Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նավաշինական, ձկան պահածոների արդյունաբերությունը։ Հարուստ է հանքային ջրերով։ Լիճը նավարկելի է, կատարվում է անտառափայտի լաստառաքում։ 1969-ի հունվարին ՍՍՀՄ Մինիստրների սովետը Բ-ի ավազանի բնական համալիրի պահպանման և ռացիոնալ օգտագործման մասին ընդունեց հատուկ որոշում։ Բ-ի ափին են գտնվում՝ Սլյուդյանկա, Բայկալսկ, Բաբուշկին, Բայկալ, Նիժնեանգարսկ քաղաքները։

ԲԱՅԿԱԼ–ԱՄՈՒՐԻ ՄԱՅՐՈՒՂԻ (ԲԱՄ), անդրսիբիրյան երկրորդ երկաթուղային մայրուղի (երկարությունը՝ 3150 կմ)։ Միացրել է Լենայի Ուստ-Կուտ և Ամուրի-Կոմսոմոլսկ քաղաքները։ Այս կառույցը իր երկարությամբ, շինարարական-մոնտաժային աշխատանքների ծավալով և բարդությամբ առաջինն է ՍՍՀՄ-ում։ Նախատեսվում է տեղափոխել 222 մլն մ³ գրունտ, կառուցել 3136 արհեստական կառույցներ, այդ թվում՝ 142 խոշոր կամուրջ։ Լեռների միջով պետք է բացվի 4 թունել՝ 25,3 կմ ընդհանուր երկարությամբ։ Շինարարությունը նախատեսված է իրականացնել 1974-82-ի ընթացքում։ ԲԱՄ-ի շինարարական աշխատանքներին աջակցում են նաև Հայկ․ ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրությունը, «Հայպետնախագիծ» ինստ–ը և այլ կազմակերպություններ։ Նրանք պարտավորվել են օգնել «Անգարշին»-ի շինարարներին՝ երկաթուղային կայարանի և Տայուրա ավանի կառուցման աշխատանքներում։ «Հայէլեկտրամեքենա» միավորումը ԲԱՄ է ուղարկել 100 շարժական էլեկտրակայաններ, Երևանի ավտոմոբիլային գործարանը՝ «ԵրԱԶ 762Ա» մակնիշի ավտոմեքենաներ, «Հայքիմմեք» միավորումը՝ հզոր պոմպեր։ ՀամԼկեմ XVII համագումարը ԲԱՄ-ը հայտարարել է համամիութենական կոմերիտական հարվածային կառույց։

ԲԱՅԿԱԼՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, լեռնաշղթա Բայկալ լճի հյուսիս–արևմտյան ափին։ երկարությունը 300 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2572 մ։ Կազմված է հնագույն բյուրեղային ապարներից, կվարցիտներից, կրաքարերից, գրանիտներից։ Ծածկված է անտառատափաստանով և անտառով, գագաթնային մասը՝ լեռնատունդրայով և քարացրոններով։

ԲԱՅԿԱԼՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, բայկալյան տեկտոգենեզ, տեկտոնական շարժումների ցիկլ, որը տեղի է ունեցել վերին պրոտերոզոյում ու վաղ քեմբրիում։ Այդ շարժումները խիստ արտահայտվել են Սիբիրում և առաջին անգամ առանձնացվել են Ն․ Ս․ Շատսկու կողմից (1932)։ Բ․ ծ-յան բեկորային լեռները (բայկալիդները) եզրապատում են Սիբիրական պլատֆորմը արմ-ից (Ենիսեյի բլրաշար) ու հվ-ից (Սայաններ, Բայկալյան լեռներ)։ Այդ շարժումները տեղի են ունեցել նաև Կենտրոնական Ղազախստանում, Սալաիրում, Արևմտյան Սայաններում, Հարավային Ուրալում, որտեղ Բ․ ծ-յան կառուցվածքները կազմում են նշված լեռնաշղթաների միջուկները։ Արևելա–Եվրոպական, Սիբիրական և մյուս հին պլատֆորմներում Բ․ ծ․ նշանավորվել է ավլակոգենների գոյացումով։ Արևմտյան Եվրոպայում ու Հյուսիսային Աֆրիկայում Բ․ ծ․ հայտնի է կադոմյան կամ ասինտյան ծալքավորություն անվամբ։ Հյուսիսային Ամերիկայում Բ․ ծ-յան նմանակն են գրենվիլյան, իսկ Հարավային Ամերիկայում՝ մինասյան կոմպլեքսները։ Բայկալյան տեկտոնական էտապի տևողությունը, ըստ բացարձակ ժամանակագրության, մոտ 700 մլն տարի է և ֆաներոզոյի (պալեոզոյան, մեզոզոյան ու կայնոզոյան դարաշրջաններ) հետ միասին կազմում է մեգացիկլ 1200 մլն տարի տևողությամբ։ Բ․ ծ-յամբ ստեղծված Երկրի կառուցվածքային պլանը կանխորոշել է նրա հետագա ամբողջ պատմության ընթացքում Երկրի կարևորագույն ստրուկտուրային տարրերի տեղաբաշխումը։ Ապացուցված է, որ Ալպ–Հիմալայան ծալքավոր գոտու (Աֆղանստան, Իրան, Կովկաս, Թուրքիա) մետամորֆիզացված հիմքը բայկալյան հասակի է։ ՀՍՍՀ–ում այդ ապարները մերկանում են Ծաղկունյաց լեռնաշղթայում՝ Արզականի զանգվածում։

Ա․ Գաբրիելյան

ԲԱՅԿՈՆՈՒՐ, քաղաք Ղազախական ՍՍՀ Ջեզկազգանի մարզում, ՍՍՀՄ խոշորագույն տիեզերանավակայաններից մեկը։ Կառուցված են հրթիռների մեկնաթռիչքային համալիրներ, տեխ․ դիրքեր ու չափիչ կետեր։ Բ–ից է արձակվել աշխարհում առաջին արհեստական արբանյակը, այստեղից են Տիեզերք թռել առաջին տիեզերագնաց Յու․ Գագարինը, առաջին կին տիեզերագնաց Վ․ Նիկոլաևա-Տերեշկովան և ուրիշներ։

ԲԱՅԿՈՎ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ [25․ 7(6․ 8)․ 1870, Ֆատեժ, Կուրսկի նահանգ – 6․ 4․ 1946, Մոսկվա], սովետական մետալուրգ և քիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1893)։ 1903-ից Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ-ի պրոֆեսոր։ Զարգացրել է մետաղների մեջ կատարվող փոխակերպումների, ինչպես նաև մետալուրգիական պրոցեսների տեսության վերաբերյալ ուսմունքը։ Մեծ ավանդ ունի ՍՍՀՄ-ում հրահեստների արդյունաբերության կազմակերպման գործում։ ՍՍՀՄ I և II գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1943)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

Գրկ․ Тумарев А․ С․, А․ А․ Байков – выдающийся металлург и химик, М․, 1954․

ԲԱՅՍԵԻՏՈՎԱ Կուլյաշ (Գուլբահրամ) Ժասիմովնա [20․ 4(2․ 5)․ 1912, Վեռնի (Ալմա–Աթա) – 6․ 6․ 1957, Մոսկվա], ղազախ երգչուհի (լիրիկական-կոլորատուրային սոպրանո)։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1936)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ղազախական օպերային արվեստի հիմնադիրներից է։ 1934-ից եղել է Երաժշտական թատրոնի, 1937-ից՝ Ղազախական օպերայի և բալետի թատրոնի մենակատարուհի։ Բրուսիլովսկու «Կըզ-ժիբեկ», «Եր-Տարգին», Տուլուբանի «Բիրժան և Սառա» (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949) և այլ օպերաների գլխավոր դերերգերի առաջին կատարողն է։ Հանդես է եկել նաև համերգներով (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948)։

ԲԱՅՍԸԶ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, Արագածի հարավային լանջին, շրջկենտրոնից 26 կմ արևելք։ Միավորված է Կաքավաձորի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, բուժմանկաբարձական կայան։ Բ-ի տերիտորիայում պահպանվել են XII - XIII դդ․ եկեղեցի, բերդերի ավերակներ։

ԲԱՅՏՈՈՒՇԱՆ (չինարեն), Պեկտուսան (կորեերեն) (երկու լեզուներով էլ՝ սպիտակագլուխ լեռ), գործող հրաբուխ ՉԺՀ-ի և ԿԺԴՀ-ի սահմանի վրա, Չանբայշան սարահարթում։ Բարձրությունը 2744 մ է։ Կազմված է հիմնականում սպիտակ պեմզայից (որից էլ՝ անունը)։ Խառնարանում գտնվում է Տյանչի լիճը։ Վերջին անգամ ժայթքել է 1904-ին։ Բ–ից սկիզբ են առնում Սունգարի, Տումինցզյան և Յալուցզյան գետերը։

ԲԱՅՐԱԽՏԱՐ, Պայրախտար, գյուղ Կարսի մարզում, համանուն քաղաքից 32 կմ արևմուտք։ XIX դ․ վերջերին ուներ 250 հայ բն․ (31 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Հակոբ՝ կառուցված 1862-ին)։ Բ-ի շրջակայքում, Գարագալա վայրում կան հայկ․ հին գերեզմանոց և բերդի ավերակներ։ Հայ բնակիչները տեղահանվել են 1920-ի հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արարատյան․ դաշտի գյուղերում։

ԲԱՅՐԱՄ-ԱԼԻ, քաղաք Թուրքմենական ՍՍՀ-ում, կլիմայաբուժարան Մուրղաբյան օազիսում։ Աշխաբադից 375 կմ դեպի արլ․։ Երկաթուղային կայարան է։ 31 հզ․ բն․ (1969)։ Ամառը շոգ է, չոր (միջին ջերմ․ 30°С, հարաբերական խոնավությունը՝ 25%)։ Գերակշռում են արևոտ օրերը (մոտ 290)։ Ձմեռը մեղմ է։ Տարեկան տեղումները՝ 130 մմ։ Բ-ում բուժում են երիկամների ոչ տուբերկուլոզային քրոնիկական հիվանդությունները (երբ արյան շրջանառության խանգարումը բացակայում է)։ Հակացուցումները՝ սուր նեֆրիտներ, նեֆրոզներ, հիպերտոնիկ, երիկամաքարային հիվանդություններ, երիկամների տուբերկուլոզ։ Գործում է ապրիլ-նոյեմբեր ամիսներին։

ԲԱՅՐՈՆ (Byron) Ջորջ Նոել Գորդոն (22․ 1․ 1788, Լոնդոն – 19․ 4․ 1824, Միսսոլունգ, Հունաստան), անգլիացի բանաստեղծ։ Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 18 տարեկան հասակում ստացել է լորդի տիտղոս։ Սովորել է Քեմբրիջի համալսարանում։ 1807-ին հրատարակել է «Պարապության ժամեր» ժողովածուն, ուր արտահայտել է անակրեոնյան տրամադրություններ։ 1809-ից՝ լորդերի