Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պալատի անդամ։ Ժամանակի ռեակցիոն ռոմանտիկների դեմ է ուղղված Բ–ի «Անգլիական երգիչները և շոտլանդական տեսաբանները» երգիծական պոեմը (1809), 1809-ից ճանապարհորդել է (Իսպանիա, Հունաստան ևն)։ Աթենքում անգլերենի թարգմանել հույն հայրենասերների ռազմի երգը, որի մեջ կոչ էր արվում տապալել թուրք․ լուծը։ 1812-ի փետր․ 27-ին լորդերի պալատում, ի պաշտպանություն բանվոր-լուղիտների, հանդես է եկել առաջին ճառով, որ հնչել է իբրև մեղադրանք տիրող կարգերի դեմ։ «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» (1-2 երգերը՝ 1812, 3-4 երգերը՝ 1816-17) պոեմում պատկերել է հերոսի հիասթափությունը շրջապատից և հոռետեսական մտորումներն աշխարհի ու մարդկանց մասին։ Նրան տեղափոխելով Իտալիա, Իսպանիա, Հունաստան, Ալբանիա ևն՝ նկարագրել է տեղական բարքերը, բնությունը, ժողովրդի ծանր պայմաններն օտար լծի տակ։ Հիմնականում արծարծել է ազնվականական հասարակության բարոյական անկման, Անգլիայում և մյուս երկրներում տիրող բռնատիրական կարգերի անարդարության և ազգային-ազատագրական շարժման խնդիրները։ Պոեմը ռոմանտիկական մի կերտվածք է, որի մեջ էպիկական ընդհանրացումներն ու քնարական պոռթկումները, հոռետեսությունն ու ըմբոստ ոգին, բնության գեղանկարչությունն ու սոցիալական պատկերները միահյուսված են։ 1813-1816-ի քաղաքական ռեակցիայի տարիներին ավելի է խորացել Բ–ի աշխարհընկալման ողբերգական հնչեղությունը, որն արտահայտվել է նրա արևելյան պոեմների շարքում՝ «Գյավուր» (1813), «Աբիդոսյան հարսնացուն» (1813), «Ծովահենը» (1814), «Լարա» (1814), «Կորնթոսի պաշարումը» (1816), «Փարիզինա» (1816)։ Այս պոեմների հիմնական մոտիվներն են՝ մարդկային անհատի ճակատագիրը, բռնատիրական օրենքների քննադատությունը, պայքարն ազատության համար։ 1816-ին Բ․ ընդմիշտ հեռացել է Անգլիայից, հաստատվել Շվեյցարիայում, հետո՝ Իտալիայում։ Շվեյցարիայում ծանոթացել և բարեկամացել է Պ․ Բ․ Շելլիի հետ։ Հրատարակել է «Շիլիոնի կալանավորը» (1816) պոեմը, որի մեջ փառաբանել է ազատությունն ու հանրապետական հայացքներ ունեցող հերոսի քաղաքացիական առաքինությունները։ 1817–20-ին ապրել է Վենետիկում։ Խոր կարեկցանքով է արձագանքել ավստր․ լծի տակ տառապող իտալ․ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ 1820–21-ին ապրել է Ռավեննայում, մասնակցել իտալ․ ազգային-ազատագրական շարժումը գլխավորող կարբոնարների կուսակցության ընդհատակյա գործունեությանը։ Այդ շրջանում գրած «Տասսոյի գանգատը» (1817), «Մազեպա» (1818) և այլ պոեմներով նպաստել է ազգային-ազատագրական շարժման վերելքին Իտալիայում։ Հետագայում անցել է դրամատիկական ժանրին, գրել «Մարինո Ֆալիերո, Վենետիկի դոժ» (1821), «Երկու Ֆոսկարի» (1821), «Սարդանապալ» (1821) ողբերգությունները և փիլիսոփայական-սիմվոլիկ «Կայեն» դրաման, որոնք նորություններ են ոչ միայն ժանրային առումով, այլև բովանդակության։ Բ–ին համարել են «համաշխարհային վշտի երգիչ»։ «Մանֆրեդ» (1817) փիլիսոփայական-սիմվոլիկ պոեմում իշխանությունը և հաջողությունը ատող, կրոնի հետ կապը խզած հերոսը, դժգոհ ամեն ինչից, հուսախաբ թողել է կյանքը և գնացել Ալպյան լեռները մահ որոնելու։ «Մանֆրեդ»-ի տիպի գրվածքները Բ–ի մոտ մնացին որպես եզակի երևույթ։ Շուտով համապարփակ վշտի տրամադրությունը հաղթահարվեց, և նորից առաջին պլան մղվեցին ապստամբ բռնկումներով լի պրոբլեմներ։ «Կայեն»-ի գլխավոր հերոսը նույնպես դժգոհ է աշխարհից ու մարդկանցից, բայց Մանֆրեդի նման չի մատնվում սրտամաշ խորհրդածությունների, այլ ուզում է հասկանալ չարիքի պատճառը և ձգտում է չարը վերացնել։ Կայենը ապստամբ ոգու մարմնացումն է, որ չի կարող հաշտվել բռնության ու ճնշման հետ։ Բ–ի գրական գործունեության պսակը «Դոն ժուան» (16 երգ՝ 1818, 17-ը անավարտ) չափածո վեպն է, արտացոլել է XIX դ․ սկզբի հեղափոխական-դեմոկրատական տենդենցները, քննադատել Եվրոպայում և Արևելքի երկրներում տիրող կարգերը։ Առաջ է քաշել ազգային-ազատագրական շարժումների հարցը, սպանիչ ծաղրի ենթարկել սուլթանիզմի արյունոտ իշխանությունը։

1816-ին Բ․ այցելել է Ս․ Ղազար կղզին, ծանոթացել Մխիթարյան միաբանության գործիչներին։ Հ․Ավգերյանից սովորել է հայոց լեզու, ունկնդրել հայոց պատմության դասընթացներ։ Բ․ նրա հետ հրատարակել է «Քերականութիւն անգղիական և հայերէն» (1817), «Քերականութիւն հայերէն և անգղիական» (1819) դասագրքերը, որոնք կազմելիս նմուշներ է զետեղել հայ հին և միջնադարյան գրականությունից, օգնել «Բառարան անգղերէն և հայերէն» (1821) գրքի ստեղծմանը և գրել իր նշանավոր «առաջաբանը», ուր բարձրացրել է հայ ժողովրդին թուրք․ փաշաների և պարսկ․ սատրապների բռնակալությունից ազատագրելու խնդիրը։ Հայերենից անգլերենի է թարգմանել երկու Թուղթ՝ Ա․ Պողոսի և Կորնթացոց միջև (1817), երկու գլուխ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ից և հատվածներ Ներսես Լամբրոնացու «Ճարտասանություն»-ից։ Ծանոթացել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, անգլ․ թարգմանել այն մասերը, որ պակասել են Աստվածաշնչի անգլ․ թարգմանության մեջ։ Բ–ի հետաքրքրությունն այդ ուղղությամբ այնքան մեծ է եղել, որ ցանկացել է «Կայեն»-ի համար օգտագործել առասպելի հայկ․ օրինակը։ Նա իր հեղինակավոր ազդեցությամբ զարկ է տվել հայագիտության տարածմանը և զարգացմանը։

1823-ին Բ․ մեկնել է Հունաստան, մասնակցել Թուրքիայի դեմ կազմակերպվող ապստամբությանը, ստանձնել ապստամբ գնդերից մեկի հրամանատարությունը։ 1824-ի ապրիլին հիվանդացել է տենդախտով և մահացել։

Խոր քնարականությունը, գաղափարական համարձակությունը, կերպարների արտահայտչականությունը Բ–ին դարձրել են XIX դ․ Եվրոպայի սիրված բանաստեղծներից մեկը։ XIX դ․ գրական-բանաստեղծական ուղղությունը դառնում է բայրոնիզմը, որը, որպես իշխող, ներգործող ուժ, իր ոլորտի մեջ է առնում Արևմուտքի և Արևելքի տարբեր լեզուներով գրող բազմաթիվ բանաստեղծների (ռուսներից՝ Ա․ Ս․ Պուշկին, Մ․ Յու․ Լերմոնտով, հայերից՝ Ղ․ Ալիշան, Ս․ Շահազիզ, Հ․ Թումանյան, Ռ․ Որբերյան և ուրիշներ)։

Երկ․ The Works․ A new revised and enlarged, ed․, v․ 1 –13, L․, 1898-1904; Երկ․ ժող․, Ե․, 1965։ Պոեմներ, Ե․, 1971։ Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը (գրքի 4-րդ երգը), թրգմ․ Ղ․ Ալիշան, Վնտ․, 1860։ Երկինք և երկիր, ԿՊ, 1874։ Դոն ժուան, Մ․, 1894։ Շիլիոնի կալանավորը, թրգմ․ Հ․ Թումանյան, Թ․, 1896։ Ծովահենը, Թեհրան, 1911։ Մանֆրեդ, Թ․, 1913, Վնն․, 1922։ Լարա, Ե․․ 1974։

Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Արվեստի մասին (ժող․), հ․ 1, Ե․, 1963։ Դաշտենց Խ․, Բայրոնը և հայերը, Ե․, 1959։ Белинский В․ Г․, Полн․ собр․ соч․, т․ 1–13, М․, 1953–59 (տես ուղեցույցը)։ Очерк истории английской литературы XIX в․, ч․ 1, эпоха Байрона, М․, [1922]; Кургинян М․, Джордж Байрон, М․, 1958; Клименко Е․ И․, Байрон, язык и стиль, М․, 1960; Gray D․, The Life and Work of Lord Byron, Nottingham, 1964; M a rchand L․ A․, Byron’s poetry․․․, Boston, 1965․

Ս․ Սողոմոնյան

ԲԱՅՐՈՆ (Byron), հրվանդան, Ավստրալիայի արևելյան ծայրակետը (արևելյան երկարության 153°39՛ և հարավային լայնության 28°38՛)։

ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ֆոլկլորագիտություն, բանասիրական գիտությունների բնագավառ, որի ուսումնասիրության առարկան ժողովրդական բանահյուսությունն է։ Իբրև առանձին գիտություն ձևավորվել է XIX դ․ առաջին տասնամյակներին, համեմատական լեզվաբանության հետ գրեթե միաժամանակ։ Բ-յան հիմնադիրներից են գերմանացի Գրիմմ եղբայրները, հատկապես Յակոբ Գրիմմը, որն իր «Գերմանական առասպելաբանություն» (1835) գրքով հիմնադրեց համեմատական առասպելաբանությունը կամ առասպելաբանական դպրոցը։ Վերջինս ունեցել է իր հետևորդները տարբեր երկրներում։ Յա․ Գրիմմը և նրա տեսության հետևորդները ժող․ բանահյուսության տարբեր ժանրերի ստեղծագործությունների մեջ տեսնում էին իրենց ժողովրդի ազգային ոգու, նրա վաղ անցյալի կամ հնդեվրոպական նախաժողովրդի վաղնջական կենցաղի կենդանի հիշատակները։ XIX դ․ կեսերին Բ–յան հետազոտությունը դուրս եկավ հնդեվրոպաբանության շրջանակներից։ Ստեղծվեց փոխառնությունների դպրոցը, որի հիմնադիրն է