Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանի հաշտության պայմանագիր 1813)։ 1826-28-ի ռուս–պարսկական պատերազմից հետո Ռուսաստանին միացան Արևելյան Հայաստանի մնացած հողերը՝ Երևանի, Նախիջևանի և Օրդուբադի գավառը։ 1877-78-թթ. ռուս–թուրքական պատերազմի արդյունքը եղավ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող՝ Արևելյան Հայաստանի հետ տնտեսապես սերտորեն կապված Կարսի մարզի միացումը Ռուսաստանին։ Անդրկովկասում Ռուսաստանի քաղաքականության հետ հայ ժողովուրդը կապում էր Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետությունը թոթափելու, Ռուսաստանի հովանու ներքո հայկական պետականությունը վերականգնելու հույսեր։ Դրա համար էլ նա ազատագրական պայքարի ելավ ընդդեմ խանա–պարսկական և թուրքական լծի։ Հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարը տվյալ ժամանակաշրջանում կրում էր կամավորական շարժման, ռուս, հարձակվող բանակներին նյութապես և բարոյապես օժանդակելու բնույթ։ Հազարավոր հայ կամավորներ մեծ օգնություն ցույց տվեցին ռուս զորքերին ռուս–պարսկական ու ռուս–թուրքական պատերազմների ժամանակ, հերոսության ու խիզախության էջեր գրեցին հայ և ռուս ժողովուրդների մարտական համագործակցության տարեգրության մեջ։ ժամանակի հայ ազգային–ազատագրական շարժման գործիչները (Ներսես Աշտարակեցի, Հարություն Ալամդարյան, Խաչատուր Լազարյան, Կոստանտին Արղության և ուրիշներ) մշակեցին և ցարական կառավարությանը ներկայացրին Ռուսաստանի հովանավորությամբ ինքնավար Հայաստան ստեղծելու ծրագիր։ Մասնակիորեն ընդառաջելով հայ ժողովրդի ձգտմանը՝ ցարական կառավարությունը 1828-ին ստեղծեց Հայկական մարզ, որը գոյատևվեց մինչև 1840-ը։

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հայ ժողովրդի համար պատմականորեն առաջադիմական խոշոր նշանակություն ունեցավ։ Թոթափելով երկրիարտադրողական ուժերի զարգացումը կաշկանդող ասիական բռնապետական լուծը՝ հայ ժողովրդի արևելյան հատվածը հասարակական, տնտեսական և մշակութային զարգացման նպաստավոր հնարավորություններ ստացավ, Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգային համախմբման կարևորագույն կենտրոն (1828-31-ին Պարսկաստանից և Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գաղթեցին շուրջ 140 հզ․ հայեր)։ Արևելահայ հատվածը ներգրավվեց կապիտալիստական զարգացման ոլորտը և տնտեսական նշանակալից առաջընթաց ապրեց։ Ռուսական առաջադիմական մշակույթի ազդեցությամբ կարևոր հաջողությունների հասավ հայկական մշակույթը։ Հայ ժողովրդի արևելյան հատվածը իր սոցիալ–դասակարգային պայքարը միաձուլեց ռուս ժողովրդի և ռուս, կայսրության մյուս ժողովուրդների սոցիալ–դասակարգային պայքարին, որն ի վերջո հանգեցրեց հայկական պետականության վերականգնմանը պատմականորեն նոր՝ սոցիալիստական պայմաններում։

Գրկ․ Երիցյանց Ա․, Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ․, 1894։ Գեղամյանց Ե․, Պատմական քաղվածքներ, պր․3-4, Բաքու, 1909։ Դիվան հայոց պատմության, գիրք 13, Թ․, 1915։ Լեո, Հայոց պատմություն, Նորագույն շրշան, մաս 2, Ե․, 1927։ Պարսամյան Վ․, Ցարիզմի գաղութային քաղաքականությունը Հայաստանում, մաս 1, Ե., 1940։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2-3, ԿՊ, 1912-14։ Ոսկանյան Վ․Կ․, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, «ՊԲՀ», 1968, N: 4։ Մարուխանյան Ն․ Բ․, Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացման պրոբլեմը մինչ հեղափոխական հայ պատմագրության մեջ, Ե․, 1971։ Собрание актов, относящихсяк обозрению истории армянского народа,под ред․ С․ Глинки, ч․ 1-3, М․, 1833–38; Акты, собранные Кавказской археографической комиссией, т․ 1-7, Тифлис, 1866 -1878; Дубровин Н․ Ф․, История войны и владычества русских на Кавказе, т․3-6, СПБ, 1886–1888; Утверждение русского владычества на Кавказе, под ред․ Потто В․ А․, т․ 1-2, Тифлис, 1901 - 1902; Нерсисян М․ Г․, Из истории русско-армянских отношений, кн․ 1-2, Е․, 1956-61; Иоаннисян А․ Р․, Присоединение Закавказья к России и международные отношения в начале XIX столетия, Е․, 1958; Григорян 3․ Т․, Присоединение Восточной