Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տե կրող կոնստրուկցիաներ։ Առանձնապես շահավետ է դառնում մետաղների (գլխավորապես՝ ալյումինի) լայն օգտագործումը պատող կոնստրուկցիաներում, որոնք հիմնականում պատրաստվում են քարից և խոշոր պանելներից։ Մեծ թռիչքներ, բարձրություններ և ծանր ամբարձիչ–տրանսպորտային սարքավորում ունեցող արդյունաբերական շենքերի համար կիրառվում են պողպատե կոնստրուկցիաներ։

Բազմահարկ արդյունաբերական շենքերը օգտագործվում են ուղղաձիգ տեխնոլոգիական սխեմայով կազմակերպվող (աղացներ, սորուն նյութերի պահեստներ և այլն), ինչպես նաև թեթև, մեծ թրթռում չառաջացնող սարքավորում պահանջող (թեթև, սննդի, պոլիգրաֆիական արդ․, սարքաշինություն ևն) արտադրական պրոցեսների համար։ Բազմահարկ արդյունաբերական շենքերի համար ընդունված են 6 × 6 մ, 6 × 9 մ սյունային ցանցերը (նկ․ 3)։ Հարկերի բարձրությունները՝ 3,6 – 7,2 մ։ Լայն կիրառություն են ստանում 6 × 12 մ, 6 × 18 մ, 6 × 24 մ և ավելի սյունային ցանցերը։ Միջհարկային ծածկերում կիրառվում են ֆերմաներ, որոնց բարձրության սահմաններում ստեղծվում են տեխնիկական հարկեր։ Բազմահարկ արդյունաբերական շենքերի համար օգտագործվում են երկաթբետոնե, հազվադեպ՝ պողպատե կարկասներ։ Արդյունաբերական շենքերի ծածկերի համար, բացի հարթ համակարգերից, կիրառվում են նաև տարածական համակարգեր։ Մեծ տարածում են գտնում կախովի համակարգերը, որոնց կիրառմամբ հենամեջերը հասցվում են 100 մ ու ավելի, իսկ շինանյութը տնտեսվում է առավելագույն չափով։

Նկ․ 3․ բազմահարկ արդյունաբերական շենքի լայնական կտրվածքը

Հայաստանում (որպես սեյսմիկ շրջան) արդյունաբերական շենքեր կառուցելիս ամեն կերպ թեթևացնում են կրող և պատող կոնստրուկցիաները, շենքերի և կառույցների համար կիրառում սիմետրիկ ծավալահատակագծման ու կոնստրուկտիվ լուծումներ, զանգվածներն ու կոշտությունները բաշխում են հավասարաչափ։ Սեյսմիկ ուժը ընդունվում է որպես հորիզոնական ազդող և հավասար է՝ 7 բալի դեպքում՝ շենքի կոնստրուկցիաների զանգվածի 1/40-ին, 8-ի դեպքում՝ 1/20-ին և 9-ի դեպքում՝ 1/10-ին։ Ըստ սեյսմիկ բեռնվածությունը ընդունելու եղանակի՝ արդյունաբերական շենքեր լինում են կոշտ (քարե կրող պատերով շենքերը, որոնցում սեյսմիկ ուժը ծածկից հաղորդվում է պատերին) և ճկուն (կարկասային շենքերը, որտեղ սեյսմիկ ուժը ծածկի միջոցով հաղորդվում է սյուներին) կառուցվածքային սխեմայով։

Գրկ․ Важнейшие проблемы промышленного строительства, в, 1–3, М․, 1965–66; Шерешевский И․ А․, Промышленныездания и сооружения․ Конструирование․ Альбом чертежей, Л․–М., 1966․ Վ․ Տեր–Ավագյան

Արդյունաբերական շինարարության մինիստրություն ՀՍՍՀ, միութենական հանրապեաական մինիստրություն, որը ղեկավարում է արդյունաբերական շինարարությունը ՀՍՍՀ–ում։ Ստեղծվել է 1967-ի նոյեմբ․ 3-ին։ Աշխատանքներ է տանում կապալային կարգով արդ․, քաղաքացիական և բնակարանային կառույցների շինարարության ու շահագործման ուղղությամբ։ 1954-ի մայիսից գործել է որպես Քաղաքացիական բնակարանային շինարարության միութենական–հանրապետական, նույն թվականի օգոստոսից՝ Քաղաքային և գյուղական շինարարության հանրապետական, 1957-ի հունիսից՝ շինարարության մինիստրություն։ Արդյունաբերական շինարարության մինիստրությունն ունի տեխնիկական, արտադրական, պլանային–տնտեսական վարչություններ, կապիտալ շինարարության, տրանսպորտի, ֆինանսական, դիսպետչերական, վերահսկիչ–վերստուգիչ, քաղաքացիական բնակարանային շինարարության, կապիտալ շինարարության և այլ բաժիններ։ Երևան, Լենինական, Կիրովական, Աբովյան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Քաջարան, Ջերմուկ և այլ քաղաքներում Ա․ շ․ մ․ ունի շինարարական տրեստներ։ Մինիստրներ են եղել՝ Մ․ Սարուխանյանը (1954–61), Կ․ Մարությանը (1961–65), Ս․ Շահնազարյանը (1965–73)։ 1973-ից մինիստր է Կ․ Հակոբյանը։


Արդյունաբերական շրջան, համեմատաբար ընդարձակ տերիտորիա, որն ունիխիստ արտահայտված արդյունաբերական–արտադրական մասնագիտացում։ Աչքի է ընկնում արտադրության բազմաճյուղ և բարդ կաոուցվածքով, միջճյուղային արտադրական–տեխնոլոգիական կապերի զարգացման բարձր մակարդակով։ Արդյունաբերական շրջանում գյուղատնտեսությունը մերձքաղաքային բնույթ ունի և կոչված է մատակարարելու արդյունաբերական շրջանի բնակչությանը։

Արդյունաբերական պահեստաբանակ, աշխատուժի հարաբերական ավելցուկ կապիտալիզմի ժամանակ, որը գոյանում է կապիտալիստական կուտակման ընդհանրական օրենքի ներգործությամբ։ Տես նաև Գործազրկություն և Հարաբերական գերբնակչություն։


Արդյունաբերության աշխարհագրություն, տնտեսական աշխարհագրության ճյուղ, որն ուսումնասիրում է արդյունաբերական արտադրության տեղաբաշխումը, դրա գործոններն ու օրինաչափությունները, տարբեր երկրներում ու շրջաններում արդյունաբերության զարգացման և տեղաբաշխման պայմաններն ու առանձնահատկությունները։ Արդյունաբերության աշխարհագրության հիմնական խնդիրն է՝ մշակել արդյունաբերության տերիտորիալ կազմակերպման տեսական հիմունքները, տալ կոնկրետ տերիտորիաներում նրա բնական ու տնտեսական նախադրյալների վերլուծությունն ու գնահատականը, բացահայտել արդ․կոնկրետ տարածական համակարգերի զարգացման միտումները։ Արդյունաբերության տարածական համակարգերը գոյություն ունեն օբյեկտիվորեն։ Նրանց ձևավորումն անմիջականորեն առնչվում է արտադրողական ուժերի և մասնավորապես արդյունաբերության տեղաբաշխման պրոբլեմի հետ, որը լուծվում է տվյալ հասարակարգի տնտեսական օրենքներին ու կոնկրետ բնական միջավայրի առանձնահատկություններին համապատասխան։ Արդյունաբերության աշխարհագրությունը կոչված է նպաստելու արդյունաբերության տերիտորիալ արտադրական զուգորդումների պլանային կատարելագործմանը, նրանց կոմպլեքսային զարգացմանն ու արտադրական մասնագիտացմանը։ Արդյունաբերության աշխարհագրության վերջնական նպատակն է մշակել կոնկրետ տերիտորիաներում արդյունաբերության տարածական համակարգերի զարգացման գիտական կանխատեսումը։ Արդյունաբերության աշխարհագրությունը զբաղվում է նաև արդյունաբերության և աշխարհագրական միջավայրի փոխներգործության և նրա հետևանքների կանխատեսման ու կարգավորման հարցերի ուսումնասիրությամբ։ Արդյունաբերության տերիտորիալ–արտադրական զուգորդումներից բացի արդյունաբերության աշխարհագրության հետազոտության առարկա են հանդիսանում նաև արդյունաբերության առանձին ճյուղերը։ Այսպիսով, արդյունաբերության աշխարհագրություն ընդգրկում է երևույթների թե ռեգիոնալ, թե ճյուղային առանձնահատկությունները և նրանց կապակցությունները։ Օգտվում է գիտական հետազոտության բոլոր հիմնական այն մեթոդներից, որոնք հատուկ են արդի տնտեսական աշխարհագրությանը, այն է՝ վիճակագրական, քարտեզագրական, համեմատական–աշխարհագրական, դաշտային հետազոտությունների, պատմա–համեմատական և այլն։ Վերջին ժամանակներս լայն տարածում է գտնում մաթեմատիկական մեթոդների կիրառումը։

Գրկ․ Экономическая география Советского Союза, ч․ 1, М․, 1967; Хрущев А․ Т․, География промышленности СССР, М., 1967․ Լ. Վալեսյան


Արդյունաբերության կառավարման երկօղակ և եռօղակ համակարգեր, արդյունաբերության կառավարման կատարելագործված ձևեր, երբ վերացվում է կառավարման բազմաստիճանությունը և կենտրոնացվում արտադրական միավորումների արտադրատնտեսական գործունեության հարցերի մեծ մասի լուծումը։ Երկօղակ կառավարման համակարգն ընդգրկում է միութենական կամ հանրապետական մինիստրությունը (գերատեսչությունը) և արտադրական միավորումը (կոմբինատ, ձեռնարկություն)։ Եռօղակ կառավարման դեպքում դրանք կապվում են համամիութենական (հանրապետական, ինքնավար–հանրապետական, մարզային) արդ․ միավորումների կամ մինիստրությունների (գերատեսչությունների) միջոցով։ Համակարգերի խնդիրն է՝ բարձրացնել արդյունաբերության ճյուղի հիմնական արտադրատեսակների արտադրության համակենտրոնացման մակարդակը, մասնագիտացնել և կոոպերացնել միավորվող ձեռնարկությունները, արտադրությունը, գիտահետազոտական և նախագծային–կոնստրուկտորական կազմակերպությունները օրգանապես միացնել միասնական տնտեսական համալիրների