Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցիկ դիտարկումներին, Զ․ էնսորի և գրաֆիկ ժ․ դե Բրյոյկերի գրոտեսկային ֆանտաստիկային, է․ Լարմանսի, Լ․ Ֆրեդերիկի, Ֆ․ Ռոպսի և հատկապես «լատեմի դպրոցի» վարպետների (Վ․ դե Սեդելեր, Գ․ վան դե Վուստեյնե) միստիկ սիմվոլիկային U հոռետեսությանը։ XX դ․ բելգ․ արվեստում մեծ տեղ են գրավել ձևական որոնումները (Գ․ դե Սմեթ, Յա․ Բրյուսելմանս, Ա․ Սավերեյս), սյուրռեալիզմը (Պ․ Դելվո,Ռ․ Մագրիտ), վերացական արվեստը։ Ազգային ավանդույթների սուբյեկտիվ վերաիմաստավորումը արտահայտվել է Կ․ Պերմեկեի նկարներում, Ռ․ Վաուտերսի քանդակներում, պրիմիտիվիստ Է․ Տեյտգատի գործերում։ Կերպարների ռեալիստական օբյեկտիվությունը հատուկ է Ի․ Օպսոմերի դիմանկարներին և Շ․ Լեպլեի քանդակներին։ Ռեալիզմի սկզբունքները մարմնավորվել են Ֆ․ Մազերելի ստեղծագործության մեջ, Կ․ Պեյզերի, Պ․ Պոլյուսի, Ռ․ Սոմվիլի կտավներում։ XX դ․ դեկորատիվ արվեստում առանձնանում են «Նոր արվեստ» խմբի (Հ․ վան դե Վելդե, Վ․ Օրտա) ստեղծած «մոդեռն» ոճի առարկաները, խեցեղեն քանդակները (Պ․ Կայ), Բ–ի ժողովրդի կյանքն ու պայքարը պատկերող գորգերը (Ռ․ Սոմվիլ, է․ Դյուբրենֆո, Լ․ Դելտուր)։

XIV․ Երաժշտությունը

Բ–ի երաժշտությունը կազմավորվել է ֆլամանդացիների և վալլոնների երաժշտական ավանդույթների հիման վրա։ Բելգիական երաժշտության զարգացման ընդհանուր հիմքը այսպես կոչված ֆրանկո–ֆլամանդական XV–XVI դդ․ նիդերլանդական դպրոցն է (խոշորագույն ներկայացուցիչներն են՝ Յա․ Օբրեխաը, Ա․ Վիլլարտը, ժոսքեն Դեպրեն և Օռլանդո Լասսոն), որի պոլիֆոնիկ արվեստը^ ձևավորվելով Վերածննդի դարաշրջանում, մեծապես ազդել է Արևմտյան Եվրոպայի կոմպոզիտորական դպրոցների վրա։ Բելգ․ երաժշտության ազգային ինքնատիպությունը որոշակի դարձավ անկախ պետություն Բ–ի կազմավորումից հետո (1830) Հին ավանդույթներ ունեցող օրատորիայի և կանտատի ժանրի, ինչպես և պաշտամունքային երաժշտության այլ ժանրերի զարգացման ազդակը եղել է խմբերգային արվեստը, որ շատ վաղուց տարածված էր Բ–ում։ XIX–XX դդ․ սահմանագլխին կազմավորվել է ազգային վոկալ դպրոցը (երգիչներ՝ Է․ Դեյք, Է․ Բլաուվարտ, երգչուհի՝ Վ․ Բովի)։ Առավել զարգացել է գործիքային, հատկապես ջութակի կոնցերտը (Շ․ Բերիո, Ա․ Վիյոտան, է․ Իգայի, Յու․ Լեոնար, Պ․ Մարսիկ, Ս․ Թոմսոն)։ Նշանավոր վիրտուոզներ է տվել նաև բելգ․ թավջութակի դպրոցը (Ֆ․ Սերվե, Ա․ Բատտա, Ֆ․ Դեմունկ)։ XX դ․ Բ–ի երաժշտություն են ներթափանցել իմպրեսիոնիզմը և ավանգարդիստական տարբեր հոսանքներ (ատոնալ, սերիական երաժըշտություն ևն)։ ժամանակակից խոշոր երաժիշտներից են կոմպոզիտորներ՝ ժ․ Աբսիլը, Ռ․ Դեֆոսեն, Ֆ․ Կինեն, Ա․ Սուրին, Մ․ Պոտը, դիրիժորներ՝ Ֆ․ Անդրեն, Դ․ Դեֆոն, ջութակահարներ՝ Ա․ Դրյումիոն, Կ․ վան Նեստեն։ Կոնսերվատորիաներ կան Բրյուսելում, Լիեժում, Գենտում, Անտվերպենում և Մոնսում (երաժշտագիտության ինստ․), քաղաքային երաժշտ․ ակադեմիաներ՝ Տուրնեում, Շառլերուայում, եկեղեցական երաժշտ․ ինստ․՝ Մեխելենում (Մալին)։ Երաժշտ․ խոշորագույն կենտրոնը Բրյուսելն է, ուր բացի Դը լա Մոննե օպերային թատրոնից կան համերգային ընկերություններ, սիմֆ․ նվագախմբեր․ 3 տարին մեկ կազմակերպվում են Ելիզավետա թագուհու անվ․ դաշնակահարների և ջութակահարների մրցույթներ։ Օպերային թատրոններ կան նաև Անտվերպենում (հիմն․ 1893-ին) ու Գենտում (հիմն․ 1900-ին)։

XV․ Բալետը

1705-ին Դը լա Մոննե թատրոնում կազմակերպվել է առաջին բալետային խումբը․ բեմադրվել են ժ․ Բ․ Լյուլիի, Ա․ Ռետուշի օպերա–բալետները։ 1819–31-ին Ժ․ Պետիպան բելգ․ կոմպոզիտորների երաժշտությամբ բեմադրել է 15 ներկայացում։ 1830–90-ին Բրյուսելում բեմադրություններ են տվել Բարտոլոմենը, Անիելը, Դեպլասը, Հյուսը, Լ․ Պետիպան, Ֆ․ Հանսենը, Պուանյին, Լաֆֆոնը և Զ․ Աարակկոն։ Հանդես են եկել եվրոպական հայտնի պարուհիներ Մ․ Տալիոնին, Ֆ․ էլսլերը և ուրիշներ։ XIX դ․ վերջին թատրոնի խաղացանկում տեղ են գտել է․ Մատիեի և բելգ․ հայտնի կոմպոզիտորներ Յա․ Բլոկսի, Ֆ․ Ֆլոնի ու Լ․ Դյուբուայի բալետները։ XX դ․ սկզբին բեմադրվել են Վ․ դ’Էնդիի, Դ․ Լովերինսի բալետները։ 1960-ից Դը լա Մոննե թատրոնում պայմանագրով աշխատում է «XX դարի բալետը» խումբը, որ կազմակերպել է ֆրանս․ բալետմայստեր Մ․ Բեժարը։ Նրա ներկայացումներից են՝ Ի․ Ֆ․ Ատրավինսկու երաժշտությամբ՝ բալետների երեկո (I960), «էմոնի չորս որդիները» (1960), Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի երաժշտությամբ՝ «Խնդության ձոն» (1964), Հ․ Բեռլիոզի երաժշտությամբ՝ «Ռոմեո և Ջուլիետ» (1966), հնդկական երաժշտությամբ՝ «Բախտի» (1968)։

XVI Թատրոնը

Բելգ․ անկախ պետության կազմավորումից հետո (1830) թատրոններ են բացվել Դենտում (1847), Անտվերպենում («Ազգային թատրոն», 1853), Բրյուսելում («Ազգային բեմ», 1883, «Ֆլամանդական թատրոն», 1864, 1895-ից՝ «Ֆլամանդական թագավորական թատրոն»)։ XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի բելգ․ թատրոնի զարգացման վրա մեծ ազդեցություն են գործել սիմվոլիստ դրամատուրգներ Մ․ Մետեռլինկի, Շ․ վան Լեբերգի, Ժ․ Ռոդենբախի, Մ․ Դյուտերմի երկերը։ XIX դ․ 90-ական թթ․ բանվորական շարժման վերելքի տարիներին երևան է եկել Է․ Վերհառնի «Արշալույսներ» առաջին սոցիալական դրաման։ XX դ․ 20–30-ական թթ․ բելգ․ դրամատուրգիայի խոշոր դեմքերից են Դ․ վան Զիպը, Շ․ Սպաակը, Մ․ դը Դելդերոդը, Ֆ․ Կրոմելինկը (ֆրանս․ լեզվով), Հ․ Տեյրլինկը, Դ․ Մարտենսը (ֆլամ․ լեզվով)։ Հին թատրոններից բացի (Բրյոաելում՝ «Դյու պարկ», «Դը Դալերի», Անտվերպենում՝ «Ազգային թագավորական թատրոն», «Նիդերլւսնդական կամերային թատրոն») գործում են «Լը Ռիդո»-ն (հիմն․ 1942–43), «Դը լա Բուրս»-ը (հիմն․ 1948) Բրյոաելում, պետական թատերախումբը Գենտում։ Բեմադրվում են Հ․ Հենսենի, Հ․ Կլաուսի, ժ․ Պ․ Աարտրի, Բ․ Բրեխտի, Ա․ Միլլերի, Պ․ Վայս ի, Է․ Օլբիի և ուրիշների պիեսները։ Թատերական կադրեր են կրթում Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան, ֆլամանդական թագավորական կոնսերվատորիայի դրամատիկ արվեստի դպրոցը։ XVII․ Կինոն

1908-ին Հարեվելդեում կազմակերպվել է առաջին կինոստուդիան։ 1919-ին ստեղծվել է «Բելգիական կինոկոմպանիան», իսկ 1922-ին՝ «Բելգիական ֆիլմ» կինոստուդիան։ Ստեղծվել են գեղ․ բարձր որակի ֆիլմեր՝ «Մաքսանենգների խնջույքը» (1952, ռեժ․ Ա․ Ստորկ), «Որորները մեռնում են նավահանգստում» (1955, ռեժ․ Ռ․ Կյոյպերս, Ի․ Միխիլս, Ռ․ Վերհավերտ), «Սափրված գլխով մարդը» (1966, ռեժ․ Ա․ Դելվիո), «Հրաժեշտ» (1966, ռեժ․ Ռ․ Վերհավերտ), «Երկար բացատրություն» (1968, ռեժ․ է․ Դեժելեն)։

XVIII․ Հայերը Բելգիայում

Բ–ում հաստատված առաջին հայերի մասին տեղեկությունները վերաբերում են XI դ․ սկզբներին։ XIV դ․ միջազգային առևտրի խոշոր կենտրոն Բրյուժ քաղաքում սկսել են երևալ հայ վաճառականներ, որոնք բերել են գորգեր, բամբակ, ներկ, համեմունք և այլ ապրանքներ։ Երբ Բրյուժը կորցնում է առևտրական նշանակությունը (XV դ․), սկսում է նվազել նաև հայերի թիվը։ XIX դ․ վերջերին հայեր կային միայն Բրյուսելում և Անտվերպենում, որոնք զբաղվում էին ադամանդի և ծխախոտի առևտրով։ Հայերի թիվը սկսում է ավելանալ ի հաշիվ ուսանողների (Գենտի համալսարանն է ավարտել Դ․ Վարուժանը, որի անունը գրված է համալսարանն ավարտած նշանավոր մարդկանց ցանկում)։ 1920-ին Բ․ են եկել ավելի քան 1000 հայ գաղթականներ։ Այդ տարիներին Բրյուսելում գործել է Հայ–բելգիական ընկերությունը (մասնաճյուղեր է ունեցել երկրի տարբեր քաղաքներում), որը բողոքի ցույցեր է կազմակերպել ընդդեմ թուրք, գազանությունների։ 1975-ին Բ–ում հաշվվում էր շուրջ 800 հայ։ Համայնքն ունի ներքին կառավարման կանոնադրություն, պատգամավորական ժողով (30 անդամից բաղկացած․ 25-ը՝ Բրյոաելից, 5-ը՝ Անտվերպենից), որն ընտրում է գործադիր մարմին՝ «Բելգիայի հայ գաղութային վարչությունը» (պաշտոնապես ճանաչված է բելգիական կառավարության կողմից)։ Դործում է ՀԲԸՄ մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1910-ին։ 1920–49-ին Բրյոաելում գործել է հայկ․ ակումբ։ 1965-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից Բրյուսել սովորելու եկած հայ ուսանողները հիմնադրել են «Հայ ուսանողների ընկերությունը» (նման միություն ստեղծելու փորձ արվել է դեռևս 1907-ին), որը որոշ աշխուժություն է առաջացրել համայնքում։ 1931-ից Բրյուսելի համալսարանին կից ստեղծվել է հայագիտական ամբիոն, որի ղեկավարը մինչև մահը (1942) եղել է պրոֆ․ Ն․ Ադոնցը։ Բելգիահայերը կապ են պահպանում Սովետական Հայաստանի հետ, ստանում գրականություն, մամուլ, երաժշտական և ցուցադրական նյութեր։