Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնչյունաշար ունեցող ձայնի կամ երաժշտական գործիքի համար և կոչվել են՝ սոլ-ի Բ-ները՝ հին-ֆրանսիական, ջութակի․ դո-ի բ-ները՝ սոպրանոյի (կամ դիսկանտի), մեցցո–սոպրանոյի, ալտի, տենորի, բարիտոնի, ֆա-ի Բ-ները՝ բարիտոնի, բասի, ցածր բասի։ Տենոր ձայնի համար գործածվել և տենորի են կոչվել նաև սոլ-ի Բ-ի հետևյալ տարատեսակները․

Ներկայումս բարձր հնչյունաշար ունեցող բոլոր ձայների և երաժշտական գործիքների համար գործածվում է ջութակի, իսկ ցածր հնչյունաշար ունեցող ձայների և նվագարանների համար՝ բասի Բ․։ Գործածական են նաև ալտի Բ․՝ ալտ լարային գործիքի, և տենորի դո Բ․ (երբեմն)՝ թավջութակի, ֆագոտի և տրոմբոնի համար։ Բ-ների արտաքին տեսքը գոյացել է լատինական G (սոլ), С (դո) և F (ֆա) տառերի ձևափոխումից (տես նաև Նոտագրություն

Ռ․ Աթայան

ԲԱՆԱԽ (Banach) Ստեֆան (30․ 3․1892, Կրակով - 31․ 8․ 1945, Լվով), լեհ մաթեմատիկոս։ 1924-ից Լվովի համալսարանի պրոֆեսոր։ Բ․ ֆունկցիոնալ անալիզի ստեղծողներից է, նրա անունով են կոչվում այն գծային տարածությունները, որոնցում առավել արդյունավետ են ուսումնասիրվում գծային ֆունկցիոնալներն ու օպերատորները։ Հեղինակ է «Գծային գործողությունների տեսություն» գրքի (1931)։

ԲԱՆԱԿ, Բանա, գյուղ Մեծ Հայքի Տայք նահանգի Բերդացփոր գավառում, Կարս քաղաքից 70 կմ արևմուտք, Բանակ գետակի աջ ափին։ Այժմ՝ ավերակ։ Հայտնի է VII դ․ «զվարթնոցատիպ» տաճարով։ Այն քառաբսիդ էր, ներառված շուրջանակի սրահի մեջ և եռաստիճան (եռահարկ)՝ դեպի վեր բարձրությամբ ու տրամագծով հաջորդաբար փոքրացող երեք գլանաձև ծավալներով։ Առաջին և երկրորդ աստիճաններն ունեցել են 28-ական նիստ, երրորդ աստիճանը՝ 16 նիստ։ Դռները երեքն էին, արմ-ից, հս-ից և հվ-ից։ Տաճարի կենտրոնական մասը խաչաձև էր․ քառաթևերն ավարտվում էին սյունակամարաշարերով (էքսեդրաներով)։ Թևերի միջև տեղադրված էին ուղղանկյուն ավանդատները։ Դեպի գմբեթը շրջանցող սրահը և աշտարակաձև վերնահարկերն են տարել արլ․ (թերևս նաև արմ․) աբսիդի երկու կողմերի հոծ պատերի ներսում առկա քարե աստիճանները։ Տաճարի բոլոր 3 աստիճանների արտաքին պատերը Զվարթնոցի օրինակով պատված էին դեկորատիվ սյունակամարաշարով։ Առաջին աստիճանի կամարաշարի վերևով անցնում էր խաղողի և նռան պատկերներով քանդակազարդ գոտին։ Ի տարբերություն Զվարթնոցի՝ կլոր լուսամուտներ չի ունեցել, և շուրջանակի սրահը եղել է առանց վերնահարկի։ Ենթադրվում է, որ Բ–ի տաճարը շինել է Զվարթնոցը կառուցող հայոց Ներսես Գ Շինարար կաթողիկոսը, երբ 652–658-ին գտնվել է հայրենի Տայքում։ Հետագայում Ներսեսաշեն տաճարը վնասվել է։ Վրաց թագավոր Ադրներսեհի (883-923) հանձնարարությամբ այն վերանորոգել է Կյուրիկե Բանակցին։ XV-XVI դդ․ տաճարի հորինվածքում ձևափոխություններ են կատարվել, եռաստիճան ծավալը վերածվել է երկաստիճանի։ Այն վերջնականապես ավերվել է XIX դ․ կեսերին։

Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ․ 2, Ե․, 1948։ Մնացականյան Ս․ Խ․, Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Ե․, 1971։ Токарский Н․ М․, Архитектура Армении IV–XIV вв․, Е․, 1961․

Տ. Մարության

ԲԱՆԱԿ, 1․ ցամաքային զորքեր (ցամաքային ուժեր), հիմնական զորատեսակներից մեկը՝ ռագմա-ծովային նավատորմի և ռազմա-օդային ուժերի կողքին։ 2․ Պետության զինված ուժերի ամբողջություն, զորք (տես Զինված ուժեր )։ Հայ իրականության մեջ նույնպես «Բ․» հնուց ի վեր օգտագործվել է այս իմաստով (տես նաև Զորանամակ)։ 3․ Ռազմ․ գործողություններ (տես Օպցերացիա) վարելու նպատակով նախատեսված օպերատիվ միավորում։ XVIII դ․ և XIX դ․ 1-ին Կեսին Բ․ անվան տակ հասկացվում էին միևնույն ռազմաբեմում միասնական հրամանատարության տակ միավորված զորքերը։ Օրինակ՝ Հռենոսյան Բ․, Դանուբյան Բ․, Կովկասյան Բ․ ևն։

Հետագայում զինված ուժերի քանակական աճը, լայն ճակատով տեղաբաշխված և տարբեր ուղղություններով գործող զորքերի կառավարման դժվարությունը, ինչպես նաև մարտական գործողությունների վրա ազդող նոր գործոնների (երկաթուղի, ավտոմոբիլային և ավիացիոն տրանսպորտ) երևան գալը անհրաժեշտ դարձրեց միևնույն ռազմաբեմում մասնակի բանակների ստեղծումը։ Յուրաքանչյուր Բ․, իր հրամանատարով հանդերձ, ներկայացնում է զորքերի օպերատիվ միավորում և նախատեսվում է մասնակի օպերատիվ խնդիր կատարելու համար։ Բ․ ուներ շտաբ և թիկունքի մարմիններ։ Նման մասնակի Բ–ներ կային Ռուսաստանում արդեն 1812-ի Հայրենական պատերազմում, երբ բոլոր զորքերը բաժանված էին երեք Բ–ի։ Ավելի ուշ առանձին Բ–Ներ ստեղծվեցին Պրուսիայում (1866), Ճապոնիայում (1904–05) և այլ պետություններում։ Քաղաքացիական պատերազմի շրջանում (1918–20) սովետական զինված ուժերի կազմում ստեղծվեց բանակային միավորման առանձին տեսակ՝ հեծյալ Բ․։

XIX դարից Բ․ սովորաբար կազմված էր 3-6 կորպուսից, իսկ կորպուսը՝ 2-4 դիվիզիայից։ Բ-ի թվական կազմը կայուն չի եղել։ Այսպես, 1916-ին 8-րդ ռուս․ Բ․ ուներ 225 հզ․ մարդ, 9-րդը՝ 165 հզ․ մարդ։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմում գերմանա–ֆաշիստական Բ-ներն ունեին 120–250 հզ․ մարդ, սովետական Բ․՝ 60–100 հզ․ մարդ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համազորային Բ-ների կողքին գործում էին տանկային, օդադեսանտային և ավիացիոն Բ-ներ։ Համազորային Բ-ի կազմում, բացի հետևակային (հրաձգային) միավորումներից, մտան նաև տանկային և մեքենայացված (մոտորացված) միավորումներ։

Սովետա-գերմանական ռազմաճակատում գերմ․ համազորային Բ-ի կազմում լինում էր 3–5 բանակային կորպուս (10-16 հետևակային դիվիզիա) և 2-8