Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ, որոշակի ժամանակահատվածում (հերթափոխ, օր, ամիս, տարի) ճյուղի, ձեռնարկության, արտադրամասի, ագրեգատի՝ սահմանված անվանացանկի և քանակության արտադրանք թողարկելու առավելագույն հնարավորությունը՝ աշխատանքի միջին լարունության, արտադրական սարքավորումների և հրապարակների առավել արդյունավետ օգտագործման, արտադրության և աշխատանքի առաջավոր ձևերի կազմակերպման պայմաններում։ Ա․ կ․ արտահայտվում է թողարկվող արտադրանքի, որոշ ճյուղերում՝ նաև մշակվող հումքի չափի միավորներով։ Նրա մեծությունը որոշվում է հիմնական ֆոնդերի ծավալով ու կառուցվածքով և աշխատանքի արտադրողականության մակարդակով։ Ա․ կ․ մեծանում է կապիտալ ներդրումների (հիմնական ֆոնդերի գործարկում), ինչպես նաև արտադրության կազմակերպման բարելավմամբ, սարքավորումների պարապուրդների վերացմամբ, աշխատանքի առաջավոր մեթոդների օգտագործմամբ ևն։ Տարեկան Ա․ կ․ հաշվարկվում է սարքավորումների աշխատաժամանակի առավելագույն ֆոնդի միջոցով և որոշվում տարվա աշխատանքային օրերի ու մեկ օրվա ժամերի թվով։ Արտադրանքի հնարավոր թողարկումը որոշվում է տարեկան միջին գործող Ա․ կ–ների մեծությամբ։ 1971 1975-ին ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 501 մլրդ․ ռ․։

<․ Ղուշչյան

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՐԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ, կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի բնորոշ գծերից, երբ արտադրությունն իր կարողություններից պակաս արտադրանք է թողարկում։ Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում այն ցայտուն էր արտահայտվում գերազանցապես տնտ․ ճգնաժամերի ժամանակ։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի դարաշրջանում դառնում է մշտական, քրոնիկական երևույթ։ Ա․ կ․ թ–յան պատճառներն են՝ շուկայի տարողության հետ կապված խնդիրների սրումը, գիտատեխնիկական նվաճումների օգտագործումը, աշխատավոր զանգվածների գնողունակության նվազումը, արտադրության նոր ճյուղերի ստեղծումը, քրոնիկական գործազրկությունը ևն։ Կապիտալիստական արտադրության նույնիսկ վերելքի շրջանում (1925–29) ԱՄՆ–ի մշակող արդյունաբերության արտադրական կարողությունն օգտագործվում էր 80%-ով, իսկ 1930–34-ին՝ 50%-ով, 1957-ի վերջին՝ 78%-ով։ Այն մասամբ նվազեց 1961–65-ին և սկսեց աճել հաջորդ տարիներին։ Ա․ կ․ թ․ այս կամ այն չափով առկա է նաև Անգլիայում, ԴՖՀ–ում և այլուր։ Արտադրական կարողությունները այդ երկըրներում օգտագործվում են 83–85%-ով (1973)։ 1969–70-ին, գերարտադրության տնտեսական ճգնաժամի ընթացքում, Ա․ կ․ թ․ զգալի չափեր ընդունեց ԱՄՆ–ում։ 1970-ին միջին հաշվով մշակող արդյունաբերության արտադրական կարողություններն օգտագործվում էին 76%-ով, արտադրության միջոցներ արտադրող ճյուղերում՝ 72%-ով։ Հակազդող գործոնների (լրացուցիչ կապիտալ ներդրումներ, ժողովրդական տնտեսության ռազմականացում ևն) հետևանքով մեծանում է կապիտալիստական շուկայի տարողությունը։ Սակայն արտադրական կարողությունների աճման և աշխատավորների վճարունակ պահանջարկի միջև հակասության խորացման պատճառով անհնարին է դառնում Ա․ կ․ թ–յան վերացումը։

Հ․ Հաբեթյան

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ, տես Կոոպերացիա՝․

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, տես Վերարտադրություն։

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ, ձեռնարկության կամ արտադրամասի ընդհանուր հրապարակի մի մասը, որտեղ անմիջականորեն իրականացվում են արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ տեխնոլոգիական պրոցեսները։ Ընդհանուր Ա․ հ–ի կազմի մեջ են մտնում նաև օժանդակ արտադրամասերի շենքերը, պահեստները ևն։ Ա․ հ–ի օգտագործման ցուցանիշներն են՝ սարքավորման միավորին ընկնող 1 մ2 Ա․հ․, 1 tl2 Ա․ հ–ի հաշվով համախառն կամ ապրանքային արտադրանքի թողարկումը, 1 մ1 Ա․ հ–ի հաշվով արտադրանքի թողարկումը՝ բնաիրային չափամիավորներով։ Պլանավորման և նախագծման ժամանակ հաճախ է կիրառվում համախառն կամ ապրանքային և իրացվող արտադրանքի ցուցանիշը, այն ավելի լրիվ է արտացոլում Ա․ հ–ի արդյունավետ օգտագործման մակարդակը։

Հ․ Բագրատունյան

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ, ֆիզիկական վարժությունների համալիր (կապված մասնագիտության հետ), որը կատարվում է աշխատանքի ընթացքում և նպաստում աշխատողների առողջության բարելավմանը, աշխատունակության և արտադրողականության բարձրացմանը։ Արտադրական մարմնամարզության պահը Երևանի ժամացույցի գործարանում Լինում է՝ ներգրավիչ մարմնամարզություն, որը կատարվում է աշխատանքի սկզբում, և ֆիզկուլտ–դադարային՝ աշխատանքի կարճատև ընդմիջման ժամանակ։ Գոյություն ունեն Ա․ մ-յան հատուկ համալիրներ, որոնք կազմված են 6–8 առանձին վարժություններից։

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ, ձեռնարկությունում եղած, բայց արտադրության բուն պրոցեսում դեռ չընդգրկված արտադրության միջոցներ (հումք, հիմնական և օժանդակ նյութեր, վառելանյութ, կիսաֆաբրիկատներ, շինվածքներ ու դետալներ, գործիքներ ևն), որ ապահովում են արտադրության անխափան ընթացքը։ Ա․ պ–ի բացարձակ մեծությունը չափվում է նախ բնաիրային միավորներով՝ կշռով, ծավալով, հատով ևն, ապա՝ արժեքային ձևով։ Ա․ պ․ պլանավորվում են յուրաքանչյուր ձեռնարկության համար սահմանված օրական ապահովվածության պաշարների նորմաների միջոցով։ Ըստ իրենց նշանակության և շրջանառության կարգի, Ա․ պ․ լինում են՝ ընթացիկ, ապահովագրական և նախապատրաստական։ Ընթացիկ պաշարներն ապահովում են արտադրության անընդհատությունը՝ արտադրանքի տվյալ տեսակի մատակարարումների միջև ընկած ժամանակամիջոցում։ Ապահովագրական Ա․ պ․ նախատեսվում են արտադրության անխափան ընթացքն ապահովելու համար՝ ընթացիկ պաշարը սպառվելու և հերթական խմբաքանակը ուշանալու դեպքում։ Նախապատրաստական Ա․ պ․ են նյութերի ընդունման, որակի ստուգման, տեսակավորման, դարսման, արտադրական սպառման նախապատրաստումը։ Սպառող ձեռնարկություններում տրանսպորտային կապերի կամ հումքի մթերումների սեզոնային ընդմիջումների ժամանակ Ա․ պ․ ձևավորվում են որպես սեզոնային պաշարներ։

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԼԱՆ, ժողովրդական տնտեսության զարգացման պլանի կարեվորագույն բաժին, որտեղ արտացոլվում են նյութական արտադրության ճյուղերի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, նաև կապի ու մյուս ճյուղերի զարգացման խնդիրները։ Ա․ պ․ առաջատար ու որոշիչ է ժողովրդական տնտեսության պլանի մյուս բաժինների համեմատությամբ, որովհետև արտադրության զարգացման տեմպերով է որոշվում հասարակության առաջընթացը։ Ա․ պ–ի մեջ հիմնական դերը պատկանում է արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և շինարարությանը, որտեղ անմիջականորեն ստեղծվում են սպառարժեքներ, նյութական արտադրության մյուս ճյուղերը մեծացնում են սոսկ հասարակական արդյունքի արժեքը։ Ա․ պ–ի ամենաընդհանուր ցուցանիշներ են հասարակական ամբողջական արդյունքի, ազգային եկամտի և նյութական արտադրության առանձին ճյուղերի համախառն արտադրանքի համար նախատեսված ծավալները։

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ, ուսումնական պրոցեսի բաղկացուցիչ մաս բարձրագույն, հատուկ միջնակարգ և հանրակրթական դպրոցներում։ Անցկացվում է արդյունաբերական, գյուղատնտեսական, ինչպես նաե այլ հիմնարկ–ձեռնարկություններում։ Ա․ պ․ անցնելը պարտադիր է և համարժեք ուս․ պլանով նախատեսված մյուս բոլոր դիսցիպլիններին։