Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ջրանցքների ցանց։ Ցածրադիր Բ-ի անտառային պոդզոլային և գորշ հողերում աճում են կաղնու և կեչու, Միջին և Բարձրադիր Բ-ում՝ հաճարենու և կաղնու անտառներ։ Անտառները գրավում են տերիտորիայի 18%-ը, մնացած մասը հիմնականում բռնված է կուլտուրական լանդշաֆտներով։ 1954-ին Արդեններում ստեղծվել է Ազգային պարկ։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչները լավ են պահպանվել անտառներում (ազնիվ եղջերու, այծյամ, վարազ, անտառային կատու, անտառային կզաքիս, նապաստակ)։ Բ․ հարուստ է թռչուններով։ Մեծ տարածում ունեն կրծողները։

IV․ Բնակչությունը Խտությամբ Բ․ աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը (1 կմ2 վրա՝ 550 մարդ)։ Ըստ ազգային կազմի բաժանվում է ֆլամանդացիների (մոտ 5,5 մլն) և վալոնների (մոտ 4 մլն, 1970)։ Ապրում են նաև գերմանացիներ, հրեաներ և այլք։ Պետական լեզուն ֆլամանդերենը և ֆրանսերենն է (վալոնները խոսում են ֆրանսերեն)։ Բնակչության մեծ մասը կաթոլիկ է, պաշտոնական տոմարը՝ Գրիգորյան։ Բնակչության դինամիկային բնորոշ է դանդաղ աճը (1968-ին 1000 բնակչին՝ 2 մարդ)։ Տնտեսական ակտիվ բնակչությունը 3,8 մլն է (1968), քաղաքային բնակչությունը՝ 2/3-ից ավելին։ Մեծ քաղաքներն են Բրյուսելը, Անտվերպենը, Լիեժը, Դենտը, Շառլերուան, Լյովենը, Բրյուգեն։

V․ Պատմական ակնարկ Մ․ թ․ ա․ մոտ 300-ին Բ-ի տերիտորիայում բնակություն են հաստատել բելգերի կելտական ցեղերը (այստեղից էլ՝ երկրի անվանումը)։ Մ․ թ․ ա․ 57-ին Բ․ գրավեց Հուլիոս Կեսարը։ Մ․ թ․ III–V դդ․ Բ-ի տերիտորիան բնակեցրին գերմ․ ցեղերը (ֆրանկներ, ֆրիզներ, սաքսեր)։ V– IX դդ․ Բ․ մտնում էր Ֆրանկական պետության կազմի մեջ։ Ֆեոդալիզմի զարգացման ընթացքում Բ–ի տերիտորիայում առաջացան Ֆլանդրիա, Նամյուր, Գեննեգաու (Էնո) կոմսությունները, Լիեժ եպիսկոպոսությունը, Բրաբանտ դքսությունը։ XII– XIII դդ․ բելգ․ տերիտորիաները, հատկապես Ֆլանդրիան, վերածվեցին Եվրոպայի «արհեստանոցի» և միջազգային առևտրի կարևոր հանգույցի։ Բարգավաճեցին քաղաքները, որոնցից շատերը ձեռք բերեցին ինքնավար իրավունք։ Երկար ժամանակ Բ․ Ֆրանսիայի, Անգլիայի և այսպես կոչված «Սրբազան Հռոմեական կայսրության» մրցակցության ասպարեզ էր։ 1384-ին Ֆլանդրիան, 1430-ին Բրաբանտը մտան Բուրգունդական պետության կազմի մեջ։ Բրաբանտը դարձավ այդ պետության միջուկը, Բրյուսելը՝ բուրգունդական դքսերի նստավայրը։ 1477-ին (վերջնականապես 1482-ին) Բ-ում հաստատվեց Հաբսբուրգների դինաստիան։ «Սրբազան Հռոմեական կայսրության» բաժանումից հետո (1555) Բ․ անցավ Իսպանիային։ Բ–ում կապիտալիստական հարաբերությունները ծնունդ առան շատ վաղ։ XVI դ․ Անտվերպենը դարձավ համաշխարհային առևտրի խոշորագույն կենտրոն։ Սակայն կապիտալիստական հարաբերությունների հետագա զարգացմանը խոչնդոտում էր իսպանական բացարձակ միապետությունը։ Այդ հակասությունները հանգեցրին Նիդերլանդներում (որի բաղկացուցիչ մասն էր կազմում նաև ժամանակակից Բ-ի տերիտորիան) վաղ բուրժ․ հեղափոխության ծավալմանը, որի շնորհիվ անկախություն ստացան միայն Հս․ Նիդերլանդները (Հոլանդական Հանրապետություն)։ Հվ․ Նիդերլանդները (Բ-ի տերիտորիան), մնալով իսպանական տիրապետության տակ, տնտեսական անկում ապրեցին։ Իսպանական ժառանգության համար պատերազմների (1702–14) հետևանքով Իսպանական Նիդերլանդները (Բ․) անցան Ավստրիային (կոչվելով Ավստրիական Նիդերլանդներ)։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությամբ 1789-ի հոկտեմբերին Բրաբանտում բռնկված ապստամբությունը հռչակեց (1790-ի հունվ․ 11) Բ-ի Միացյալ Նահանգների անկախությունը։ Սակայն 1795-ին Բ․ միացվեց Ֆրանսիային։ Նապոլեոնյան կայսրության անկումից հետո, Վիեննայի կոնգրեսի որոշմամբ, բելգ․ նահանգները Հոլանդիայի հետ միավորվեցին միասնական Նիդերլանդական թագավորության մեջ՝ Վիլհելմ I թագավորի գլխավորությամբ։ Նոր պետության մեջ բելգ․ նահանգների տնտ․ և քաղ․ շահերի ոտնահարումը խթանեց բելգ․ բնակչության ազգային–ազատագրական շարժմանը։ Վիլհելմ I-ի կառավարությունը փորձեց բելգ․ բուրժուազիայի ընդդիմադրությունը թուլացնել հովանավորական օրենքներով (1820), որի շնորհիվ բելգ․ արդյունաբերությունն ստացավ արագ զարգացման հնարավորություն և որպես վաճառահանման շուկաներ յուրացրեց հոլանդական գաղութները։ 1820-1830-ին բելգ․ նահանգներում սկսվեց արդ․ հեղաշրջում։ 1830-ի օգոստ․ 25-ին Բրյուսելում սկսված բուրժ․ հեղափոխությունը վերջ դրեց հոլանդական տիրապետությանը։ 1830-ի նոյեմբ․ 10-ին Ազգային կոնգրեսը հռչակեց Բ-ի անկախությունը։ 1830–31-ին Լոնդոնի կոնֆերանսում հինգ մեծ տերությունները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ավստրիա և Պրուսիա) պարտավորվեցին երաշխավորել Բ-ի ինքնիշխանությունն ու չեզոքությունը։ Բ-ի թագավոր հռչակվեց անգլ․ թագուհու ազգական, արքայազն Լեոպոլդ Սաքսեն-Կոբուրգսկին՝ Լեոպոլդ I անունով (1831-1865)։ 1831-ին Ազգային կոնգրեսում ընդունված սահմանադրությամբ երկրում հաստատվեց սահմանադրական միապետություն։ XIX դ․ կեսին Բ․ Եվրոպայի զարգացած արդյունաբերական երկրներից էր։ 1860-ական թթ․ Բ-ում նկատվում էր տնտ․ բուռն վերելք, որով ավարտվեց արդ․ հեղաշրջումը։

Սկսած XIX դ․ 70-ական թթ․ Բ-ի կառավարող շրջանները Լեոպոլդ 11-ի (1865- 1909) գլխավորությամբ մասնակցեցին Աֆրիկայի գաղութային բաժանմանը։ 1884- 1885-ի Բեռլինի կոնֆերանսը ճանաչեց Բ-ի հատուկ շահերը «Կոնգո ազատ պետությունում» (1908-ից՝ Բ-ի գաղութը)։ XX դ․ սկզբներին Բ․ փոքր իմպերիալիստական երկիր էր՝ գաղութային ընդարձակ տիրապետություններով։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Գերմանիան խախտեց Բ-ի չեզոքությունը և օկուպացրեց երկիրը (մինչև 1918-ը)։ Բելգ․ կառավարությունը փախավ Հավր (Ֆրանսիա)։ Այդ նույն ժամանակ բելգ․ զորքերը անգլ․ և ֆրանս․ զորամասերի հետ միասին մասնակցում էին Գերմանիայի աֆրիկյան