Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրականությունը։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը բաշկիրները չունեին գիր ու գրական լեզու։ XVIII–XIX դդ․ բաշկիր գրողները գրել են գրքային թուրքերենով, իսկ XX դ․ սկզբից՝ թաթարերենով։ Բաշկիրական ժող․ ստեղծագործության նմուշներից են էպոսը, պատմական ու կենցաղային երգերը, հեքիաթներն ու լեգենդները, որ գրի են առնվել XIX դ․։ Ժող․ ստեղծագործությանը մոտ են Ե․ Պուգաչովի զինակից Սալավաթ Յուլաևի բանաստեղծություններն ու երգերը։ XVIII–XIX դդ․ բանաստեղծներ Թ․ Յալսղուլը, Գալի Սոկրիյը, Շ․ Զաքին, Գ․ Սալիհովը գրել են հիմնականում կրոնա-խրատական երգեր։ Բ–ի գրականության ականավոր դեմքերից է Մաժիթ Ղաֆուրին, որի «Կարմիր դրոշ» (1917) ժողովածուն հիմք է դրել բաշկիրական հեղափոխական քնարերգությանը։ XX դ․ սկզբին գրականություն են մուտք գործել քաղաքացիական պատերազմի մասնակից գրողներ Ղ․ Ղումերը, Բ․ Իշեմգուլովը, Թ․ Յանաբին, Ի․ Նասիրին։ 1920-ական թթ․ վերջին ծավալվել է Ս․ Ագիշի, Գ․ Ամանթայի և Ա․ Կառնայի գրական գործունեությունը։ 1930-ական թթ․ գրականությունը զարգացել է սոցիալիստական ռեալիզմի ուղիով։ Կոլեկտիվացման թեմային են նվիրված Բ․ Բիքբայի, Խ․ Դավլեթշինայի, Մ․ Կուդաշի, Ա․ Թահիրովի, Մ․ Խայի ստեղծագործությունները։ Բանվոր դասակարգի կյանքն է արտացոլված Ա․ Կառնայի «Իշիմբայ» (1935) ծավալուն ակնարկում, Ա․ Թահիրովի «Մեքենաների արյունը» (1934) վիպակում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին վերելք է ապրել բաշկիրական պոեզիան (Թ․ Արսլան, Ա․ Վալեև, Մ․ Քարիմ, Ն․ Նաջմի, Ռ․ Նիգմաթ)։ Ետպատերազմյան շրջանում լույս են տեսել Կ․ Մերգենի «Նարշթաուի փեշերին» (1948–49), Ս․ Կուդաշի «Գարնանն ընդառաջ» (1952) վիպակները, Խ․ Դավլեթշինայի «Իրգիզ» (1957), Ա․ Վալեևի «Առաջին քայլերը» (1952), Դ․ Իսլամովի «Առատաձեռն հողը» (1959) վեպերը։

Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Բաշկիր անասնապահները դարեր շարունակ ապրել են թաղիքե յուրդերում («թիրմե») և հոլիկներում, անտառային ու լեռնային շրջաններում՝ փայտե խրճիթներում («բուրամա»)։ XVI-XVIII դդ․ կազմավորվել են Ստեռլիտամակ, Բելեբեյ, Բիրսկ, Ուֆա քաղաքները, ուր փայտյա տների կողքին XIX դ․ կառուցվել են քարե շենքեր։ Սովետական իշխանության օրոք վերակառուցվել են հին քաղաքները (Ուֆա, Ստեռլիտամակ, Բելեբեյ ևն), ստեղծվել են նորերը (Սալավաթ, Օկտյաբրսկի, Նեֆտեկամսկ)։ Ժամանակակից ոճի, պարզ, լակոնիկ ձևերով շենքեր են կառուցվել Ուֆայում, Օկտյաբրսկում, Սալավաթում և այլ քաղաքներում։ Բաշկիրական կերպարվեստի ձևավորմանը մեծապես նպաստել են նախահեղափոխական շրջանի նկարիչները՝ Կ․ Ա․ Դավլեթքիլդեևը, Մ․ Ն․ Ելգաշտինան, Ա․ Է․ Տյուլկինը և ուրիշներ։ 1920-ին Ուֆայում բացվել է Գեղարվեստական թանգարան, 1926-ին՝ Գեղարվեստական ուսումնարան։ 1930-1940-ական թթ․ Բ–ի գեղանկարչության մեջ: Զգալի տեղ են գրավում պատմահեղափոխական (Ի․ Ի․ Ուրյադով, Ա․ Պ․ Լեժնև) և սոցիալիստական շինարարության թեման։ 1950–60-ական թթ․ երկրի բարձրագույն գեղարվեստական հաստատություններն ավարտած կերպարվեստագետներ՝ նկարիչներ Վ․Պ․ Անդրեևը, Ն․ Ա․ Ռուսկիխը, Բ․ Ֆ․ Դոմաշնիկովը, Ա․ Դ․ Բուրզյանցևը, քանդակագործներ Տ․Պ․ Նեչաևան, Բ․ Դ․ Ֆազեևը, գրաֆիկներ Ռ․ Գ․ Գումերովը, Բ․ Յա․ Պալեխան և ուրիշներ զարգացման նոր աստիճանի են հասցրել Բ–ի արվեստը։

Երաժշտությունը։ Բաշկիրական ժող․ երաժշտությունը միաձայն է։ Լադային հիմքը ինքնատիպ պենտատոնիկան է, որ զուգակցում է պենտատոնիկ-դիատոնիկ լադեր։ Տարածված են՝ ուզուն–քյույը, ուրթասա–քյույը, քսքա–քյույը (երկարաձիգ, կիսաերկարաձիգ և կարճ երգեր ու գործիքային եղանակներ)։ Ժողգործիքներից են կուրայը (եղեգնյա, երկար ֆլեյտա, հովվական սրնգի տիպի), հարմոնը, կուբիզը (լեզվակավոր կսմիթավոր գործիք, փայտից կամ մետաղից)։ Սովետական կարգերի հաստատումից հետո Բ–ում սկսում է զարգանալ պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթը։ 1940-ական թթ․ բեմադրվել են բաշկիրական առաջին օպերաները՝ Մ․ Մ․ Վալեևի «Խակմար»-ը, Ա․ Ա․ Էյխենվալդի «Մերգեն»-ը, Ն․ Կ․ Չեմբերջիի «Կառլուգաս»-ը («Ծիծեռնակ»)։ 1944-ին բեմադրվել է բաշկիրական առաջին բալետը՝ Լ․ Բ․ Ստեպանովի «Կռունկի երգը»։ Բեմադրվել են Զ․ Գ․ Իսմագիլովի «Սալավաթ Յուլաև» (1955), «Շաուրա» (1963) օպերաները, Ն․ Գ․ Սաբիտովի «Բուրատինո» (1960), «Գյուլնազիրա» (1963) բալետները։

Թատրոնը։ 1919-ին Ստեռլիտամակում բացվել է առաջին ազգային թատրոնը, որը 1922-ից գործում է Ուֆայում (այժմ՝ Բաշկիրական դրամայի ակադեմիական թատրոն)։ 1920–30-ական թթ․ այստեղ բեմադրվել են բաշկիր դրամատուրգների գործերը (Ի․ Իբրահիմովի «Մաշիկներ», Ա․ Մ․ Թահիրովի «Գործարան», Մ․ Գաֆուրիի «Կարմիր աստղ» ևն), ինչպես և Գոգոլի, Օստրովսկու, Գորկու, Շեքսպիրի, Լոպե դե Վեգայի պիեսներն ու սովետական դրամատուրգիայի լավագույն ստեղծագործությունները։ 1941–45-ին բեմադրվել են Կիրեյ Մերգենի «Պատերազմ», Ռ․ Նիգմաթիի «Բելայա գետի ափին», Լ․ Լեոնովի «Արշավանք» և հայրենասիրական այլ պիեսները։ 1950-1960-ական թթ․ բաշկիրական թատրոնների խաղացանկում տեղ են գտել ժամանակակից կյանքին, հեղափոխական անցյալին և Հայրենական պատերազմին նվիրված պիեսներ։ Ռուսական թատրոններ են գործում Ուֆայում (1931-ից), Ստեռլիտամակում (1938-ից), ազգային դրամատիկ թատրոններ՝ Սիբայում (1931-ից) և Սալավաթում (1933-ից), Տիկնիկային թատրոն՝ Ուֆայում (1932-ից)։ Ուֆայի արվեստի ուսումնարանում և ինստ–ում գործում են թատերական ֆակուլտետներ։

Գրկ․ Тахаев X․ Я․, Башкирия, М․, 1950; Նույնի, Природные условия и ресурсы Башкирской АССР, Уфа, 1959; Xисматов М․ Ф․, Очерки по географии Башкирии, Уфа, 1963; Очерки по истории Башкирской АССР, т․ 1 (ч․ 1–2)–2, Уфа, 19561966; История Башкирской АССР, 3 изд․, Уфа, 1968; Аминев 3․ А․, Октябрьская социалистическая революция и гражданская война в Башкирии (1917–1919), Уфа, 1966; Мослов М․ Д․, Цветаев А․ А․, География Башкирии, Уфа, 1963; Рыбаков О․ Г․, Музыка и песни уральских мусульман, СПБ, 1897; Лебединский Л․, Композиторы Башкирии, М․, 1955․

ԲԱՇԿԻՐԵՐԵՆ, բաշկիրների լեզուն, պատկանում է թուրքական լեզվաընտանիքի