Ասիա տանող ճանապարհի առևտրական կարևոր հանգուցակետը։ XIII դ․ քաղաքը գրավել են մոնղոլ–թաթարները։ XIV դ․ տիրել են ջենովացիները, XV դ․ անցել է Մոլդովային։ 1484-ին քաղաքը գրավել են օսմանյան թուրքերը՝ վերանվանելով Աքքերման։ 1812-ի Բուխարեստի հաշտության պայմանագրով անցել է Ռուսաստանին։ 1918-ին քաղաքը օկուպացվել է Ռումինիայի կողմից, 1940-ին վերադարձվել ՍՍՀՄ-ին։ Տես նաև Աքքերման։
ԲԵԼԳՈՐՈԴԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմվել է 1954-ի հունվ․ 6-ին։ Տարածությունը 27,1 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 1257 հզ․ (1974)։ Ունի 18 շրջան, 9 քաղաք և 11 քտա։ Կենտրոնը՝ Բելգորոդ։
Բնությունը։ Բ․ մ․ գտնվում է Միջին ռուսական բարձրության հվ–արմ․ լանջերին։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը արմ–ում-8,1°C է, արլ-ում՝-8,7°C, հուլիսինը՝ 19,6°C-ից 21,0°C։ Տեղումները 450–500 մմ են։ Տիրապետում են սևահողերը և մոխրագույն անտառային հողերը։ Անտառները գրավում են տարածքի 9%-ը։
Բնակչությունը։ Հիմնական բնակիչները ռուսներ են։ Ապրում են նաև ուկրաինացիներ։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 46,5 մարդ է (1970), քաղաքային բնակչությունը՝ 35%։ Քաղաքներն են Բելգորոդը, Ստարի Օսկոլը, Գուբկինը։
Տնտեսությունը։ Բ․ մ․ լեռնահանքային արդյունաբերության, մեքենաշինության և մետաղամշակման, շինանյութերի արտադրության, սննդի արդյունաբերության և զարգացած գյուղատնտեսության շրջան է: Նրա շրջագծի մեջ է Կոնյակի մագնիսական անոմալիայի հիմնական մասը։ Կան կավճի խոշոր հանքավայրեր։ Բ․ մ․ ունի 284 կոլտնտեսություն և 32 սովետական տնտեսություն։ Աճեցվում են գարի, ցորեն, տարեկան, հնդկացորեն, եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ ևն։ Զարգացած է կաթնամսատու անասնապահությունը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը։ Երկաթուղիների երկարությունը 711 կմ է (1968)։ Բ․ մ–ով է անցնում Մոսկվա-Սիմֆերոպոլ խճուղին։
Առողջապահությունը։ Բ․ մ–ում աշխատում է 2200 բժիշկ, կա 11,5 հզ․ հիվանդանոցային մահճակալ (1970)։
Ժողովրդական կրթությունը։ 1969/70 ուս․ տարում 1470 դպրոցներում սովորում էր 247,5 հզ․ աշակերտ, 27 արհեստագործական ուսումնարաններում՝ 10,3 հզ․, 21 միջնակարգ մասնագիտական հաստատություններում՝ 20,5 հզ․ ուսանող։ Ունի մանկավարժական ինստ․։ Գործում են 724 գրադարան, 1137 ակումբ, դրամատիկական և տիկնիկային թատրոն, 1327 կինոթատրոն, 3 թանգարան (1970)։
ԲԵԼԳՐԱԴ, Բ ե ո գ ր ա դ (Beograd), Հարավսլավիայի (ՀՍՖՀ) և Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը։ Տարածությունը 182,5 կմ2 է, 1250 հզ․ բն․ (1973)։ Գտնվում է Դանուբ գետի աջ ափին, Սավայի գետաբերանում։ 1960-ական թթ․ Սավա գետի ձախ ափին սկսեց կառուցապատվել Նոր Բելգրադի համալիրը։ Բ-ում հատվում են Արևմտյան Եվրոպայից դեպի Բալկաններ, Մերձավոր ու Միջին Արևելք տանող գետային ու ցամաքային կարևոր ուղիները։ Կլիման բարեխառն է, ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը -0,2°C է, հուլիսինը՝ 22,2°C, տարեկան տեղումները՝ 634 մմ։
Պատմական տեղեկանք։ Հին շրջանում Բ–ի տերիտորիան եղել է կելտերի բնակավայր։ Սերբական անունով Բ․ առաջին անգամ հիշատակվում է IX դ․։ IX-X դդ․ Բ-ին տիրում էին բուլղարները, XI-XII դդ․ գտնվում էր Բյուզանդիայի, ապա՝ բուլղարների հունգարների, սերբերի իշխանության տակ։ 1521-ին Բ․ գրավեցին թուրքերը։ 1806-ին ազատագրվեց և դարձավ սերբական իշխանության (1882-ից՝ թագավորություն) մայրաքաղաքը։ 1813-1830-ին գտնվում էր թուրքերի իշխանության տակ, որոնք մինչև 1867-ը իրենց ձեռքում էին պահում քաղաքի կենտրոնում գտնվող ամրոցը։ 1918-ի դեկտ․ 1-ին Բ․ դարձավ Սերբերի, հորվաթների և սլովենների թագավորության (1929-ից՝ Հարավսլավիա) մայրաքաղաքը։ 1941-ի ապրիլի 13-ին այն զավթեց ֆաշիստական Գերմանիան։ Ազատագրվեց 1944-ի հոկտ․ 20-ին, սովետական բանակի և Հարավսլավիայի ժողովրդա–ազատագրական բանակի ուժերով։ 1945-ի նոյեմբերին Բ․ հռչակվեց ՀԺՖՀ–ի (1963-ից՝ ՀԱՖՀ) մայրաքաղաք։ Բ․ ՀՍՖՀ պետական, վարչա–քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային խոշոր կենտրոնն է։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մետաղամշակությունն ու մեքենաշինությունը (ավտոմոբիլաշինություն, գյուղատնտ․ մեքենաշինություն, ինքնաթիռաշինություն, էլեկտրատեխնիկական մեքենաշինություն), քիմ․, թեթև ու սննդի արդյունաբերությունը, պոլիգրաֆիան։
Ճարտարապետությունը։ Բ–ի պատմական հենքն են կազմում Սավա գետի աջ, բլրոտ ափի Վերին և Ներքին ամրոցները (քարի դարի, հռոմեական և միջնադարյան պատերի մնացորդներ, ամրություններ և XVIII դ․ աշտարակներ Կալեմեգդան զբոսայգում)։ XVII–XIX դդ․ կառույցներից են Բայրաքլի–Ջամիա մզկիթը (մոտ 1690), Գոսիթեյ Օբրադովիչի լիցեյը (XVIII դ․ կես), իշխան Լյուբիցի տունը (1829–36)։ Կանոնավոր հատակագծումը և կենտրոնի կառուցապատումը կատարվել է հիմնականում XIX դ․ 2-րդ կեսից մինչև XX դ․ սկիզբը (էկլեկտիկ ոճով կառուցված ժողովրդական թատրոնը, Հին պալատը, Տերազիե հրապարակի անսամբլը, զբոսայգիներ)։ 1945-ից հետո կառուցապատվել է կենտրոնը (Մարքսի և Էնգելսի հրապարակը), կառուցվել են մարզական և առևտրական համալիրներ, Բելգրադի արդ․ տոնավաճառի շենքերը։ Բ–ից 20 կմ հեռու, Ավալա լեռան վրա են Անհայտ զինվորի (1934–38, քանդակագործ՝ Ի․ Մեշտրովիչ) և սովետական հերոսների (1964-ին օդային աղետից զոհված սովետական զինվորական պատվիրակության անդամներին նվիրված, 1965, քանդակագործ՝ 6․ Կրատոխվիլ) հուշարձանները։ Բ–ում են գտնվում Սերբիայի ԳԱ, համալսարանը (1863-ից), պատմության, ազգագրության և արվեստի մի քանի թանգարաններ։