Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Նրանց զանգվածը Արեգակի զանգվածի կարգի է (2•1033 գ), իսկ շառավիղը՝ շուրջ 10 կմ։ Առաջին անգամ 1933-39-ին տեսականորեն կանխագուշակվեց (Լ․ Լանդաու, Ցվիկի, Ռ․ Օպենհայմեր և Վոլկով, Գամով) այնպիսի աստղերի գոյությունը, որոնք գերազանցապես բաղկացած են նեյտրոններից (այստեղից էլ՝ նեյտրոնային աստղեր անվանումը)։ Հետագայում (1938-ից) գերխիտ երկնային մարմինների հետ կապված հարցերը մանրակրկիտ մշակեցին Վ․ Համբարձումյանը, Գ․ Սահակյանը և Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի մի խումբ աշխատակիցներ։ Ապացուցվեց, որ առավելապես նեյտրոններից բաղկացած աստղ գոյություն ունի միայն այն դեպքում, երբ նրա խտությունը հասնում է 1013-1014 գ/սմ3։ Ավելի մեծ խտությունների դեպքում աստղը բաղկացած է բարիոններից (նուկլոններ, հիպերոններ և նրանց ռեզոնանսային մասնիկները) և համեմատաբար շատ փոքր քանակությամբ լեպտոններից (էլեկտրոններ և բացասական լիցքի մյուրոններ)։ Այդ իսկ պատճառով այս տիպի գերխիտ երկնային մարմինների համար ավելի ճիշտ է բարիոնային աստղ անվանումը (պետք է նկատի ունենալ, որ նեյտրոնները նույնպես մտնում են բարիոնների խմբի մեջ)։ Բ․ ա․ կազմված են մի քանի կմ շառավղով կենտրոնական գերխիտ միջուկից (միջուկում կենտրոնացված է աստղի գրեթե ողջ զանգվածը), նեյտրոնային բարակ շերտից և էլ ավելի բարակ արտաքին թաղանթից, ուր նյութը կազմված է այլասերված էլեկտրոնա–միջուկային պլազմայից և վերջապես գազային մթնոլորտից։ Էլեկտրոնա–միջուկային թաղանթն իր հատկություններով շատ նման է ամորֆ պինդ հաղորդիչներին, ուր ատոմային միջուկները կատարում են ջերմային տատանումներ՝ սևեռված կետերի շուրջը, իսկ էլեկտրոնները ազատ լողում են նրանցով կազմված բյուրեղային ցանցում։
Գրկ․ Амбарцумян В․ А․, Саакян Г․С․, О вырожденном сверхплотномгазе элементарных частиц, «Астрономический журнал», 1960, т․ 37, в․ 2; Их же, Современное состояние теории сверхплотных небесных тел, в сб․։ Вопросы Космогонии, т․ 9, М․, 1963․
Գ. Սահակյան


ԲԱՐԻՈՆԱՅԻՆ ԼԻՑՔ, տես Բարիոններ։


ԲԱՐԻՈՆՆԵՐ (հուն․ βαρύς - ծանր), պրոտոնից ոչ թեթև, կիսամբողջ սպինով ուժեղ փոխազդեցության տարրական մասնիկների՝ հադրոնների խումբ։ Այդ խմբին են պատկանում պրոտոնը, նեյտրոնը, հիպերոնները, ինչպես նաև բարիոնային ռեզոնանսները։ Բ–ին համապատասխան հակամասնիկները կոչվում են հակաբարիոններ։ Փորձնական տվյալների հիման վրա յուրաքանչյուր բարիոնին վերագրվում է հատուկ քվանտային թիվ՝ բարիոնային լիցք։ Եթե ընդունենք, որ բոլոր բարիոնների բարիոնային լիցքը հավասար է +1-ի, բոլոր հակաբարիոններինը՝ -l-ի, իսկ մնացած հադրոններինը՝ 0-ի, ապա կարելի է ձևակերպել բարիոնային լիցքի պահպանման օրենքը, ըստ որի, ցանկացած մեկուսացված համակարգի գումարային բարիոնային լիցքը (համակարգի բարիոնների և հակաբարիոնների քանակների տարբերությունը) մնում է հաստատուն։ Ըստ մյուս քվանտային թվերի (սպին, զույգություն ևն), Բ–ի խումբն իր հերթին բաժանվում է համապատասխան ենթախմբերի՝ իզոտոպիկ և ունիտար մուլտիպլետների (տես Իզոտոպ սպին և Տարրական մասնիկներ
Կ․ Իսպիրյան


ԲԱՐԻՍՖԵՐԱ (<հուն․ βαρύς-ծանր և σφαίρα - գունդ), Երկրի կենտրոնական մասը, տես Երկրի միջուկ։


ԲԱՐԻՏ, ծանր սպաթ, միներալ, բարիումի բնական սուլֆատ՝ BaSO4։ Պարունակում է 65,7% BaO և 34,3% ՏՕ3, խառնուրդների ձևով՝ ստրոնցիում, կապար և կալցիում։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Հանդես է գալիս աղյուսաձև, պրիզմատիկ և հատիկավոր ագրեգատներով։ Գույնը, պայմանավորված խառնակներով, տարբեր է, ավելի հաճախ սպիտակ, դեղնավուն կամ մոխրավուն։ Կարծրությունը՝ 3-3,5, խտությունը՝ 4300-4700 կգ/մ3։ Հիմնականում լինում է հիդրոթերմալ ծագման, հանդիպում է նաև նստվածքային ապարներում։ Օգտագործվում է թղթի և ռետինի արդյունաբերության մեջ, որպես լցանյութ, ռադիոակտիվ մեկուսիչ աղյուսներ, պատրաստուկներ և սպիտակ ներկ ստանալու համար։ Բ–ի հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Անգլիայում և այլուր։ ՀՍՍՀ–ում հայտնի է Ախթալայի բարիտ–բազմամետաղային հանքավայրը։
Է․ Մալխասյան


ԲԱՐԻՏՈՆ [իտալ․ baritono, <հուն․ βαρύς- ծանր, ցածր (ձայնի համար) և τόνος - տոն], 1․ տղամարդու ձայն, բասի և տենորի նկատմամբ միջին դիրքում։ Տարբերակում են քնարական Բ․ (հնչողության բնույթով մոտ է դրամատիկ տենորին) և դրամատիկ Բ․ (ավելի առնական է, հնչեղ։ Ցածր ռեգիստրում մոտենում է բասին)։ 2․ Բասային լարավոր, աղեղնավոր երաժշտական գործիք, որ տարածված էր XVIII դ․ Գերմանիայում և Ավստրիայում։ 3․ Պղնձյա փողավոր երաժշտական գործիք (սաքսհոռն գործիքների ընտանիքից), կիրառվում է փողային նվագախմբում։ 4․ Մի շարք երաժշտական գործիքների տարատեսակ (Բ–սաքսոֆոն, Բ–տրոմբոն ևն)։


ԲԱՐԻՈՒՄ (լատ․ Baryum-հուն․ βαρύς-ծանր), Ba, տարրերի պարբերական համակարգի II խմբի քիմիական տարր։ Հողալկալիական մետաղ։ Կարգահամարը՝ 56, ատոմական զանգվածը՝ 137, 34։ Բնական Բ․ բաղկացած է 130-138 միջակայքում զանգվածի թվեր ունեցող յոթ իզոտոպներից, որոնցից ամենամեծ պարունակությունը 138Ba-ինն է (71,66%)։ Արհեստականորեն ստացվել է 15 ռադիոակտիվ իզոտոպ, որոնցից կարևոր են 131Ba (T1/2 = 12 օր), 133Ca (T1/2 =7,5 տարի) և 140Ba (T1/2 = 12,8 օր)։ Բ․ s տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d105s25p66s2, K-L-M- թաղանթները լրացված են։ Բ․ հայտնաբերել է (օքսիդի ձևով) շվեդացի քիմիկոս Կ․ Շելլեն (1774)։ Ամալգամի ձևով այն անջատել է Հ․ Դևին՝ սնդիկի էլեկտրոդի օգնությամբ։ Ազատ Բ․ ստացել է Ա․ Գունադը (1901)։ Բ․ կազմում է երկրի կեղևի զանգվածի 0,05%-ը։ Ազատ վիճակում բնության մեջ չի հայտնաբերված։ Ամենատարածված միներալը բարիտն է՝ BaSO4, հանդիպում է նաև վիտերիտը ВаСО3։ Չնչին քանակներով Բ․ պարունակում են բույսերը և կենդանի օրգանիզմները։ Նրա լուծելի միացությունները թունավոր են։ 0,8-0,9 գ Բ–ի քլորիդը մահացու է մարդու համար։ Խմելու ջրում Բ–ի սահմանային թույլատրելի քանակությունը 4 մգ/լ է։
Բ․ սպիտակ–արծաթափայլ, փափուկ (կապարից կարծր) մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 710°С, եռմանը՝ 1637-1640°С, խտությունը՝ 3760 կգ/մ3։ Քիմիապես շատ ակտիվ է։ Զրից և թթուներից դուրս է մղում ջրածին։ Միացություններում մեծ մասամբ երկարժեք է։ Քիմիական հատկություններով նման է ռադիումին, կալցիումին և ստրոնցիումին։ Վերջին երկուսից ակտիվ է։ Օդում արագ օքսիդանում է՝ միանալով ոչ միայն թթվածնին, այլև ազոտին (պահում են վակուումում կամ որևէ կայուն համաձուլվածքի ձևով)։ Միանում է ջրածնին՝ առաջացնելով հիդրիդ՝ ВаН2, որը ջրի ազդմամբ քայքայվում է՝ անջատելով ջրածին։ Բ․ հեշտությամբ միանում է թթվածնին։ Օդում տաքացնելիս բռնկվում է և այրվում դեղնականաչավուն բոցով։ Բ–ի օքսիդի՝ BaO հետ միաժամանակ առաջանում են պերօքսիդներ և նիտրիդ՝ Ba3N2։ Բ–ի օքսիդը անգույն բյուրեղական նյութ է, միանում է օդի ածխաթթու գազի հետ։ Օդում տաքացնելիս (508°C) վեր է ածվում գերօքսիդի՝ ВаO2, որը կայուն է մինչև 700°С։ Այն առաջացնում է ВаO2-2Н2O անգույն բյուրեղահիդրատը։ Բարձր ճնշման տակ տաքացնելիս միանում է թթվածնին, ստացվում է Բ–ի բարձրագույն գերօքսիդը՝ ВаՕ4 (դեղին գույնի նյութ է, քայքայվում է 50-60°C -ում)։ Բ․ և նրա օքսիդը եռանդուն լուծվում են ջրում՝ առաջացնելով Բ–ի հիդրօքսիդ՝ Ва(ОН)2, որը ալկալի է։ Անջուր Ва(ОН)2 տաքացնելիս հալվում է (780°С), ապա քայքայվում։ Լավ լուծվում է տաք ջրում։ Ջրային լուծույթը ուժեղ հիմք է, օդից կլանում է СO2 և պղտորվում։ Թթուների հետ մտնում է չեզոքացման ռեակցիաների մեջ։ Ջրային լուծույթներից նստում են Ва(OH)2-8Н2O բաղադրությամբ անգույն բյուրեղներ, որոնք 78°C-ում հեղուկանում են՝ լուծվելով իրենց պարունակած բյուրեղաջրում։ Բ․ հեշտությամբ միանում է նաև հալոգենների հետ՝ առաջացնելով ջրում լուծելի հալոգենիդներ։ Բ–ի քլորիդը՝ ВаСl2 (հալվում է 900°C-ում), սովորական պայմաններում գոյություն ունի ВаСl2-2Н2O ձևով, որը 100°C -ում կորցնում է բյուրեղաջուրը։ Ստացվում է բարիտը ածխածնի և կալցիումի քլորիդի հետ բոցային վառարանում շիկացնելիս։ Բ․ միանում է ծծմբին՝ առաջացնելով սուլֆիդ՝ BaS և պուիսուլֆիդներ։ 260-600°C -ում տաքացնելիս Բ․ միանում է ազոտին, ստացվում է Բ–ի նիտրիդը՝ Ba3N2։ Բ–ի ֆոսֆիդը՝ Ba3P2, ստանում են ֆոսֆատը աղեղային վառարանում ածխածնով վերականգնելով։ Բ–ի օքսիդը ածխածնի առկայությամբ տաքացնելիս առաջանում է Բ–ի կարբիդը՝ ВаС2։ Եթե