Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Շարժման վերելքի ժամանակ ֆեոդալները երբեմն վախից կամ իրենց իրավունքները պահպանելու մտահոգությամբ աջակցել են ապստամբներին։ Սակայն, երբ նրանց համար պարզ է դարձել ապստամբության դասակարգային բնույթը, լքել են և թշնամական դիրք բռնել նրա հանդեպ։ Ապստամբությունն անհաջողության է մատնվել։ 837-ին Բաբեկը փորձել է անցնել Բյուզանդիա, սակայն ֆեոդալները բռնել են նրան և հանձնել արաբ. իշխանություններին։ Բաբեկը տարվել է Բաղդադ և 838-ին, ծանր խոշտանգումներից հետո, քառատվել։ Բ․ ա․ ծանր հարված է հասցրել խալիֆայությանը, որի դեմ նրա ազդեցությամբ ընդվզել են խալիֆայության տիրապետության տակ գտնվող մյուս ժողովուրդները։

Բաբերդ, Բայբերդ, Բայբուրթ, քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Սպեր գավառում, Ճորոխի ձախ ափին, Կարինից 121 կմ հյուսիս–արևմուտք։ Երեք կողմից շրջապատված է ցածրադիր լեռներով, իսկ հվ․ մասի հարթավայրով կապվում է Կարինի հետ։ Ունի գեղեցիկ համայնապատկեր։ Ճորոխ գետը քաղաքը բաժանում է երկու մասի, որոնք իրար հետ կապված են 5 քարաշեն կամուրջներով։ Դեռևս մ․ թ․ ա․ III դ․ եղել է նշանավոր բերդաքաղաք (ամրոցի ավերակները պահպանվել են մինչև այժմ)։ Առաջին անգամ Բ․ հիշատակում է Մովսես Խորենացին։ Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների օրոք պատկանել է Բագրատունիներին։ Հայաստանի 387-ի բաժանման ժամանակ Բ․ անցել է Բյուզանդիային։ VI դ․ Հուստինիանոս I կայսրը ամրացրել է քաղաքը, կառուցել նոր բերդ։ 1071-ին սելջուկները գրավել են Բ․, կոտորել բնակիչներին։ XIII–XIV դդ․ Բ․ գտնվել է Ռումի սուլթանության, XIV–XV դդ․՝ Ջելայիրյան և Ակ–Կոյունլու ցեղերի տիրապետության տակ։ 1271-ին, Չինաստան ուղևորվելիս Բ–nվ անցել է Մարկո Պոլոն (նա հիշատակում է քաղաքի հս–արմ․ կողմի արծաթահանքերը)։ 1474-ին Բ–ով անցել է իտալացի մեկ այլ ճանապարհորդ՝ Հ․ Բարբարոն, որը, գովասանքով խոսելով քաղաքի մասին, նշել է, որ բնակչության թիվը կազմել է 1500 ընտանիք։ 1514-ից Բ–ին տիրել են թուրքերը։ 1829-ին ռուս. զորքերը գրավել են այն, սակայն Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով վերադարձվել է թուրքերին։ Ռուսներին օգնություն ցույց տված մոտ 1000 հայ ընտանիք, թուրքերի վրեժխնդրությունից խուսափելով, 1829–30-ին գաղթել և բնակություն է հաստատել Հայկական մարզում ու Ախալցխայի գավառում։ 1916-ի հուլիսի 3-ին ռուս. զորքերը նորից են գրավել Բ․, բայց 1918-ին այն վերագրավել են թուրքերը։ 1915-ին Բ․ ուներ 30 հզ․ բն․, այդ թվում՝ 10 հզ․ հայ։ Քաղաքում գործում էին 481 խանութ ու կրպակ, 40 իջևանատուն, 177 ջրաղաց, 3 ձիթհան, 19 փուռ, 1 կաշեգործարան, օճառի, ներկի, մոմի գործարաններ։ Հայերն զբաղվում էին առևտրով և արհեստներով (ոսկերչություն, պղնձագործություն, ժամագործություն, կոշկակարություն, ատաղձագործություն ևն)։ Իր նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ Բ․ երկար ժամանակ եղել է Տրապիզոնից Կարին, ապա Պարսկաստան տանող առևտրական ճանապարհի կարևոր կայաններից մեկը։ Բ․ առևտրական գործուն կապերի մեջ էր Ջենովայի և Վենետիկի հետ։ Եղել է եպիսկոպոսանիստ, ուներ չորս եկեղեցի (Ս․ Աստվածածին, Հրեշտակապետաց, Ս․ Հովհաննես և Աստվածամայր)։ Բ–ում ընդօրինակվել են հայերեն ձեռագրեր։ Մինչև 1915-ը Բ–ի գավառում կար 30 հայաբնակ գյուղ։ Բ–ի և գավառի հայ բնակչությունը 1895-ի համիդյան ջարդերի ժամանակ բավականին զոհեր է տվել, իսկ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ լրիվ տեղահանվել։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ Այժմ թուրքաբնակ է։ Պատմական հուշարձաններից նշանավոր է Բ–ի հինավուրց բերդը, որը կառուցվել է քաղաքի հս․ մասում՝ երեք կողմից շրջապատված դժվարամատչելի լեռներով։ Բերդն ունեցել է կրկնակի պարիսպներ, որոնց մեծ մասը, նաև բերդի ներսի շենքերը և եկեղեցին (հուն. արձանագրություններով) կործանվել է 1829-ին, ռուսթուրքական պատերազմի ժամանակ։ Կիսավեր վիճակում պահպանվել է դեպի Ճորոխն իջնող սանդղաձև քարափոր երկու ճանապարհ, որոնք ծառայել են պաշարման ժամանակ ջուր բերելու համար։

Բաբերդի Գոգավորություն, Հայկական լեռնաշխարհի Սպեր գավառում, ճորոխ գետի վերին հոսանքում (հովտի լայնացած մասը), մոտ 1500 մ բարձրության վրա։ Երկարությունը մոտ 18 կմ է, լայնությունը՝ 10 կմ։ Կան ջերմուկներ։ Ձմեռը կարճատև է, խստաշունչ, ամառը՝ չոր և տոթակեզ։ Բ․ գ–ում է գտնվում Բաբերդ քաղաքը։

Բաբ–Էլ–Մանդեբի-Նեղուց (արաբ․ Բաբ–Էլ–Մանդեբ՝ ողբի դարպաս), նեղուց Արաբական թերակղզու հարավ՜արևմտյան ծայրամասի և Աֆրիկայի միջև։ Կարմիր ծովը միացնում է Ադենի ծոցի և Արաբական ծովի հետ։ Ամենանեղ հատվածը 26,5 կմ է, նվազագույն խորությունը նավարկուղում՝ 182 մ։ Պերիմ կղզով բաժանվում է 2 մասի (Մեծ և Փոքր)։ Այս նեղուցով են անցնում Եվրոպայից Արևելյան և Հարավային Ասիա ու Ավստրալիա տանող ծովային ուղիները։

Բաբիկյան Աստվածատուր (5․ 8․ 1738, Նոր Ջուղա – 18․ 4․ 1825, Վիեննա), հայ գրող, թարգմանիչ, Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադիրներից ու առաջին աբբահայրը։ 1772-ին Վենետիկի Մխիթարյան միաբանությունից իր տասնմեկ համախոհներով հեռացել է Տրիեստ, հետագայում՝ Վիեննա (1810), ուր և հաջորդ տարին հիմնել է միաբանություն, որը Ավստրիայի կայսր Ֆրանց Իոսիֆ I պաշտոնապես ճանաչել է 1811-ին։ 1812-ին հիմնադրել է նույն միաբանության մինչև օրս գործող տպարանը։ Դրել է «Համառոտ յայտյանդիմանութիւն երկուց ճշմարտութեան ընդդէմ երկուց մոլար դրութեանց» (1817) աշխատությունը, թարգմանել Կարոլոս Բիլլուարտի «Բովանդակութիւն բովանդակութեան Ս․ Թովմայի․․․» փիլիսոփայական աստվածաբանական երկասիրությունը (հ․ 1–3, 1810–13)։

Բաբիյան Սիմոն Առաքելի (1878– 1950), հայ բանաստեղծ։ Ծնվել և ստեղծագործել է Ղրիմում։ Առաջին անգամ տպագրվել է «Տարազ»-ում։ Աշխատակցել է Ղրիմում լույս տեսնող «Կոմունայի զանգ» (1921) թերթին։ Հրատարակել է «Բանաստեղծություններ» (1904), «Ակկորդներ» (1911) ժողովածուները, որոնց մեջ գերակշռում են բնության և սիրո երգերը։

Բարիներ ապստամբություններ 1848–1852, Ժողովրդական ապստամբություններ Իրանում ֆեոդալական կարգերի, օբյեկտիվորեն նաև օտարերկրյա կապիտալի ներթափանցման դեմ։ Շարժիչ ուժերն էին գյուղացիները, արհեստավորները, քաղաքային չքավորությունը, մանր առևտրականները։ Բ․ ա–ի կրոնական բնույթն ու նրանց ղեկավարումը բարիների աղանդին պատկանող մանր առևտրական բուրժուազիայի և հոգևորականության ստորին խավի ներկայացուցիչների կողմից պայմանավորված էր Իրանի հասարակական–տնտ․ և քաղ․ հետամնացությամբ։ Բարիների գաղափարախոսության (բաբիզմ) հիմնադիր Սեյիդ Ալի–Մուհամմեդը, որն իրեն հռչակեց «բաբ» (պարսկ․ դուռ դեպի ճշմարտություն), իր գրքում («Բեյան») հայտարարում էր, որ պետք է