մշակույթին նվիրված էջեր, գրախոսություններ, բարձրացնում կենցաղային հարցեր, անդրադառնում քաղաքի ու հանրապետության մարզական առօրյային։ Տարբեր ժամանակներում «Բ․» խմբագրել են Վ․ Ծովյանը, Ս․ Ոսկանյանը, Վ․ Օհանյանը, Գ․ Սահակյանը, Հ․ Բաղդասարյանը, Վ․ Կարապետյանը, Խ․ Բարսեղյանը, Վ․ Ամիրբեկյանը, Գ․ Ալավերդյանը, 1953-ից խմբագիրն է Գ․ Ասրյանը։
«ԲԱՆՎՈՐ», շաբաթաթերթ։ Լույս տեսել 1923-25-ին, Թեհրանում։ Հրատարակել է խմբագրական կոլեգիան (արտանատեր՝ Ծ․ Գինոսյան)։ «Բանվորական կյանք» բաժնում լուսաբանել է Իրանի բանվորների և չքավոր գյուղացիների (հատկապես հայերի) կյանքը, անդրադարձել բանվորների կրթա–դաստիարակչական հարցերին և հայկ․ դպրոցներին, փորձել է վեր հանել հասարակական կյանքում եղած թերությունների պատճառները։ Ակտիվորեն հակադրվելով դաշնակցության հակասովետական քաղաքականությանը՝ «Բ․» լայն տեղ է հատկացրել Սովետական Հայաստանին, ժողովրդականացրել նրա մշակութային, գիտական և շինարարական նվաճումները։
«ԲԱՆՎՈՐ», երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1928-29-ին, Փարիզում։ Աշխատավորական կոմունիստական թերթ էր, որը հայ բանվորական շրջաններում պրոպագանդել է կոմունիստական գաղափարներ, տպագրել հոդվածներ դասակարգային պայքարի մարքսիստական-լենինյան ուսմունքի մասին, լուսաբանել Ֆրանսիայի կոմկուսի գործունեությունը, կոչ արել հայ աշխատավորությանը ակտիվորեն մասնակցել Ֆրանսիայի բանվորական շարժմանը։ Լայն տեղ է հատկացրել հակապատերազմական պրոպագանդային, պայքարել է դաշնակցության դեմ, նյութեր է տպագրել Սովետական Միության և Սովետկան Հայասաանի կյանքի, տնտ․ ու մշակութային առաջընթացի մասին։ Բանվոր-թղթակիցների նամակների միջոցով պատկերել է Ֆրանսիայի հայ գաղութի կյանքը, մասնավորապես հայ աշխատավորների վիճակը գործարաններում ու հանքերում, պաշտպանել նրանց շահերը։ «Բ․» փակվել է ֆրանս․ իշխանությունների կողմից՝ հակապատերազմական օրվան նվիրված համարի առիթով։
«ԲԱՆՎՈՐ», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ (հետագայում՝ եռօրյա, օրաթերթ)։ Ամերիկայի բանվորական կուսակցության հայկական հատվածի, այնուհետև՝ ԱՄՆ-ի կոմկուսակցության օրգանը։ Լույս է տեսել 1930-38-ին, Նյու Յորքում։ Խմբագիրներ՝ Ս. Սնարյան, Խ. Քյոսեյան, Պ. Սելյան։ Նպատակն էր կազմակերպել ամերիկահայ աշխատավորությանը՝ երկրի քաղաքական կյանքին մասնակցելու, Սովետական Հայաստանի շուրջը համախմբելու համար։ Արտացոլել է ամերիկահայ բանվորների առօրյան, լուսաբանել ԱՄՆ-ի կոմկուսակցության և նրա հայկական բյուրոյի, կոմինտերնի գործունեությունը, համաամերիկյան բանվորական շարժումը։ Պաշտպանել է սովետական կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունը, ընթերցողներին ծանոթացրել Սովետական Հայաստանի առաջընթացին, հրապարակել Հայաստանի կառավարության և կուսակցության որոշումները։ Սատարել է ՀՕԿ-ի գործունեությանը, խրախուսել հայրենակցական միությունների շինարարական աշխատանքները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին «Բ․» լայն տեղ է հատկացրել հակաֆաշիստական ընդհանուր ճակատ ստեղծելու՝ ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության փորձերին, տպագրել նյութեր Իսպանիայում կռվող ամերիկահայ կամավորների սխրանքների մասին։ Զետեղել է հրապարակախոսական, արձակ և չափածո նյութեր, արտատպել սովետաան գրողների ստեղծագործությունները։ «Բ․» հաջորդել է «Պրոլետար» (1924-26) և «Նոր աշխարհ» (1926-30) թերթերին։
ԲԱՆՎՈՐ ԴԱՍԱԿԱՐԳ, հասարակության գոյության համար նյութական բարիքներ արտադրող հիմնական ուժը, հասարակության առավել առաջավոր և հեղափոխական դասակարգը, որի պատմական միսիան է կապիտալիզմի, ինչպես նաև մարդու կողմից մարդու ամեն տեսակ շահագործման ոչնչացումը և կոմունիստական հասարակարգի կառուցումը։ Մեր դարաշրջանի հեղափոխական դինամիզմը բնորոշվում է նախ և առաջ նրանով, որ նրա կենտրոնում գտնվում է Բ․ դ․՝ սոցիալիզմի կրողն ու ստեղծողը, դասակարգ, որի ձեռքերում է, Կ․ Մարքսի խոսքերով ասած, «մարդկության վերածնունդը»։ Մարդկության պատմությունը մշտապես ընթացել է հակամարտ դասակարգերի՝ շահագործողների (ստրկատեր, ֆեոդալ, կապիտալիստ) և շահագործվողների (ստրուկ, ճորտ, պրոլետարանվոր) պայքարում։ Ծնունդ առնելով նախորդ հասարակարգի ընդերքում՝ Բ․ դ․ իբրև այդպիսին ձևավորվեց կապիտալիստական արտադրահարաբերությունների կազմավորման պրոցեսում։ Նոր տնտեսակարգում գոյացած ընչազուրկների հասարակական այդ խավը կոչվեց պրոլետարիատ, որը չունենալով սեփական արտադրության միջոցներ, ապրելու համար ստիպված է ծախել սեփական բանվորական ուժը։ Կազմավորվելով ֆեոդալիզմի քայքայման շնորհիվ ազատ արձակված ճորտերից և սեփականազրկված քաղաքային բնակիչներից ու արհեստավորներից՝ պրոլետարիատը ապրեց ձևավորման մի քանի փուլեր։ Բ․ դ-ի կազմավորման դասական երկիրը հանդիսացավ Անգլիան։ Այնուհետև կապիտալիստական զարգացման ուղի ելան Ֆրանսիան, Բելգիան, Հոլանդիան, Իտալիան,Գերմանիան ևն։ Նյութական անհավասարությունը, ծանր ապրուստը, ճնշումն ու հարստահարումը, քաղ․ իրավազրկությունը կամ դրա խիստ սահմանափակությունը պրոլետարների մարդկային արժանապատվության ոտնահարումը Բ․ դ-ին դարձրին կապիտալիզմի անհաշտ թշնամին ու նրա գերեզմանափորը, նոր արդարացի հասարակարգի ստեղծման դրոշակակիրը։ Հիմնականում կենտրոնացած լինելով խոշոր արդ․ կենտրոններում՝ Բ․ դ․ առընչվում է տվյալ ժամանակաշրջանի առաջավոր արտադրամիջոցների ու արտադրաեղանակի հետ, որը նրա մոտ զարգացնում է դասակարգային համախմբվածության և միասնության գաղափար, ինտերնացիոնալիզմի ու ազատասիրության տենչ։ XIX դ․ կեսերին Եվրոպայի Բ․ դ․, անցնելով երկու–երեք հարյուրամյակների դասակարգային ու քաղ․ հասունացման ուղի, պայքարի պարզունակ, տարերային եղանակներից հասել էր չարտիզմին ու միջազգային չափանիշով (համընդհանուր պայքարի համար) պրոլետարների միավորման գաղափարին։ Դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի դիրքերից վերլուծելով Բ․ դ-ի պայքարի ուղին՝ Կ․ Մարքսն ու Ֆ․ էնգելսը բացահայտեցին նրա նպատակները՝ դրանք շարադրելով «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ում։ Նրանք առաջինը գիտականորեն ապացուցեցին, որ կապիտալիզմը ստեղծելով սոցիալիզմի նյութական նախապայմաններ, միաժամանակ, ի դեմս Բ․ դ–ի, ծնում է այն գլխավոր սոցիալական ուժը, որն ընդունակ է արմատապես վերափոխելու աշխարհը։ Ազատագրվելով շահագործման լծից՝ պրոլետարիատը միաժամանակ ազատագրում է նաև ամբողջ մարդկությանը, առաջնորդում նրան դեպի հասարակական կյանքի նոր, սոցիալական և ազգային ճնշումը բացառող ձևերի։ Մարքսի ու Էնգելսի ուսմունքը բանվոր դասակարգի համաշխարհայինպատմական միսիայի մասին հետագա զարգացում է ստացել Վ․ Ի․ Լենինի աշխատություններում։ Լենինը հիմնավորեց, որ XX դ․ պրոլետարիատը կոչված է լինելու և՛ ֆեոդալիզմի, ՛ կապիտալիզմի դեմ ազատագրական պայքարի հեգեմոնն ու ղեկավարը, այնուհետև ցույց տվեց, որ ժամանակակից դարաշրջանը տանում է դեպի պրոլետարիատի հեղափոխական հնարավորությունների, հասարակական զարգացման մեջ նրա դերի բարձրացում։ Լենինը մշակեց Բ․ դ-ի հեղափոխական կազմակերպման նոր սկզբունքներ։ Մարքսիզմի կլասիկները նշել են Բ․ դ-ի պայքարի երեք հիմնական ձևեր՝ տնտ․, գաղափարական և քաղ․՝ միաժամանակ շեշտելով, որ այդ երեք ձևերից վճռականը քաղ․ պայքարն է, որի նպատակն է ձեռք բերել քաղ․ իշխանություն և հաստատել պրոլետարիատի դիկտատուրա։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Իտալիայի և այլ երկրների Բ․ դ․ 1848-ին զենքի ուժով ցնցեց կապիտալիզմի հիմքերը։ 1871-ի մարտին Փարիզի բարիկադներում Բ․ դ․ տարավ առաջին նշանակալից հաղթանակը։ Չնայած կոմունայի կարճատև գոյությանը, այն մեծ դաս էր միջազգային պրոլետարիատի համար։ XIX դ․ երկրորդ կեսը կալվածատիրական