Ռուսաստանի համար հանդիսացավ ճորտատիրությունից կապիտալիստական արտադրահարաբերությունների անցման, նրա բուռն վերելքի, ինչպես նաև Բ․ դ-ի ձևավորման ու մարքսիզմի տարածման ժամանակաշրջան։ 1861-90-ին Ռուսաստանի միայն եվրոպական մասում բանվորների թիվն աճեց 5 անգամ 565,1 հզ․ մարդուց հասնելով 2792 հզ․։ Բուռն վերելք ապրեցին երկաթուղաշինարարությունը, հանքագործությունը, մետաղամշակությունը, տեքստիլ արդյունաբերությունն ու արտադրության այլ բնագավառներ։ Ռուսաստանի Բ․ դ․ ենթարկվում էր ամենադաժան շահագործման։ 1870-80-ական թթ․ նշանավորվեցին Ռուսաստանի Բ․ դ-ի լուրջ ելույթներով։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ ռուսական առաջավոր մտավորականության ջանքերով Ռուսաստան է թափանցել մարքսիստական գրականությունը։ 1872-ին ռուս. է թարգմանվել ու հրատարակվել Կ․ Մարքսի «Կապիտալ»-ը, որը խոշոր դեր է խաղացել հեղափոխական մտքի ու շարժման զարգացման գործում։ 1875-78-ին տեղի ունեցան բանվորներին կազմակերպչորեն միավորելու առաջին փորձերը Օդեսայում («Բանվորների հարավ–ռուսաստանյան միություն» 1875-ին) և Պետերբուրգում («Ռուս բանվորների հյուսիսային միություն» 1878-ին)։ Մարքսիզմը պրոպագանդելու ու բանվորական շարժումը գլխավորելու համար Գ․ Պլեխանովը 1883-ին արտասահմանում կազմակերպեց «Աշխատանքի ազատագրություն» առաջին մարքսիստական խմբակը։ Ռուսաստանում բանվորական շարժման ծավալման ու մարքսիստական կուսակցության ստեղծման գործում մեծ է Վ․ Ի․ Լենինի ստեղծած ու ղեկավարած Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միություն» (1895-ին) խմբի դերը։ Բ․ դ–ի հեղափոխական պայքարի ծավալման համար վճռական նշանակություն ունեցավ ՌՍԴԲԿ–ի ստեղծումը։ Առաջին հուժկու հարվածը ցարիզմին ռուս․ Բ․ դ․ հասցրեց 1905– 1907-ի հեղափոխության ընթացքում։ 1917-ի փետրվարին կործանվեց ռուսական ցարիզմը։ 1917-ի հոկտեմբերին Ռուսաստանի Բ․ դ․, դաշնակցած չքավոր գյուղացիության հետ, կոմունիստական կուսակցության գլխավորությամբ տապալեց բուրժուական կարգերը և Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի շնորհիվ ստեղծեց պատմության մեջ առաջին աշխատավորական պետությունը։ Բ․ դ–ի անձնվեր աշխատանքով նախկինում հետամնաց Ռուսաստանը մոտ վեց տասնամյակների ընթացքում դուրս եկավ ամենազարգացած ու առաջատար երկրների շարքը, կանգնեց մարդկության առաջընթացի ավանգարդում։ Սովետական Բ․ դ․ իր շարքերում ունի ավելի քան 67,9 մլն մարդ (1972)։ Միջազգային Բ․ դ․ իմպերիալիզմի դեմ մղվող պայքարի առաջամարտիկն է։ Նշանակալիորեն աճել է նրա թիվը, բարձրացել կազմակերպվածությունն ու քաղ․ գիտակցությունը։ Եթե XIX դ․ կեսին պրոլետարիատը հաշվվում էր 10 մլն–ից ոչ ավելի, իսկ XX դ․ սկզբին մոտավորապես 30 մլն, ապա 1960-70-ական թթ․ Բ․ դ–ի ընդհանուր թիվը կազմեց 540 մլն։ Մեծ չափով մեծացել է նրա քաղ․ կշիռը, ազդեցությունը համաշխարհային զարգացման ընթացքի վրա։ Այդ պատճառով էլ բուրժուազիայի գաղափարախոսները ճգնում են նսեմացնել Բ․ դ–ի դերը, մղել նրան դեպի ռեֆորմիզմի ուղին։ Իմպերիալիզ– մի պրոպագանդիստները Բ․ դ–ի հասցեին տարածում են տարբեր տեսակի գաղափարական հորինվածքներ։ Դրանցից է կապիտալիստական հասարակության «ապապրոլետարականացման» տեսությունը, ըստ որի պրոլետարիատը որպես միասնական դասակարգ այլևս գոյություն չունի, քանի որ ձուլվել է ինչ-որ «նոր միջին դասակարգի» մեջ, թե իբր աշխատանքի և կապիտալի միջև հարաբերությունը այժմ կառուցվում է ոչ թե դասակարգային պայքարի սկզբունքի, այլ «սոցիալական պարտնյորության» հիման վրա։ Ըստ էության նույնն են ասում աջ և «ձախ» ռևիզիոնիստները՝ պնդելով, որ իբր զարգացած կապիտալիստական երկրների Բ․ դ․ դադարել է ինքնուրույն հասարակական ուժ լինելուց ու սկսել է ներհոսել ինտելիգենցիայի հովանավորությամբ գործող «Նոր բլոկի» մեջ։ Մյուսները հայտարարում են գյուղացիության («համաշխարհային գյուղի»)՝ գլխավոր հեղափոխական ուժի վերափոխվելու մասին։ ՍՄԿԿ XXIV համագումարը նշեց, որ վերջին տարիների իրադարձությունները լիովին հաստատեցին Բ․ դ–ի նշանակությունը որպես մոնոպոլիաների իշխանության գլխավոր և ամենից ուժեղ հակառակորդի, որպես բոլոր շահագործվող խավերի, հակաիմպերիալիստական ճակատի բոլոր ջոկատների ձգողական կենտրոնի։ Մեր դարի արմատական վերափոխումները (սոցիալական, տնտ․, գիտատեխնիկական) ավելի են ուժեղացնում Բ․ դ–ի համաշխարհային պատմական դերը որպես կապիտալիզմի գերեզմանափորի և նոր, սոցիալիստական հասարակարգ ստեղծողի։ Հայաստանի Բ․ դ․ ծնվել ու ձևավորվել է Ռուսաստանի Բ․ դ–ի հետ՝ կազմելով նրա անբաժան մասը։ Ռուսաստանում կապիտալիստական արտադրահարաբերությունների ձևավորման հետ մեկտեղ, XIX դ․ վերջին տասնամյակներում Հայաստանում ևս ծնվեցին առաջին արդ․ ձեռնարկությունները, հատկապես պղնձարդյունաբերության, գինու և կոնյակի արտադրության, մետաղամշակման և երկաթուղային շինարարության ասպարեզում։ Ձևավորվեց նաև Հայաստանի Բ․ դ․, որը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին իր շարքերում հաշվում էր մոտ 5000 մարդ։ Իր փոքրաթվությամբ հանդերձ Հայաստանի Բ․ դ․ եղել է հեղափոխական շարժման և սովետական իշխանության հաստատման պայքարի առաջին շարքերում։ Համաշխարհային, ապա նաև քաղաքացիական պատերազմները հիմնովին քայքայեցին Հայաստանի տնտեսությունը։ Հատկապես մեծ վնաս հասցվեց նրա առանց այն էլ թույլ զարգացած արդյունաբերությանը, որը չէր կարող չառաջացնել Բ․ դ–ի ապադասակարգայնացման պրոցես։ Սովետական կարգերի հաստատումից անմիջապես հետո Հայաստանի բանվորների թիվը կազմում էր 2500–2700 մարդ, նրանց հիմնական մասն աշխատում էր Ալավերդում, Երևանի կոնյակի և կաշվի գործարաններում ու երկաթուղում։ Աճեց ու բազմապատկվեց բանվորների թիվը սոցիալիստական շինարարության տարիներին։ 1972-ին բանվորների թիվը Հայաստանում անցնում էր 400 հզ–ից, որոնք աշխատում Են 670-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններում։ Սոցիալիստական արդյունաբերությունը տալիս է Հայաստանի ազգային եկամտի 74,5%-ը (1971)։
Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե․, 1968։ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954։ Энгельс Փ․, Партия рабочих․ Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 19; Энгельс Ф․, Положение рабочего класса в Англии, в кн․։ К․ Маркс и Ф․ Энгельс, Об Англии, [Сборник], М․, 1953; Լենին Վ․ Ի․, Ֆաբրիկաներում ու գործարաններում բանվորներից գանձվող տուգանքների օրենքի բացատրություն, Երկ․, հ․ 2։ Նույնի, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, երկ․, հ․ 3։ Նույնի, Դասերի և դասակարգերի դերը ազատագրական շարժման մեջ, Երկ․, հ․ 19։ Նույնի, Գործադուլային շարժման մասին, Երկ․, հ․ 19։ Նույնի, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ․, հ․ 22։ Նույնի, Պրոլետարիատի խնդիրների մասին տվյալ ռևոլյուցիայում, Երկ․, հ․ 24։ Նույնի, Պետության մասին․ Երկ․, հ․ 29։ Նույնի, Պրոլետարիատի դիկտատուրայի մասին, Երկ․, հ․ 30։ Գրիգորյանց Ա․ Կ․, Հայաստանի բանվոր դասակարգը 40 տարում, Ե․, 1960։ История рабочего класса России 1861–1900гг․, М․, 1972; Очерки истории советского рабо– чего класса (1917–1965 гг․), М․, 1966; Руководящая роль рабочего класса в социалистических странах, М․, 1970; Современный рабочий класс капиталистических стран․ (Изменения в структуре), М․, 1965․
«ԲԱՆՎՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ», տես Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միություն»։
ԲԱՆՎՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՎԱՏԹԱՐԱՑՈՒՄ, կապիտալիզմի ժամանակ բանվոր դասակարգի կենսամակարդակի իջեցման և գոյության պայմանների վատթարացման տենդենց (բացարձակ վատթարացում), ազգային եկամտի մեջ նրա բաժնի փոքրացման և համապատասխանաբար շահագործող դասակարգի բաժնի մեծացման տենդենց (հարաբերական վատթարացում)։ Կապիտալիզմի հիմնական տնտ․ օրենքի և կապիտալի կուտակման ընդհանուր օրենքի գործողության անմիջական հետևանքն է։ Բացարձակ վատթարացումն արտահայտվում է բազմաթիվ ձևերով․ բարձրանում է աշխատանքի լարունությունը, աճում են աշխատօրվա տևողությունը, գործազրկությունը, թանկությունը, իջնում է իրական աշխատավարձը, բարձրանում բնակվարձը, վատթարանում կենցաղային պայմանները, բժշկական սպասարկումը, սոցիալական ապահովությունը։ Բանվոր դասակարգի դրության բացարձակ վատթարացումը ուժեղանում է մասնավորապես տնտ․ ճգնաժամերի ժամանակ, կապիտալիստական երկրների էկոնոմիկայի ռազմականացման,