ապա մյուս երկրներում, իսկ Ռուսաստանում՝ XIX դ․ վերջին քառորդում։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո կարճ ժամանակամիջոցում արդյունաբերությունը ազգայնացվեց և հաստատվեց արտադրության միջոցների պետական (համաժողովրդական) սեփականություն, որը փոխեց արտադրության նպատակը։ Կարճ ժամանակամիջոցում ստեղծվեց սոցիալիզմի նյութատեխնիկական բազան։ «Սոցիալիզմի միակ նյութական հիմքը,– նշում էր Վ․ Ի․Լենինը,– կարող է լինել խոշոր մեքենական արդյունաբերությունը, որն ընդունակ է վերակառուցելու նաև հողագործությունը» (Երկ․, հ․ 32, էջ 591)։ Երկրորդ հնգամյակի վերջում արդյունաբերական արտադրանքի ծավալով ՍՍՀՄ–ը Եվրոպայում գրավեց 1-ին, աշխարհում՝ 2-րդ տեղը։ Արդյունաբերական արտադրության բարձր տեմպերը պահպանվել են նաև ամբողջ ետպատերազմյան ժամանակաշրջանում։ 1951 - 1970-ին ՍՍՀՄ արդյունաբերության միջին տարեկան աճի տեմպերը կազմել են 10,1%, մինչդեռ ԱՄՆ–ում՝ 4,1, Անգլիայում՝ 2,9, Ֆրանսիայում՝ 5,9, ԳՖՀ–ում՝ 7,5։ ՍՍՀՄ արդյունաբերության համախառն արտադրանքը 1973-ին 1913-ի համեմատությամբ ավելացավ 113 անգամ։
ՍՍՀՄ արդյունաբերության բարձր և կայուն տեմպերն ապահովեցին նրա արտադրանքի կրկնապատկումը 8,5 տարում (1962–70)։ Այն կրկնապատկելու համար ԱՄՆ–ում պահանջվեց 18 (1953–70), Անգլիայում՝ 22 (1949–70), Ֆրանսիայում՝ 13 (1958 - 1970), ԳՖՀ–ում՝ ավելի քան 11 (1960–70) տարի։ 1913-ին Ռուսաստանի բաժինը համաշխարհային արդյունաբերության արտադրության մեջ կազմում էր 4%, իսկ 1973-ին ՍՍՀՄ–ը տվել է աշխարհի արդյունաբերության արտադրանքի մեկ հինգերորդ մասը։ Արմատապես փոխվել է արդյունաբերության ճյուղային կառուցվածքը, եթե 1913-ին արտադրության միջոցների տեսակարար կշիռը («Ա» խումբ) համախառն արտադրանքի մեջ կազմել է 35%, սպառման առարկաներինը («Р» խումբ)՝ 65%, ապա 1973-ին համապատասխանաբար՝ 74 և 26%։
Արդյունաբերությունը զարգացման ցածր մակարդակի վրա էր գտնվում նախասովետական Հայաստանում։ 1913-ին Արևելյան Հայաստանի արդյունաբերության տեսակարար կշիռը կազմում էր արդյունաբերության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի 18,8%-ը։ Երկրում տիրում էր ռուսական և օտարերկրյա կապիտալը։ Նախահեղափոխական Հայաստանը բնութագրվում էր միակողմանի, թույլ զարգացած արդյունաբերությամբ, այն սպասարկում էր Ռուսաստանի կենտրոնական արդյունաբերական շրջաններին հանքանյութով և գյուղատնտեսական հումքով։ Հայաստանում պղնձի հանույթի և ձուլման հետ միասին կային նաև սննդի (մասնավորապես գինու–կոնյակի) արտադրության ճյուղերը։ Հայաստանը նոր էր սկսել ոտք դնել կապիտալիստական զարգացման ուղին։ Երկրում գերակշռում էր մանր տնայնագործական արդյունաբերություն։ 1913-ին արդյունաբերության համախառն արտադրանքի ավելի քան 2/3-ը թողարկում էին մանր տնայնագործական ձեռնարկությունները։ Առաջին աշխարհամարտը, օսմանյան Թուրքիայի ցեղասպանության քաղաքականությունը մարդկանց բնաջնջելու հետ միասին, գրեթե ամբողջությամբ քայքայեցին ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Հայաստանի առանց այդ էլ թույլ զարգացած արդյունաբերությունը։ 1919-ին արդյունաբերական արտադրանքի մակարդակը կազմում էր 1913-ի 30%-ը միայն։ Դադարել էին գործելուց գունավոր մետաղաձուլության և շինանյութերի արտադրության ձեռնարկությունները։ Չէր աշխատում նաև վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների զգալի մասը գյուղատնտեսական հումքի բացակայության պատճառով։
Հայաստանում արդյունաբերությունը հիմնականում վերականգնվեց 1928-ին, բայց ծանր ինդուստրիան ներկայացնող մի շարք ճյուղերի վերականգնումն ավարտվեց առաջին հնգամյակի տարիներին, ըստ որում, գունավոր մետաղաձուլությունը 1913-ի մակարդակին հասավ 1937–38-ին։ Նախապատերազմյան տարիներին հանրապետությունն ինդուստրիալ ուղեգծի վրա փոխադրելու համար կառուցվեց շուրջ 200 արդյունաբերական ձեռնարկություն։ Առաջին հնգամյակի տարիներից ի վեր զարգացած տեքստիլ, մետաքսեղենի, բամբակազտիչ, կաշվի, գինեգործական, պահածոների և գյուղատնտ․ հումքի վերամշակման, թեթև ու սննդի արդյունաբերության բազմաթիվ ձեռնարկությունների հետ միասին կառուցվում և գործարկվում են Կիրովականի Ալ․ Մյասնիկյանի անվան և Երևանի Ս․ Մ․ Կիրովի անվան քիմիական գործարանները, Զորագետի, Քանաքեռի և Երևանի ՀԷԿ–երը, Ալավերդու ծծմբաթթվի գործարանը, Երևանի հարստացուցիչ ֆաբրիկան և այլն։ 1928 - 40-ին Հայաստանում արդյունաբերության զարգացման միջին տարեկան տեմպը եղել է 19,8%, իսկ Միությանը՝ 11,6%։ 1940-ին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը ժողովըրդական տնտեսության ընդհանուր արտադրանքի մեջ կազմեց 80,8%, և տնտեսության սոցիալիստական սեկտորը դուրս մղեց մասնավոր արդյունաբերությանը, որի բաժինը 1928-ին կազմում էր 23,1%։ Նախապատերազմյան տարիներին ստեղծվեցին էներգետիկական, մեքենաշինության և մետաղամշակման, գունավոր մետաղաձուլության, շինանյութերի, քիմիական, թեթև ու սննդի առաջնակարգ տեխնիկայով հագեցված բազմաթիվ նորագույն ձեռնարկություններ։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին թեև արդյունաբերության համախառն արտադրանքը նվազեց, բայց նրա առանձին (մասնավորապես ծանր արդյունաբերության) ճյուղերում, որոնք սպասարկում էին ռազմաճակատին, արտադրանքը զգալիորեն ավելացավ։ Մեքենաշինության ու մետաղամշակման ճյուղերի համախառն արտադրանքն աճեց 60, քիմիական արդյունաբերությանը՝ 20, էլեկտրաէներգիայինը՝ 16%-ով։ Միայն պատերազմի տարիներին հանրապետության սահմաններում շարք մտան 100 մեծ ու փոքր արդյունաբերական ձեռնարկություններ։ Այդ ընթացքում էլեկտրակայանների ընդհանուր հզորությունն աճեց 13,6 հզ․ կվտ–ով։ 40%-ով ավելացան արդյունաբերության հիմնական արտադրական ֆոնդերը։
Ետպատերազմյան ժամանակաշրջանում արդյունաբերության համակողմանի զարգացումն ուղեկցվում էր նրա ճյուղային կառուցվածքի առաջադիմական փոփոխություններով, ճյուղային ու տերիտորիալ տեղաբաշխման միակողմանիության հաղթահարումով, արդյունաբերական ձեռնարկությունների որակական ցուցանիշների բարելավմամբ։ Աարդյունաբերական ձեռնարկությունների ընդլայնումն ու վերակառուցումը զուգորդվել է հարյուրավոր նոր խոշոր ձեռնարկությունների, արտադրության նոր ճյուղերի ստեղծման, արդյունաբերության մասնագիտացման ու կոոպերացման հետագա խորացման հետ։ Նոր հիդրոէլեկտրակայանների հետ միասին շարք մտան հզոր ջերմաէլեկտրակայաններ, լեռնահանքային արդյունաբերության հսկա կոմբինատներ, մեքենաշինության, քիմիական, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության նորագույն տեխնիկայով հագեցված բազմաթիվ ձեռնարկություններ։ 1973-ին արդյունաբերության համախառն արտադրանքը 1913-ի մակարդակը գերազանցեց 221,5 անգամ։ ՍՍՀՄ արդյունաբերության համեմատությամբ ՀՍՍՀ արդյունաբերության զարգացման բարձր տեմպերը պահպանվեցին նաև ամբողջ ետպատերազմյան տարիներին և կպահպանվեն առաջիկայում։ 1951–70-ին ՀՍՍՀ արդյունաբերության զարգացման միջին տարեկան տեմպը կազմել է 11,4, 9-րդ հնգամյակում նախատեսվում է 10,4%։ ՍՍՀՄ–ում այն կկազմի 8%։ Ետպատերազմյան տարիներին Հայաստանում ստեղծված արդյունաբերության նորագույն ճյուղերը՝ էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային, սարքաշինական, ճշգրիտ հաստոցաշինության և այլն, թողարկում են գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող նորագույն արտադրանք։ Այդ ձեռնարկությունները գործուն մասնակցություն ունեն ՍՍՀՄ մասշտաբով արտադրանքի նորագույն տեսակների՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ և քվանտային գեներատորներ, միկրոնային ճշգրտության ապարատներ ու գործիքներ, չափիչ և կարգավորիչ սարքեր, ինչպես նաև օրգանական քիմիայի բարդ նյութեր արտադրելու մեջ։ Հատուկ ուշադրություն է նվիրվում սարքերի և ավտոմատացման միջոցների արտադրությանը։ ՀՍՍՀ արդյունաբերության աննախընթաց վերելքը ապահովեց նրա առաջատար դերը ժողովրդական տնտեսության մեջ։ 1972-ին արդյունաբերության մեջ ստեղծվել է ազգային եկամտի 64,8%-ը (իրացման փաստացի գներով հաշված)։ Արդյունաբերության մեջ արագ է աճում զբաղվածությունը։ Ընդամենը մեկ տասնամյակում՝ 1965–73-ին արդյունաբերական արտադրական անձնակազմն ավելացել է 96,1 հզ․ հոգով կամ ավելի քան 48%-ով։ 1973-ին բանվորները կազմել են արդյունաբերական արտադրական անձնակազմի 80,5%։ Արդյունաբերությունը աչքի է ընկնում ֆոնդազինվածության և էլեկտրազինվածության բարձր մակարդակով, ձեռնարկությունների համակենտրոնացման բարձր աստիճանով։ Դրա շնորհիվ անընդհատ աճում է աշխատանքի արտադրողականությունը, որը 1973-ին 1966-ի համեմատությամբ բարձրացել է 33%-ով։ Տարեցտարի բարձրանում է Հայկական ՍՍՀ–ի դերը արդյունաբերական արտադրանքի առանձին տեսակների արտադրության մեջ։ Հանրապետության շուրջ 700 արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք հագեցված են առաջնակարգ տեխնիկայով, արտադրում են տարատեսակ քիմիական նյութեր, չափիչ ու կարգավորիչ սարքեր, ռադիոսարքեր, հաշվիչ մեքենաներ, շարժական էլեկտրակայաններ, գեներատորներ, տրանսֆորմատորներ, գունավոր և