Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1755 ևն), որոնք ճնշվեցին ինքնակալության կողմից։ 1744-ից Բ․ վարչականորեն մտնում էր Օրենբուրգի նահանգի մեջ։ Սալավաթ Յուլաևի գլխավորությամբ բաշկիրները մասնակցեցին Ե․ Ի․ Պուգաչովի գյուղացիական ապստամբությանը (1773–75)։ 1788-ին Ուֆան դարձավ Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր կենտրոններից մեկը։ 1798–1832-ին Բ–ում կատարվեց հողի բաժանում։ 1861-ի ռեֆորմը որոշ փոփոխություն մտցրեց բաշկիրների վիճակի մեջ․ 1865-ին կազմվեց Ուֆայի նահանգը, ամրապնդվեց բաշկիրների նստակեցությունը, ընդարձակվեց հողագործությունը։ Ետռեֆորմյան շրջանում Բ-ում զարգացան կապիտալիստական հարաբերությունները։ 1885–90-ին կառուցվեց Սամարա–Զլատոուստ երկաթգիծը։ Ուֆան վերածվեց առևտրա–վարչական կենտրոնի, սակայն Բ․ մնում էր հումքի (հաց, գյուղատնտ․ այլ արտադրանքներ, մետաղ) աղբյուր ռուս կապիտալիստների համար։

Բ-ում առաջին ս–դ․ խմբակներն առաջացան Ուֆայում 1895–97-ին։ 1900-ին հիմնվեց առաջին մարքսիստական խմբակը։ 1900-ի փետրվարին և հունիսին Ուֆայում եղավ Վ․ Ի․ Լենինը։ 1903-ի հունվարին ստեղծվեց ՌՍԴԲԿ–ի Ուֆայի կոմիտեն։ 1905-ի մայիս–օգոստոս ամիսներին Ուֆայի և Օրենբուրգի նահանգներում տեղի է ունեցել 30-ից ավելի գործադուլ, հոկտեմբերին՝ 19 քաղաքական գործադուլ։ 1905-ի դեկտ․ 7-ին ստեղծվել է Ուֆայի բանվորական դեպուտատների սովետը։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Բ-ում առաջացան բանվորագյուղացիական սովետները։ Հոկտ․ 26(նոյեմբ․ 8)-ին Ուֆայում հռչակվեց սովետական իշխանություն։ 1918-ի հուլիսի սկզբին սպիտակ չեխերը և սպիտակգվարդիականները գրավեցին Չելյաբինսկը, Ուֆան, Օրենբուրգը։ 1918-ի սեպտեմբերին Ուֆայում ստեղծվեց սպիտակ գվարդիական-էսեռական կառավարություն։ 1918-ի վերջերին սկսվեց կարմիր բանակի հարձակումը Կոլչակի զորքերի դեմ։ 1919-ի հունիսի 9-ին 25-րդ հեծյալ դիվիզիան (հրամանատար՝ Վ․ Չապաև, հետագայում՝ Գ․ Ոսկանյան) ազատագրեց Ուֆան։ 1922-ի հունիսի 14-ին ստեղծվեց ԲԻՍՍՀ՝ Ուֆա մայրաքաղաքով։

Սոցիալիստական շինարարության տարիներին Բ․ վերածվեց ինդուստրիալ–ագրարային հանրապետության։ 1932-ի մայիսին սկսեցին գործել Իշիմբայի շրջանի նավթահորերը։ Բ․ դարձավ նավթարդյունաբերության նոր կենտրոն՝ «Երկրորդ Բաքու» անունով։ Ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր (նավթային, էլեկտրատեխնիկական, քիմիական, տեքստիլ)։ Զարգացավ բազմաճյուղ գյուղատնտեսությունը։ Իրականացավ կուլտուրական հեղափոխությունը։ Վերացվեց անգրագիտությունը, աճեցին բանվորների և մտավորականության ազգային կադրեր, զարգացան բաշկիրական գրականությունն ու արվեստը։ Բաշկիրները համախմբվեցին որպես սոցիալիստական ազգ։ 1935-ի մարտի 15-ին Բ․ պարգևատրվեց Լենինի շքանշանով։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկրի արմ․ շրջաններից Բ․ տեղափոխվեցին շուրջ 90 ձեռնարկություն, 250 հզ․ մարդ։ Ռազմաճակատներում ցուցաբերած խիզախության համար Սովետական Միության հերոսի կոչման արժանացան Բ–ի 250 քաղաքացիներ (այդ թվում՝ Ա․ Մատրոսովը, կրկնակի հերոս Մ․ Գարևը)։ Ետպատերազմյան տարիներին Բ–ի տնտեսությունը շարունակում էր արագ զարգանալ։ 1968-ին հանրապետության խոշոր արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1913-ի համեմատությամբ ավելացավ 414 անգամ։ 1957-ի հունիսի 13-ին Բ․ պարգևատրվեց Լենինի երկրորդ շքանշանով, 1969-ի մարտի 21-ին, հանրապետության 50-ամյակի առթիվ՝ Հոկտեմբերյան հեղափոխության, 1972-ին՝ Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Տնտեսությունը։ Բ․ ՍՍՀՄ նավթարդյունահանող հիմնական շրջաններից է (համամիութենական նավթահանույթի 1/7 մասը), քիմ․ արդյունաբերության և մեքենաշինության արագ աճող կենտրոնը։

Արդյունաբերությունը։ 1970-ին Բ․ նավթի հանույթով ՍՍՀՄ–ում գրավում էր 2-րդ տեղը։ Նավթն արդյունահանվում է Թույմազինի, Իշիմբայի, Շկապովի, Առլանի և Չեքմագուշևի հանքավայրերից։ Արդյունահանվում է բնական գազ (1960-ին հեռանկարային պաշարները՝ 300 մլրդ մ3)։ Կան նավթավերամշակման և գազաբենզինի ձեռնարկություններ (Ուֆա, Ստեռլիտամակ, Սալավաթ, Իշիմբայ)։ Հվ–ում կա գորշ ածուխ։ Բ-ի էներգետիկ համակարգը միավորված է Ուրալյան և Մերձվոլգյան համակարգերի հետ։ Աղի և կրի տեղական պաշարների հիման վրա գործում է Ստեռլիտամակի սոդայի–ցեմենտի խոշոր կոմբինատը։ Լեռնային Բ–ում շահագործվում են երկաթի, պղինձ–ցինկի, պիրիտի հանքավայրեր (պղնձածծմբային կոմբինատ Սիբայում)։ Ոսկու հանքավայրեր կան Անդրուրալում։ Ունի սև մետաղների արտադրություն (Բելորեցկ)։ Զարգացած է մեքենաշինությունը և մետաղամշակությունը (Ուֆա, Ստեռլիտամակ, Բելորեցկ, Սալավաթ)։ Կարևոր նշանակություն ունի անտառարդյունաբերությունը, փայտամշակությունը (Ուֆա, Կրասնի կլյուչ), թեթև և սննդի արդյունաբերությունը (Ուֆա, Իշիմբայ, Նիժնետրոիցկ)։

Գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության համար օգտագործվում է ամբողջ տարածքի 1/2-ից ավելին։ 1968-ին կար 99 սովետական տնտեսություն և 651 կոլտնտեսություն։ Վարելահողերը գրավում են 4,9 մլն հա (1968)։ Մշակում են ցորեն, տարեկան, վարսակ, հնդկացորեն, կորեկ։ Պտուղները և հատապտուղները զբաղեցնում են 13,6 հզ․ հա (1968)։ 1969-ին կար 2035 հզ․ գլուխ խոշոր, 3095 հզ․ գլուխ մանր եղջերավոր անասուն, 904 հզ․ խոզ։ Զբաղվում են նաև ձիաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 1197 կմ է (1969)։ Գլխավորը Կույբիշև–Ուֆա–Չելյաբինսկ էլեկտրիֆիկացված երկաթուղին է։ Նավթամուղների երկարությունը 3259 կմ է, խճուղիների երկարությունը՝ 9,4 հզ․ կմ (1968)։

Առողջապահությունը։ 1969-ի հունվարին հաշվվում էր 375 հիվանդանոց 32,8 հզ․ մահճակալով, 505 պոլիկլինիկա, 6353 բժիշկ (600 մարդուն 1 բժիշկ), 23,3 հզ․ միջին բուժաշխատող։ Ունի մի շարք կուրորտներ (Ակսակովո, Գլուխովսկայա, Յանգանտաու)։

Ժողովրդական կրթությունը։ 1969–70 ուս․ տարում 4636 դպրոցներում սովորել են 922,6 հզ․ աշակերտ, 63 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ 60 հզ–ից ավելի ուսանող։ Գործում են Բաշկիրական համալսարանը և բարձրագույն ուսումնական 8 այլ հաստատություններ՝ 41,4 հզ․ ուսանողով։ Ունի 1754 գրադարան (1969), 3166 ակումբ, 7 թանգարան, 7 թատրոն, 2768 կինոթատրոն։ 1951-ին կազմակերպվել է ՍՍՀՄ ԳԱ բաշկիրական մասնաճյուղը (երկրաբանության, քիմիայի, կենսաբանության, նավթի մշակման, նավթաքիմիական ԳՀԻ–ներ)։ ԳՀԻ–ներում 1969-ին աշխատում էին 370-ից ավելի գիտաշխատող, այդ թվում՝ 18 գիտ․ դ–ր և 140 գիտության թեկնածու։

Մամուլը։ 1968-ին ռուսերեն, բաշկիրերեն, թաթարերեն, մարիերեն, չուվաշերեն և ուդմուրտերեն հրատարակվել է 112 թերթ (առանց բազմատիրաժների) 966 հզ․ օրինակ ընդհանուր տպաքանակով։ Հանրապետական թերթերն են․ բաշկիրերեն «Սովետ Բաշկորտոստանի» («Սովետական Բաշկիրիա» 1918-ից), «Սովետսկայա Բաշկիրիյա» (1906-ից), թաթարերեն «Կիզիլ տան» («Կարմիր արշալույս» 1918-ից), բաշկիրերեն և ռուսերեն «Լենինսե» («Լենինեց» 1923-ից)։