տաճարում»։ Բ․ նույնացվել է Սատուրն մոլորակին։ Աստվածաշնչում Բ․ հիշատակված է Քամյան Քուշի որդի Նեբրովթ անունով՝ որպես քաջ և հսկա որսորդ, որը, հռչակվելով Բաբելոնի առաջին թագավոր, ընդարձակել է տիրակալությունը։ Ենթադրվում է, որ Բ-Նեբրովթի պաշտամունքը Բաբելոն է ներմուծվել Եթովպիայից։ Մովսես Խորենացին նույնպես Բ-Նեբրովթին անվանում է բնիկ եթովպացի։ Բ-ի կերպարն արտացոլվել է «Հայկ և Բել» հայ դիցաբանական առասպելի մեջ։
ԲԵԼ (Bell) Ալեքսանդր Գրեհեմ (3․ 3․ 1847, Էդինբուրգ, Շոտլանդիա-2․ 8․ 1922, Բադեկ, Կանադա), ամերիկյան ֆիզիկոս, հեռախոսի գյուտարարներից։ Ավարտել է Էդինբուրգի և Լոնդոնի համալսարանները։ 1872-ին Բոստոնում բացել է խուլերի դպրոցների ուսուցիչներ պատրաստող ուսումնական հաստատություն։ 1873-ից՝ խոսքի օրգանների ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Բոստոնի համալսարանում (ԱՄՆ)։ ԱՄՆ-ում արտոնագրեր է ստացել իր հնարած հեռախոսի (1876), մեմբրանի և ամրանի (1877), ձայնագրման ու ձայնի վերարտադրման բնագավառին վերաբերող աշխատանքների (1884–86) համար։ 1898-ից՝ Բոստոնի Սմիթսոնյան ինստ-ի վարչության անդամ։ Նրա անունով է կոչվում լոգարիթմական հարաբերական մեծության բել միավորը։
ԲԵԼ, լոգարիթմական հարաբերական մեծության միավոր (երկու նույնանուն ֆիզիկական մեծությունների հարաբերության լոգարիթմը), օգտագործվում է էլեկտրատեխնիկայում, ռադիոտեխնիկայում, ձայնագիտության մեջ և ֆիզիկայի այլ բաժիններում։ Նշանակվում է Բ կամ B։ Կոչվել է Ա․ Բելի անունով։
ԲԵԼԱՅԱ, գետեր ՍՍՀՄ–ում․ 1․ Բաշկիրական ԻԱՍՀ-ում, Կամայի ձախ վտակը։ (Բաշկիրերեն՝ Աղիզել–սպիտակ մեծ գետ)։ Երկարությունը՝ 1430 կմ, ավազանը՝ 142 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Իրեմել լեռից (Հարավային Ուրալ)։ Բ․ Բաշկիրական ԻՍՍՀ ջրային կարևոր մայրուղին է, Մոսկվա-Ուֆա ջրային ճանապարհի բաղկացուցիչ մասը։ Նրա ափին են Բելորեցկ, Սալավաթ, Իշիմբայ, Ստեռլիտամակ, Ուֆա, Բիրսկ քաղաքները։ 2․ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասում, Կուբանի ձախ վտակը։ Երկարությունը՝ 273 կմ, ավազանը՝ 5990 կմ2։ Սկիզբ է առնում Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի Փիշտ և Օշտեն գագաթներից։ Բ-ի ափին են Մայկոպ Բելոռեչենսկ քաղաքները և համանուն ՀԷԿ-երը։ 3․ ՌՍՖՍՀ Իրկուտսկի մարզում և Բուրյաթական ԻՍԱՀ-ում, Անգարայի ձախ վտակը (թափվում է Բրատսկի ջրամբարը)։ Սկիզբ է առնում Արևելյան Սայանների Բելսկի Գոլեցներից։ Երկարությունը՝ 359 կմ, ավազանը՝ 18 հզ․ կմ2։ Բ-ի ավազանում կան նեֆրիտի և գրաֆիտի հանքեր։
ԲԵԼԱՅԱ ՏԵՐԿՈՎ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Կիևի մարզում։ 128 հզ․ բն․ (1974)։ Երկաթուղային կայարան է, արդ․ կենտրոն։ Ունի գյուղատնտ․ ինստ․, 2 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, թատրոն, թանգարան։
ԲԵԼԳԻԱ, Բելգիայի թագավորություն (Koninkijk van Belgie, Royaume de Belgique)։
Բովանդակությունը
I․ Ընդհանուր տեղեկություններ ․․․ 354
II․ Պետական կարգը ․․․․․․․․․․․․․․ 354
III․ Բնությունը ․․․․․․․․․․․․․․․․․354
IV․ Բնակչությունը ․․․․․․․․․․․․․․․355
V․ Պատմական ակնարկ ․․․․․․․․․․․․․․355
VI․ Քաղաքական կուսակցությունները,
արհմիությունները․․․․․․․․․․․․․․․․ 356
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ 356
VIII․ Բժշկա–աշխարհագրական
բնութագիրը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 357
IX․ Լուսավորությունը ․․․․․․․․․․․․357
X․ Գիտությունը և գիտական հիմնարկները ․․358
XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը․․ 358
XII․ Գրականությունը ․․․․․․․․․․․․ 358
XIII․ Ճարտարապետությունը և կերպարվեստը․․ 359
XIV․ Երաժշտությունը ․․․․․․․․․․․․․360
XV․ Բալետը ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․360
XVI․ Թատրոնը ․․․․․․․․․․․․․․․․․․․․360
XVII․ Կինոն․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 360
XVIII․ Հայերը Բելգիայում ․․․․․․․․360
I․ Ընդհանուր տեղեկություններ Բ․ պետություն է Արևմտյան Եվրոպայում։ Սահմանակից է Ֆրանսիային, Լյուքսեմբուրգին, ԳՖՀ-ին և Նիդերլանդներին։ Հս-արմ-ից ողողվում է Հյուսիսային ծովով։ Տարածությունը 30,5 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 9760 հզ․ (1973)։ Բաժանված է 9 վարչական նահանգի։ Մայրաքաղաքը՝ Բրյուսել։
II.Պետական կարգը Բ․ սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1831-ին։ Պետության գլուխը՝ թագավորը, ձևականորեն օժտված է լայն լիազորություններով (փաստորեն դրանք իրականացնում է կառավարությունը)։ Օրենսդրական իշխանությունն իրականացնում է երկպալատ (ներկայացուցիչների պալատ և սենատ) պառլամենտը։ 1969-ից ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Յուրաքանչյուր նահանգի բնակչություն 4 տարի ժամանակով ընտրում է նահանգային խորհուրդ, որի գործադիր մարմինը՝ մշտական պատգամավորությունը (դեպուտացիա), գլխավորում է նահանգապետը։ Կոմունաներում (Բ-ի վարչական բաժանման ստորին միավոր) 6 տարի ժամանակով ընտրվում է կոմունալ խորհուրդ, որի գործադիր մարմնին՝ ավագների կոլեգիային, բուրգոմիստրի գլխավորությամբ, նշանակում են կենտրոնական իշխանությունները։ Բ-ի դատական բարձրագույն մարմինը վճռաբեկ դատարանն է։ Կան նաև ապելյացիոն դատարաններ։ Ամբողջ երկիրը բաժանված է 26 դատական օկրուգների, որոնցից յուրաքանչյուրում կազմված է առաջին ատյանի դատարան։ Բ-ի գլխավոր քաղաքներում գործում են առևտրական դատարաններ։ Բոլոր դատավորներին նշանակում է թագավորը՝ ցմահ։
III․ Բնությունը Բ–ի մեծ մասը հարթավայրային է։ Մակերևույթն աստիճանաբար բարձրանում է հս-արմ-ից դեպի հվ-արլ․։ Բաժանվում է Ցածրադիր, Միջին և Բարձրադիր Բելգիաների։ Բ․ հարուստ է քարածխով (Կամպին, Մաաս և Սամբր գետերի հովիտներ)։ Արդեններում կան երկաթի, բազմամետաղների, ծարիրի ոչ մեծ հանքեր։ Հարուստ է շինարարական քարերի (գրանիտ, մարմար, ավազաքար) պաշարներով։ Կլիման բարեխառն է, ծովային։ Բնորոշ են արմ․ և հվ–արմ․ խոնավ քամիները։ Հունվարի միջին ջերմաստիճանը մերձծովյան շրջանում 3°C է, կենտրոնական շրջաններում՝ մոտ 0°C, Արդեններում՝ -1°C։ Ամառը զով է, ամպրոպային անձրևներով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 18°C, 19°C է, Արդեններում՝ մոտ 14°C։ Տարեկան տեղումները Ցածրադիր և Միջին Բ-ում 700-900 մմ են, Բարձրադիր Բ-ում՝ մինչև 1250 մմ։ Գետային ցանցը խիտ է, գետերը՝ ջրառատ։ Մաասը և Շելդան նավարկելի են, չեն սառչում, վարարում են ձմռանը։ Ցածրադիր Բ-ում լինում են հեղեղներ։ Գետերի աշխատանքը կանոնավորելու համար ստեղծված է ջրհան կայանների, ջրարգելակների