Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոլորակներն ու նրանց ուղեծրերը բնութագրող որոշ տվյալներ

Միջին հեռավորությունը Արեգակից
Մոլորակ աստղագիտ․ միավորներով մլն․ կմ–երով Ուղեծրի հարթության թեքվածությունը Խավարածրի հարթության նկատմամբ Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (երկրային տարիներով)
Մերկուրի

Վեներա
Երկիր
Մարս
Յուպիտեր
Սատուրն
Ուրան
Նեպտուն
Պլուտոն

0,387

0,723
1,000
1,524
5,203
9,539
19,191
30,071
39,518

57,87

108,14
149,6
227,79
777,8
1426,1
2869,1
4495,7
5905

7° 00’

3° 24’
---
1° 51’
1° 18’
2° 29’
0° 46’
1° 46’
17° 09

0,241

0,615
1,000
1,881
11,862
29,458
84,018
164,782
248,419

փոքր սեղմվածություն ունեցող էլիպսաձև ուղեծրերով, միևնույն ուղղությամբ և գրեթե միևնույն հարթության մեջ։ Պտույտը կատարվում է ժամացույցի սլաքի պտտման հակառակ ուղղությամբ (եթե դիտելու լինենք Երկրի հյուսիսային բևեռից)։ Որքան մոլորակը հեռու է Արեգակից, այնքան ավելի փոքր արագությամբ է պտտվում նրա շուրջը։ Մոլորակների տեսանելի շարժումները երկնքում բավականաչափ բարդ են, քանի որ նրանց շարժումները մենք դիտում ենք Երկրից, որն իր հերթին պտտվում է Արեգակի շուրջը։ Մոլորակները պտտվում են նաև իրենց առանցքի շուրջը։ Նրանց մեծամասնության առանցքային պտույտի ուղղությունը համընկնում է Արեգակի շուրջը նրանց պտույտի ուղղության հետ (բացառություն են կազմում Ուրանը և Վեներան)։ 1687-ին Նյուտոնը ընդհանրացրեց Կեպլերի օրենքները և ցույց տվեց, որ որոշ պայմաններում երկնային մարմինները կարող են շարժվել նաև պարաբոլական կամ հիպերբոլական ուղեծրերով (ինչպես գիսավորների մի մասը)։ Այդ ընդհանրացումը հնարավորություն տվեց որոշել մոլորակների ու նրանց արբանյակների զանգվածները։ Մոլորակների փոխադարձ ձգողության հետևանքով նրանց ուղեծրերը փոքր–ինչ շեղվում են (խանգարվում են) Արեգակի ձգողությամբ պայմանավորված էլիպսաձև ուղեծրերից։ Ուրանի՝ իր ուղեծրից խոտորվելու հանգամանքների ուսումնասիրությունը հանգեցրեց Նեպտունի (1846) և նպաստեց Պլուտոնի (1930) հայտնաբերմանը։

(նկ․) Արեգակնային համակարգության սխեման

Մոլորակներն ըստ իրենց քիմիական բաղադրության, խտության և առանցքային պտույտի արագության, բաժանվում են երկու խմբի (տես Մոլորակներ)։ Մերկուրին և Վեներան արբանյակներ չունեն։ Երկիրն ունի մեկ արբանյակ (Լուսին), Մարսը՝ երկու։ Հսկա մոլորակներն ունեն ավելի մեծ թվով արբանյակներ։ Յուպիտերն ունի 12 արբանյակ (որոնցից 4-ը դեռ XVII դ․ սկզբներին հայտնաբերել է Գ․Գալիլեյը), Սատուրնը՝ 10 և առանձին բեկորներից կազմված մի օղակ, Ուրանը՝ 5, Նեպտունը՝ 2։ Արբանյակները հիմնականում ենթարկվում են շարժման նույն օրինաչափություններին, ինչ մոլորակները։ Փոքր մոլորակների մեծ մասը Արեգակի շուրջը պտտվում է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Փոքր մոլորակներից ամենամեծի՝ Ցերերայի տրամագիծը 800 կմ է, իսկ հայտնիների մեջ ամենափոքրինը՝ 1 կմ–ից չի անցնում։ Արեգակնային համակարգի առաջացման հարցերը դեռ պարզաբանված չեն։ Մոլորակների շարժումների ընդհանրությունը և մի շարք այլ փաստեր հիմք են տալիս ենթադրելու, որ նրանց առաջացումը տեղի է ունեցել համատեղ։ Արեգակնային համակարգի առաջացման խնդրի լուծումը, ըստ երևույթին, սերտորեն կապված է աստղերի առաջացման խնդրի հետ, որը կազմում է կոսմոգոնիայի (տիեզերածնության) կարևորագույն պրոբլեմը։ Պատկերազարդումը տես 64 էջից հետո՝ ներդիրում։

Գրկ․ Թումանյան Բ․, Վաթյան Լ․, Ընդհանուր աստղագիտություն, Ե․, 1960։ Հ.Թովմասյան


ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ, տես Արեգակ։


ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՌԱԴԻԱՑԻԱ, Արեգակի էլեկտրամագնիսական և մասնիկային ճառագայթում։ Արեգակնային ռադիացիաի հիմնական մասը (մոտ 48%), որն ընկած է սպեկտրի տեսանելի տիրույթում (), Երկրի վրա ու մթնոլորտում ընթացող պրոցեսների էներգիայի հիմնական աղբյուրն է։ Մթնոլորտի վերին սահմանում մեկ րոպեում, 1 սմ² մակերեսին ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան կոչվում է արեգակնային հաստատուն և հավասար է 2 կալ/սմ² ր, իսկ ամբողջ Երկրագունդը մեկ րոպեում Արեգակից ստանում է 2,5·1018 կալ էներգիա։ Ակտինոմետրիայում Արեգակնային ռադիացիան լայն իմաստով հասկացվում է որպես արեգակնային լույս, որը մասամբ կլանվում, անդրադառնում և ցրվում է Երկրի մթնոլորտում։ Մթնոլորտի վիճակից ու ճառագայթի անցած ճանապարհից կախված՝ Արեգակնային ռադիացիաի ինտենսիվությունը թուլանում է և Երկրի մակերևույթի վրա կազմում է 1,0–1,5 կալ/սմ² ր՝ Արեգակնային ռադիացիան Երկրի մակերեվույթ է հասնում անմիջական և ցրված վիճակում՝ կազմելով գումարային ռադիացիան, որի մեծությունը օրվա և տարվա ընթացքում աճում է Արեգակի բարձրությանը համընթաց։ Արեգակնային ռադիացիան ուժեղանում է ըստ բարձրության, ընդ որում մթնոլորտի ստորին շերտերում՝ ավելի արագ։

ՀՍՍՀ տարածքում Արեգակնային ռադիացիաի ինտենսիվությունը իրական պայմաններում մոտ 1,0–1,5 կալ/սմ² ր է, իսկ տարեկան գումարային ռադիացիան՝ մոտ 140–150 կկալ/սմ² տարի։ Երևանում (ծովի մակերևույթից 942 մ բարձր) 142 կկալ/սմ² տարի է, Արագած լեռնային կայանում (ծովի մակերեվույթից 3230 մ բարձր)՝ 163 կկալ/սմ² տարի։ Անմիջական և ցրված ռադիացիայի էներգիաները ՀՍՍՀ–ում համապատասխանաբար փոփոխվում են հետևյալ սահմաններում․ 95 կկալ/սմ² տարի (Մարտունի), 57 կկալ/սմ² տարի (Կալինինո) և 65 կկալ/սմ² տարի (Քոչբեկ), 50 կկալ/սմ² տարի (Երևան)։

Արեգակի մասնիկային ճառագայթումը հիմնականում 500–1500 կմ/վրկ արագությամբ տարածվող պրոտոնների հոսք է․ միջին խտությունը մոտ 100 իոն/սմ³ է, իսկ Արեգակի ակտիվության ժամանակ հասնում է մինչև 1010 իոն/սմ³։ Խրոմոսֆերային բռնկումների պրոտոնների հոսքը օժտված է լինում մեծ էներգիայով և հասնում է 5·107-ից 2·1010 էվ։ Ռ․ Քարտաշյան


ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՏԱՐԻ, տես Տարի։


ԱՐԵԳԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խոտորջուր գավառում։ XX դ․ սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար փոքրիկ եկեղեցի և վարժարան։ Արեգին բնաջնջվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱՐԵԳԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում՝ Մոկք նահանգի Սպարկերտ գավառում։ XX դ․ սկզբին ուներ ավելի քան 100 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մի մասը զոհվել է, իսկ փրկվածները տարագրվել են օտար երկրներ։


ԱՐԵԳՆԻ ՎԱՆՔ, գտնվում է Կիլիկիայում, Ջահան և Զեյթուն գետերի միախառնման տեղում, բարձր սարահարթի վրա։ Հավանաբար հիմնադրվել է IX–X դդ․։ Առաջին անգամ հիշատակվում է 1065-ին, Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի օրոք։ Եղել է դպրության խոշոր կենտրոն, ուր կրթություն է ստացել Ներսես Շնորհալին։ Արեգնի վանքն ավերված է։


ԱՐԵԳՈՒՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի լեռնաճյուղը Հայկական ՍՍՀ–ում, Սևանա լճի հյուսիս–արևելյան ափին։ Ձգվում է Սևանի լեռնանցքից մինչև Քաշաթաղ լեռնագագաթը։ Երկարությունը 50 կմ–ից ավե–