Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ճառով։ Թատրոնի գաղափարական հովանավորությունն ստանձնել է Տ․ Սվաճյանի «Մեղու» պարբերականը։ Թատերախումբը առաջին թատերաշրջանում գործել է իտալացի ռեժիսոր Ասթիի, 1862-64-ին Զմյուռնիայում՝ դերասաններ Տ.Վարդովյանիու Մ․Մնակյանի, ապա՝ Ս.Էքշյանի գլխավորությամբ։ 1865-68-ին «Արևելյան թատրոն» կոչվել է «Տայ դերասանական ընկերություն»՝ Ս․Հեքիմյանի տնօրինությամբ։ Թատրոնի խաղացանկը կազմված է եղել տարբեր ժանրերի ու ժամանակների պիեսներից, մեծ տեղ են գրավել ֆրանսիական ռոմանտիկական դրաման (Վ․Հյուգո, Ա․Դյումա–հայր), իտալական կլասիցիզմի ներկայացուցիչների (Պ․Մետաստազիո, Վ․Մոնթի, Վ․Ալֆիերի), Մոլիերի գործերը և իտալական ավանդական սյուժեներով կատակերգությունները։ Հայ ազգային դրամատուրգիայից «Արևելյան թատրոն» բեմադրել է Մ․Վանանդեցու «Միհրդատ»-ը, «Մեծն Ներսես»-ը, Թ․Թերզյանի «Սանդուխտ»-ը, Մ․Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»-ն, Ս․Հեքիմյանի «Վահրամ»-ը, Դ․ Տեր–Պողոսյանի «Մխիթար դյուցագն»-ը։ Այստեղ է սկզբնավորվել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ի դեմս Ա․Փափազյանի, Ս․Էքշյանի, Պ․Մաղաքյանի, Տ.Վարդովյանի, Մ․Մնակյանի, Հ․Աճեմյանի, Ե․Գարագաշյանի, Դ․Թրյանցի, Թ․Ֆասուլաճյանի։
1869-76-ին որոշ ընդհատումներով թատրոնը գործել է Պ․Մաղաքյանի գլխավորությամբ։ Խմբի առաջատար դերասաններն են եղել Պ․Ադամյանը, Ա․Հրաչյան, Աստղիկը, Դ․Թրյանցը, Սիրանույշը, Մարի Նվարդը։ Այս շրջանում է վերջնականապես ձևավորվել և պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հասել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ռոմանտիկ–սենտիմենտալ և մելոդրամային խաղաոճի որոշակիորեն արտահայտված տարրերով։ «Արևելյան թատրոն» նպաստել է 1860-70-ական թթ․արևմտահայ լուսավորական շարժմանը և ազգային–ազատագրական ձգտումներին, զգալի ավանդ ներդրել ազգային թատերական արվեստի զարգացման մեջ։
Գրկ․ Շարասան, Թրքահայ բեմն և իր գործիչները, ԿՊ, 1914։ Ասատուր Հ․, Բերայի «Արևելյան թատրոն»-ին աոաջին երկու տարեշրջանները, «Ըն արձակ տարեցույց», ԿՊ, 1926։ Ստեփ անյան Գ․,Արուսյակ Փափազյան, Ե․, 1955։ Ն ու յ ն ի,Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ․ 1, Ե․, 1962։ Հովհաննիսյան Հ․ Վ․, Մարտիրոս Մնակյան, Ե․, 1969։
Հ․Հովհաննիսյան
Արևելյան լեգիոն կամ Հայկական լեգեոն, զորամաս, որ կազմվել է 1916-ին, Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա (հոկտեմբերի 27)։ Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեին Թուրքիայի դեմ պատերազմական գործողություններին սիրիա–պաղեստինյան ռազմաճակատում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։ 1916-ի նոյեմբերին ֆրանսիական կառավարությունը սահմանեց կամավորագրության սկզբունքները, լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները, հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը և այլն։ Կամավորագրությունը սկսվեց նոյեմբերի կեսերից, Եգիպտոսում։ Առաջին գումարտակը զինավարժությունների համար փոխադրվեց Կիպրոս կղզու Մոնարկա վայրը, որտեղ հետագայում ստեղծվեցին 2-րդ և 3-րդ գումարտակները՝ հիմնականում ամերիկահայերից։ Արևելյան լեգիոն մարտական առաջին մկրտությունն ստացավ 1918-ի սեպտեմբերի 19-ին, Պաղեստինում (տես Արարայի ճակաաամարա 1918), իսկ այնուհետև, անգլո–ֆրանսիական զորքերի կազմում, մասնակցեց Սիրիայի ու Լիբանանի համար մղված մարտերին։ 1918-ի հոկտեմբերի կեսերին Բեյրութում ստեղծվեց 4-րդ գումարտակը, լեգեոնի հայ զինվորների թիվը հասավ 5000-ի։ Նոյեմբեր–դեկտեմբերին լեգեոնը, որն արդեն Հայկական էր անվանվել, մտավ Կիլիկիա, գրավեց կարևոր ռազմավարական կետեր և մասնակցեց նրա պաշտպանությանը։ Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո (երբ Ֆրանսիան սկսեց մերձենալ քեմալականների հետ) լեգեոնը ենթարկվեց մասնակի, իսկ 1920-ի օգոստոսին՝ վերջնական լուծարքի։
Գրկ․ Պոյաճյան Տ., Հայկական լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։ Veou P․ du,La passion de la Cilicie, 1919 -1922, P․, 1954․
Շ․Թորոսյան
Արևելյան խոյ, պենդինյան խոց, տես Լեյշմանիոզ։
«Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթի գլխագիրը
«Արևելյան ծանուցմունք», շաբաթաթերթ, արևելահայ առաջին պարբերականը։ Լույս է տեսել 1816-ին, Աստրախանում։ Խմբագիր՝ Կ․Շահվերդյան։ Հրատարակման նախաձեռնողներն էին Աստրախանի գիմնազիայի գերմաներենի դասատու Ի․ ֆոն Վեյսքհոֆենը և Կ․Շահվերդյանը։ Թերթը տպագրել է գավառագիտական, գիտամատչելի և գրական նյութեր, օդերևութաբանական տեղեկություններ։ Հրապարակվել են տեղեկություններ Կասպից ծովում նավագնացության մասին, առևտրական հայտարարություններ, որոնք հետաքրքրություն են ներկայացրել գլխավորապես վաճառականների համար։ Թերթը զգալի տեղ է տվել հայ ժողովրդի պատմությանը և ազգագրությանը։ «Արևելյան ծանուցմունքը» լույս է տեսել նախ ռուսերեն («Восточшя известия», 1813-ից), 1816-ին՝միաժամանակ ռուսերեն և հայերեն։
Վ․Խաչատրյան
Արևելյան կարպատներ, Կարպատյան լեռների միջին մասը։ Տես Կարպատներ։
Արևելյան Հայաստան, Հայաստանի արևելյան մասի անվանումը։ Հայաստանը իր աշխարհագրական դիրքի պատճառով եղել է մրցակից զորեղ տերությունների պայքարի ասպարեզ։ 387-ին այն բաժանվել է Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջև։ Սակայն Հայաստանը էթնիկական, տնտեսական և հոգևոր–մշակութային առումով մնացել է միասնական։ VII դարի կեսից արաբական խալիֆայության կազմում հիմնականում վերականգնվել է Հայաստանի տերիտորիալ ամբողջականությունը, իսկ 885-ից՝ միասնական Հայաստանում ստեղծվել է Բագրատունիների թագավորությունը։ Վերջինիս անկումից հետո սելջուկ–թաթարական նվաճողները իրենց գերիշխանության տակ են գցել ամբողջ Հայաստանը։ Սակայն XVI դ․օսմանյան Թուրքիայի և Սեֆևյան Պարսկաստանի միջև պատերազմների հետևանքով Հայաստանը բաժանվել է նրանց միջև, և Ամասիայում 1555-ին կնքված պայմանագրով Արևելյան Հայաստանը անցել է Պարսկաստանին։ Սահմանը Արևելյան Հայաստանի և Արևմտյան Հայաստանի միջև կազմել են Ախուրյան գետը և Հայկական պար ու Կոտուր–Զագրոշյան (Վասպուրականի) լեռները։ Մինչև 1828-ը Արևելյան Հայաստանը սովորաբար կոչվել է նաև Պարսկահայաստան, իսկ Ռուսաստանին միացվելուց հետո՝ Ռուսահայաստան։ 1828-ին ռուս, կայսրության կազմում ստեղծվեց Հայկական մարզը, 1850-ին՝ Երևանի նահանգը, որը գոյատևեց մինչև 1918-ը։ 1877-78-ի պատերազմի հետևանքով Ռուսաստանին միացվեց Կարսի մարզը, և Արևելյան Հայաստանի արևմտյան սահմանն Ախուրյան գետից տեղափոխվեց արևմուտք՝ Դևեբոյնի ու Կարգաբազարի լեռների ջրբաժան գիծը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կարսի մարզը Սուրմալուի գավառի հետ միասին նվաճեց Թուրքիան։ 1918-ի սկզբին, օգտվելով Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ իրադրությունից, թուրքական կառավարությունը փորձեց գրավել նաև Արևելյան Հայաստանը և բնաջնջել ամբողջ հայությանը։ Հայ ժողովուրդը Սարդարապատի ճակատամարտում ջախջախեց թուրքական զորքին։ Թուրքական կառավարությունը ստիպված ժամանակավորապես հրաժարվեց Արևելյան Հայաստանին տիրելու մտադրությունից։ 1920-ի սեպտեմբերին քեմալական Թուրքիան հարձակվեց Արևելյան Հայաստանի վրա։ Արևելահայությունը նույնպես կբնաջնջվեր, եթե օգնության չհասներ Խորհրդային Ռուսաստանը։ 1920-ի նոյեմբերի 29-ին Հայաստանում հռչակվեց խորհրդային իշխանություն, և Արևելյան Հայաստանի հիմնական մասից կազմվեց Խորհրդային Հայաստանը (տես նաև Հայաստան և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն հոդվածները)։
Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, պատմական ակտ, որը վավերացվել է Թուրքմենչայի պայմանագրով 1828-ին։ Հայկական հողերի միացումը Ռուսաստանին սկսվել է 1801-ից, երբ Արևելյան Վրաստանի կազմում Ռուսաստանին անցան Հայաստանի հյուսիսային շրջանները՝ Փամբակը, Լոռին, Շամշադինը և այլն։ 1804- 13-ի ռուս–պարսկական պատերազմի հետևանքով Ռուսաստանի կազմի մեջ մտան նաև Շորագյալի սուլթանությունը (Արևելյան Շիրակ), Ղարաբաղը, Զանգեզուրը, Ղափանը և Մեղրին (տես Գյուիս–