Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գերմանացի արևելագետ Թեոդոր Բենֆեյը՝ «Պանչատանտրա» (1859) աշխատությամբ։ Վերջինս հին հնդկական (մ․ թ․ III դ․) առակների և զրույցների ժողովածու է՝ շատ նման եվրոպական և ոչ եվրոպական ժող․ հեքիաթներին։ Րենֆեյի կարծիքով այդ զրույցները VI դ․ Հնդկաստանից անցել են Իրան, VIII դ․՝ արաբներին, ապա Իսպանիայի միջոցով՝ Եվրոպա։ Սյուժեների նմանությունը, հակառակ առասպելաբանական դպրոցի, Բենֆեյը բացատրում էր ոչ թե ժողովուրդների ցեղակցությամբ, այլ նրանց կուլտուր-պատմական առնչություններով, փոխառնությամբ։ Րենֆեյի փոխառնությունների դպրոցի սկզբունքներին հակադրվելու է գալիս Է․ Թայլորի և Հ․ Սպենսերի 1860-ական թթ․ հիմնադրած անգլ․ մարդաբանական դպրոցը։ Համեմատելով տեղի ու ժամանակի առումով իրարից հեռու, մշակութային զարգացմամբ տարբեր աստիճանի վրա կանգնած ժողովուրդների ու ցեղերի հավատալիքները, առասպելները, կենցաղն ու սովորույթները, մարդաբանական դպրոցը հայտնաբերում է դրանց միջև համաշխարհային նմանություն։ Տեսական այս երեք գլխավոր ուղղության հիմքի վրա միջազգային Բ-յան մեջ առաջացան զանազան ենթաուղղություններ, որոնք տարբեր կողմերից սկսեցին հետազոտել ժող․ բանահյուսությունը։ Դրանցից նշանավոր են՝ աշխարհագրական-պատմական ուղղությունը կամ Ֆիննական դպրոցը, որի խոշորագույն ներկայացուցիչներն են Կ․ Կրոհնը, Վ․ Անդերսոնը, Ա․ Սարնեն, Ս․ Թոմպսոնը, պատմական ուղղությունը Ռուսաստանում՝ Վ․ Միլլերի գլխավորությամբ, որը բանահյուսական ստեղծագործությունների (հատկապես վիպական զրույցների ու երգերի) ծագումն ու զարգացումը կապում էր տվյալ ժողովրդի պատմության կոնկրետ երևույթների հետ։ Այս դպրոցի հետևորդների մոտ (Վ․ Կելտույալա և ուրիշներ) վիպական բանահյուսության պատմական մեկնաբանությունը հասնում է սոցիոլոգիական գռեհկացման, ժող․ վեպի ծագումը կապվում սոսկ մեկ դասակարգի՝ ազնվական վերնախավի հետ։ Այդ տեսությունն իր արձագանքը գտավ նաև հայ Բ-յան մեջ։ Ժամանակակից արտասահմանյան Բ-յան մեջ իշխող է տիպաբանական համեմատական ուղղությունը, որն զբաղվում է տարբեր ժողովուրդների հեքիաթների, ավանդությունների, առած-ասացվածքների, հանելուկների ևն տիպերի դասակարգման և դրանց համեմատական քննությամբ։

Սովետական Բ․, հիմնականում շեշտը դնելով բանահյուսության՝ իբրև ժող․ լայն զանգվածների գեղարվեստական ստեղծագործության վրա, ուսումնասիրության գլխավոր առարկա է դարձրել բանահյուսական երկերի արվեստը և գաղափարական բովանդակությունը՝ իրենց դրսևորման տարբեր ձևերով։

Հայ Բ․ ձևավորվել է XIX դ․ կեսերին, միջնադարյան մատենագիրների ավանդած հին բանահյուսական երկերի ուսումնասիրությամբ (Մ․ Էմին, «Վէպք հնոյն Հայաստանի», 1850, Հ․ Գաթըրճյան, «Պատմութիւն մատենագրութեան հայոց», 1851, Ս․ Պալասանյան, «Պատմություն հայոց գրականության», 1865)։ Ժող․ նոր բանահյուսության կարգավորված հավաքումն ու հետազոտությունը սկզբնավորվում է Գ․ Սրվաձտյանցով («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874), որը առաջ բերեց բանահավաքչական մեծ շարժում։ Գ․ Սրվանձտյանի և նրա հետևորդների ջանքերով հայ ժողովրդի տարբեր հատվածներից հավաքվեցին և հրատարակվեցին «Սասնա ծռեր»-ի նորանոր տարբերակներ, մեծ քանակությամբ ժող. հեքիաթներ, առակներ, առածներ, երգեր, հանելուկներ ևն։ Կուտակված հարուստ նյութի ուսումնասիրության և միջազգային Բ-յան տեսական նվաճումների հիմքի վրա ձևավորվեց ու զարգացավ հայ բանագիտական միտքը։ Նախասովետական շրջանում և սովետական շրջանի առաջին երկու տասնամյակներում այն ընթացավ հիմնականում «Սասնա ծռեր» ժող․ վեպի, հին վիպական բանահյուսության, երգերի ուսումնասիրության և դրանց բնագրերի գիտական հրատարակության ուղղությամբ։ Բ-յան տեսական մտքի հիմնադրման և զարգացման մեջ բացառիկ դեր խաղաց Մ․ Աբեղյանն իր «Ազգային վեպ» (1889–90), «Հայ ժողովրդական հավատքը» (1898, գերմ․), «Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու պատմության մեջ» (1899), «Ժողովրդական խաղեր» (1904), «Հայ ժողովրդական վեպը» (1906–08), «Հին գուսանական ժողովրդական երգեր» (1927–30), «Սասնա ծռեր» (հ․ 1, 1936, հ․ 2, մաս 1–2, 1944–51, Կ․ Մելիք-Օհանջանյանի աշխատակցությամբ), «Հայ վիպական բանահյուսություն» (Երկ․, հ․ 1, 1966) աշխատություններով։ Հայ սովետական Բ․, զարգացնելով դասական Բ-յան ավանդները, հիմնականում ընթանում է բանահյուսական առանձին ժանրերի գիտական համահավաք բնագրերի հրատարակության, ուսումնասիրության, գրականության ու բանահյուսական առնչությունների հետազոտման ուղղությամբ։ Հիշարժան են Կ․ Մելիք-Օհանջանյանի «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» (1936), Հ․ Օրբելու «Հայկական հերոսական էպոսը» (1940), «Միթրա-Միհրը» «Սասնա ծռեր»-ի մեջ» (1946), Ա․ Ղանալանյանի «Հայ շինականի աշխատանքի երգերը» (1937), «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1941), «Հայկական առածանի» (1951), «Ավ․ Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1953), «Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1963), «Ավանդապատում» (1969), Ա․ Նազինյանի «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը» (1954), «Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը» (1957), «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ի բազմահատորյակը (1959-67, խմբագրությամբ Ա․ Նազինյանի), Ա․ Մնացականյանի «Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր»-ը (1956), Գ․ Գրիգորյանի «Հայ ժողովրդական հերոսական էպոսը» (1960), «Սովետահայ վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը» (1965), Ս․ Հարությունյանի «Հայ ժողովրդական հանելուկները» (երկու գրքով՝ 1960, 1965), Մ․ Մկրտչյանի «Հայ ժողովրդական պանդխտության երգերը» (Д961), Ռ․ Գրիգորյանի «Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգերը» (1970) ևն։ Այժմ աշխատանք է տարվում բանահյուսական նյութերը մաթեմատիկական մեթոդներով և հաշվիչ տեխնիկայով վերամշակելու և համակարգելու ուղղությամբ, որը լայն հեռանկարներ է բացում բանահյուսության համակողմանի ուսումնասիրության և գիտական հրատարակության համար։

Գրկ․ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1966, էջ 10-15։ Ղանալանյան Ա․, Հայ ժողովրդական բանահյուսություն, պր․ 1, 8, 9, 11, Ե․, 1945-46։ Նույնի, Սովետահայ բանագիտությունը 50 տարում, «ՊՐՀ», 1970, №3։ Գրիգորյան Գ․ Ա․, Հայ ժողովրդական բանահյուսություն, Ե․, 1967։ Соколов Ю․ М․, Русский фольклор, М․, 1941; Коккьяра Д․ Ж․, История фольклористики в Европе, М․, 1960․

Ս.Հարությունյան

ԲԱՆԱԳՆԱՑ, պատերազմող կողմի հրամանատարության լիազորած անձ, որ կոչված է պատերազմի թատերաբեմում բանակցություններ վարելու հակառակորդի հետ։ Բ․ ներկայանում է սպիտակ դրոշակով։ Բ․ և նրան ուղեկցողները (փողհար կամ թմբկահար, դրոշակը տանող անձ, թարգմանիչ) անձեռնմխելի են։ Բ․-ի իրավական վիճակը կարգավորված է Հաագայի 1907-ի 4-րդ կոնվենցիայի հավելվածով։

ԲԱՆԱՋՈՒՐ, Վանազուր, հայաբնակ գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 35 կմ հարավ-արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ և պտղաբուծությամբ։ Բ-ի սովետական տնտեսության մեջ մտնում են նաև Ցոր և Առաքյուլ գյուղերը։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղի շրջակայքում գտնվող պատմական հուշարձաններից են Ցոր բերդն ու Սպիտակ տղա (Ս․ Գրիգորիսի անունով) մատուռը։

ԲԱՆԱԼԻ (երաժշտության մեջ), հնգագծին դրվող նշան, որ սահմանում է հնչյունների բարձրությունը գրի առնելու կարգը։ Գոյություն ունեն 1-ին օկտավայի սոլ, դո և փոքր օկտավայի ֆա Բ-ներ, որոնք հնգագծի վրա բարձր կամ ցածր դիրքում դրվելով, գործածվել են համապատասխանաբար՝ ցածր կամ բարձր