Սովետական իշխանության տարիներին կազմակերպվել են Բ-ի արվեստին նվիրված մի շարք ցուցահանդեսներ (Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Ռիգայում, Լենինգրադում, Լենինականում, Կիրովականում), վերահրատարակվել են գրական գործերը։ Երկ․ Նկարչի կյանքից, Ե․, 1950։ Ճանապարհորդական նոթեր, էսքիզներ, ֆելիետոններ, հոդվածներ, Ե․, 1957։ Երկեր, Ե․, 1966։
Գրկ․ Սարգսյան Մ․ Ս․, Գևորգ Բաշինջաղյան, Ե․, 1953։
ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ Եվգենի Արտեմի (ծն․ 21․ 11․ 1924, Թբիլիսի), հայ սովետական ինժեներ–մեխանիկ։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ 1950-ին ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստ-ը։ Որպես գլխավոր ինժեներ աշխատել է Յարոսլավլի շարժիչների գործարանում (1956–65), ավտոմոբիլային արդյունաբերության մինիստրության ավտոմոբիլային շարժիչների արտադրության գլխավոր վարչությունում (1965–66), Տոլյատի քաղաքի Վոլգայի ավտոգործարանում (1966–72)։ 1972-ից ՍՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության մինիստրի տեղակալն է։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ Զաքար Գևորգի (26․5․1895, Թիֆլիս − 2․ 3․ 1971, Երևան), հայ սովետական տնտեսագետ։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1956), պրոֆեսոր (1937)։ ՍՄԿԿ անդամ 1924-ից։ Գ․ Բաշինջաղյանի որդին։ 1917-ին ավարտել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1923-ին՝ Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստ-ի հասարակական գիտությունների, իսկ 1933-ին՝ Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստ-ի տնտեսագիտական ֆակուլտետները։ Քաղաքատնտեսություն է դասավանդել Մոսկվայի, Թբիլիսիի և Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1936–71-ին եղել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, 1944–47-ին՝ Արտասահմանյան երկրների հետ կուլտուրական կապի հայկական ընկերության վարչության նախագահի տեղակալ, 1949–50-ին՝ Երևանի Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստ-ի դիրեկտոր։ Գիտական աշխատությունները վերաբերում են կապիտալիզմի և սոցիալիզմի քաղաքատնտեսության հարցերին։ Հրատարակել է գրքույկներ՝ նվիրված Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի կյանքին ու գործունեությանը։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
ԲԱՇԻՐՈՎ Հումեր Բաշիրովիչ (ծն․ 7․ 1․ 1901, գ․ Յանա–Սալա, Միջին Պովոլժիե), թաթար սովետական գրող, հասարակական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ Ավարտել է Կազանի մարքսիզմ–լենինիզմի համալսարանը, աշխատել որպես ուսուցիչ, ժող․ դատավոր։ Հայտնի է դարձել «Հաշիմի արյունը» (1931) պատմվածքով։ Առաջին մեծ գործը «Սիվաշ» (1937) վիպակն է։ Բ-ին միութենական ճանաչում բերեց «Նամուս» վեպը (1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), ուր նկարագրել է թաթար կոլտնտեսականների կյանքը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 1956–59-ին գլխավորել է թաթար սովետ. գրողների կազմակերպությունը։
ԲԱՇԽԱ, գյուղ Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի վիլայեթի Ալիվան գավառակում։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ավերվել և ամայացել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։
ԲԱՇԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, դիստրիբուտիվություն (լատ․ distributivus − բաշխական), գործողությունների հատկություն (սովորական իմաստով արտադրյալի հատկություն գումարի նկատմամբ)։ Թվերի դեպքում արտահայտվում է (a + b)c = ac + bc նույնությամբ։ Ընդհանուր դեպքում R՝ բազմության վրա տրված f հանրահաշվական գործողությունը կամ f օպերատորը բաշխական է R-ի վրա տրված «*» հանրահաշվական գործողության նկատմամբ, եթե R-ի բոլոր տարրերի համար f(a*b)=f(a)*f(b)։ Օրինակ, բազմությունների գումարի «Ս» և հատման «Ո» գործողությունները բաշխական են միմյանց նկատմամբ։
ԲԱՇԽԻՉ ՀԱՐՄԱՐԱՆՔ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, էներգահամակարգի հանգույցի (գեներատորային կամ բեռնվածքային) էլեկտրաէներգիայի ընդունումն ու բաշխումն իրականացնող հարմարանք։ Նրա կազմի մեչ մտնում են կոմուտացիոն ապարատուրան, հավաքման դողերը, չափիչ սարքերը, պաշտպանական և օժանդակ սարքավորումը։ Տարբերվում են լարումով, հոսանքի տեսակով և կառուցվածքով (փակ և բաց)։ Փակ Բ․ հ. է․ կառուցվում են մինչև 110 կվ (գլխավորապես 3–10 կվ) լարման համար։ Ամենակատարելագործվածը մետաղե պահարանի տեսքով կառուցվող փոխադրովի փակ հարմարանքներն են, որոնք մոնտաժվում են տեղադրման վայրում։ Կիրառվում են, առավելապես, 6-10 կվ լարման համար։ Բաց Բ․ հ․ է․ օգտագործվում եև մինչև 500 կվ լարման համար։ Այս դեպքում սարքավորումը հարմարեցվում է բաց օդում աշխատելուն՝ նկատի առնելով շրջապատից կեղտոտվելու պայմանները։ Բաց Բ․ հ․ է–ի կառավարումն իրագործվում է էներգահամակարգի համապատասխան հանգույցի կառավարման պուլտից։ Գերլարումներից և կայծակի հարվածներից պաշտպանելու համար օգտագործվում են պարպիչներ և շանթարգելներ։
Գրկ․ Двоскин Л․ И․, Распределительные устройства высокого напряжения, М․ − Л․, 1950․
ԲԱՇԽՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ, տես Բաշխում։
ԲԱՇԽՈՒՄ, տնտեսագիտական, հասարակական արդյունքի վերարտադրության անհրաժեշտ փուլ, որ միմյանց է կապում արտադրությունն ու սպառումը, արտադրական հարաբերությունների կողմերից մեկը։ Ընդգրկում է արտադրության միջոցները և սպառման առարկաները, անհրաժեշտ ու հավելյալ արդյունքը։ Բնույթը, սկզբունքներն ու ձևերը պայմանավորված են տիրապետող արտադրության եղանակով։ Սակայն Բ․ իր հերթին ակտիվ հակադարձ ներգործություն է ունենում արտադրության վրա՝ արագացնելով կամ դանդաղեցնելով նրա զարգացումը։ Արտադրության միջոցների Բ–ման բնույթը որոշվում է տվյալ հասարակությունում տիրապետող սեփականության ձևով, իսկ սպառման առարկաներինը կախված է արտադրության միջոցների սեփականության ձևից։ Բ-ման բնույթն իր արտահայտությունն է ստանում ազգային եկամտի Բ–ման մեջ։ Կապիտալիզմի պայմաններում Բ․ ունի հակամարտ բնույթ, քանի որ արտադրության միջոցների գերակշռող մասը մասնավոր կապիտալիստական սեփականություն է, շահագործման միջոց, և բանվորների ստեղծած արդյունքի նշանակալի մասը ձրիաբար յուրացնում են կապիտալիստները։ Կապիտալիստական երկրներում ազգային եկամտի կեսից ավելին յուրացնում են շահագործող դասակարգերը։ ԱՄՆ–ում և Անգլիայում աշխատավորները կազմում են բնակչության 9/10-ը, բայց ստանում են ազգային եկամտի մոտ 40%-ը։
Սոցիալիզմի ժամանակ, հանրային սեփականության տիրապետության պայմաններում, արտադրության միջոցների ու սպառման առարկաների Բ․ կատարվում է պլանաչափորեն՝ հօգուտ ամբողջ հասարակության և նրա յուրաքանչյուր անդամի։ Ամբողջ ազգային եկամուտը պատկանում է աշխատավորներին, նրա Բ․ տեղի է ունենում արտադրության աճի, բանվորների, գյուղացիների, մտավորականության կենսամակարդակի բարձրացման շահերին համապատասխան։ Այստեղ առաջնակարգ նշանակություն է ստանում արտադրության միջոցների և սպառման առարկաների համամասնական բաշխումը հասարակական արտադրության ստորաբաժանումների ու նրա առանձին ճյուղերի, նյութական արտադրության և ոչ նյութական արտադրության, ինչպես նաև բանվոր դասակարգի և կոլտնտեսային գյուղացիության միջև։ Հասարակական ամբողջական արդյունքի Բ․ սոցիալիստական ընդլայնված վերարտադրության ելակետն է, նյութական հիմքը և որոշում է նրա բնույթը, համամասնությունները և տեմպերը։ Նրա մի մասը փոխհատուցում է ծախսված արտադրության միջոցները, իսկ մյուսը կազմում է ազգային եկամուտը, որն օպտիմալ համամասնությամբ բաժանվում է կուտակման և սպառման ֆոնդերի։ Սպառման ֆոնդի մեծ մասի Բ․ իրագործվում է ըստ աշխատանքի քանակի ու որակի վարձատրության պետ․ ձեռնարկություններում և հիմնարկություններում աշխատավարձի, իսկ կոլտնտեսություններում աշխօրերի դիմաց ամենամսյա