Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դյունաբերության ճյուղային այնպիսի կառուցվածք, որ բնորոշ է արդ․ տեսակետից զարգացման բարձր մակարդակի վրա գտնվող երկրներին։ Խիստ մասնագիտացված է մեքենաշինությունը։ 1970-ին մեքենաշինության և մետաղամշակման մեջ զբաղված էր ամբողջ արդ․ արտադրական անձնակազմի շուրջ 36%-ը, և ճյուղը թողարկում էր արդ․ արտադրանքի 1/4-ը։ Արագորեն աճում են մեքենաշինության հետևյալ ճյուղերը՝ էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, սարքաշինությունը, ճշգրիտ հաստոցաշինությունն ու ավտոմոբիլաշինությունը, գործիքաշինությունը, քիմիական, սննդի ու թեթև արդյունաբերության համար սարքավորումների արտադրությունը ևն։ Տեխնիկական առաջադիմությունն ապահովելու գործում խոշոր դեր է պատկանում էներգետիկային, որը ժողովրդական տնտեսության զարգացման առանցքն է։ Վերջին տարիներին, մասնավորապես 1965-ից սկսած, ՀՍՍՀ էներգետիկ բալանսում հիդրոկայանների հետ միասին վճռական դեր խաղացին ջերմակայանները։

ՀՍՍՀ–ում 1966–70-ին էլեկտրաէներգիայի արտադրության միջին տարեկան տեմպը, գազի օգտագործման բազայի վրա շահագործման հանձնված նոր ջերմաէլեկտրակայանների շնորհիվ, կազմեց 16,4%։ Ներկայումս հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 85%-ից ավելին տալիս են ջերմաէլետրակայանները։ Արդեն 1970-ին ՀՍՍՀ–ում մոտ 6 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա էր արտադրվում, քան 1913-ին ամբողջ ցարական Ռուսաստանում (ՍՍՀՄ այժմյան սահմաններում)։ 1970-ին ՀՍՍՀ էլեկտրաէներգիայի արտադրությամբ 1940-ի մակարդակը գերազանցեց 16,2 անգամ։ Էլեկտրաէներգիայի նման աճը խոշոր դեր խաղաց արդյունաբերության տեխնիկական վերազինման և նոր տեխնիկայի յուրացման գործում։ Արդյունաբերության մեջ ընդլայնվեցին էլեկտրատեխնիկական մեթոդների և տեխնոլոգիական պրոցեսներում՝ էլեկտրական էներգիայի կիրառման շրջանակները։ 1 բանվորի էլեկտրազինվածությունը արդյունաբերության մեջ, 1913-ի համեմատությամբ, 1969-ին ավելացավ 29 անգամ։ Որակական խոր փոփոխություն է տեղի ունեցել քիմիական արդյունաբերության մեջ։ Արհեստական կաուչուկի, ծծմբաթթվի, կաուստիկ սոդայի արտադրության ընդլայնման հետ միասին ստեղծվեցին հիմնական քիմիայի մի շարք արտադրաճյուդեր։ Լայնորեն ծավալվեց ավտոդողերի, քիմիական պարարտանյութերի, արհեստական մանրաթելի, սինթետիկ խեժերի և պլաստմասսաների, քիմիական դեղագործական նյութերի արտադրությունը։ Կազմակերպվել է սինթետիկ օրգանական նյութերի, ացետիլցելյուլոզի, դիցիանամիդի, մելամինի, կրեոլինի, քիմիական ռեակտիվների, սոսնձող արհեստական նյութերի, արհեստական կորունդի և այլ նյութերի արտադրություն։ 1960–70-ին սինթետիկ խեժերի և պլաստմասսաների արտադրության աճը երկու անգամ գերազանցել է ամբողջ ճյուղի արտադրանքի աճին։ ՀՍՍՀ, օգտագործելով հանքային, հատկապես պղնձի և մոլիբդենի հարուստ պաշարները, մասնագիտացել է գունավոր մետաղաձուլության մի շարք ճյուղերի զարգացման ուղղությամբ։ Այդ պաշարները լայնորեն օգտագործելու հիման վրա գունավոր մետաղաձուլության արտադրանքն աճում է բավականին բարձր տեմպերով։

ՀՍՍՀ արդյունաբերության մեջ կարևոր տեղ է գրավում նաև շինանյութերի արդյունաբերությունը։ 1970-ին այն թողարկում էր արդյունաբերության համախառն արտադրանքի 6, ընդգրկում աշխատողների 9%-ը։ 1950-ական թթ․ վերջերից շինարարության մեջ սկսեցին լայնորեն օգտագործվել երկաթբետոնե շինվածքներն ու կոնստրուկցիաները։ Կարճ ժամանակամիջոցում այս ճյուղի ընդլայնման հաշվին հիմնովին վերափոխվեց շինանյութերի արդյունաբերական ճյուղերի կառուցվածքը։ Շինանյութերի արդյունաբերության մեջ մեծ տեղ ունեն շարվածքի նյութերը, հատկապես տուֆը, Հայաստանում արտադրվող բարձրորակ պորտլանդ ցեմենտը։ Հայաստանի արդյունաբերական ճյուղերի կառուցվածքի փոփոխությունները կապված են նաև թեթև ու սննդի արդյունաբերության մեջ կատարված լուրջ տեղաշարժերի հետ։ Վերջին տարիներին արդյունաբերության այդ ճյուղերը բնութագրվում են ոչ միայն աճման բարձր տեմպերով, այլ ճյուղային կաոուցվածքի առաջադիմական փոփոխությամբ։ Եթե 1970-ին ողջ արդյունաբերության համախառն արտադրանքը 1965-ի համեմատ ավելացել է 72%-ով, ապա թեթև արդյունաբերությանը՝ 76%-ով։ Հատկապես արագ են զարգացել տեքստիլի (բրդե գործվածքներ, մետաքս, տրիկոտաժ), կարի, կոշիկի, կաշվի–մուշտակի արտադրության ճյուղերը։ ՀՍՍՀ արդյունաբերության ամենահին և զարգացած ճյուղերից մեկը սննդի արդյունաբերությունն է, որը թողարկում է ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքի ավելի քան 24%-ը։ Այն ընդգրկում է գինեգործական, պահածոների, մսի, կաթի, յուղի, պանրայուղագործական, գարեջրի, ոչ ոգելից խմիչքների, հացի, հրուշակեղենի, ալրի–ձավարեղենի, շաքարի, բանջարեղենի, ծխախոտի արտադրությունը և այլ ճյուղեր։ Մեծ տեսակարար կշիռ ունի գինեգործությունը։ ՀՍՍՀ արդյունաբերության ճյուղերից են նաև դեղագործական, անտառանյութի, փայտամշակման և ցելյուլոզի, թղթի, ապակու, հախճապակու արդյունաբերությունը, որոնք ունեն զարգացման մեծ հեռանկար։ Իններորդ հնգամյա պլանով նախատեսվում է ընդլայնել սպառման այն առարկաների արտադրությունը, որոնք գերազանցապես արտադրվում են ծանր արդյունաբերության ճյուղերում։ Տնտեսական զարգացման նախորդ ժամանակաշրջանում ծանր արդյունաբերության ճյուղերի զարգացումը համապատասխան նախադրյալներ է ստեղծել, որպեսզի 9-րդ հնգամյակում սպառման առարկաների արտադրության արագա տեմպ աճ ապահովվի ոչ միայն թեթև, այլև ծանր արդյունաբերության ճյուղերում։ Սպառման միջոցների («Բ» խումբ) արտադրության աճի տեմպերը գերազանցելու են արտադրության միջոցների արտադրության («Ա» խումբ) աճի տեմպերին։ Վ․ Խոջաբեկյան

Արդյունաբերություն, նյութական արտադրության գլխավոր և առաջատար ճյուղը, որն արդյունահանում և վերամշակում է նյութական բարիքները։ Արդյունաբերությունը ստեղծում է արտադրության գործիքներ և ապահովում տնտեսության բոլոր ճյուղերի տեխնիկական առաջընթացը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը, արտադրության զարգացումն ու կատարելագործումը։ Ըստ արտադրանքի բնույթի վերարտադրության ընթացքում կատարած դերի, արդյունաբերությունը բաժանվում է արտադրության միջոցներ արտադրող՝ «Ա» և սպառման առարկաներ արտադրող՝ «Բ» խմբերի։ «Ա» խմբի առավել արագ զարգացումն ընդլայնված վերարտադրության տնտեսական օրենքն է։ Արտադրանքի ստացման և վերամշակման փուլերին համապատասխան արդյունաբերությունը տրոհվում է արդյունահանող և վերամշակող ստորաբաժանումների։ Արդյունահանող արդյունաբերությունը հողի ընդերքից, անտառներից, ջրերից բարիքներ է հայթայթում, հումք և էներգիա է արտադրում (ածխի, նավթի, հանքային և ոչ հանքային հանածոների, անտառային, ձկնորսական ևն ճյուղեր)։ Վերամշակող արդյունաբերությունը զբաղվում է արդյունաբերական և գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ (մետաղաձուլություն, մեքենաշինություն, քիմիական, շինանյութերի, փայտամշակման, թեթև, սննդի, ապակեղենի, խտացրած կերերի և արտադրության այլ ճյուղեր)։ Արդյունաբերությունը սաղմնային ձևով հանդես է եկել աշխատանքի երկրորդ հասարակական բաժանման ժամանակ, երբ արհեստներն անջատվել են գյուղատնտեսությունից և զարգացել քաղաքներում որպես տնտեսության առանձին ճյուղ։ Ֆեոդալիզմի վերջին շրջանում, արտադրողական ուժերի զարգացման շնորհիվ միջնադարյան ցեխային արհեստագործություններն սկսեցին քայքայվել, որին նպաստեց նաև առևտրա–վաշխառուական կապիտալը։ Աստիճանաբար ձևավորվեց աշխատանքի կազմակերպման նոր եղանակ՝ կապիտալիստական պարզ կոոպերացիան, որտեղ արտադրության հիմքում թեև շարունակում էր մնալ ձեռքի աշխատանքը, բայց աշխատողները՝ նախկին համքարության անդամները, զրկվելով արտադրության միջոցներից, դարձել էին վարձու բանվորներ, իսկ վարպետները կամ մեծագնորդների մի մասը, արտադրության միջոցները կենտրոնացնելով իրենց ձեռքում՝ ձեռնարկատեր–կապիտալիստ։ Ձեռնարկությունում կատարվեց աշխատանքի բաժանում, և կապիտալիստական պարզ կոոպերացիան փոխարկվեց մանուֆակտուրայի։ Աշխատանքի պրոցեսի պարզեցման և արտադրության մասնագիտացման հետևանքով ստեղծվեցին արդ․ հեղաշրջման նյութատեխնիկական պայմանները, երբ գործիքը բանվորի ձեռքից անցավ մեքենային։ Մեքենաների միջոցով մեքենաներ արտադրելով միայն արդյունաբերությունը «․․․ իրեն համապատասխան տեխնիկական պատվանդան ստեղծեց և կանգնեց իր սեփական ոտքերի վրա» (Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, 1954, էջ 403–404)։ Արդյունաբերական հեղաշրջումը առաջինը տեղի է ունեցել Անգլիայում XVIII դ․2-րդ կեսից մինչև XIX դ․ 1-ին քառորդը և