ներկայանում իբրև ուրույն միավոր։ Լեզվի մյուս հիմնական միավորին՝ նախադասությանը Բ․ հակադրվում է նրանով, որ իմաստ է արտահայտում, իսկ նախադասությունը՝ միտք։ Բ․ տարբերվում է նաև թե՛ իմաստի որոշակիություն չունեցող հիմնական ձևույթներից (արմատներից), թե՛ իր այնպիսի կազմիչ մասերից, որոնք, առանձին վերցրած, լեզվի ուրույն Բ–երից են։ Մերժել, մերժում ձևերում մերժ–ը ինքնուրույն Բ․ չէ, որովհետև իմաստի որոշակիություն չունի, իսկ դաս և գիրք բառերից կազմված դասագիրք Բ․ ինքնուրույն է, որովհետև ունի նրանցից տարբերվող մի նոր, ամբողջական իմաստ։ Ձևի կայունությունն ու արտասանական միավորվածությունը անհրաժեշտ են նաև այնպիսի Բ–երի (բարդ) համար, որոնց կազմիչ մասերը թեև ոչ սերտ կապով կամ հարադրությամբ են կապված իրար, բայց ստանում են մի ընդհանուր բառային ուժեղ շեշտ և արտահայտում բառական մեկ ամբողջական իմաստ, ինչպես՝ քաջ, առողջություն և քաջառողջություն, պար, գալ և պար գալ, ահ, ու, դող և ահ ու դող։
Բառիմաստները մարդու կողմից իրականության ճանաչման արդյունք են։ Իրական աշխարհի առարկաները, նրանց հատկանիշները, հարաբերությունները ևն ընդհանրացվում ու արտացոլվում են Բ–երի մեջ։ Բ–երի ճնշող մեծամասնությունը արտահայտում է հասկացություններ (տուն, ծառ, համբերություն, մեծ, բարձր, ուտել, աշխատել, չորս, երկրորդ)։ Որոշ Բ–եր հասկացությունները նշում են ոչ ուղղակիորեն, այլ՝ ըստ իրադրության կամ հարաբերության (ես, դու, սա, այսպիսի), որոշ բառեր էլ արտահայտում են դատողական (թերևս, իհարկե, արդյոք ևն), զգացմունքային անմիջական վերաբերմունք (ա՜խ, ավա՜ղ, վա՜հ ևն), քերականական հարաբերություններ (մասին, համար, դեպի, բացի, որովհետև, որպեսզի)։ Բ–երն ըստ իմաստի լինում են մենիմաստ և բազմիմաստ, ըստ ձևի և նշանակության՝ նույնանուն, հոմանիշ, նույնանիշ, հականիշ, ըստ կազմության՝ պարզ, բաղադրյալ (զանազան ենթատեսակներով), ըստ արտասանության՝ շեշտավոր, անշեշտ (նախահար անշեշտ, վերջահար անշեշտ ևն), ըստ շարահյուսական կիրառության՝ անկախ, սպասարկու ևն, ըստ ոճական կիրառության՝ հնացած, գրքային, նոր, նախատական, հայհոյական ևն, ըստ գրական լեզվի հանդեպ ունեցած դիրքի՝ խոսակցական, բարբառային, ըստ ծագման ու աղբյուրների՝ բնիկ, փոխառյալ, միջազգային ևն։
Գրկ․ Ղափանցյան Գ․, Ընդհանուր լեզվաբանություն, Ե․, 1939։ Սևակ Գ․, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե․, 1955։ Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, Ե․, 1965։ Աղայան Է․, Լեզվաբանության ներածություն, 3 հրտ․, Ե․, 1967։ Левковская К․ А․, Теория слова, М․, 1962; Морфологическая структура слова в языках различных типов, М․–Л․, 1963; Реформатский А․ А․, Введение в языковедение, М․, 1967; Будагов Р․ А․, История слов в истории общества, М․, 1971․
ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, լեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է լեզվի բառային կազմը՝ բառապաշարը։ Բ․ բառերի ուսումնասիրությունը կատարում է երկու՝ պատմական (տարաժամանակյա) և նկարագրական (համաժամանակյա) քննությամբ և ըստ այդմ բացահայտում բառի, իբրև լեզվի հիմնական իմաստային միավորի, բնույթն ու էությունը, պարզում բառերի կառուցվածքն ու կազմության տեսակները, քննում բառերի հիմնական ու երկրորդական իմաստները, բառիմաստի փոփոխությունները, բառային նշանակությունների ու հասկացությունների միջև իրապես գոյություն ունեցող փոխհարաբերությունները, բառերի ծագումն ու առաջացումը ևն։ Բ․ առանձնապես զբաղվում է լեզվի բառապաշարի նկարագրությամբ, ցույց տալիս բուն ու փոխառյալ, ինչպես նաև բառային հիմնական ֆոնդի մեջ մտնող բառերը, բառային շերտերը, բառապաշարի կազմում կատարված պատմական տեղաշարժերը, նորագույն փոխառությունները, բառապատճենումները, գիտական տերմինաբանությունը, խոսքի մեջ բառերի դրսևորած ոճական արտահայտչական արժեքը ևն։ Բ․ լինում է մասնավոր և ընդհանուր, մասնավոր Բ․ ուսումնասիրում է առանձին, իսկ ընդհանուր Բ․՝ աշխարհի մի շարք լեզուների բառապաշարային իրողությունները։
Գրկ․ Ղափանցյան Գ․, Ընդհանուր լեզվաբանություն, Ե․, 1939։ Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, Ե․, 1965։ Աղայան Է․, Լեզվաբանության ներածություն, 3 հրտ․, Ե․, 1967։ Ахманова О․ С․, Очерки по общей и русской лексикологии, M․, 1957; Левковская К․ А․, Теория слова, М․, 1962; Реформатский А․ А․, Введение в языковедение, М․, 1967․
ԲԱՌԱԽԱՂ, կալամբուրային հանգ (ֆրանս․ calambaur − բառախաղ), բառերի խաղ՝ հիմնված հնչյունանմանության և նույն բառի բազմիմաստության վրա։ Սովորաբար օգտագործվում է կատակերգություններում, էպիգրամներում։ Բ–ի հմուտ օգտագործողներից է եղել XVIII դ․ բանաստեղծ Ստեփանոս Դաշտեցին։ Տարածված է ժող․ բանահյուսության մեջ։ Օրինակ՝ «Չարսուի լավշներեն քանի հատ կուտե՞ս» (լավշներեն և լավ շներեն)։ Բ․ նաև բանատողերի համահնչուն, վերջավորության՝ հանգի, տեսակներից մեկն է։ Հնչում է իբրև նախորդ տողի վերջավորության յուրօրինակ արձագանք։ Կազմվում է նույնանուն բառերից, մեծ մասամբ երկու կամ նույնիսկ ավելի բառերի համահնչունությունից՝ դառնալով բարդ կամ բաղադրյալ հանգ․
Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր․․․
- (Հ․ Թումանյան)
Նման հանգեր են ստեղծել Պ․ Դուրյանը (Փայլի արդ արև, արդարև), Ա․ Վշտունին (վարսերը նրա − վառ սերը նրա)։
ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ, 1․ լեզվաբանության բաժին, որն զբաղվում է բառերի կառուցվածքի և նրանց կազմության կանոնների քննությամբ։ 2․ Արմատների միացությամբ (արմատ + արմատ), արմատի և երկրորդական բառակազմական ձևույթների (ածանցների) կամ այլ միջոցներով տվյալ լեզվում գոյություն ունեցող բառակազմական կանոններին համապատասխան նոր բառերի կազմումը։ Տարբերում են գծային (լեզվական տարրերի միավորումներով) և ոչ գծային (այլ միջոցներով), ձևաբանական, շարահյուսական, իմաստաբանական և այլ կարգի Բ–ներ։ Բառաբարդումը երկու կամ ավելի հիմնական ձևույթների (արմատների), բառերի կամ հիմքերի միավորումն է բառային մի ամբողջության մեջ (լուսամուտ, ինքնաթիռ, բանիմաց, փառահեղ, հեռագրասյուն ևն)։ Որոշ լեզուներում (օրինակ՝ ժամանակակից գերմաներենում) բարդ բառեր են կազմվում շատ բաղադրիչների միավորումով։ Բարդությունները լինում են տարբեր տեսակների։ Ժամանակակից հայերենն ունի իսկական (հոդակապով՝ գործակատար, աշխատասեր, անհոդակապ՝ ջրհոր, մկնդեղ ևն) և անիսկական (հարադրական՝ ցույց տալ, ներս գալ, կանգ առնել, ուտել–խմել, հարադրական կըրկնավոր՝ արագ–արագ, խումբ–խումբ, բաղհյուսական՝ թև–թիկունք, լաց ու կոծ, ահ ու դող, կցական՝ այսօր, տանտիկին բարդություններ: (Տես նաև Բաղադրյալ բառեր)։
Ածանցումը բառակազմական երկրորդական ձևույթների՝ ածանցների օգնությամբ հիմնական ձևույթներից՝ բառերից, ինչպես և հիմքերից նոր բառերի կազմումն է (խմորեղեն, հոսուն, անգետ, իմացական, անմոռաց, վարորդ, ատոմային, գերակատարում ևն)։ Հաճախ բառաբարդումն ու ածանցումը համատեղվում են, և կազմվում են բարդ ածանցավոր բառեր (աշխատասիրություն, արտամթնոլորտային ևն)։ Բառակազմական միջոց է հապավումը (ՀՍՍՀ, բուհ, կուսշրջկոմ, ժողկրթբաժին)։ Լեզվի մեջ նոր բառեր են առաջանում նաև եղածների իմաստային տարբերակումներով, փոխանցումներով, քերականական ձևերի քարացումով ևն։ Բազմիմաստ բառերի իմաստային խիստ տարբերակումներով ստեղծվում են նույնանուն բառեր (հմմտ․ վարել՝ «շարժել, քշել, ղեկավարել» և վարել՝ «վար անել», թերթ՝ «գրքի թերթ, թուղթ» և թերթ՝ «լրագիր»)» քերականական ձևերի քարացմամբ առաջ են գալիս բառերի սկզբնաձևերից իմաստապես տարբերվող նոր բառային միավորներ (ինչպես՝ մասին, անձամբ, համարյա)։
Գրկ․ Մուրվալյան Ա․, Հայոց լեզվի բառային կազմը, Ե․, 1955։ Սևակ Գ․, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե․, 1955։ Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, Ե․, 1965։ Морфологическая структура слова в языках различных типов, М․–Л․, 1963; Кубрякова Е․ С․, Что такое словообразование, М․, 1965․
ԲԱՌԱԿԱՊԱԿՑՄԱՆ ՄԵԹՈԴ, տես Գրագիտություն:
ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆ, որևէ լեզվի՝ երկու կամ ավելի բառերից կազմված ինքնուրույն շարահյուսական միավոր, որն արտահայտում է անդամազատ, բայց ամբողջական հասկացություն։ Բ–ները կազմվում են խոսքի մասերի կապակցելիության օրենքներով։ Լինում են երկու տեսակ՝ ազատ և կայուն։ Ազատ Բ–ների մեջ բառերից մեկը հանդես է գալիս որպես