Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սկզբունքներին։ Եվրոպական Բ–ի սկզբնատիպը հունական հին թատրոնի օրխեստրան է (տես Թատրոն)։ Միջին դարերում թափառաշրջիկ դերասանները ներկայացումներ էին տալիս բաց երկնքի տակ, գյուղական կամ քաղաքային հրապարակներում, հյուրատների՝ սրահներով շրջապատված բակերում։ Այս շրջանում զանազան տիպի խաղահարթակների ստեղծումը կապված էր կրոնական ժանրերի (միստերիա, միրակլ, մորալիտե) ծաղկման հետ։ XVI դ․ սկսած Անգլիայում, Իտալիայում և այլուր ստեղծվել են բազմազան թատերական շինություններ, որոնց Բ–երը ժամանակակից Բ-երի նախատիպերն էին։ Խորքային Բ․ կազմավորվել է XVI դ․ վերջին XVII դ․ սկզբին, զարգացել է, սակայն, իր սկզբունքներում անփոփոխ մնալով 300 տարուց ի վեր։ XX դ․ սկսած բոլոր երկրների ճարտարապետական, ռեժիսորական միտքը զբաղեցնում է նոր, առավել մեծ և ճկուն տրանսֆորմացիայի հնարավորություններով, ժամանակակից թատերարվեստի պահանջները բավարարող Բ–ի ստեղծումը։ Սակայն այդ որոնումները դեռես չեն հանգեցրել խնդրի առավել ամբողջական լուծման։ 2․ Բարձրություն քրիստոնեական տաճարի արլ․ խորանում, որտեղից քարոզ և պատարագ է մատուցվում։ Քրիստոնեության ընդունումից ի վեր եկեղեցու ավագ խորանը, ըստ դավանական տարբեր սկըզբունքների, տարբեր բովանդակություն և կերպ է ունեցել։ Մինչև VII դ, ներառյալ Հայոց եկեղեցու ավագ խորանի հատակը եղել է ընդհանուրից մի քար բարձր։ Խորանը ամբողջ պարագծով ունեցել է քարե նստարան, ուր նստում էին եպիսկոպոսները և կաթողիկոսը։ Այդպիսի Բ–եր պահպանվել են Ավանի, Պտղնու, Թալինի (միայն հետքերը) կաթողիկեներում։ Հետագա դարերում ավագ խորանի հատակը բարձրացվել է, առաջ բերվել։ Նրա աջ և ձախ կողմերին (որոշ եկեղեցիներում՝ նաև առջևից, օրինակ, Զվարթնոց, Բագարան) կառուցվել են 3–5 քար աստիճաններ։ Բ–ի եզրը և եզրապատը ձևավորվել են քիվով և ճարտ․ այլ հարդարանքով։

ԲԵՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, դերասանական արվեստի, առանձնահատուկ արտահայտչալեզու, որ դրսևորվում է խոսքային–ինտոնացիոն և միմիկա–պլաստիկական ձևերի միջոցով։ Հատկանշվում է գործող անձի ու դերակատարի միասնական վարքագծով, որը առանձին հատվածներում և ամբողջության մեջ ենթադրում է չորս հիմնական մոմենտներ՝ նպատակ, հանգամանքներ, արարք, ցույց։ Դա միասնական, համաժամանակյա (սինխրոն) և համադրական (սինթետիկ) պրոցես է, որ ունի իր ներքին և արտաքին բովանդակությունը։ Նպատակը, հանգամանքներն ու արարքը կազմում են Բ․ գ–յան ներքին բովանդակությունը և փոխպայմանավորում են միմյանց։ Նպատակը պայմանավորված է այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք կամ ներդաշնակ, կամ հակառակ են գործող անձի կամքին։ Արարքը ֆիզիկական դրությունն է՝ դրսևորված խոսքով, ինտոնացիայով, դիմախաղով, կեցվածքով ու շարժումով, որի միջոցով են միայն հանդիսականին հայտնի դառնում գործող անձի ներքին նպատակները և գործողության օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքները։ Բ․ գ–յան ընթացքում դերասանը ունի ուշադրության երկու օբյեկտ՝ խաղակիցը և հանդիսականը․ առաջինը հատկանշում է խաղի ներքին գործնական նպատակը, երկրորդը՝ արտաքին, ցուցադրական։ Ուշադրության երկու օբյեկտի միատեղ առկայությամբ և նրանց հետ ունեցած տարաբնույթ շփումով է պայմանավորված Բ․ գ–յան առանձնահատկությունը՝ տարբերությունը կենսական գործողությունից։

ԲԵՄԱԿԱՆ ԽՈՍՔ, դրամատուրգիական նյութի բեմական փոխակերպումը և դերասանի արվեստի խոսքային–ինտոնացիոն կողմը։ Դրամատիկական իրադրությունների ու բեմավիճակների (միզանսցեն) հիմքի վրա վերարտադրելով գրական տեքստի բովանդակությունը և արտահայտելով դերասանական կերպարի վարքագիծն ու բնավորությունը՝ Բ․ խ․ ներկայանում է որպես ինքնուրույն գեղարվեստական համակարգ։ Ենթարկվում է թատրոնի գեղագիտության ու դերասանական արվեստի օրենքներին և բնութագրվում ինտոնացիայի դրամատիկական ու թատերային հատկանիշներով։ Դերասանի ինտոնացիոն արտահայտչականությունը կոչվում է Բ․ խ–ի տեխնիկա և պայմանավորված է դերասանի ներքին հավասարակշռությամբ, ձայնի հարստությամբ ու ճկունությամբ, շնչառության մարզվածությամբ և արտասանվածքի մաքրությամբ (տես նաև Բեմական գործողություն)։ Բ․ խ–ի սկզբունքները սկզբում մշակվել են անտիկ թատրոնում և նոր ժամանակներին փոխանցվել մասամբ անտիկ ու հելլենիստական ճարտասանական արվեստի տեսության միջոցով։ Առոգանական (պրոսոդիկ) կատարելության և ինտոնացիայի երաժշտականության առումով Բ․ խ․ զարգացման բարձր մակարդակի է հասել կլասիցիստական թատրոնում (XVII-XVIII դդ․)։ Ռոմանտիկական թատրոնը բերել է տոնային ու ռիթմական ընդգծված հակադրություններ։ Հայ թատրոնում Բ․ խ–ի արվեստը ձևավորվել է XIX դ․ 60-ական թթ․։ Հայ Բ․ խ․ ամբողջական և ավարտված է ներկայանում սկսած XIX դ․ վերջից ի դեմս Պ․ Ադամյանի, Սիրանույշի, Հ․ Աբելյանի, Գ․ Պետրոսյանի, Ս․ Ադամյանի։ Հայ սովետական թատրոնում Բ․ խ–ի արվեստը զարգացրել են Վ․ Փափազյանը, Հ․ Ներսիսյանը, Ա․ Ոսկանյանը, Հասմիկը, Ի․ Ալիխանյանը, Վ․ վաղարշյանը, Օ Գուլազյանը, Ա․ Ավետիսյանը և ուրիշներ։ Բ․ խ․, որպես առանձին արվեստ՝ ասմունք, հայ իրականության մեջ զարգացրել է Ս․ Քոչարյանը։

ԲԵՄԱՀԱՐԹԱԿ, էստրադա (ֆրանս․ estrade, լատ․ stratum - հարթակ), բեմի պարզ տեսակ, մշտական կամ ժամանակավոր կառույց՝ երաժիշտների, դերասանների, հռետորների ելույթների համար։ Դահլիճի գլխամասում բարձրադիր հարթակ է (մոտ 0,9 մ –1,15 մ), համերգւսսրահների, ակումբների, մշակույթի պալատների և այն անհրաժեշտ, բաղկացուցիչ մասը։ Բացօթյա համերգների համար նախատեսված Բ․, ձայնի լսելիության նպատակով, վերջափակվում է գոգավոր (աբսիդաձև) պատով։

ԲԵՄԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, սցենոգրաֆիա, թատերադեկորացիոն արվեստ, դեկորների և զգեստների, լուսավորության և բեմադրական տեխնիկայի միջոցով ներկայացման տեսանելի կերպարը ստեղծող արվեստ։ Ներկայացման օրգանական բաղկացուցիչ մասերից է, կերպարվեստի ներգործուն միջոցներով օժանդակում է նրա բովանդակության բացահայտմանն ու հանդիսականի վրա հուզական որոշակի ներգործությանը։ Բ–յան առաջընթացը սերտորեն կապված է թատրոնի, դրամատուրգիայի և գլխավորապես ռեժիսուրայի զարգացմանը։ Դեռևս հինավուրց ժող․ խաղերում և ծիսակատարություններում օգտագործվել են Բ–յան առանձին տարրեր (դիմակներ, տարազներ, զարդապատ կարասի և այլն)։ Մ․ թ․ ա․ V դ․ Հունաստանում, ապա Հռոմում օգտագործել են ծավալային, ավելի ուշ՝ նկարովի դեկորներ։ Միջնադարյան թատրոնում նախ օգտագործվել է եկեղեցու ինտերիերը, ապա կիրառվել են պայմանական, սխեմատիկ դեկորներ և, ըստ պիեսի, բոլորը ցուցադրվել են միաժամանակ («Դրախտ», «Դժոխք» և այլն)։ Արևելքի թատերական ներկայացումները ձևավորվել են մեծ մասամբ պայմանականսիմվոլիկ սկզբունքով։ XV–XVI դդ․ Իտալիայի թատերական նոր տիպի շինություններն ու բեմերը խթանել են Բ–յան զարգացմանը։ Կիրառվել են հեռանկարային դեկորներ (1505-ից ոչ ուշ, գյուտը վերագրվում է Բրամանտեին), որոնք հետագայում փոխարինվել են բարոկկոյի ոճի գեղանկարչական դեկորներով։ XVII դ. սկզբին ի հայտ են եկել կուլիսային դեկորները (տես Կուլիսներ) և կիրառվել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Կլասիցիզմի դարաշրջանում գործողության տեղի և ժամանակի միասնության կանոնի պահանջով դեկորները եղել են անփոփոխ, պատմ․ կոնկրետությունից զերծ, սակայն անկախ, և օպերային արվեստի զարգացումը հանգեցրել է օպերային դեկորների բարեփոխման (իտալ․ նկարիչներ՝ Ա․ Պացցո և Բիբիենա ընտանիք)։ Լուսավորության դարաշրջանում սրվել է պայքարը ընդդեմ պալատական վերացական արվեստի,