քերականության մեջ հայտնի է Բ–ի օրենքը, ըստ որի ձայնեղ պայթական շնչեղներ+խուլ պայթական, տալիս են ձայնեղ պայթական + ձայնեղ պայթական շնչեղ (օրինակ` bh+t > bdh-հին հնդ․ labh -«բռնել», անցյալ դերբայ՝ labdha)։ Աշխատություններից հայտնի են՝ «Իրանական լեզուների հետազոտություններ» (հ․ 1-3, 1882-87), «Հին իրաներենի բառարան» (1904) են, որոնք մեծ ներդրում են հնդեվրոպական, առանձնապես հնդիրանական և հայկական բաղաձայնական համակարգի (կոնսոնանտիզմի) ուսումնասիրության բնագավառում։
Է․ Մական
ԲԱՐԺԱ, բեռնանավ, քարշիչ կամ հրիչ նավի օգնությամբ տեղաշարժվող բեռնատար նավ։ Բ․ ներքին ջրային ուղիներում բեռների փոխադրման հիմնական միջոցն է։ Հեղուկ բեռների համար գետային Բ–ների բեռնունակությունը մինչև 12 հզ․ տ է, իսկ չոր բեռների Բ–ներինը՝ 5 հզ․ տ։ Կառուցվում են առավելապես պողպատե Բ–ներ։
ԲԱՐԻ (Barye) Անտուան Լուի (24․ 9․1795, Փարիզ - 25․ 6․ 1875, Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ և գեղանկարիչ։ Փարիզի Գեղարվեստի ակադեմիայի անդամ (1868), ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Բ․ կենդանիներին պատկերող սուր դիտողականությամբ և դինամիզմով, դիպուկ բնորոշումներով կերտված արձանների, արձանախմբերի հեղինակ է․ «Կոկորդիլոս հոշոտող վագրը» (1831, Լուվր, Փարիզ), «Առյուծ» Փարիզի Հուլիսյան կոթողի խարսխին (1836), գիշատիչների չորս խումբ՝ Մարսելի արվեստի թանգարանի առջև (1868, բոլորն էլ բրոնզաձույլ)։ Ունի նաև բնանկարներ։
ԲԱՐԻ (Bari), քաղաք հարավային Իտալիայում, Ապուլիա մարզի և Բարի պրովինցիայի վարչական կենտրոնը։ 349 հզ․ բն․ (1969)։ Խոշոր նավահանգիստ է Ադրիատիկ ծովի ափին, երկաթուղային հանգույց։ Կա օդանավակայան։ Ունի նավթավերամշակման, նավթաքիմիական, պողպատաձուլական, տեքստիլ, սննդի, ծխախոտի ձեռնարկություններ, համալսարան, XII -XIII դդ․ ճարտ․ հուշարձաններ։ Բ․ հիմնադրել են հռոմեացիները։
«ԲԱՐԻ ԼՈՒՐ», հայ ավետարանական քրիստոնյաների երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1906-17-ին, Բաքվում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Պ․ Թառայան։ Տպագրել է Աստվածաշնչից հատվածներ, ավետարանային թեմաներով (հիմնականում թարգմանական) պատմվածքներ, բանաստեղծություններ, մանկական զրույցներ։ «Բ․ լ․» խուսափել է աստվածաբանական առանցքային հարցեր քննելուց, փորձել է մերձեցման եզրեր գտնել հայ առաքելական եկեղեցու հետ։ Լուրերի բաժինը հիմնականում տրամադրել է Եվրոպայի միսիոներների՝ Ասիայում և Աֆրիկայում կատարած աշխատանքին՝ շրջանցելով հայ կյանքի իրադարձությունները, հայերի ազգային, կրթական և քաղաքական գործունեությունը։ Պարբերաբար հանդես է եկել հարբեցողության դեմ, այն համարել հասարակական չարիք։ Հեռու մնալով ազգային–քաղաքական իրադարձություններից՝ առաջընթացի միակ ուղին համարել է կրոնը։
«ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», միջազգային իրավունքում պետությունների միջև ծագած վեճերը խաղաղ կարգավորելու միջոց։ Վեճ լինելու դեպքում որևէ երրորդ պետություն (պետություններ, անգամ մասնավոր անձ), որը չի մասնակցում վիճաբանությանը, իր նախաձեռնությամբ կամ ընդհարվող կողմերից մեկի (կամ բոլորի) խնդրանքով միջոցներ է ձեռնարկում անմիջական բանակցություններ հաստատելու (վերականգնելու) նրանց միջև։ «Բ․ ծ․» մատուցողը, ի տարբերություն միջնորդության, չի մասնակցում բանակցություններին։ «Բ․ ծ․» կիրառելու պրոցեդուրան առաջին անգամ սահմանվել է «Միջազգային բախումները խաղաղ լուծելու մասին» 1899-ի Հաագայի գործող կոնվենցիայով։
Կ․ Մանուկյան
ԲԱՐԻԱԲԱԹ, գյուղ Հայկական ՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, Իջևան–Կրասնոսելսկ խճուղուց հարավ, Արեգունի և Միափորի լեռնաշղթաների միջև, շրջկենտրոնից 24 կմ հյուսիս–արևմուտք։ Բնակվում են ադրբեջանցիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ։
Բարիաբաթ
«ԲԱՐԻԶ–ԱՐԵՎԵԼՔ», բժշկա–առողջապահական ամսաթերթ։ Լույս է տեսել 1939-ին, Փարիզում։ Տնօրեն–խմբագիր՝ Ալլահվերդի Որդի։ Տպագրել է բժշկագիտական–առողջապահական հոդվածներ, օգտակար զրույցներ, հիվանդությունների բնութագրումներ ևն։ «Լրատու էջ» բաժնում լուրեր են տրվել Ֆրանսիայում և այլ երկրներում բժշկագիտության ձեռք բերած նվաճումների, ինչպես նաև տեղեկություններ Սովետական Հայաստանի առողջապահական ձեռնարկումների մասին։ Ունեցել է ֆրանսերեն բաժին։
ԲԱՐԻԿԱԴ (ֆրանս․ barricade), քարերից, գերաններից, ավազապարկերից և ձեռքի տակ եղած օժանդակ այլ նյութերից արհեստական արգելք, որը սովորաբար կանգնեցվում է մարտերի ժամանակ՝ փողոցների, ճանապարհների, կամուրջների և լեռնանցքների լայնքով։ Բ–ներ օգտագործվել են դեռևս XIII - XIV դդ․ թաթար–մոնղոլական հարձակումներից Մոսկվան, Ռյազանը և այլ քաղաքներ պաշտպանելիս։ Նոր ժամանակներում Բ–ներ կիրառվել են Փարիզյան կոմունայի (1871), 1905-ի հեղափոխության և Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ժամանակ, երբ ապստամբ ժողովուրդը փողոցային մարտեր էր մղում կանոնավոր զորքերի դեմ, ինչպես նաև 1941 -1945-ի Հայրենական մեծ պատերազմում։ Հայաստանում Բ–ների օգտագործման դեպքեր եղել են թաթար–մոնղոլական արշավանքների շրջանում՝ Անիի, Կարսի, Կարինի և հայկ․ այլ քաղաքների պաշտպանության ժամանակ, ինչպես նաև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ Վանում, Ուրֆայում, Շապին–Գարահի սարում, Մուշում, Սասունում և Մուսա լեռան վրա փայերի կողմից երիտթուրքական ցեղասպանների դեմ մղվող ինքնապաշտպանական կռիվներում։
Ա․ Ղուբասարյան
ԲԱՐԻՆ ԵՎ ՉԱՐԸ, բարոյագիտության հիմնական կատեգորիաներ, որոնք բնորոշում են առանձին մարդկանց, մարդկանց խմբերի (հատկապես դասակարգերի), ինչպես նաև պատմական խոշոր իրադարձությունների բարոյական գնահատականները և համապատասխանաբար կազմում են բարոյականի և անբարոյականի բովանդակությունը։ Բ․ և չ–ի ծագումն ու էությունը կրոնն ու իդեալիզմը կապում են աստծո կամքի, գերբնական ուժերի, ոգու, մարդու անփոփոխ բնության հետ, նեոպոզիտիվիստները՝ հույզերի, էկզիստենցիալիստները՝ անձնական մտահղացումների հետ։ Մարքսիստական բարոյագիտությունը այդ հասկացությունների վերլուծությունը դնելով գիտական՝ սոցիալ–պատմական հողի վրա, Բ․ և չ․ համարում է հասարակական կյանքի հակադրությունների յուրահատուկ արտացոլում որոշակի հասարակարգի ու մարդկանց բարոյական գիտակցության մեջ։ Բ․ և չ․ծագում են հասարակական պրակտիկայում, որպես սուբյեկտների հարաբերություններ։ Բարին այն է, ինչը հասարակությունը համարում է բարոյական, դրական, պատշաճ, արտահայտում է հասարակության զարգացման պահանջմունքները, նպաստում ու խթանում է դրան և արժանի է օրինակման։ Չարը հասարակական զարգացմանը հակադիր բացասական արարքներն ու երևույթներն են, որոնք չի ընդունում հասարակությունը, համարում է անբարոյական և դատապարտում է։ Բ․ և չ․բացարձակ չեն, այլ հարաբերական, իսկ հակամարտ հասարակարգերում՝ դասակարգային։ «Բարու և չարի պատկերացումները ժողովրդից ժողովուրդ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան անցնելով՝ այնքան են փոխվել, որ հաճախ դրանք ուղղակի միմյանց հակասել են» (Ֆ․ Էնգելս, Անտի–Դյուրինգ, 1952, էջ 119)։
Հին Հայաստանում այս հարցով շատ է զբաղվել Եզնիկ Կողբացին («Եղծ աղանդոց»), որը այն լուսաբանել է իր ժամանակի քրիստոնեական բարոյագիտության դիրքերից։
Հ․ Խտրյան
ԲԱՐԻՈՆԱՅԻՆ ԱՍՏՂԵՐ, նեյտրոնային աստղեր, գերխիտ երկնային մարմիններ, որոնց զանգվածի խտությունը ատոմի միջուկի խտության կարգի մեծություն է (ատոմի միջուկի խտությունըմոտ 3, 6 • 1014 գ/սմ3 է)։ Ունեն մի քանի առանձնահատկություններ, բաղկացած են տարրական մասնիկների (հիպերոններ, նուկլոններ, էլեկտրոններ ևն) խիստ այլասերված վիճակում գտնվող գազից։