ԲԱ ՑԶԻՆ, Լի Ֆեյ–գան (ծն․ 1904, Չենդու), չին գրող։ Ունևոր ընտանիքից սերած չին երիտասարդ հեղափոխականի կյանքն է արտացոլել «Կործանում» (1929) և դրա շարունակությունը կազմող «Նոր կյանք» (1932) վիպակներում։ «Մեռած արևը» (1930), «Ծովի երազները» (1932), «Հանքափորներ» (1932) երկերում ձաղկել է աշխարհի անիրավությունները։ Հեղափոխությանն է նվիրված «Սեր» (1931 – 1933) եռապատումը։ Ավատական ընտանիքի անկումն է պատկերել «Սրընթաց հոսանք» (1933–40) եռապատման մեջ, որի առաջին մասը՝ «Ընտանիք»-ը, թարգմանվել է հայերեն (1959)։ Ճապոնացիների դեմ մղված պատերազմի տարիներին (1937-45) գրել է «կրակ» (1943) վիպակը, որը պատմում է չին երիտասարդության պայքարի մասին։
ԲԱՑԻ, գյուղ Արևմտյան Հայաստանի, Բիթլիսի վիլայեթի Խիան գավառակում։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ավերվել ու ամայացել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության մեծ մասը զոհվել է, մյուսը տարագրվել։
ԲԱՑԻԼԱԿՐՈՒԹՅՈՒՆ, ախտածին մանրէների և մարդու կամ կենդանու հատուկ համագոյություն, երբ չնայած հիվանդության կլինիկական ախտանշանների բացակայության, օրգանիզմում ապրում և նրանից արտաթորվում են վարակիչ հիվանդության կենսունակ հարուցիչներ։ Բացիլակիրը գործնականում մնալով առողջ՝ հանդիսանում է վարակի աղբյուր։ «Բ․» տերմինը հաճախ օգտագործվում է նաև վիրուսային (վիրուսակրություն), պարազիտային (պարազիտակրություն) հիվանդությունների ժամանակ։ Բ․ լինում է որովայնային տիֆի, պարատիֆերի, դիզենտերիայի, խոլերայի, դիֆթերիայի, մենինգիտի և այլ հիվանդությունների դեպքում։
ԲԱՑԻԼՆԵՐ (լատ․ bacillum – ձողիկ), ցուպիկաձև բակտերիաներ, որոնք իրենց զարգացման ցիկլում առաջացնում են սպորներ։ Սպորավորված բջիջները խիստ դիմացկուն են միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Բ․ հիմնականում պատկանում են Bacilliaceae ընտանիքին։ Բաժանվում են երկու ցեղի․ աերոբներ և անաերոբներ։ Բ–ի մեծ մասը սապրոֆիտներ են, մի մասն էլ՝ հիվանդությունների (սիբիրախտ, տետանուս ևն) հարուցիչներ։ Լայն տարածված են բնության մեջ (հողում, գետնաջրերում ևն), մասնակցում են օրգանական նյութերի հանքայնացմանը։
ԲԱՈՒԵՐ Էլիզաբեթ [ծն․ 27․11․1948, Գրաց (Ավստրիա)], ավստրիացի արվեստաբան-հայագետ։ Մասնագիտական կրթությունն ստացել է Վիեննայի Արևելագիտության ինստ-ում՝ որակավորվելով որպես հայագետ։ Հայոց լեզուն ուսումնասիրել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում։ Գիտական մամուլում հրատարակել է բազմաթիվ հետազոտություններ հայոց պատմության, ճարտարապետության, երաժշտության և կերպարվեստի վերաբերյալ։ 1972-73-ին Վիեննայի համալսարանի պատմագիտական ֆակուլտետում և «Ուրանիայում» (ժողովրդական բարձրագույն դպրոց) կարդացել է հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ դասախոսությունների շարք։ Գիտական աշխատանքների առանցքը Հայաստանի և Միջին Եվրոպայի պատմական ու մշակութային կապերի և փոխազդեցությունների հարցերն են։ Հրատարակել է՝ «Հայ ճարտարապետությունը ներգործում է Եվրոպայի վրա» (1971), «Յո․ Ստրժիգովսկին հայտնաբերում է ճարտարապետության հանճարեղ հետազոտող Թորամանյանին» (1972) հոդվածները, «Հայաստան, պատմությունը և մշակույթը» (1975) աշխատությունը։
ԲԱՈՒԵՐ (Bauer) Օտտո (9․ 5․ 1882, Վիեննա-4․ 7․ 1938, Փարիզ), ավստրիական սոցիալ–դեմոկրատիայի ղեկավարներից, ավստրոմարքսիզմի գաղափարախոս։ II Ինտերնացիոնալի աչքի ընկնող գործիչ։ Կրթությամբ՝ իրավաբան։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը եղել է ս–դ․ պառլամենտական ֆրակցիայի քարտուղար, 1918-19-ին՝ Ավստրիական հանրապետության արտաքին գործերի մինիստր։ 1934-ին տեղափոխվել է Չեխոսլովակիա, ապա՝ Ֆրանսիա։ «Ճանապարհ դեպի սոցիալիզմ» (1919), «Բոլշևիզմ, թե՝ սոցիալ-դեմոկրատիա» (1920) և այլ աշխատություններում հանդես է եկել ընդդեմ պրոլետարական հեղափոխության և Ռուսաստանում բոլշևիկյան կուսակցության քաղաքականության։ Միջազգային ասպարեզում տեղի ունեցած հասարակական փոփոխությունների ազդեցության տակ, կյանքի վերջին տարիներին, Բ․ սկսեց վերանայել իր ռեֆորմիստական հայացքները։ «Համաշխարհային երկու պատերազմների արանքում» (1936) գրքում նա մասնավորապես այն համոզմանն էր, որ ՍՍՀՄ-ը կարճ ժամանակամիջոցում ողջ աշխարհի ժողովուրդներին կցուցադրի սոցիալիստական հասարակարգի տնտեսական, սոցիալական և մշակութային գերազանցությունը։
«ԲԱՈՒՀԱՈՒԶ» (Bauhaus), Շինարարության և գեղարվեստական ձևաստեղծման բարձրագույն դպրոց (Hochschule fur Bau und Gestaetung), ուսումնական հաստատություն և ճարտարապետագեղարվեստական միություն Գերմանիայում։ Վայմարում 1919-ին հիմնադրել է Վ․ Գրուցիուսը։ 1925-ին տեղափոխել են Դեսսաու, 1933-ին լուծարքի են ենթարկել ֆաշիստները։ Բ–ի ղեկավարները, ելնելով ֆունկցիոնալիզմի գեղագիտությունից, նպատակադրվել էին մշակել պլաստիկ արվեստների ձևաստեղծման «ընդհանրացված սկզբունքներ»։ Բ–ում ուսումնական մեթոդի հիմքը գործնական աշխատանքն էր նախագծային և արտադրական արվեստանոցներում․ ուսումնավարժական աշխատանքների հետ մեկտեղ ստեղծվում էին նախագծեր (նաև բնակելի տան տիպային նախագծեր), դեկորատիվ գեղանկարչության, պլաստիկայի և արդյունաբերական մասսայական արտադրանքի նմուշներ (կահույք, լուսամփոփներ, կտորեղեն)։ XX դ․ գեղարվեստական ձևաստեղծման կազմավորման, ճարտ․ մեջ ռացիոնալիզմի սկզբունքների հաստատման հարցում Բ․ որոշակի դեր է կատարել։ Կերպարվեստի բնագավառում Բ․ համաշխարհային ձևապաշտական սկզբունքների կենտրոն էր։ Նրա տեսաբանները, այնուամենայնիվ, ունեին սխալ դիրքորոշում՝ ժխտելով արվեստի գաղափարայնությունը և ռեալիզմը։
ԲԱՈՒՄԱՆ Նիկոլայ Էռնեստովիչ [ծածկանունները՝ Գրաչ, Պոլետաև, Սաֆարսկի, Սորոկին, 17(29)․5․ 1873, Կազան – 18 (31)․ 10․ 1905, Մոսկվա], պրոֆեսիոնալ հեղափոխական։ ՌՍԴԲԿ անդամ 1896-ից։ 1895-ին ավարտել է Կազանի անասնաբուժական ինստ–ը, որտեղ ծանոթացել է մարքսիստական գաղափարներին։ 1896–97-ին եղել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» անդամ։ 1897-ի մարտին ձերբակալվել և նետվել է Պետրոպավլովյան ամրոցի մենախուց։ Ն․ Է․ Բաուման 1899-ին 4 տարով աքսորվել է Վյատկայի նահանգ։ 1899-ի հոկտեմբերին փախել է աքսորից և անցել Շվեյցարիա, մտել «Արտասահմանյան ռուս ս–դ․ միության» մեջ, հարել է «Աշխատանքի ազատագրություն» խմբին։ 1900-ին դարձել է Վ․ Ի․ Լենինի մերձավոր օգնականներից մեկը, մասնակցել «Իսկրա» թերթի ստեղծմանը։ 1901-ին «Իսկրայի» խմբագրության կողմից գործուղվել է Մոսկվա, դարձել ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի անդամ։ 1902-ին ձերբակալվել և կարճ ժամանակ անց տաս այլ իսկրայականների հետ փախել է Կիևի Լուկյանովյան բանտից, անցել արտասահման։ Եղել է ՌՍԴԲԿ II համագումարի պատգամավոր (Մոսկվայի կազմակերպություններից)։ 1903-ին վերադարձել է Ռուսաստան, ղեկավարել Մոսկվայի բոլշևիկյան կազմակերպությունը և ՌՍԴԲԿ Կենտկոմի Հյուսիսային բյուրոն, իր բնակարանում կազմակերպել է անլեգալ տպարան։ 1904-ի հուլիսին ձերբակալվել և նետվել է Մոսկվայի Տագանյան բանտը, 1905-ի հոկտեմբերին ազատվել և շարունակել կուսակցական գործունեությունը։ 1905-ի հոկտ․ 18(31)-ին Մոսկվայում կազմակերպված ցույցի ժամանակ գազանաբար սպանվել է սևհարյուրակայինի ձեռքով։ Բ–ի թաղումը [հոկտ․ 20 (նոյեմբ․ 2)-ին] վերածվել է 300-հազարանոց քաղաքական ցույցի։ Բ–ի անունով են կոչվում շրջան, հրապարակ և փողոց, Բարձրագույն տեխնիկական ուսումնարան Մոսկվայում, շրջան՝ Կազանում։
ԲԱՈՒՇԻՆԳԵՐԻ ԷՖԵԿՏ, պլաստիկ դեֆորմացիայի ենթարկված նյութի համեմատականության, առաձգականության և հոսունության սահմանների փոքրացման երևույթ՝ հակառակ ուղղությամբ բեռնավորման դեպքում։ Օրինակ, ձգման պլաստիկ