Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մշակման խորությունը, կինեմատոգրաֆիական վառ արտահայտչականությունը, կինոպատումի մոնումենտալ ոճը։ Այդ ոճով են ստեղծվել «Զանգեզուր»-ը (1938, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1941), «Դավիթ Բեկ»-ը (1944): Նկարահանել է հետաքրքիր փաստագրական կինոնկարներ՝ «Երկրաշարժը Լենինականում» (1927), «Երկիր Նաիրի» (1930), «Սովետական Հայաստան» (1948, ռեժ. Լ. Իսահակյանի և է. Քարամյանի հետ): Բ-ի ստեղծագործությունը սերտորեն կապված է սովետական եղբայրական ժողովուրդների կինեմատոգրաֆիային, բացի վրացականից, նա նկարահանել է ադրբեջանական՝ «Սևիլ» (1929, ըստ Ջաբարլիի նույնանուն պիեսի), «Սաբուհի» (1941), ուզբեկական՝ «Բնակարանամուտի խնջույք» (1954), տաջիկական՝ «Նասրեդդինը Խոջենթում» (1959, ռեժ. է. Քարամյանի հետ) կինոնկարները։ Իր անմիջական մասնակցությամբ ստեղծված «Վոստոկկինո» ստուդիայում բեմադրել է նանայական «Իզդենբու» (1930), չեչենական «Շքանշանով մարդը» (1931) գեղարվեստական, ինչպես և փաստագրական «Գոլդերի երկիրը» կինոնկարները։ Գրել է կինոնկարների սցենարներ։ 1966-ից <Հայֆիլմ> կինոստուդիան կոչվում է Բ-ի անունով։ Պարգևատրվել է երեք շքանշանով։

Երկ. Записки актера и кинорежиссера, М., 1965. (հայերեն թրգմ., Ե., 1968):

Գրկ. Հայկական կինոարվեստը (հոդվածների ժող.), գիրք 1-2. Ե., 1958 60: Դզնունի Դ. Մ., Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության, Ե., 1961: Дудучава А., Проблемы национальной кинематографии, Тб., 1933; Аршаруни А. М., Вельтман С. Л., «Пепо». О фильме, М., 1935; Его же, А. Бек-Назаров, М.-Л., 1937; Смирнова Е., Расцвет советского немого кино (1926 1930), М., 1960; Кинематография Армении, М., 1962; Ризаев С., Армянская художественная кинематография, Е., 1963; Калантар К., Амо Бек-Назаров, Е., 1973. Ս Ռիզաև

ԲԵԿ-ՆԱԶԱՐՅԱՆ Սարգիս (ծն. թ. անհտ. 1894), հայ հասարակական գործիչ, մանկավարժ։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ Գերմանիայում։ 1870-ին ավարտել է Շվեյցարիայի բարձրագույն մանկավարժական սեմինարիան։ Աշխատել է որպես ուսուցիչ ու տեսուչ Ալեքսանդրապոլի և Երևանի թեմական, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում։ Աշխատակցել է «Վարժարան» մանկավարժական ամսագրին։ Գրել է «Համառոտ քրիստոնեական վարդապետություն ըստ դավանության հայոց առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցվո» (1892) դասագիրքը։ Հ Ներսիսյան

ԲԵԿՈՆ (Bacon) Ռոջեր (մոտ 1214, Իլչեստեր մոտ 1292, Օքսֆորդ), անգլիացի փիլիսոփա, բնագետ։ Սովորել և դասախոսել է Օքսֆորդի համալսարանում։ Առաջ է քաշել տարրերի որակական տարբերության և դրանց համակցությունից կոնկրետ առարկաների կազմավորման գաղափարը։ Մերժել է ատոմների և դատարկության անբաժանելիության մասին ատոմիստական ուսմունքը։ Քննադատելով սխոլաստներին՝ ճանաչողության հիմքն է համարել փորձը։ Բ-ի կարծիքով, փիլիսոփայությունը պետք է հենվի փորձի վրա, սակայն չհակադրվի կրոնական դոգմաներին։ Գիտության մեջ եղել է նորարար, առաջ է քաշել գիտության նոր ըմբռնում, ըստ որի գիտությունը ուժ է։ Նա մեծ նշանակություն է ավել մաթեմատիկային, առանց որի, նրա կարծիքով, չի կարող գոյություն ունենալ և ոչ մի գիտություն։ Զբաղվել է օպտիկայով, աստղաբաշխությամբ, ալքիմիայով, ֆիզիկայով։ Մշակել է ուտոպիական դասային հանրապետության նախագիծ, ըստ որի իշխանություն ստեղծելու եղանակը ժողովրդական հանրաքվեն է։

ԲԵԿՈՆ Bacon Ֆրենսիս 22.1.1561 Լոնդոն 9.4.1626 Լոնդոն անգլիացի փիլիսոփա, անգլիական մատերիալիզմի նախահայրը։ 1584-ին ընտրվել է պառլամենտի անդամ, 1617-ից՝ լորդ կնքապահ, ապա՝ լորդ վարչապետ։ Բ-ի փիլիսոփայությունը ձևավորվել է եվրոպական երկրների գիտա-տնտեսական ու սոցիալ-քաղաքական ընդհանուր վերելքի պայմաններում և արտահայտել գիտությունը կրոնա-սխոլաստիկական գաղափարախոսության կապանքներից ազատելու, նրա համար զարգացման հնարավորություններ ստեղծելու բուրժուազիայի ձգտումները։ Գիտությունը պետք է մարդուն իշխանություն տա բնության նկատմամբ և դրանով իսկ բարելավի նրա կյանքը, գիտությունն ուժ է։ Այս տեսանկյունից է նա վերլուծել գիտության զարգացմանը խոչնդոտող պատճառները՝ քննադատել սխոլաստիկան, սիլլոգիստական դեդուկտիվ մեթոդը և դրանց հակադրել փորձարարական մեթոդն ու ինդուկտիվ ընդհանրացումը։ Արիստոտելի սիլլոգիզմը, Բ-ի կարծիքով, միանգամայն անօգնական է ու վնասակար, որովհետև այն իշխում է մարդու վրա, փոխանակ օգնելու, որ մարդն իշխի բնությանը։ Ըստ Բ-ի, զգայությունը բոլոր գիտելիքների հիմքն է։ Սակայն նրա հռչակած էմպիրիզմը հեռու էր ճանաչողության ռացիոնալ միջոցների ու դեդուկտիվ մեթոդի վերջնական անտեսումից։ Նրա պայքարն ուղղված էր ինչպես դոգմատիկ սխոլաստների, այնպես էլ սոսկ փաստերն արձանագրող էմպիրիկների դեմ։ Կ. Մարքսը նշում է, որ Բ-ի համար զգայություններն անսխալական են, աղբյուր են ամեն տեսակի գիտելիքի։ Իսկական գիտությունը փորձարարական գիտությունն է, և նրա էությունը զգայական տվյալների նկատմամբ ռացիոնալ մեթոդի կիրառման մեջ է։ Բ. գոյություն ունեցող և հնարավոր գիտությունները դասակարգել է ըստ բանականության երեք հիմնական կարողությունների՝ հիշողության, երևակայության և դատողականության, որոնք իբր համապատասխանաբար ընկած են պատմության, պոեզիայի և փիլիսոփայության հիմքում։ Փիլիսոփայությունը ուսմունք է աստծո, բնության և մարդու մասին։ Բ. պաշտպանել է երկակի ճշմարտության տեսությունը։ Պայքարելով սխոլաստիկայի դեմ, մարդկանց մոլորությունների՝ կանխակալ ու մեկընդմիշտ ճշմարիտ համարվող պատկերացումների պատճառները համարել է կեղծ գաղափարները, դրանք անվանելով «ուրվականներ»: Բ. ելնում էր նրանից, որ մատերիան գոյություն ունի օբյեկտիվորեն. այն բնությունն է, իմացության իսկական օբյեկտը։ Մատերիան կազմված է մասնիկներից, բնությունը՝ մարմիններից, որոնք որակապես բազմազան են և գտնվում են շարժման մեջ։ Նա առանձնացնում էր մատերիայի շարժման տասնինը ձև։ Բ-ի ուսմունքը ազդել է գիտության և փիլիսոփայության հետագա զարգացման վրա։ Նրա գաղափարները XIX դ. 2-րդ կեսերից լայն արձագանք են գտել հայ մտավոր կյանքում՝ կապված մեր իրականության մեջ ձևավորվող բուրժ. հարաբերությունների և բնական գիտությունների աճող պահանջի հետ։ Ուշագրավ է, որ Բ-ի ազդեցությունն այս կամ այն չափով իրենց վրա են կրել այդ շրջանի թե՝ էմպիրիկ և թե՝ ռացիոնալիստ մտածողները։ Ուղղակիորեն ելնելով Բ-ի ինդուկտիվիստական տրամաբանությունից՝ Արսեն Բագրատունին սուր քննադատել է սխոլաստիկան, արիստոտելյան սիլլոգիստիկան ու պաշտպանել Բ-ի գաղափարները։ Բ-ին ավելի խորն ու բազմակողմանի է ըմբռնել Գալուստ Կոստանդյանը, որը, ի տարբերություն Բագրատունու և հար ու նման Բ-ի, սերտ կապ է տեսել ինդուկցիայի ու դեդուկցիայի միջև՝ վերջինս նույնպես համարելով գիտական հայտնագործության վստահելի միջոց։ Պողոս էմմանուելյանը, Օքսենտիոս Գուրգենյանը, էդուարդ Սիրունյանը, Անտոն Գարագաշյանը Բ-ի գաղափարների ազդեցության տակ հանդես են եկել որպես բնական գիտությունների զարգացման ջատագով, ձգտել են իմացության ռացիոնալ միջոցները այս կամ այն չափով կապի մեջ դնել փորձի ու նրա արդյունքների հետ։ Ուստի պատահական չէ, որ այդ ժամանակ էլ հայ մտավոր կյանքում ծնունդ են առել գիտական իմացության տրամաբանության ինդուկտիվիստական և դեդուկտիվիստական կոնցեպցիաները՝ իրենց ծայրահեղ և չափավոր դրսևորումներով։

Երկ. Сочинения, т. 1-2, М., 1971-72.

Գրկ. Фишер К., Реальная философия и её век. Франциск Бэкон Веруламский, 2 изд., СПБ, 1870; Мельвиль М.Н., Френсис Бэкон, М., 1961; Субботин А. Л., Френсис Бэкон, М., 1974. է

ԲԵԿՈՐԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐ մագմատիկ, մետամորֆային և նստվածքային ապարների մեխանիկական քայքայման ցեմենտացած կամ սորուն նյութերից կազմված ապարներ (գլաքար, կոնգլոմերատ, խճա֊