Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նյարդային համակարգի բջիջների գործունեության խախտման ժամանակ, որն առաջանում է թթվածնային քաղցի՝ թերթթվածնարյունության՝ հիպօքսիայի պատճառով։ Մինչև 3000 մ բարձրության վրա օրգանիզմում թթվածնային անբավարարությունը փոխհատուցվում է թոքային գազափոխանակության ուժեղացմամբ (շնչառության հաճախացում և խորացում), էրիթրոցիտների, հեմոգլոբինի քանակության մեծացմամբ և արյան հոսքի արագացմամբ։ Ծովի մակերևույթից 3–4 կմ֊ից ավելի բարձրության վրա հիպօքսիան խորանում է։ Շրջապատող օդում թթվածնի անբավարարությունը թոքերում առաջացնում է թթվածնի մասնակի ճնշման զգալի անկում և նվազեցնում զարկերակային արյան թթվածնային հագեցածությունը։ Բ․ հ–յան բնորոշ ախտանիշներն են՝ հևոց, սրտխփոց, գլխապտույտ, աղմուկ ականջներում, գլխացավ, սրտխառնոց, մկանային թուլություն, քրտնարտադրություն, աշխատունակության անկում, քնկոտություն, տեսողության վատացում ևն։ Ախտանշանների զարգացումը կրում է փուլային բնույթ և կախված է բարձրանալու արագությունից և օրգանիզմի մարզվածության աստիճանից։ 6–8 կմ բարձրության վրա հիվանդագին ախտանիշները դառնում են խիստ վտանգավոր։ Ծովի մակերևույթից 8,5–9 կմ այն սահմանն է, որից ավելի մարդն առանց թթվածնային հարմարանքների ի վիճակի չէ բարձրանալ։ Բուժումը՝ բարձրությունից իջեցում, սրտային դեղամիջոցներ, մուգ թեյ կամ սուրճ, ծանր դեպքերում՝ թթվածնի ներշնչում։ Կանխարգելումը՝ բարձրություններ բարձրանալիս, հատուկ սարքերի օգնությամբ թթվածնի ներշնչում։ Բ, հ–յան տարատեսակներից է լեռնային հիվանդությունը, որի առաջացմանը նպաստում են ոչ միայն թթվածնի անբավարարությունը, այլև ֆիզիկական հոգնածությունը, սառեցումը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը ևն։ Բարձունքային կլիմայավարժեցումը թուլացնում է Բ․ հ–յան ախտանշանները։

ԲԱՐՂԱՄ, գյուղ Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթում, Տիվրիկ լեռան լանջին։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Աստվածածին)։ Բ–ի բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

ԲԱՐՄԱ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), ռուս ճարտարապետ։ 1555–60-ին ճարտ․ Պոստնիկի հետ կառուցել է Վասիլի Երանելու տաճարը Մոսկվայի գլխավոր հրապարակում (այժմ՝ Կարմիր հրապարակ)։

Գրկ․ Брунов Н․ И․, Мастера древне–русского зодчества, М․, 1953․

ԲԱՐՅԱՏԻՆՍԿԻ Ալեքսանդր Իվանովիչ (2․ 5․ 1815–25․ 2․ 1879, ժնև), ռուս իշխան, գեներալ–ֆելդմարշալ (1859)։ 1835-ին որպես սպա մասնակցել է Կովկասյան պատերազմներին։ Ղրիմի պատերազմի ժամանակ եղել է Կովկասյան կորպուսի շտաբի պետ (1853–54), 1856-ից՝ Կովկասի փոխարքա և զորահրամանատար։ ճնշել է Հյուսիսային Կովկասի լեռնականների ազգային–ագատագրական պայքարը։ 1862-ից՝ պաշտոնաթող, Պետ․ խորհրդի անդամ։

ԲԱՐՈԴԱ, քաղաք Հնդկաստանի Հուջարաթ նահանգում, Մախինարբադա միջագետքում։ 400,7 հզ․ բն․ (1969)։ Երկրի բամբակեղենի արդ֊յան և առևտրական կենտրոն, երկաթուղային հանգույց։ Հռչակված է արծաթե թելերով ձեռքի գործվածքի արտադրությամբ։

ԲԱՐՈԺ (մինչև 1935-ը՝ Դուզքենդ), գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ արևմուտք, Արտենի լեռան հարավային լանջին։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ։ Գյուղի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 1886-ին։

ԲԱՐՈԿԿՈ (ենթադրաբար <պորտուգալերեն Perola barroca – արտասովոր ձևի մարգարտահատիկ, կամ լատ․ baroco – սխոլաստիկ տրամաբանության սիլլոգիզմներից մեկի մնեմոնիկ անվանումը), XVI դարի վերջի և XVIII դարի կեսի եվրոպական արվեստում իշխող ոճ։ Արտացոլել է ֆեոդալիզմի ճգնաժամը սկզբնական կուտակման և գաղութատիրական էքսպանսիայի դարաշրջանում, կրոնական և սոցիալական գիտակցության հարաճուն հակասությունները։ Հակառեֆորմացիան է, որ լայնորեն կիրառել է Բ․ տաճարային շինարվեստում (Ճիզվիտների կառույցները, Լատինական Ամերիկայի «ուլտրաբարոկկո» ճարտ․)։ Սակայն տարածվել է ոչ միայն կաթոլիկական, այլև բողոքական, հետագայում՝ ուղղափառ եկեղեցու երկրներում։ Պալատական և եկեղեցական Բ–ի կողքին զարգացել են հակաֆեոդալական բողոքի, ինչպես և Հաբսբուրգների ու օսմանյան լծի դեմ սլավոնական ժողովուրդների ազգային–ազատագրական շարժումների հետ կապված «ստորին Բ–ի» ձևերը։ Բ–ին բնորոշ է աշխարհի ընկալման և արտացոլման ներհակությունը, զգայական և մտավոր լարվածությունը, ասկետության կոչերը միահյուսված են գեդոնիզմին, նրբությունը՝ կոպտությանը, վերացական սիմվոլիկան՝ մանրամասների նատուրալիստական մեկնաբանությանը։ Բ․ դինամիկ, աֆեկտացիայի հակամետ ոճ էր, որին հատուկ էին թատերայնությունը, պատրանքայինը։ Բ․ յուրացրել և մշակել է գեղարվեստական տարբեր ավանդույթներ՝ դրանք մտցնելով ազգային ոճերի զարգացման մեջ։ Բ–ին բնորոշ է նաև արվեստի տարբեր տեսակների փոխադարձ ներգործությունը (օպերա), պոեզիայի ընկալումը որպես խոսող գեղանկարչություն, իսկ գեղանկարչությունը որպես համր պոեզիա, էմբլեմներով և այլաբանությամբ հրապուրվելը։ Բ․ հենվել է սխոլաստիկ տրամաբանության և ճարտասանության վրա, կիրառել է բարդ փոխաբերություններ և նմանեցումներ, ժառանգել է միջնադարի և Վերածննդի առավել արտահայտիչ գեղարվեստական ձևերը, անտիկ կերպարները համադրել քրիստոնեականին։ Նկատելի է Բ–ի յուրացումն ու կիրառումը ռոմանտիզմի և նորագույն մոդեռնիստական հոսանքների կողմից։ ճարտարապետության մեջ, կերպարվեստում և դեկորատիվ արվեստում XVI դ․ կեսից մինչև XVIII դ․ կեսը Բ․ եղել է հիմնական ոճական ուղղություններից մեկը։ Սերտորեն կապված լինելով միապետությանը, արիստոկրատիային և եկեղեցուն՝ Բ-ի արվեստը կոչված էր փառաբանելու, պրոպագանդելու նրանց հզորությունը։ Միաժամանակ արտացոլել է աշխարհի անսահմանության, բազմազանության, միասնականության, դրամատիկ բարդության և հավերժ փոփոխելիության նոր պատկերացումները, հետաքրքրությունը միջավայրի, մարդու շրջապատի և բնության տարերքի նկատմամբ։ Բ․ հաջորդել է ինչպես Վերածննդի գեղարվեստական մշակույթին, այնպես էլ մաներիզմի սուբյեկտիվիստական արվեստին։

Բ-ի արվեստին բնորոշ են վիթխարիությունը, ճոխությունն ու դինամիկան, պաթետիկ ոգևորությունը, զգացմունքի լար–