Քրիստոնեական տաճարի հիմնական տիպերից մեկը՝ Բ․ հետագայում մշակվել է սիրիական, բյուզանդական, ռոմանական և գոթական ճարտարապետության մեջ։ Հայկ․ «բազիլիկ» կոչված տաճարները հիմնականում երկթեք տանիքի տակ առնված թաղածածկ եռանավ սրահներ են, իրենց զարգացմամբ ինքնատիպ։ Հայաստանում նշանավոր են Քասախի, Տեկորի (նախնական ձևով), Երերույքի, Աշտարակի, Եղվարդի և այլ Բ-ները։ Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ․ 1–2, Ե․, 1942–48։ Սահինյան Ա․, Քասախի բազիլիկայի ճարտարապետությունը, Ե․, 1955։
Բազիլիկատա. Լուկանիա (Basilicata, Lucania), մարզ Իտալիայում, Ապենինյան թերակղզու հարավում։ Բաժանված է Մատերա և Պոտենցա պրովինցիաների։ Տարածությունը 10,0 հզ․ կմ2 է։ Բնակչությունը՝ 626,0 հզ․ (1969)։ Նշանավոր քաղաքներն են Մատերան և Պոտենցան։ Ափերը ողողում են Հոնիական և Տիրենյան ծովերի ջրերը։ Կլիման միջերկրածովային չորային է։ Գերակշռում են չորասեր նոսր թփուտներն ու անտառները։ Մշակում են հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Կան սննդարդյունաբերական, նավթաքիմիական, մեքենաշինության, գլանման, փայտամշակման ձեռնարկություններ։
Բազիս և վերնաշենք. պատմական մատերիալիզմի կատեգորիաներ, որոնք բացահայտում են հասարակական հարաբերությունների ամբողջական համակարգում արտադրական և քաղ․, իրավական ու գաղափարական հարաբերությունների փոխադարձ կապը։ Արտադրական, տնտ․ հարաբերությունների ամբողջությունը համարվում է հասարակության բազիսը, նրա հիմքը, քաղ․, իրավական և գաղափարական հարաբերությունների և դրանց համապատասխան հաստատությունների ամբողջությունը՝ վերնաշենքը։ Բ․ և վ–ի դասական սահմանումը տվել է Մարքսը․ «Իրենց կյանքի հասարակական արտադրության ժամանակ մարդիկ մտնում են որոշակի, անհրաժեշտ, իրենց կամքից անկախ հարաբերությունների՝ արտադրական հարաբերությունների մեջ, որոնք համապատասխանում են իրենց նյութական արտադրողական ուժերի զարգացման որոշակի աստիճանին։ Այդ արտադրական հարաբերությունների ամբողջությունը կազմում է հասարակության տնտեսական ստրուկտուրան, այն իրական բազիսը, որի վրա բարձրանում է իրավական և քաղաքական վերնաշենքը և որին համապատասխանում են հասարակական գիտակցության որոշ ձևերը» (Մարքս Կ․, Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտիր երկեր երեք հատորով, հ․ 1, էջ 689)։ Բազիսը հասարակության տնտեսական կարգն է՝ արտադրության միջոցների սեփականության, դասակարգերի ու սոցիալական խմբերի տնտ․ հարաբերությունների ամբողջությունը։ Սակայն, տնտեսությունն ինքնին քաղ․, իրավական, կրոնական, բարոյական և այլ գաղափարներ ու դրանց համապատասխանող հաստատություններ չի ստեղծում։ Դրանք ստեղծում են մարդիկ, բայց ոչ կամայական ձևով, այլ գոյություն ունեցող հասարակական, տնտ․ հարաբերություններին համապատասխան։ Հասարակության տնտ․ բազիսը ունի պատմականորեն փոփոխվող բնույթ։ Արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների միջև հակասությունը հանգեցնում է նոր արտադրահարաբերությունների առաջացմանը, որոնք պայմաններ են ստեղծում արտադրողական ուժերի ավելի արագ զարգացման համար։ Տնտեսական հիմքի փոփոխվելու հետ միասին շատ կամ քիչ արագ հեղաշրջում է տեղի ունենում ամբոոջ վիթխարի վերնաշենքում (նույն տեղում, էջ 689–690)։ Դասակարգային հասարակության արտադրական հարաբերությունների հակամարտ բնույթը արտահայտվում է վերնաշենքային հարաբերությունների՝ քաղ․ և գաղափարական հայացքների պայքարում։ Բ․ և վ–ի կապը ունի դիալեկտիկական բնույթ։ Վերնաշենքը, ձևավորվելով և զարգանալով տվյալ բազիսի վրա, ձեռք է բերում հարաբերական ինքնուրույնություն և էապես ազդում է բազիսի վրա՝ խթանելով նրա զարգացմանը, եթե այն առաջադիմական է, կամ արգելակելով զարգացումը, եթե այն հետադիմական է։ Սակայն, վերնաշենքի ոչ բոլոր տարրերն են միատեսակ ազդում բազիսի վրա։ Այդ ազդեցությունը լինում է կամ ուղղակի (օրինակ քաղ․ և իրավական հարաբերություններ), կամ միջնորդավորված (օրինակ փիլիսոփայություն)։ Սոցիալական հեղաշրջումների ընթացքում նախկին տնտեսակարգի հետ միասին վերացվում են նաև նրա վերնաշենքային հարաբերությունները։ Միաժամանակ պահպանվում է հոգևոր մշակույթի և բարոյականության ասպարեզում եղած ողջ առաջադիմականը, հասարակության զարգացմանը նպաստող համամարդկայինը։ Նոր հասարակարգին են փոխանցվում նաև հին վերնաշենքային հարաբերությունների որոշ հետադիմական մնացուկներ, որոնք, սակայն, աստիճանաբար հաղթահարվում և վերացվում են։ Բ․ և վ․ հասկացությունները, այս կամ այն հասարակության ուսումնասիրության համար, ունեն մեթոդաբանական նշանակություն, դրանք որոշակիացնում են հասարակության մատերիալիստական ըմբռնումը, ցույց տալիս հասարակության նյութական և գաղափարական բաղադրամասերի փոխկապվածությունը։ Գրկ․ Մխիթարյան Գ․ Ե․, Բազիս և վերնաշենք, Պատմական մատերիալիզմի մի քանի հարցեր (հոդվածների ժող․), Ե․, 1962։ Вербин А․ И․, Базис и надстройка, М․, 1964; Келле В․, Ковальзон М․, Курс исторического материализма, М․, 1969․
Բազիսային գին. սովետական տնտեսության մեջ այն գինն է, որը ժողովրդատնտեսական պլանավորման և վիճակագրական հաշվառման ժամանակ օգտագործվում է արտադրության դինամիկան, ինքնարժեքը, արտադրանքի շահավետությունը և այլ ցուցանիշներ բնութագրող ինդեքսների հաշվարկման համար։ Սովետական տնտեսության մեջ Բ․ գ–ի անհրաժեշտությունը կապված է այն բանի հետ, որ միևնույն արտադրանքի գնի մակարդակը տարբեր տարիների համար կարող է տարբեր լինել, և, հետևապես, ընթացիկ գներով կատարված հաշվարկը չի տա արժեքային ցուցանիշների և նրանց փոփոխման ճշգրիտ պատկերը։ Կապիտալիզմի օրոք գնացուցակներում կամ տեղեկատուներում որոշակի որակ, մասնացուցակ (հատկորոշում), չափ, քիմ․ կազմի պարամետրեր ունեցող հաստատագրված ապրանքի գինն է, որը գների համար ելակետ է ծառայում։ Ապրանքների պատվիրման ժամանակ սրանց պարամետրերը տարբերվում են բազիսայինից, օգտագործվում են տարբեր հավելուրդներ և զեղչեր, որի հետևանքով փաստացի գները կարող են տարբերվել բազիսայինից։
Բազկային հյուսակ (Plexus brac- hialis). նյարդացանց՝ կազմված պարանոցային 4–8-րդ և կրծքային 1-ին ողնուղեղային նյարդերի առաջային ճյուղերից։ Տեղակայված է պարանոցի ստորին հատվածից մինչե թևատակը։ Բ․ հ–ի կարճ ճյուղերը նյարդավորում են ուսագոտու շրջանը, իսկ երկար ճյուղերը տարածվում են վերին վերջույթի վրա։ Թևատակի փոսում Բ․ հ․ կազմում է երեք նյարդափնջեր, որոնցից ծագում են միջնակ, ծղիկային, ճաճանչային և մկանաբազկային խոշոր նյարդերը։