Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փ, ք, թ, ց, չ, իսկ պ, կ, տ, ծ, ճ խուլերը, ընդհակառակն, ձայնեղանում ու հնչում են իբրև բ, գ, դ, ձ, ջ։ Ունի 6 հոլով՝ ուղղական, սեռական, արական, հայցական, բացառական, գործիական։ Անձի առումով հայցականը ձևով նման է ուղղականին (բացառությամբ դերանունների, որ երբեմն ստանում են զ նախդիրը), սեռականը՝ արականին, բացառականը կազմվում է է(ն) մասնիկով (քաղաքէն = քաղաքից, քաղաքներէն = քաղաքներից), ներգոյականի համար գործածվում է սեռականը՝ մէջ կապով (քաղաքին մէջ = քաղաքում)։

Հոլովումներն են ի [ջուր–ջուրի (ն)], ու [ժամ–ժամու (ն)], ան (մանուկ–մանկան), եան (ճշմարտութիւն–ճշմարտութեան), ոջ (քոյր–քրոջ), օր (հայր–հօր), ուան (օր–օրուան)․ կան նաև գրաբարաձև և այլաձև հոլովումներ (համեմատական՝ թշնամի–թշնամւոյ, մարդիկ–մարդոց)։ Գոյականների հոգնակին կազմվում է եր (միավանկ և մեկուկես վանկանի բառերի համար), ներ (բազմավանկ բառերի համար) մասնիկներով ևընդհանրապես հոլովվում է ու հոլովմամբ (ծովեր–ծովերու, կիներ–կիներու, անուրջներ–անուրջներու և այլն)։ Բոլոր հոլովները որոշիչ հոդ են ստանում։ Անորոշհոդ է մը, որ դրվում է գոյականից հետո և ձայնավորից առաջ դառնում է մ’, մըն (համեմատական՝ էրիկ մը, երգ մը, օր մ’ալ, խուրձ մըն է)։ Դերանունների մեջ նկատելի են՝ դուն, ինծի, քեզի, մեզի, ձեզի, աս, ատ, ան դու, ինձ, քեզ, մեզ, ձեզ, այս, այդ, այն ձևերի փոխարեն։ Սովորական են ստացականի նիս, նիդ, նին մասնիկավոր ձևերը (երեսնիս, տուներնիս, երեսնիդ, տուներնիդ, երեսնին, տուներնին)։ Խոնարհումները 4 են՝ ել (սիրել, տեսնել), իլ (խօսիլ, փախչիլ), ալ (երթալ, մոռնալ), ուլ (զբօսնուլ, թողուլ)։ Սահմանական եղանակի ներկան ու անցյալի անկատարը կազմվում են կը եղանակիչով (կը գրեմ–կը գրէի, կը գրենք–կը գրէինք), որ միավանկ բայերից առաջ գործածվում է կու ձևով (կուգամ, կուտամ, կուլամ)։ Ունի 5 դերբայաձև՝ անորոշ (զրել, փայլիլ, խնդալ), ապառնի (գրելու, փայլելու, խնդալու), վաղակատար (գրեր, փայլեր, խնդացեր), հարակատար (գրած, փայլած, խնդացած), ենթակայական (գրող, փայլող, խնդացող)։ Բայը ունի 3 եղանակ՝ սահմանական, հրամայական և ստորադասական (իմա ըղձական)։ Ապառնին կազմվում է պիտի եղանակիչով (պիտի գրեմ = գրելու եմ, պիտի գրէի = գրելու էի), ել, իլ խոնարհման բայերի հրամայական եղանակի եզակին՝ է վերջավորությամբ (սիրէ, խօսէ), անցյալ կատարյալը որոշ դեպքերում պահպանում է գրաբարյան խոնարհման ձևերը (օրինակ, հասկցուցի, հասկցուցիր, հասկցուց, հասկցուցինք, հասկցուցիք, հասկցուցին, խօսեցայ, խօսեցար, խօսեցալ, խօսեցանք, խօսեցաք, խօսեցան)։ Սահմանական եղանակի ներկայի և անցյալ անկատարի ժխտական խոնարհումը կազմվում է յուրահատուկ ձևով (չեմ գրեր = չեմ գրում, չենք գրեր = չենք գրում, չէի գրեր = չէի գրում, չէինք գրեր = չէինք գրում և այլն), երկրորդական բաղադրյալ ժամանակներն արտահայտվում են խոնարհված բայով կամ դերբայով և ըլլալ՝ լինել բայի դիմավոր ձևերով (կը գրեմ եղեր, կը գրենք եղեր, պիտի գրեմ եղեր, գրած կ’ըլլամ, գրած կ’ըլլանք և այլն)։ Արևելահայ գրական լեզվի համեմատությամբ, արևմտահայ գրական լեզու երևան է հանում նաև բառապաշարային տարբերություններ, գործածում է իրեն հատուկ բառեր (օրինակ, աղջնակ, աղւոր, ճանչւոր, քով և այլն), մի շարք բառերում սղվում է ա ձայնավորը (մատնի < մատանի, կատղիլ < կատաղել), կյանքի կոչում ոչ գործածելի գրաբարյան շատ բառեր (օրինակ, ազազուն, ցփսի և այլն), նախընտրում է թարգմանել փոխառյալ բառերը (օրինակ, ինքնաշարժ = ավտոմեքենա, փապուղի = թունել, կաճառ = ակադեմիա և այլն)։

Արտասահմանում արևմտահայ գրական լեզվի համար պահպանվում ու կիրառվում է հայերենի գրաբարյան–ավանդական ուղղագրությունը։ Մեծ եղեռնից հետո արևմտահայ գրական լեզուն զրկվել է զարգացման պատմական բարենպաստ պայմաններից։ Տես նաև Աշխարհաբար։

Գրկ․ Այտընյան Ա․, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Վնն․, 1866։ Գազանճյան Հ․, Նոր քերականություն արդի հայերեն լեզվի, ԿՊ, 1925։ Պողոսյան Ե․, Քերականություն աշխարհաբար լեզվի, մաս 1-2, Պլովդիվ, 1935-36։ Աճառյան Հ․, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե․, 1951։ Նույնի, Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների, հ․ 1-6, Ե․, 1952-71։ Ջահուկյան Գ․, Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Ե․, 1969։ Աճեմյան Վ․ Լ․, Գրական արևմտահայերենի ձևավորումը, Ե․, 1971։ Ա․ Մարգարյան, Վ․ Աճեմյան

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ, տես Արևմտահայ գրական լեզու։


ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՐՄԱՐՆԵՐ (1917, 1919)։ Առաջին համագումարը գումարվել է Երևանում, 1917-ի մայիսի 2-11-ին։ Մասնակցել է 80 պատգամավոր։ Համագումարը բացեց Անդրանիկը (որպես պատվավոր նախագահ)։ Քննարկվեցին գաղթականությանը օգնելու, հայրենադարձության, որբերի, արևմտահայերի և արևելահայերի համագործակցության հարցերը։ Ընտրվեց Կենտրոնական խորհուրդ (15 անդամ և 10 փոխանդամ), որին կից գործելու էին հանձնաժողովներ (կրթական, որբախնամ, պարենավորման, իրավական, օգնության, աշխատանքի և այլն)։ Կենտրոնական խորհուրդը ընտրեց գործադիր մարմին՝ բյուրո, որը պետք է ղեկավարեր հանձնաժողովների աշխատանքները։ Բյուրոյի մասնաժողովներ ստեղծվեցին տարբեր վայրերում։ Երկրորդ համագումարը գումարվել է Երևանում, 1919-ի փետրվարի 6-13 (19-26)-ին։ Մասնակցել է 55 պատգամավոր։ Քննարկվեցին արևմտահայ գաղթականության քաղաքական նպատակների ձևակերպման, ներգաղթի կազմակերպման, գաղթականության ներկայացուցչական մարմնի ընտրության և այլ հարցեր։ Համագումարի օրերին հայկական շրջանակներում դեռևս ուժեղ էր հավատը հանդեպ Անտանտի պետությունները, որոնք խոստացել էին արևմտահայերին ազատել թուրքական լծից։ Համագումարը որոշեց հարց հարուցել Փարիզի հաշտության կոնֆերանսի առջև՝ Արևմտյան Հայաստանից և Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի բուրժուական հանրապետությունից ստեղծելու մեկ միացյալ հայկական պետություն։ Որոշվեց նաև մինչ այդ հարցի լուծումը մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած աշխատանքներին, խնդրել Անդրկովկասում գտնվող դաշնակից զորքերի հրամանատարությանը օգնելու գաղթականներին և դաշնակիցների օգնությամբ կազմակերպելու նրանց վերադարձը Արևմտյան Հայաստան։ Արևմտահայերի գործերը վարելու համար ընտրվեց գործադիր մարմին։

Գրկ․ Համառոտ տեղեկագիր արևմտահայ երկրորդ համագումարի և կազմակերպիչ կոմիտեի հաշիվը, Թ․, 1919։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 7, Ե․, 1967։ Հ․ Էլչիբեկյան


ԱՐԵՎՄՏԱ–ՊՈՆՏԱԿԱՆ ԼԵՌՆԵՐ, լեռնային համակարգ Փոքր Ասիա թերակղզու հյուսիսում (Թուրքիա)։ Ձգվում է Սև ծովի հարավային ափով, Սակարիա և Կզըլ–Իրմակ գետերի միջև։ Երկարությունը մոտ 400 կմ է, բարձրությունը՝ մինչև 2600 մ (Դելիթեփա լեռ)։ Կազմված է պալեոզոյի մետամորֆային կրաքարերից և թերթաքարերից, որոնք ծածկված են կավճի և պալեոգենի նստվածքային ապարներով։ Գոգհովիտներում տարածված են նեոգենի գիպսատար կավերը և անթրոպոգենի լճա–գետային նստվածքները։ Կան քար ածխի հանքեր (Զոնզուլդակի հանքավայր)։ Արևմտա–Պոնտական լեռների երկայնակի խզումնային գոգհովիտներով տրոհված է երկշարք (տեղ–տեղ եռաշարք) շղթաների։ Դեպի Սև ծովն ուղղված լանջերը միաթեք սարավանդներ և ճյուղավորված ցածրադիր լեռնաշղթաներ են, որոնք վերջանում են խզումնային կառուցվածքի ծովափնյա դարավանդներով։ Կլիման անցողիկ է՝ սև ծովայինից միջերկրածովայինին։ Տարեկան տեղումները՝ 1000-2000 մմ։ Հյուսիսահայաց լանջերի ստորին գոտին (300-500 մ բարձրությամբ) ծածկված է կաղնու անտառներով և մակվիսով, մինչև 1200 մ՝ միջերկրածովային սաղարթավոր ծառատեսակներով, 1200-1900 մ՝ եղևնու և եղևենու անտառներով, մերձգագաթնային շրջանները՝մարգագետիններով։ Հարավային լանջերը չորայինեն, ֆրիգանային և լեռնատափաստանային բուսածածկույթով։ Գոգավորություններում և հարթավայրերում զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, մշակում են եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ և այլն։ Ս․ Բալյան


ԱՐԵՎՄՏԱ–ՍԻԲԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐ, Արևմտա–Սիբիրական դաշտավայր, Երկրագնդի ամենաընդարձակ կուտակումային հարթավայրերից մեկը։ Տարածվում է Ուրալյան լեռներից մինչև Միջին Սիբիրական բարձրավանդակը և Կարայի ծովից մինչև Ղազախական մանրաբլուրներն ու Ալթայը։ Տարածությունը ավելի քան 2, 6 մլն․ կմ² է, երկարությունը՝մոտ 2500 կմ, լայնությունը՝ 1000-1900 կմ, բարձրությունը՝ 50-300 մ։ Կազմված է մեզոզոյան ու կայնոզոյան հասակի ավազի ու կավի հզոր շերտերից, որոնց հիմքում պալեոզոյան հին ապարներ են։ Մակերևույթը միապաղաղ է, համարյա հորիզոնական, թույլ ցամաքուրդված։ Կտրտված է լայն ու ոչ խոր գետահովիտներով։ Միջգետային տարածություններ–