Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ, սոցիալիստական արդյունաբերության համակենտրոնացման ձև, արտադրա–տնտեսական համալիր՝ ստեղծված արտադրական միավորումների, կոմբինատների, ձեռնարկությունների կազմակերպական ևտնտեսական միավորման միջոցով։ Արդյունաբերական միավորումը հնարավորություն է տալիս կատարելագործել արդյունաբերության ճյուղային կառավարման կառուցվածքը՝ մինիստրություն–արդյունաբերական միավորում–արտադրական միավորում, եռօղակ համակարգի անցնելու միջոցով։ Արդյունաբերական միավորումները հանդես են գալիս որպես ճյուղային կառավարման միջին օղակներ, որոնք, ըստ ենթակայության, կարող են լինել համամիութենական կամ հանրապետական։ Արդյունաբերության մեջ հիշյալ համակարգով կառավարման անցնելիս մինիստրությունների (գերատեսչությունների) գլխավոր արտադրական վարչությունները (գլավկաներ) վերացվում են։ Դրանով իսկ վերանում է բազմաստիճանությունը արդյունաբերական ճյուղերի ղեկավարման ասպարեզում։ Արդյունաբերական միավորումը զուգակցում է կառավարման ճյուղային և տերիտորիալ սկզբունքները, բարձրացնում է արտադրության համակենտրոնացման մակարդակը։ Համամիութենական արդյունաբերական միավորումները ընդգրկում են միութենական, իսկ հանրապետական արդյունաբերական միավորումները՝ հանրապետական համապատասխան ճյուղի հիմնական արտադրատեսակների արտադրությունը, որը հնարավորություն է տալիս մասնագիտացնել և կոոպերացնել միավորվող ձեռնարկությունները։ Միասնական տնտեսական համալիրներում, ձեռնարկություններից բացի, մտնում են նան գիտահետազոտական, կոնստրուկտորական, նախագծային–կոնստրուկտորական, տեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք հնարավորություն են տալիս արտադրությունը գիտության հետ օրգանապես միացնելու հիման վրա բարձրացնել հանրային արտադրության արդյունավետությունը։ Արդյունաբերական միավորումը գործում է տնտեսական հաշվարկի հիման վրա, ապահովում կատարված ծախսումների լիակատար փոխհատուցումը, ներառյալ նախագծային, կոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների, նոր արտադրատեսակների և պրոցեսների յուրացման ծախսումները։ Մինչև ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973-ի մարտի 2-ի «Արդյունաբերության կառավարման հետագա կատարելագործման մի քանի միջոցառումների մասին» որոշումը, արդյունաբերական միավորումները հաճախ կոչվում էին նաև արտադրական միավորումներ։ Այդ որոշմամբ սահմանեցին երկու տիպի միավորումներ՝ արդյունաբերական և արտադրական։ Արդյունաբերական միավորումները գործում են «Համամիութենականև հանրապետական արդյունաբերական միավորումների ընդհանուր կանոնադրության» հիման վրա և ընդգրկում են ինքնուրույն ձեռնարկություններ, իսկ արտադրական միավորումները՝ «Սոցիալիստական պետական արտադրական ձեռնարկության կանոնադրության» հիման վրա, որոնց կազմի մեջ մտնող ձեռնարկությունները զրկվում են իրավաբանական ինքնուրույնությունից։ ՍՄՀՄ–ում առաջին միավորումները կազմավորվեցին 60-ական թթ․սկգբներին և արագորեն ընդգրկեցին արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը։ 1970-ին երկրում գործել են 600 միավորում, որոնք տալիս էին ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 8 և շահույթի 10%-ը։ ՍՍՀՄ–ում առ 1 հունվարի 1973-ի գործում էր 1101 միավորում, որին բաժին էր ընկնում ընդհանուր արդյունաբերական արտադրանքի և շահույթի 12%-ը։ ՀՍՍՀ–ի էլեկտրատեխնիկական, թեթև և սննդի արդյունաբերության մեջ ստեղծվել և գործում է 20 միավորում («Հայէլեկտրալույս», «Հայէլեկտրամեքենա», «Հայէլեկտրաշարժիչ», «Մասիս», «Գարուն» և այլն)՝ ավելի քան 110 գործարաններով ու ֆաբրիկաներով։ ՀՍՄՀ–ի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում միավորումների համախառն արտադրանքի տեսակարար կշիռը 1972-ին կազմել է 23%։ Մ․ Վասիլյան


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ, շենքեր, որտեղ կազմակերպվում են արդյունաբերական տարբեր ճյուղերի արտադրական պրոցեսները։ Արդյունաբերական շենքերում ստեղծվում են արտադրությանն անհրաժեշտ տեխնիկական պայմաններ (էներգիայի և ջրի մատակարարում, կոյուղի, հաղորդակցության ուղիների համակարգ) և մարդկանց համար առողջապահական նորմալ պայմաններ (լուսավորություն, օդափոխություն և այլն)։ Ըստ նշանակության լինում են՝ հիմնական արտադրական (արտադրական մասնաշենքեր և արտադրամասեր), օժանդակ արտադրական (վերանորոգման արտադրամասեր, լաբորատորիաներ և այլն), պահեստային (շինվածքների, նյութերի, հումքի պահեստներ և այլն), էներգետիկական (էլեկտրակայաններ, պոմպակայաններ, կաթսայատներ և այլն), տրանսպորտային (դեպոներ, ավտոսրահներ և այլն) և վարչա–կենցաղային (գրասենյակներ, կենցաղային շենքեր և այլն)։ Կառուցվում են միահարկ (նկ․ 1) և բազմահարկ (նկ․ 3) արդյունաբերական շենքեր։

Նկ․ 1․ միահարկ արդյունաբերական շենքի լայնական կարվածքը

Նկ․ 2․ միահարկ տաղավարային տիպի արդյունաբերական շենքի լայնական կտրվածքը

Միահարկ արդյունաբերական շենքերը կառուցվում են այն արտադրությունների համար, որոնք կապված են ծանր արտադրա–տեխնոլոգիական և հզոր ամբարձիչ–տրանսպորտային սարքավորման օգտագործման, մեծ կշիռ ու մեծ եզրաչափքեր ունեցող շինվածքների պատրաստման, հավելուրդային ջերմության, խոնավության և վնասակար գազերի անջատման հետ։ Միահարկ արդյունաբերական շենքերը լինում են բազմահենամեջ (նկ․ 1) և միահենամեջ։ Արդյունաբերական շենքերը կարկասային կառուցվածք ունեն։ Ինդուստրացման պահանջներով շենքերի պարամետրերը միօրինակացվում են։ Արդյունաբերական շենքերի հենամեջերը սովորաբար իրարից առանձնացվում են սյունաշարերով, որոնց վրա հենվում են ամբարձիչ–տրանսպորտային սարքերի կոնստրուկցիաները և շենքի ծածկերը։ Թռիչքների և սյուների քայլերի համար մոդուլ է ընդունված 6 մ (երբեմն 3 մ)։ Միահարկ արդյունաբերական շենքերում թռիչքները լինում են 6 մ, 12 մ, 18 մ, մինչև 30 մ և ավելի, քայլերը՝ 6 մ, 12 մ, երբեմն՝ 18 մ և ավելի։ Բարձրությունների համար մոդուլ է սահմանված 0, 6 մ։ Միևնույն պարամետրի շենքերի մեջ կարող են զետեղվել տարբեր արդ․ ճյուղերի արտադրություններ։ Դրա հիման վրա ՍՍՀՄ–ում մշակված են միջճյուղային միօրինակացված եզրաչափքային սխեմաներ (հենամիջով, քայլով և բարձրությամբ սահմանված տարածական բջիջներ), որոնցից կազմված սեկցիաներից և հենամեջերից՝ բլոկավորմամբ ստացվում են այս կամ այն չափի արդյունաբերական շենքեր։ Արդյունաբերության որոշ ճյուղերի արտադրությունը հաջող կազմակերպելու համար, միատեսակ բարձրությունների դեպքում, կիրառվում են խոշորացված սյունային ցանցեր՝ 12 × 12 մ, 12 × 18 մ, 18 × 18 մ, 24 × 24 մ (ունիվերսալ արտադրամասեր)։ Լայն տարածում են գտել մեկ, երկու, մեծ և բարձր թռիչքանի արդյունաբերական շենքեր (օրինակ, տաղավարային տիպի շենքերը, նկ․ 2)։ Շենքերի օդավորման և լուսավորման համար կիրառվող երդիկները (նկ․ 1) այժմ փոխարինվում են տանիքի հարթության մեջ տեղադրվող լուսաթափանց և օդափոխիչ սարքերով, լյումինեսցենտային լամպերով։ Թեք տանիքները (նկ․ 1) փոխարինվում են տափակ տանիքներով (նկ․ 2), որոնք շենքերում միապաղաղ ջերմախոնավային ռեժիմ պահպանելու համար լցվում են ջրի 3-5 սմ հաստության շերտով։ Միահարկ արդյունաբերական շենքերի կրող կոնստրուկցիաները (սյուներ, ծածկի ֆերմաներ կամ հեծաններ և այլն), կախված շահագործման պայմաններից, հենամեջերի մեծությունից, ամբարձիչ–տրանսպորտային սարքավորման բեռնունակությունից և այլն, պատրաստվում են տարբեր նյութերից։ Միջին և փոքր բեռնունակության ամբարձիչ–տրանսպորտային սարքավորում ունեցող և մինչև 30 մ թռիչքով արդյունաբերական շենքերի համար լայնորեն կիրառվում են երկաթբետոնե և խառը կոնստրուկցիաներ՝ երկաթբետոնե սյուներ և ծածկերի պողպա–