ԲԱԺՆԵՏՈՄՍ, արժեթուղթ, որը վկայում է նրա տիրոջ մասնակցությունը բաժնետիրական ընկերության կապիտալի գործունեությանը և իրավունք տալիս ստանալու այդ ընկերության շահույթի որոշ մասը՝ դիվիդենդի ձևով (տես Արժեթղթեր)։ Ըստ տնօրինության բնույթի Բ-երը լինում են անվանական և ներկայացնողական։ Առաջինը սովորաբար թողարկվում է խոշոր, իսկ երկրորդը՝ առավել փոքր արժետոմսերի ձևով։ Բ․ բաց է թողնվում փայատիրական կապիտալի հավասար բաժիններով և կլոր գումարով, անգլո–ամերիկյան պրակտիկայում մինչև 1 ֆունտ ստեռլինգի և 1 դոլարի արժողությամբ։ Դա թույլ է տալիս հավաքագրել բնակչության ստորին խավերի փոքրիկ խնայողությունները և մեծ գումարներ գոյացնելով՝ ի սպաս դնել մոնոպոլիաների շահերին։
ԲԱԺՈՎ Պավել Պետրովիչ [15(27)․1․ 1879, Սիստերսկի զավոդ, Եկատերինբուրգի մոտ – 3․ 12․ 1950, Մոսկվա], ռուս սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Տպագրվել է 1924-ից («Ուրալյան եղելություններ»)։ ժողովրդականություն են ձեռք բերել ուրալյան բանահյուսության հիման վրա գրված զրույցները, որոնք ամփոփված են «Մալախիտե զարդատուփ» (1939, ՍՄՀՄ պետ․ մրցանակ, 1943, հայերեն հրտ․ 1956) գրքում։ Ուրալյան զրույցների մոտիվներով ստեղծվել են «Քարե ծաղիկ» կինոֆիլմը (1946), Ս․ Պրոկոֆևի «Ասք քարե ծաղկի մասին» բալետը (1954)։ Երկ․ Соч․, т․ 1-3, М․, 1952․ Գրկ․ Батин М․, П․ Бажов, 2 изд․, перераб․, М․, 1963; Кузнецова Н․ В․, Павел Петрович Бажов (1879–1950)․ Биобиблиографический указатель, Свердловск, 1969․
ԲԱԼ (<ֆրանս․ balle – գնդակ), 1․ պայմանական միավոր բնական երևույթների (քամու արագություն, ամպամածություն, երկրաշարժ) ուժը, աստիճանը չափելու համար։ Ըստ Բ-երի երկրաշարժերը համեմատելու համար օգտագործվում է սեյսմիկ սանդղակ։ ՍՍՀՄ–ում, եվրոպական երկրներում և ԱՄՆ–ում ընդունված է 12, իսկ ճապոնիայում՝ 6-բալանոց սանդղակ։ Ի տարբերություն Բ-ի, երկրաշարժի հարաբերական ուժը նրա օջախում չափվում է մագնիտ ու դայով, որը գնահատվում է անջատված էներգիայի չափով։ 2․ Մ ա ն կ ա վ ա ր ժ ու թ յ ու ն ու մ՝ թվանշան սովորողների առաջադիմության և վարքի գնահատման համար։ ՍՍՀՄ–ի դպրոցներում, միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում 1944-ից օգտագործվում է 5-բալյան համակարգը․ 5՝ «գերազանց», 4՝ «լավ», 3՝ «միջակ», 2՝ «վատ», 1՝ «շատ վատ»։ Տարբեր երկրների դպրոցներում կիրառվում են այլ համակարգեր։ 3․ Թվանշանային գնահատական ս պ ո ր տ ի մի քանի ձևերի (մարմնամարզություն, լող, ձևավոր չմշկասահք ևն) մրցության արդյունքների գնահատման համար։
ԲԱԼԱԳԱՆ (<պարսկ․ balahana – վերին սենյակ, պատշգամբ), 1․ թատերական, կրկեսային կամ էստրադային ներկայացումների ժամանակավոր շինություն, որ կառուցվում էր տոնավաճառների և ժող․ տոնախմբությունների ժամանակ։ Բ-ում ցուցադրվում էին առլեկինադաներ, ֆարսեր, դասականների խիստ կրճատված ստեղծագործություններ։ Ելույթ էին ունենում աճպարարներ, ակրոբատներ, մարմնամարզիկներ։ Ռուսաստանում Բ-երը գործել են XVIII դ․ կեսից մինչև XX դ․ 30-ական թթ․։ 2․ Փոխաբերական իմաստով՝ տեսարաններ, մարդկանց գործելակերպ, որ նման է բալագանային տեսիլների, խեղկատակային է, կոպիտ։
ԲԱԼԱԳԵՐ (Balaguer) Խոակին (ծն․ 1․9․ 1907, Սանտյագո), Դոմինիկյան Հանրապետության պետական և քաղաքական գործիչ։ Եղել է Ազգային կոնգրեսի անդամ, 1953–60-ին՝ կրթության և արվեստի մինիստր, ապա՝ փոխպրեզիդենտ, 1960-ի օգոստոսից 1962-ի հունվարը՝ պրեզիդենտ։ 1962-ին պաշտոնաթող է եղել և տարագրվել ԱՄՆ։ 1966-ի հուլիսից վերստին Դոմինիկյան Հանրապետության պրեզիդենտն է։ Քաղաքականության մեջ Բ․ կողմնորոշվում է դեպի ԱՄՆ–ը։
ԲԱԼԱԺ, Բալաշ (Bala’zs) Բելա (4․ 8․ 1884, Սեգեդ – 17․ 5․ 1949, Բուդապեշտ), հունգար գրող, կինոյի տեսաբան, սցենարիստ։ Փիլիսոփայական գիտ․ դ–ր։ 1908-ին մամուլում հանդես է եկել որպես բանաստեղծ–սիմվոլիստ։ Աշխատել է Հունգարական սովետական հանրապետության (1919) Լուսժողկոմատում։ 1919–45-ին եղել է վտարանդի (1931–45-ը ապրել, է ՄՍՀՄ–ում)։ 1930-ին գերմ․ հրատարակել է «Անտանելի մարդիկ» վեպը։ Կինոարվեստի մասին գրել է «Տեսանելի մարդը», «Ֆիլմի ոգին», «Կինոարվեստ» աշխատությունները։ «Իմ ուղին» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է Կոշուտի անվ․ մրցանակի (1949)։
ԲԱԼԱԼԱՅԿԱ, ռուսական եռալար (հնում՝ երկլար) կսմիթային երաժշտական գործիք։ Իրանը սովորաբար եռանկյունաձև է։ Նվագում են աջ ձեռքի ցուցամատով բոլոր լարերը հնչեցնելով և առանձին լարեր կսմիթելով։ XVIII – XIX դդ․ տարածված էր որպես մենանվագ, անսամբլային և նվագակցող գործիք։ 1880-ական թթ․ Բ․ կատարելագործել է Վ․ Վ․ Անդրեևը։ Ավելի ուշ ստեղծված Բ-ների ընտանիքը ռուսական ժող․ գործիքների նվագախմբի հիմքն է։
ԲԱԼԱԽԱՆԻ, քաղաքատիպ ավան Ադրբեջանական ՍՍՀ–ում (մտնում է Բաքու քաղաքի շրջագծի մեջ)։ 11,5 հզ․ բն․ (1969)։ Բ-ում կան մեքենաշինական արդյունաբերություն, ռետինատեխնիկական իրերի արտադրություն, նավթի արդյունահանություն (XIX դարից)։
ԲԱԼԱԽՆԱ, քաղաք ՌՍՖՍՀ–ում, Գորկու մարզի Բալախնայի շրջանի վարչական կենտրոնը, նավահանգիստ և երկաթուղային կայարան Վոլգայի ափին։ 37 հզ․ բն․ (1970)։ Ունի թղթի–ցելյուլոզի կոմբինատ, ստվարաթղթի, կահույքի, կարի ֆաբրիկաներ, ձուլման մեխանիկական գործարան։ Ճարտ․ հուշարձաններից են Սպասսկայա (1668) և Նիկիտայի (1552) եկեղեցիները։ Գործում են էներգետիկ տեխնիկում, հայրենագիտական թանգարան։ Հիմնադրվել է 1474-ին։
ԲԱԼԱԽՈՌ, Պ ա լ ա խ ո ռ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Խարբերդ քաղաքից մոտ 16 կմ արևմուտք։ XX դ․ Սկզբին ուներ 90 տուն բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Ուներ երկու եկեղեցի (Ս․ Կարապետ, Ս․ Լուսավորիչ) և վարժարան։ Հայերը տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Նկարում` Մ․ Ա․ Բալակիրև
ԲԱԼԱԿԻՐԵՎ Միլի Ալեքսեևիչ [21․12․1836 (2․1․ 1837), Նիժնի Նովգորոդ – 16(29)․ 5․ 1910, Պետերբուրգ], ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։ 1860-ական թթ․ սկզբին Բ-ի գլխավորությամբ կազմավորվել է «Ռուսական նոր երաժշտական դպրոց»-ը, որը հայտնի է նաև «Բալակիրևյան խմբակ» և «Հզոր խմբակ» անուններով։ 1862-ին խմբավար Գ․ Յա․ Լոմակինի հետ Պետերբուրգում հիմնադրել է Անվճար երաժշտական դպրոց։ 1867–69-ին Բ․ Ռուսական երաժշտական ընկերության գլխավոր դիրիժորն էր։ 1883–94-ին վարել է Պալատական երգեցիկ կապելլայի դիրեկտորի պաշտոնը։ Բ-ի ստեղծագործության կենտրոնական թեման ժողովուրդն է, ռուս, կյանքի և բնության պատկերները։ 1866-ին հրապարակված նրա «40 ռուսական ժողովրդական երգ ձայնի և դաշնամուրի համար» ժողովածուն դարձել է ժող․ երգերի մշակման դասական օրինակ։ «Ռուսական երեք թեմայով նախերգանք»-ում (1858, 2-րդ խմբ․՝ 1881), «1000 տարի» ռուս, երեք թեմայով երկրորդ նախերգանքում (1862, ուշ խմբ․՝ «Ռուսիա» սիմֆոնիկ պոեմ, 1887, 1907) և «Չեխական նախերգանքում» (1867, 2-րդ խմբ․՝ «Չեխիայում» սիմֆոնիկ պոեմ, 1906) ժող․ թեմաների սիմֆոնիկ զարգացման բնագավառում շարունակել է Գլինկայի ավանդույթները։ Բ․ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Արևելքի (Կովկասի), լեհական, չեխական և իսպանական երաժշտական մշակույթի նկատմամբ։ Բնանկարային և ժողովրդապարային բնույթի