Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(նկ․) Արեգունի լեռնաշղթա (առաջին պլանում Սևանա լիճը)

լի է, բարձրությունը՝ 2740 մ (Կարկտասար)։ Բաղկացած է երկու իրար զուգահեռ, անհամաչափ լանջեր ունեցող, միջին բարձրության շղթաներից, որոնք իրարից բաժանվում են Դրախտիկ և Բարեբեր գետերի հովիտներով։ Շղթաների հարավ–արևմտյան լանջերը զառիթափ են, կարճ, հյուսիս–արևելքը՝ երկար, աստիճանակերպ և ավելի մասնատված։ Լեռնակատարները թույլ ալիքավոր են, հարթ։ Այստեղ է Ճամբարակի հովիտը Սևանի ավազանին կապող Կրասնոսելսկի լեռնանցքը (2170 մ)։ Արեգունի լեռնաշղթան կազմված է կավճի նստվածքային և էոցենի հրաբխածին նստվածքային ապարներից։ Կլիման բարեխառն է։ Օդի առավելագույն ջերմաստիճանը հուլիսին կատարային մասում 28°С է, ստորոտում՝ 32°С։ Հունվարի նվազագույն ջերմաստիճանը համապատասխանաբար –28°C և –20°C է։ Տարեկան տեղումները հարավ–արևմտյան լանջերին 350 մմ են, հյուսիս–արևելյան լանջերին՝ 500 մմ։ Սևանահայաց լանջերը արևավառ են և չոր։ Այստեղ, հյուսիսային դիրքադրություն ունեցող լանջերում, հանդիպում են նախկին Արեգունյաց անտառից մնացած արևելյան կաղնու և մասամբ գիհու անտառակներ, որոնք գտնվում են պետական պահպանության տակ։ Հարավ–արևմտյան լանջերին, տափաստանացած լեռնաանտառային շագանակագույն հողերի վրա աճում է տափաստանային չորասեր բուսականություն, հյուսիս–արևելյան լանջերին, ենթալպյան լեռնաանտառային դարչնագույն հողերի վրա՝ հաճարենու, կաղնու անտառներ, առանձին բարձր գագաթներին՝ ալպյան բուսականություն։ 1962-ից սկսվել է Արեգունի լեռնաշղթայի անտառապատումը։ Լ․ Զոհրաբյան

ԱՐԵՆԱ [<լատ․(հ) arena, բառացի՝ ավազ], տես Ասպարեզ։


ԱՐԵՆԻ (մինչև 1946-ը՝ Արփա), գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Արփա գետի ափին, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, հիվանդանոց։ Ծխախոտի բարձր բերք ստանալու համար Ա. Զ․ Բաղդասարյանին, Ֆ․ Բ․ Բաղդասարյանին, Մ․ Ա․ Գյուլխասյանին, Հ. Ս․ Գրիգորյանին, Հ․ Գ․ Գրիգորյանին, Ա․ Գ. Դավթյանին, Թ․ Ղ․ Դավթյանին, Ա․ Խ. Դավթյանին, Փ․ Հ․ Մանուկյանին, Ոu․ Զ. Սիմոնյանին և Մ․ Ն․ Սիմոնյանին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։

(նկ․) Արենի

(նկ․) Արենի․ Ս․ Աստվածածին եկեղեցին (1321, ճարտ․ – քանդակագործ՝ Մոմիկ) հյուսիս արևելքից

(նկ․) Արենիի Ս․Աստվածածին եկեղեցու առագաստները

Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց ձոր գավառում։ Եղել է Արաքսի հովտից Սևանի ավազան և Զանգեզուր անցնող բանուկ ճանապարհի հանգուցակետ ու Շարուրի դաշտից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական հենակետ։ Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից արևմուտք, բլրի վրա (պահպանվել են ավերակները)։ XIII դ. Օրբելյան Տարսայիճ իշխանը Սյունիքի իշխանանիստ կենտրոնը Եղեգիս ավանից փոխադրել է Արենի։ Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս․ Աստվածածին եկեղեցին, որը արտաքուստ ուղղանկյուն, արևելյան զույգ ավանդատներով կենտրոնագմբեթ կառույց է։ Համաձայն շինարարական արձանագրության, կառուցել է ճարտարապետ–քանդակագործ ու նկարիչ Մոմիկը 1321-ին։ Գմբեթը չի պահպանվել։ Բազմանիստ թմբուկի վրա բացվում է 8 պատուհան։ Ունի 2 մուտք՝ արևմուտքից և հարավից։ Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում տեղադրված է Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Տիրամայրը պատկերված է ռեալիստորեն, ժամանակի տարազով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։

Միակտուր առագաստների վրա քանդակված են ավետարանիչների պատկերները՝ մարդու, առյուծի, թռչունի և ցուլի կերպարանքներով։ Եկեղեցու մոտ գտնվում են Տարսայիճ իշխանի ապարանքի ավերակները։ Արենիից 1 կմ հյուսիս–արևելք գետի հին հունի վրա, պահպանվել են լայնաթռիչք չորսկամարանի կամրջի (XIII դ․) մնացորդները։ Կամուրջը կառուցել է Նորավանքի (Ամաղու) առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը (1265–87)։ Նույն տեղում նկատվում են ավելի հին կամրջի հետքեր։

Գրկ․ Բարխուդարյան Ա․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործվարպետներ, Ե․, 1963։ Հ․ Հովսեփյան, Ս․ Մնացականյան

(նկ․) Արենիի Ս․Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի բարավորը՝ «Տիրամայրը մանուկ Հիսուսը գրկին» բարձրաքանդակով


«ԱՐԵՆԻ», սեղանի տեսակավոր գինի։ Ստացվում է 1945-ից Գետափի գինու գործարանում (ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջան), «Արենի» խաղողից։ Թնդությունը՝ 12–10 ծավալային %, տիտրվող թթվությունը՝ 5–7 գ/լ։ Արենին ունի սուտակի գույն, յուրատեսակ մրգային համ, դուրեկան տտիպություն։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 2 տարի։


ԱՐԵՆԻՈՒՍ, (Arrhenius) Սվանտե Ավգուստ [19․2․1859, Վիյկ (Ուփսալայի մոտ) – 2․11․1927, Ստոկհոլմ], շվեդացի քիմիկոս, ֆիզիկական քիմիայի հիմնադիրներից։ Շվեդական ԳԱ անդամ