2 –1,5 » -
Կրեատին 3-5 » - -
Կրեատինին 1-2 » - -
Ամինաթթվային ազոտ 6–8 » 4,6 » -
Ինդիկան 0,25 – 0,8 » 0,025–0,085 » -
Ֆենոլ, կրեզոլ 15–25 » - -
Ամոնիակ 0,4–2,0 »
Շաքար 80–110 » 80–120 » 50-70 »
Կաթնաթթու 8–15 » 12–20 » -
Ճարպաթթուներ 250-400 » 400 – 500 » -
Չեզոք ճարպ 85 – 235 » 100-150 » 11-150
Լեցիտին 135 – 170 » 100 – 200 » 350
Խոլեսթերին (ազատ և կապված) 150–220 » 120–200 » 170-240
Բիլիռուբին - 0,25–1,5 » -
Նատրիում 170–220 » 280–350 » 50-150
Կալիում 150–250 » 10-22 » 300–400
Կալցիում 5-8 » 8–11 » -
Մագնեզիում 2-4 » 1,7-2,3 » -
Երկաթ (Fe203) 45-55 » հետքեր -
Քլոր 260 – 300 » 350 – 380 » 180–200
Ֆոսֆոր ընդհանուր 35 – 45 » - -
Ֆոսֆոր թթվալուծվող 18 – 25 » - -
Ֆոսֆոր անօրգանական 2,5-6,0 » 2,5-5,0 » հետքեր
Ֆոսֆոր լիպոիդային 5–10 » - -
Ծծումբ ընդհանուր 155–231 » 135 » 186
Ծծումբ անօրգանական 0,5-1,1 » - -
Յոդ 0,013-0,02 » - -

ԱՐՅՈՒՆ, մարդու, բոլոր ողնաշարավորների և որոշ անողնաշարավորների (նեմերտիններ, օղակավոր որդեր ևն) փակ արյունատար համակարգում շրջանառվող, բարդ բաղադրություն ունեցող կենսաբանական հեղուկ, որն ավիշի հետ