Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱՅ, նախասովեաական շրջանում խոշոր հողատեր-անասնատեր, վաշխառու՝ Միջին Ասիայում, Ղազախստանում, Ալթայում, մասամբ՝ Կովկասում։ Հանդես են եկել մինչկապիտալիստական ժամանակաշրջանում։ XX դ․ սկզբներին առաջացել է նաև առևտրա-արդյունաբերական բուրժուազիայի բայական խավը։

ԲԱՅ, խոսքի մաս, որն արտահայտում է գործողություն, եղելություն, դրություն։ Այլ խոսքի մասերից տարբերվում է իմաստային, ձևաբանական և շարահյուսական մի շարք հատկանիշներով։ Բ-ին հատուկ են սեռը, կերպը, դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը ևն։ Գործողություն, եղելություն կամ դրություն ցույց տվող այն բառերն են Բ․, որոնք ունեն հիշյալ հատկանիշները։ Թռչել և թռիչք, կորչել և կորուստ, շարժել և շարժում բառերից Բ․ են միայն ընդգծվածները։ Որոշ լեզուներում (օրինակ՝ չինարենում) Բ․ տարբերակում են խոսքային պայմաններում, իսկ այլ լեզուներում (օրինակ՝ անգլերենում)՝ մասնիկների և այլ ձևույթների օգնությամբ։ Բ-ի քերականական հիմնական փոփոխությունը խոնարհումն է։ Բ-ի դեմքը, թիվը, եղանակը և ժամանակը արտահայտվում են խոնարհման միջոցով։ Բ․ խոսքի մեջ դրսևորվում է դիմավոր և անդեմ (տես Դերբայ) ձևերով։ Դիմավոր ձևերը, որ լինում են պարզ (գրեցի, գրեմ) և բաղադրյալ (գրում եմ), նախադասության մեջ աոորոգյալի պաշտոն են կատարում, իսկ որոշ անդեմ ձևեր հանդես են գալիս այլևայլ պաշտոններով։ Բայական դեմքի մեջ (հայերենում, ռուսերենում և մի շարք այլ լեզուներում) արտացոլվում է գործողություն կատարողի, եղողի դեմքը (գրում եմ՝ ես, գրում ես՝ դու, գրում է՝ նա), որի պատճառով ենթական հաճախ խոսքում չի նշվում։ Կան լեզուներ, որոնց Բ-ի դիմավոր ձևերում արտացոլվում է նաև խնդրի դեմքը։ Տարբեր լեզուներում Բ․ հատկանշվում է խոնարհման յուրահատուկ համակարգերով և ձևաբանական այլևայլ փոփոխություններով։ Բ-երը, ըստ ձևաբանական կառուցվածքի, լինում են համադրական և հարադրական, ըստ կազմության՝ պարզ և ածանցավոր, ըստ խոնարհման համակարգի՝ կանոնավոր և անկանոն, պակասավոր և հավելավոր, ըստ քերականական դերի՝ էական, օժանդակ և վերացական, եղանակավորող, ըստ իմաստի՝ ասացական, իմացական ևն։

Գրկ․ Բաիսեղյան Հ․, Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, Ե․, 1953։ Սևակ Գ․, ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե․, 1955։ Աճառյան Հ․, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ․ 4, գիրք 1–2, Ե․, 1959 – 61։ Պողոսյան Պ․, Բայի եղանակային ձևերի ոճական կիրառությունները արդի հայերենում, Ե․, 1959։ Աբրահամյան Ա․, Բայը ժամանակակից հայերենում, գիրք 1, Ե․, 1962։ Ղարիբյան Ա․, Հայոց լեզու, հնչյունաբանություն, բառագիտություն, ուղղագրություն և ձևաբանություն, դասագիրք 5–6-րդ դասարանների համար, 6 հրտ․, Ե․, 1964։ Մարգարյան Ա․, Հայերենի հարադիր բայերը, Ե․, 1966։ Աղայան Է․, ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Ե․, 1967։ Мещанинов И․ И․, Глагол, М․–Л․, 1949; Грамматика русского языка, под ред․ В․ В․ Виноградова, т․ 1, М․, 1960․

Ա․ Աբրահամյան

ԲԱՅԱԶԵՏ (այժմ՝ Դողուբայազետ), քաղաք Արևմտյան Հայաստանում։ Մինչև 1920-ական թթ․ մտնում էր Էրզրումի վիլայեթի մեջ։ Մինչև XIV դ․ կոչվել է Դարոյնք։ Ենթադրվում է, որ Բ․ է կոչվել ի պատիվ օսմանյան սուլթան Բայազիդ I-ի (իշխել է 1389–1402-ին)։ Սակայն աղբյուրների վկայությամբ (Շարաֆ խան Բիթլիսի և ուրիշներ) քաղաքը Բ․ է կոչվել դեռ Բայազիդ I-ի թագադրումից առաջ։ Բ․ հայ պատմիչներից առաջինը հիշատակել է Առաքել Դավրիժեցին։ 1555-ին Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքված հաշտության պայմանագրով Բ․ անցավ Թուրքիային՝ դառնալով սանջակի կենտրոն։ Գավառի ու քաղաքի կառավարումը տրվեց այդ կողմերում բնակվող քրդական Սլիվանլի ցեղին, որը Բ-ում և համանուն գավառում կիսանկախ իշխեց մինչև XIX դ․ վերջերը։ XVIII դ․ Դարոյնք բերդի տեղում կառուցվել է Բ-ի նոր բերդը։ Այդ ժամանակ Բ-ում հաշվվում էր 2000 տուն հայ, իսկ 1805–12-ի ռուսթուրքական պատերազմի ժամանակ՝ 1735 տուն հայ և 310 տուն մահմեդական բնակիչ։ 1812-ին Բ-ում է եղել Սերովբե Կարնեցին, որն իր ուղեգրության մեջ նշում է․ «Քաղաքն ունի 12 հզ․ բնակչություն, որի մեծամասնությունը հայեր են․․․ Հայերը զբաղեցնում են հասարակական պաշտոններ և [ապահովում] քաղաքի պաշտպանությունը» (Սերովբե Կարնեցի, Ուղեգրություն Բաղդադից Էջմիածին 1812 թ․, 1968, էջ 159)։ Բ․ մեծ չափով ավերվել է 1821–23-ի թուրքպարսկական պատերազմի ժամանակ, երբ քաղաքը պաշարել էին Աբբաս–Միրզայի զորքերը։ 1828-ի հուլիսին ռուսական զորքերը (1600 զինվոր) 400 հայ կամավորների հետ միասին պաշարել են Բ․։ Հայերը համոզել են նրա կառավարիչ Բահլուլ փաշային, որ դիմադրելն անիմաստ է, և հուլիսի 28-ին ռուս, զորքերը առանց կռվի տիրել են քաղաքին։ Սակայն 1829-ի հունիսի 20-ին, երբ Կովկասյան կորպուսի գլխավոր ուժերը կռվում էին Էրզրումի համար, Վանի փաշան 15 հզ․ զորքով պաշարեց P․, որտեղ ռուսներն ունեին ընդամենը 1500 զինվոր՝ գեներալներ Պոպովի և Պանյուտինի հրամանատարությամբ։ Սկսվեց Բ-ի հերոսական պաշտպանությունը։ Ռուս, սակավաթիվ կայազորը ետ մղեց թվապես մի քանի անգամ գերազանցող թուրք, զորքի գրոհները։ Ավելի քան 1000 զինված հայեր միացան ռուսներին։Բ-ի պաշտպանության ընթացքում աչքի ընկան Մկրտիչ և Բարսեղ Արծրունիները։ Գեներալ Պոպովը Պասկեվիչին գրում էր, որ հայերը «օրինակելի էին, հոգով նվիրված և քաջ»։ Ադրիանուպոլսի պայմանագրով (տես Ադրիանոււցուսի հաշտության պայմանագիր 1829) Բ․ վերադարձվեց Թուրքիային։ 1829–30-ին Բ-ից հարյուրավոր հայ ընտանիքներ գաղթեցին Հայկական մարզ և բնակություն հաստատեցին Գյոկչայի մահալում։ Գաղթական բայազետցիները Գավառ պատմական ավանի տեղում հիմնադրեցին Նոր Բայազետ քաղաքը (այժմ՝ Կամո)։ Հայերի գաղթից հետո Բ․ տնտ․ անկում ապրեց։ 1854-ի հուլիսի 29-ին ռուս, զորքերը երկրորդ անգամ, առանց կռվի, գրավեցին քաղաքը, որը 1856-ին Փարիզի հաշտության պայմանագրով կրկին վերադարձվեց Թուրքիային։ Երրորդ անգամ ռուսները Բ-ին տիրեցին 1877-ին։ Ռուս, զորքերի Երևանյան ջոկատը (13 հզ․ զինվոր), գեներալ Արշակ Տեր–Ղուկասովի հրամանատարությամբ, ապրիլի 15-ին դուրս գալով Իգդիրից, Չինկլի լեռնանցքով անցավ Հայկական պար լեռնաշղթան և պաշարեց քաղաքը։ Բ-ի կառավարիչ Ալի–Քեմալ փաշան մինչ այդ, լսելով ռուսների հարձակման լուրը, փախուստի դիմեց։ Ապրիլի 18-ին ռուսները առանց կըռվի տիրեցին Բ․։ Ա․ Տեր–Ղուկասովը, Բ-ում թողնելով փոքրաթիվ կայազոր, շարժվեց Ալաշկերա։ 1877-ի հունիսի 6-ին թուրք, զորքերի 10-հազարանոց ջոկատը Վանի Ֆայիք փաշայի ղեկավարությամբ պաշարեց Բ-ի բերդը։ Ֆայիք փաշային օգնում էր հայդարանցի քրդերի ցեղապետ շեյխ Բայազետ քաղաքի հատակագիծը