Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գ․ (Կիմիկ) Հովհաննիսյանը (1948–53), Ա. Քոչինյանը (1953–59), Բ․ Մարտիրոսյանը (1959–72), Կ․ Ուդումյանը (1972– 1975)։ 1975-ից մինիստր է Ջ․ Կիրակոսյանը։

Արտաքիրտ, էքսուդատ, բորբոքման ժամանակ արյունատար անոթի պատից արտանցած հեղուկ։ Պարունակում է սպիտակուցներ, ֆերմենտներ, ազոտային նյութեր, արյան ձևավոր տարրեր։ Ա․ լինում է՝ շճային, որը պարզ, թափանցիկ հեղուկ է, պարունակում է սպիտակուց (3–5%) և լեյկոցիտներ։ Առաջանում է շնչառական ուղիների, թոքամզի (պլևրայի), ստամոքս-աղիքային համակարգի բորբոքումների դեպքում։ Ֆիբրինային, պարունակում է ֆիբրինոգեն, ալբումին, գլոբուլին և պրոթրոմբին։ Լինում է նշագեղձերի, արգանդի, թոքամզի և սրտապարկի բորբոքումների ժամանակ։ Թարախային, բաղկացած է արյան սպիտակ մարմնիկներից, սպիտակուցներից և քայքայված հյուսվածքների բջիջներից։ Արյունային, վարդագույն է, բնորոշ է արյան սպիտակ և կարմիր մարմնիկների առատությամբ։ Լինում է որովայնամզի, թոքամզի բորբոքումների, ինչպես նաև վիրուսային գրիպի դեպքում։

Ա․ Սարգսյան

Արտաքսերքսես, Արտաշես (հին պարսկ․ Արտաքշասա), Աքեմենյան հարստության թագավորներ Իրանում։

Ա․ I Երկայնաբազուկ (հուն, μаκρο-χείρ կամ χείρος), գահակալել է մ․ թ․ ա․ 465–424-ին, հոր՝ Քսերքսես I թագավորի, և ավագ եղբոր՝ գահաժառանգ Դարեհի, պալատական դավադրությամբ սպանվելուց հետո։ 465–462-ին պատերազմել է թագապահանջ եղբոր՝ Վշտասպի դեմ և, հաղթելով նրան, միանձնյա իշխել։ Շարունակել է պատերազմը Հունաստանի դեմ, 454-ին Նեղոսի գետաբերանում խորտակել աթենական նավատորմիղը։ Սակայն 449-ին Սալամինի ճակատամարտում պարտվել է և ճանաչել Փոքր Ասիայի հուն. քաղաքների անկախությունը։ Թաղվել է Նակշ–ի–Ռուստեմում։ Ա․ II Ուշեղ կամ Հիշար (հուն, μνήμων), իշխել է մ․ թ․ ա․ 404–358-ին, հաջորդելով հորը՝ Դարեհ II-ին։ Գահակալական կռիվներում 401-ին հաղթել է (Կունաքսայի ճակատամարտում) եղբորը՝ Փոքր Ասիայի կուսակալ Կյուրոսին, որին օգնության եկած 10 հզ․ հույն վարձկանները հարկադրաբար նահանջել են Հայաստանի վրայով։ 394-ին Կնիդոս կղզու մոտ ջախջախել է սպարտական նավատորմիղը, այնուհետև Սպարտայի հետ պատերազմել Աթենքի դեմ, Անտալկիդասի պայմանագրով (387–386) վերստին տիրել է Փոքր Ասիայի հունական քաղաքներին, քանդել հուն․ քաղ․ միությունները։ Այդուհանդերձ նա չի վերականգնել Աքեմենյան պետության հզորությունը։ Կառավարման վերջին շրջանում հսկայական ջանքեր է վատնել նվաճված ցեղերին ու սատրապություններին (Փոքր Ասիայում, Ասորիքում, Եգիպտոսում ևն) հնազանդ պահելու համար։ Հայաստանի սատրապ Երվանդը ամուսնացած է եղել նրա դուստր Հռոդոգունեի հետ, որի համար հետագա Երվանդունիները իրենց համարել են Աքեմենյանների շառավիղ։ Սպանվել է դավադրությամբ։

Ա․ III Վախական (հուն․ Ωχος), իշխել է մ․ թ․ ա․ 358–338-ին։ Սպանելով ավագ եղբայրներին, հաջորդել է հորը՝ Ա․ II-ին։ Փորձել է վերականգնել Աքեմենյան պետության ամբողջականությունը։ Դաժանորեն ճնշել է ապստամբական շարժումները Փոքր Ասիայում, Փյունիկիայում, Կիպրոսում։ 341-ին վերանվաճել է Եգիպտոսը։ Սատրապներին արգելել է վարձու զորք պահել։ Սպանվել է իր պալատական ներքինու ձեռքով։

Արտաքսում, քրեական պատժատեսակ, որի դեպքում դատապարտյալը հեռացվում է իր բնակության վայրից, նրան արգելվում է բնակվել որոշակի վայրերում։ Կարող է նշանակվել որպես հիմնական և օրենքում հատկապես մատնանշված դեպքերում՝ լրացուցիչ պատիժ։ Ա-ման ժամկետը տարբեր է հանրապետությունների քրեական օրենսգրքերում։ ՀՍՍՀ–ում այդ ժամկետը 1–5 տարի է։ Ա․ չի կիրառվում 18 տարին չբոլորած հանցագործների նկատմամբ։ Արտաքսվածի ինքնագլուխ վերադարձը բնակության համար նրան արգելված վայրերը առանձին հանցագործություն է և պատժվում է Ա–ման չկրած ժամանակը աքսորի փոխարինելով։ Ա․ տարբերվում է վտարումից, որն իբրև ներգործության միջոց կիրառվում է հանրօգուտ աշխատանքից խուսափող և հակահասարակական, ձրիակեր կյանք վարող անձանց նկատմամբ։

Արտեզյան ավազան, մեկ կամ մի քանի ճնշումային ջրատար հորիզոն պարփակող տեկտոնական կառուցվածք։ Ա․ ա–ի սահմաններում առանձնացնում են սնման, ճնշման և բեռնաթափման մարզեր։ Տարբերում են Ա․ ա․ և արտեզյան լանջ։ Վերջինիս դեպքում բեռնաթափման մարզը, ի տարբերություն ավազանի, լինում է սնման մարզի մոտ։ Ա․ ա–ներում հանդիպում են թե՛ քաղցրահամ և թե՝ աղի ջրեր։ ՍՍՀՄ–ում առավել խոշոր Ա․ ա–ներից են՝ Արևմտա–Սիբիրականը (մակերեսը մոտ 3 մլն․ կւ12), Մոսկովյանը, Մերձբալթյանը, Դնեպրո–Դոնեցկյանը։ Խոշոր Ա․ ա–ներ կան նաև Հյուսիսային Աֆրիկայում և Ավստրալիայի արլ․ մասում։ ՀՍՍՀ–ում համեմատաբար լավ ուսումնասիրված են Արարատյան (տե՛ս Արարատյան արտեզյան ավազան), Լենինականի, Լոռու, Փամբակի Ա․ ա–ները։ ՀՍՍՀ–ում Ա․ ա–ի ջրերը լայնորեն օգտագործվում են Հոկտեմբերյանի, էջմիածնի, Մասիսի, Արտաշատի և Արարատի շրջաններում՝ խմելու, ոռոգման և տեխ․ նպատակներով։

Վ․ Ավետիսյան

Արտեզյան ջրեր (Ֆրանսիայի Արտուա նահանգի լատ․ անվանումից), ջրամերժ շերտերով սահմանափակված և ջրատար ապարներում տեղադրված ստորերկրյա ճնշումնավոր ջրեր։ Անորոշ են տեկտոնական ճկվածքների, իջվածքների և սինկլինալային կառուցվածքների համար և առաջացնում են արտեզյան ավազաններ։ Հորատելիս, հիդրոստատիկ ճնշման պատճառով, Ա․ ջ․ ջրատար շերտի ծածկից վեր են բարձրանում, իսկ բարձր ճնշման դեպքում շատրվանում են։ Այն մակարդակը, մինչև որը Ա․ ջ․ կարող են բարձրանալ հորատելու ժամանակ, կոչվում է ճնշման մակարդակ, իսկ ջրատար շերտի ծածկից մինչև տվյալ մակարդակը եղած ուղղաձիգ բարձրությունը՝ ճնշում (տես գծ․)։ Եթե ճնշման մակարդակն ավելի բարձր է, քան տեղանքի ռելիեֆը, ապա ճնշումը կոչվում է դրական, իսկ հակառակ դեպքում՝ բացասական։ Վերջին դեպքում Ա․ ջ․ ստանալու համար ջրհորներում օգտագործվում են ջրհան պոմպեր։ Ա․ ջ․ օգտագործվում են ոռոգման և այլ նպատակներով։

Վ․ Ավետիսյան

Արտեզյան ջրհոր, հորատանցք, արտեզյան ջրեր ստանալու համար։ Տես նաև Արտեզրսն ավազան։

Արտել գյուղատնտեսական, տես Կոլտնեսություն։

Արտեկ, Վ․ Ի․ Լենինի անվան համամիութենական պիոներական ճամբար։ Գտնվում է Ղրիմի հվ․ ափին, Գուրզուֆի մոտ։ Հիմնադրվել է 1925-ին։ ՍՍՀՄ խոշորագույն մանկական առողջարանն է, զբաղեցնում է 320 հա տարածություն։ Ունի ավելի քան 150 շենք և կառույց։ Ա–ում ամեն տարի հանգստանում է մոտ 27 հզ․, որից ամառային շրջանում՝ միաժամանակ 4,5–5 հզ․ պիոներ։ 1925–69-ին հանգստացել է ավելի քան 300 հզ․ երեխա, որից շուրջ 13 հզ․ արտասահմանյան 70 երկրներից։ Առողջարանները սարքավորված են բուժախտորոշող լաբորատորիաներով, լուսաբուժարաններով