Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գաթնամերձ գոտուց և խառնվում Ամբերդին։ Սնվում է Քարի լճի շրջակա աղբյուրներից ու ձյունադաշտերից։ Հոսքն անկանոն է, վարարումը՝ մայիս-հունիսին։


ԱՐՔԱՎԱՆՔ, Արգավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Մուշ քաղաքից մոտ 24 կմ հարավ-արևելք, Մեղրագետի հովտում։ 1909-ին ուներ 80 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Մուշ քաղաքի հետ։ Ուներ երկու եկեղեցի (Ս․ Թովմաս և Ս․ Լուսավորիչ) և վարժարան։ Ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Ս․ Մելիք–Բախշյան


ԱՐՔԵԳՈՆԻՈՒՄ (<հուն․άζγυ-սկիզբ և γέννηση-ծնունդ ), մամուռների, պտերանմանների և մերկասերմերի իգական սե– ռական օրգան։ Ունի սափորիկի տեսք, կազմված է լայն «փորային» մասից և նեղ պարանոցից՝ մի քանի խողովակային բջիջներով։ Վերջիններս լորձնոտում են, ուռչում, բաց են անում Ա–ի վզիկը, որը նպաստում է սպերմատոզոիդների ներգրավմանը և շարժմանը դեպի ձվաբջիջ։


ԱՐՔԻԼՈՔՈՍ, ’ApxVyoxos (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), մ․ թ․ ա․ VII դ․ 2-րդ կեսի հույն բանաստեղծ, յամբական քնարերգության հիմնադիր։ Ծնվել է Փարոս կղզում, քրմի ընտանիքում։ Ստեղծագործել է տարբեր ժանրերով։ Նրանից մեզ հասել են 200–250 յամբ, էլեգիա և հիմն։ Բանաստեղծություններն ինքնակենսագրական են․ պատկերել է իր զինվորական կյանքը, թափառականի տառապանքները, ճակատագրի և սիրո անկայունությունը։ Ա–ի յամբերը հագեցած են սիրո կամ ատելության զգացմունքով, կծու ծաղրանքով։ ժամանակակիցների արտահայտությամբ նրա երգիծանքը հագեցած է եղել «օձի խայթով և մեղվի թույնով»։ Հին հույները Ա–ին համարել են մեծագույն քնարերգակ։ Սպանվել է Նաքսոս կղզու բնակիչների դեմ պատերազմում։ Գրկ․ Առաքելյան Ա․ Գ․, Հունական գրականության պատմություն, 3 լրց․ և բրփխ– հրտ․, Ե․, 1968։


ԱՐՔԻՄԵԴ, ’Архф^блд (մ․ թ․ ա․ մոտ 287–212), հույն գիտնական, գյուտարար, ստատիկայի և հիդրոստատիկայի հիմնադիրը։ Ծնվել է Սիրակուզայում (Սիցիլիա կղզի)։ Ենթադրում են, որ աստղագետ Ֆիդիասի որդին է։ Երկար ժամանակ ուսանել է Ալեքսանդրիայում և հետագա ողջ կյանքի ընթացքում գիտական կապերի մեջ եղել ալեքսանդրյան գիտնականների (էրատոսթենես, Կոնոն U ուրիշներ) հետ։ Փյունիկյան պատերազմի ժամանակ կազմակերպել է Սիրակուզայի ինժեներական պաշտպանությունը, նրա ստեղծած ռազմական մեքենաները հռոմեական զորքերին ստիպել են հրաժարվել քաղաքը գրոհով վերցնելու փորձերից և անցնել տևական պաշարման։ Բայց, ի վերջո, նրանց հաջողվել է գրավել քաղաքը և, ըստ ավանդության, մի հռոմեացի զինվոր Ա–ին սպանել է այն պահին, երբ նա երկրաչափական պատկերներ էր գծում ավազի վրա։Ա–ի առաջին գիտական աշխատանքը նվիրված էր լծակի օրենքների ուսումնասիրմանը և մաթ․ ձևակերպմանը։ Կիրառելով զանազան ինտեգրացիոն մեթոդներ, նա որոշել է տարբեր ձև ունեցող մարմինների ծանրության կենտրոնները, հայտնաբերել զուգահեռ ուժերի գումարման օրենքը։ Ձևակերպել է նաև հիդրոստատիկայի հիմնական դրույթները, մասնավորաբար իր անունը կրող նշանավոր օրենքը (տես Արքիմեդի, օրենք)։ Հետազոտել է լողացող մարմինների հավասարակշռության պայմանները, ընդ որում հատուկ ուշադրություն դարձրել կայուն հավասարակշռությանը։ Ա․ ստեղծել է ջուր բարձրացնող մեքենա (արքիմեդյան պտուտակ, որն առ այսօր կիրառվում է սորուն և մածուցիկ բեռների տեղափոխման համար), լծակների և ճախարակների համակարգեր՝ մեծ ծանրություններ բարձրացնելու համար։ Ա–ի մաթ․ որոշ աշխատություններ այնքան էին առաջ անցել ժամանակից, որ գնահատել հնարավոր եղավ դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի ստեղծումից հետո միայն։ Ա․ մեծ ճշտությամբ հաշվել է էլիպսի, պարաբոլական սեգմենտի մակերեսները, կոնի և գնդի մակերևույթները, ոլորտային սեգմենտի, գնդի և այլ մարմինների ծավալները։ Հետազոտել է, այսպես կոչված, Արքիմեդի պարուրագծի (տես Պարուրագծեր) հատկությունները, տվել նրա շոշափողի կառուցման և գալարի մակերեսի որոշման եղանակները։ Հաշվել է 1/4 հայտարարով անվերջ երկրաչափական պրոգրեսիայի (անվերջ շարքի առաջին օրինակը) գումարը։ Խորանարդ աստիճանի հավասարման բերվող մի խնդրի ուսումնասիրման ընթացքում Ա․ հանգել է դիսկրիմինանտի գաղափարին։ Ա–ին է պատկանում (սխալմամբ Հերոնին վերագրվող) եռանկյան երեք կողմերով նրա մակերեսը հաշվելու բանաձևը։ Առանձնակի նշանակություն ունի Ա–ի «Գունդ և գլան» աշխատության մեջ ձևակերպած աքսիոման (Արքիմեդի աքսիոմա), ըստ որի, եթե A-ն և B-ն միևնույն մեծության տարբեր արժեքներն են, ընդ որում A < B, ապա միշտ կարելի է գտնել այնպիսի ամբողջ թիվ (m), որ mA<B։ Այդ աքսիոման որոշում է, այսպես կոչված, արքիմեդյան կարգավորվածությունը, որը մեծ դեր է խաղում ժամանակակից մաթեմատիկայում։ Ա․ մեծ ճշտությամբ հաշվել է թվի արժեքը և ցույց տվել, որ 3il<*<3-L։ Ա․ զբաղվել է նաև աստղագիտությամբ։ Արեգակի տեսանելի (անկյունային) տրամագծի որոշման համար ստեղծած սարքով նա մեծ ճշտությամբ որոշել է այն անկյունը, որի տակ երևում է այդ տրամա– գիծը։ Ա–ի պատրաստած մեխանիկական սարքը պատկերացում էր տալիս երկնոլորտի կառուցվածքի, մոլորակների շարժման, Լուսնի փուլերի, Արեգակի և Լուսնի խավարումների մասին։ Ա–ի աստղագիտական աշխատությունները մեզ չեն հասել։ Բայց նրա «Փսամիտ»-ը վկայում է, որ Ա․ հատուկ հետաքրքրություն է ցուցաբե– րել Արիստարքոս Սամոսացու արևակենտրոն ուսմունքի նկատմամբ։

Երկ․ Соч․, М․, 1962․ Գրկ․ Лурье С․ Я․, Архимед, М․–Л․, 1945․

Ա․ Ոսկանյան

ԱՐՔԻՄԵԴԻ ՊԱՐՈՒՐԱԳԻԾ, տես Պարուրագծեր։


ԱՐՔԻՄԵԴԻ ՕՐԵՆՔ, հեղուկների և գազերի ստատիկայի օրենք, հեղուկի (կամ գազի) մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի (կամ գազի) կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին։ Հայտնագործել է Արքիմեդը։ Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։ Եթե վերամբարձ ուժը մեծ է մարմնի կշռից, մարմինը դուրս է լողում այնքան ժամանակ, մինչև որ նրա ընկղմված մասի արտամղած հեղուկի կշիռը հավասարվում է վերամբարձ ուժին։


ԱՐՔՈՆՏ (հուն, ’dpxcov), 1․պետ, առաջնորդ, կառավարիչ, տիրակալ, արքա Հին Հունաստանում և հելլենիստական մի շարք պետություններում։ 2․ Մինչև մ․ թ․ ա․ V դ․ սկիզբը Աթենքում կառավարման բարձրագույն մարմնի ինն անդամներից յուրաքանչյուրը։ Մ․ թ, ա․ VIII դ․ կեսից Ա–ի իշխանության ցմահ ժամկետը իջեցվել է 10 տարվա։»Մ․ թ․ ա․ VII դ․ առաջին կեսից Ա․ ընտրվել է մեկ տարի ժամկետով։ Առաջին Ա․ կոչվել է անվանադիր (եպոնիմոս) և գլխավորել գործադիր իշխանությունը (նրա անունով է կոչվել տարին)։ Երկրորդը կոչվել է թագավոր (բասիլևս) և վարել պաշտամունքային ծիսակատարությունները, երրորդը՝ զորավար (պոլեմարքոս)։ Մնացյալ վեց Ա․ կոչվել են օրենսդիրներ (թեսմոթետներ), որոնք բառի բուն իմաստով օրենսդիրներ չեն եղել, այլ նախագահել են դատական այն գործերը, որոնք պետական մյուս աստիճաններում ենթակա չեն եղել դատաքննության։ Սրանց պարտականությունն է եղել նաև ամեն տարի աթենական օրենքների վերանայումն ու թերությունների վերացումը։ Մ․ թ․ ա․ VII դարից աթենական արեոպագոսը կազմվել է գլխավորապես նախկին Ա–ներից։ Սոլոնի բաենորոգումներից (մ․ թ․ ա․ VI դ․ սկիզբ) հետո Ա․ են ընտրվել ունևոր խավերի ներկայացուցիչները։ Կլիսթենեսի բարենորոգումներից (մ․ թ․ ա․ VI դ․ վերջ) հետո Ա․ կորցրել է քաղ․ դերը՝վերածվելով պատվավոր կոչման։