Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(դիպլոիդ հավաք), որը բնորոշ է մարմնի բոլոր բջիջներին, այդ թվում և ոչ հասուն գամետներին։ Բ-ման դեպքում ձվաբջջի ակտիվացումը, այսինքն անցումը հանգիստ վիճակից դեպի զարգացում առաջ է գալիս սպերմատոզոիդից կամ նրան փոխարինող ֆիզիկական քիմ. արհեստական գործոններից։ Ակտիվացումը սկսվում է ձվաբջջի մակերեսային շերտի մի կետում և մի քանի վայրկյանում տարածվում ամբողջ մակերեսով՝ առաջացնելով մորֆոլոգիական և մի շարք արմատական փոփոխություններ։ Բ․ բույսերի. ծաղկավոր բույսերի Բ–մանը նախորդում է փոշոտումը: Փոշեհատիկի կորիզից առաջանում է 2 կորիզ, որոնցից մեկը միաձուլվում է ձվաբջջի կորիզի հետ և սկիզբ տալիս բույսի սաղմին։ Մյուս կորիզը միաձուլվում է այսպես կոչված բևեռային կորիզի հետ, որից առաջանում է էնդոսպերմը։ Էնդոսպերմում կուտակվում են սաղմի սնուցման համար անհրաժեշտ պահեստանյութերը (տես Կրկնակի բեղմնավորում

ԲԵՂՈՏԱՆԻՆԵՐ (Cirripedia), հոդվածոտանիների տիպի խեցգետնակերպերի կարգ։ Նստակյաց են, գլխային զույգ անտենուլներով ջրում կպչում են սուբստրատին։ Կան մակաբույծ և ազատ ապրող ձևեր։ Վերջիններիս մարմինը ծածկված է թիկնոցով (սանտիա), որը կրային թիթեղիկներ արտադրելով առաջացնում է խեցի (բարձրությունը՝ 1,5 սմ, երբեմն՝ մինչև 40 սմ)։ Մարմինը կազմված է գլխային և կրծքային բաժիններից։ Կրծքային հատվածը կրում է վեց զույգ երկճյուղ ոտիկներ, որոնց թափահարումով ջուրը և կերի մասնիկները անցնում են թիկնոցի խոռոչը։ Մեծ մասամբ հերմաֆրոդիտ են, ապրում են միայն ծովերում։ Բեղմնավորությունը խաչաձև է։ Զարգանում են կերպարանափոխությամբ, թրթուրը՝ նաուպլիուսը, լողացող կյանք է վարում։ Մակաբույծ ձևերը խիստ պարզ են, նրանց պարկաձև մարմինը հիմնականում պարունակում է գերաճած սեռական գեղձեր։ Հայտնի է մոտ 800 տեսակ։

ԲԵՂՈՒԴԼԱՐ, հայաբնակ գյուղ Տրապիզոնի վիլայեթի Չարշամբայի գավառակում։ 1914-ին ուներ 40 տուն բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով (հիմնականում ջուլհակագործությամբ)։ Բնակչությունը տեղահանվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

ԲԵՄ (հուն․ βήμα – բարձր տեղ՝ հռետորի, դատավարության համար, ամբիոն, քայլ), 1․ թատերական շենքի հիմնական բաղադրիչ այն մասը, ուր տեղի է ունենում ներկայացումը։ Ուրույն կառուցվածքով, հատուկ սարքավորումներով ժամանակակից խորքային անվանվող Բ․ բեմական բացվածքի (բեմի հայելի, պորտալ) միջոցով կապված է հանդիսասրահին։ Խորքային Բ․ հատակագծում սովորաբար քառակուսուն մոտեցող ուղղանկյուն է, վերձիգ ուղղությամբ բաղկացած երեք հիմնական հարկերից՝ խաղաբեմ, ներքնաբեմ, վերնաբեմ։ Խաղաբեմը առջևում պորտալով շրջանակված այն տարածությունն է, ուր տեղի է ունենում բեմական հիմնական գործողությունը։ Պորտալի բարձրությունը հարաբերում է իր լայնությանը (որը մոտավորապես հավասար է Բ–ի ամբողջ լայնության կեսին), ինչպես՝ 1, 1,5–2։ Խաղաբեմի հատակը՝ խաղահարթակը (պլանշետ), մեքենայացված է և ունենում է բեմի բոլորակ (պտտվող սկավառակ, որ լինում է ժամանակավոր կամ մշտական), մտոցներ (լյուկ), իջնող ու բարձրացող հարթակներ ևն՝ դեկորավորման հարմարության, թատերական տարբեր էֆեկտներ ստեղծելու նպատակով։ Բ–ի բոլորակը լինում է ներփորված (բացառությամբ բալետային խաղաբեմերի) և վրադիր։ Ներքնաբեմը կամ բեմատակը խաղաբեմից ներքև ընկած մասն է, որ օգտագործվում է էլեկտրասարքավորման, օժանդակ սենյակների և մեխանիզմների համար։ Վերնաբեմը ընդգրկում է պորտալից վեր տարածությունը և ունի նրա կրկնակիից ավելի բարձրություն։ Այստեղ են տեղադրված դեկորակալները (կոլոսնիկ), դիտանոց–պատշգամբները, օժանդակ սարքավորումները։ Հորիզոնական ուղղությամբ Բ․ բաղկացած է հետևյալ հիմնական մասերից, նախաբեմ, խաղաբեմ, ետնաբեմ։ Նախաբեմը (ավանսցեն) խաղահարթակի շարունակությունն է պորտալից դեպի դահլիճ՝ մասամբ կախված նվագատեղի վրա։ Նախաբեմի եզրին տեղադրվում է խաղաբեմը ցածից լուսավորող սարքը (ռամպա)։ Նվագատեղին հաճախ ունենում է վերամբարձ հարմարանք, որի միջոցով նրա հատակը բարձրանում է նախաբեմի մակարդակին՝ մեծացնելով տարածությունը դեպի դահլիճ։ Նախաբեմը ունենում է առանձին կողային մուտքեր, դահլիճից բարձրացող աստիճաններ՝ վարագույրից այս կողմ խաղացվող տեսարանների համար։ Ետնաբեմը (արիերսցեն)՝ խաղաբեմի թիկունքային մասը, օգտագործվում է հեռանկարային տեսարաններ ստեղծելու, դեկորների նախապատրաստման համար։ Խաղաբեմից աջ և ձախ կողային գրպաններն են, որոնք լայնությամբ ու բարձրությամբ սովորաբար հավասար են պորտալի չափերին և օգտագործվում են ծավալային դեկորներ պատրաստելու և պահելու համար։ Տարբեր օժանդակ պահեստները և հերթապահ արհեստանոցները սովորաբար տեղադրվում են Բ–ի պարագծով։ Պորտալին ուղղահայաց կամ անկյան տակ խաղաբեմի կողերին տեղադրված տափակ դեկորները վարագուրում են Բ–ի աշխատանքային մասերը և անվանվում կուլիսներ։ Բ–ի հիմնական կոնստրուկցիաները և ծածկը մետաղից են և երկաթբետոնից։ Բեմական մասը իր առանձնահատկություններով հանդերձ սովորաբար արտահայտվում է թատերական շենքի ընդհանուր ծավալում։ Բ–ի ժամանակակից ձևը կազմավորվել է երկարատև էվոլյուցիոն զարգացման ընթացքում՝ կապված լինելով թատերական արվեստի և դեկորատիվ ձևավորման