Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տնտ․ պարտավորություններով։ Գյուղատնտեսությունը առաջատար դեր ունի երկրի էկոնոմիկայում և տալիս է ազգային համախառն արտադրանքի կեսից ավելին։ Պահպանվում է համայնքային հողատիրությունը, տիրապետում է բրիչային հողագործությունը։ Օգտագործվող հողերը կազմում են երկրի տարածության 13,7%-ը։ Մշակվող հիմնական կուլտուրաներն են յուղատու արմավը, գետնընկույզը, բամբակը, մանիոկը, եգիպտացորենը, սորգոն, կորեկը, բաթատը, սուրճը։ Վեմե գետի հովտում ստեղծվում են բրնձի մշակման տնտեսություններ։ Անասնապահությունը համեմատաբար զարգացած է երկրի հս–ում։ Ծովափին զբաղվում են ձկնորսությամբ։ Տարեկան մթերվում է ավելի քան 100 հզ․ մ/3 փայտանյութ։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած և տալիս է ազգային համախառն արտադրանքի 10%-ը։ Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ։ Ունի արմավի յուղի վերամշակման, բամբակազտիչ, ավտոհավաքման, հեծանվի, մոտոցիկլետի, ցեմենտի, սղոցանյութերի գործարաններ, տեքստիլ ֆաբրիկաներ, կոկոսյան արմավի մշակման ձեռնարկություններ, հեղուկ թթվածնի, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն։ Զբաղվում են ջուլհակությամբ, դարբնի և բրուտի արհեստներով, փայտի փորագրությամբ։ Տնայնագործական եղանակով Նատիտինգուի շրջանում արդյունահանվում է ոսկի։ Նավթի, երկաթի և քրոմիտների հանքավայրերի հետախուզական աշխատանքներ են կատարում ամերիկյան ընկերությունները։ Ոչ մեծ ՋԷկ–եր կան Կոտոնու, Պորտո Նովո, Բոհիկոն և Պարակու քաղաքներում։

Երկաթուղիների երկարությունը 600 կմ է, ավտոխճուղիներինը՝ 6,4 հզ․ կմ։ Միակ նավահանգիստը Կոտոնուն է, որով կատարվում է Բ-ի և Նիգերի արտաքին առևտուրը։ Կոտոնու քաղաքում կա միջազգային օդանավակայան։ Արտաքին առևտուրն ունի բացասական հաշվեկշիռ։ Արտահանության 79%-ը կազմում են գյուղատնտեսական մթերքները։ Ներմուծում են բամբակե գործվածքներ, լայն սպառման ապրանքներ, արդյունաբերական սարքավորումներ։ Բ․ տնտեսական կապերի մեջ է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ԳՖՀ-ի հետ։ Դրամական միավորը աֆրիկյան ֆրանկն է, որը հավասար է 0,02 ֆրանս․ ֆրանկի (1969)։

Առողջապահությունը։ Ոչ լրիվ տվյալներով 1965-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 54, մահացությունը՝ 26, մանկական մահացությունը՝ 1000 ողջ ծնվածին 109,6։ Կյանքի միջին տևողությունը՝ 37,3 տարի։ Տարածված են մալարիան, ստամոքս՜աղիքային համակարգի հիվանդությունները, ֆրամբեզիան, տուբերկուլոզը, տրիպանոսոմոզը, ֆիլյարիատոզը, շիստոսոմատոզը, բորը, մաշկային լեյշմանիոզը և տրախոման։ 1969-ին գործել են՝ 3 հիվանդանոց (733 մահճակալով), 6 բորոտանոց, բժշկական 30 կենտրոն (908 մահճակալով), 46 ծննդատուն (1,2 հզ․ մահճակալով), 11 ամբուլատորիա և 154 դիսպանսեր։ Աշխատել են՝ 81 բժիշկ Բենին․ (1 Բժիշկ 32 հզ․ բնակչին), 6 ատամնաբույժ, 19 դեղագործ, 1,1 հզ․ միջին բուժաշխատող։ Կա բուժքույրերի պատրաստ ման մեկ դպրոց։ Բժշկական կրթությունն ստանում են արտասահմանում։

Լուսավորությունը։ Անկախություն ստանալիս (1960) Բ-ի դպրոցական տարիքի երեխաների միայն 20%-ն էր ընդգրկված տարրական ուսուցման ցանցում։ Այժմ կան պետական և մասնավոր ուս․ հաստատություններ։ 1964-ից մասնավոր դպրոցները գտնվում են պետության հսկողության տակ և գործում են պետական ծրագրով։ ժողկրթության սիստեմի մեջ մտնում են 6-ամյա տարրական դպրոցը, ոչ լրիվ միջնակարգ դպրոցը՝ հանրակրթական քոլեջները (4 տարի) և լրիվ միջնակարգ դպրոցը՝ լիցեյները (7 տարի)։ Բուհ ընդունվել կարող են միայն լիցեյ ավարտողները։ Մասնագիտական կրթությունն ստանում են (տարրական դպրոցի հիման վրա) տեխնիկական լիցեյում (7 տարի), տեխնիկական կրթության քոլեջում (4 տարի) և գյուղատնտեսական կենտրոններում (3 տարի)։ Գյուղական վայրերում ստեղծվում են, այսպես կոչված՝ կոոպերատիվ դպրոցներ (5 տարի), որտեղ հանրակրթական և գյուղատնտեսական գիտելիքներ են տրվում։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժական դպրոցը (4 տարի) և միամյա մանկավարժական դասընթացները։ Բ-ի առաջին բարձրագույն ուս․ հաստատությունը՝ Պորտո Նովոյի իրավաբանական ինստ–ը, բացվել է 1962-ին։ Մոտ 600 ուսանող սովորում է արտասահմանում։ Բ․ ունի Ազգային գրադարան Պորտո Նովոյում (7,5 հզ․ գիրք) և Պատմական թանգարան Աբոմեյում։

Մամուլը և ռադիոն։ Լույս են տեսնում «Դահո–էքսպրես» («Daho-Express») կառավարական օրաթերթը (1969-ից) և մամուլի գործակալության «Բյուլետեն քոթիդիեն դը լ՚Աժանս Դահոմեեն դը պրես» («Le Bulletin Quotidien de l’Agence Dahomeenne de Presses) բյուլետենը (1961-ից), կառավարական օրգան «ժուռնալ օֆիսիել դը լա ռեպյուբլիկ դյու Դահոմե» («Journal of- ficiel de la Republique du Dahomey») երկշաբաթաթերթը, կաթոլիկական «Կրուա դյու Դահոմե» («La Croix du Dahomey») ամսագիրը (1946-ից)։ Կա ինֆորմացիոն գործակալություն։ Կոտոնու քաղաքի պետ․ ռադիոկայանը հաղորդումներ է տալիս ֆրանսերեն և տեղական լեզուներով։

Գրականությունը և արվեստը։ Բ-ում ապրող աֆրիկյան ժողովուրդներն ունեն հարուստ ֆոլկլոր, որի մեջ զգալի տեղ են գրավում Բ-ի պատմությունն (սկսած XVII դ․ 2-րդ կեսից) արտացոլող լեգենդները։ Բ-ի ժողովուրդների լեզուները գրավոր չեն։ ժամանակակից գրականությունը, որ սկզբնավորվել է XX դ․ կեսին, ստեղծվում է ֆրանսերենով։ Հնուց ի վեր զարգացած են ժող․ արվեստները։ ժամանակակից թատերական արվեստի հիմքում ընկած են կրոնական ծիսակատարություններ, կենցաղային պարեր և ակրոբատների ելույթները։

ԲԵՆԿԵՆԴՈՐՖ Ալեքսանդր Խրիստորովիչ (1781 կամ 1783–1844), ռուսական պետական և ռազմական գործիչ, կոմս (1832-ից), հեծելազորի գեներալ (1829-ից)։ 1803-04-ին ծառայել է Կովկասում, մասնակցել Գանձակի գրավմանը և լեզգիների դեմ կռիվներին։ 1805–07-ի Ֆրանսիայի դեմ, 1806-12-ի ռուս–թուրք․ պատերազմների, 1812-ի Հայրենական պատերազմի և 1813–14-ի ռուս, բանակի արտասահմանյան արշավանքների մասնակից։ 1819–21-ին գվարդիական կորպուսի շտաբի պետ էր։ 1825-ի դեկաբրիստների ապստամբության ճնշողներից է։ 1826-ից մինչև մահը զբաղեցրել է ժանդարմների և կայսերական գրասենյակի Երրորդ բաժանմունքի (քաղ․ հետախուզություն) գլխավոր պետի պաշտոնը։ Մեծ ազդեցություն ուներ Նիկոլայ I-ի վրա և նրա հետադիմական ներքին քաղաքականության ջատագովներից էր։ 1827-44-ին եղել է Լազարյան ճեմարանի գլխավոր պետ։ Բ-ի հուշագրությունների մի մասը հրապարակված է («Русский архив», 1865, JVC 2)։ Վ․ Դիչոյան

ԲԵՆԿԵՆԴՈՐՖ Կոնստանտին Խրիստոֆորիչ (1785–1828), ռուսական ռազմական գործիչ, դիվանագետ, գեներալ-լեյտենանտ (1827-ից), կոմս։ 1803-12-ին ծառայել է Բեռլինի, ապա Նեապոլի ռուս, դեսպանություններում։ Մասնակցել է 1812-ի Հայրենական պատերազմին և 1813-14-ի ռուս, բանակի արտասահմանյան արշավանքներին։ 1820–26-ին եղել է արտակարգ դեսպանորդ Վյուրտեմբերգում և Բադենում։ 1826-28-ի ռուս–պարսկ․ պատերազմի ժամանակ գրավել է էջմիածինը։ Մասնակցել է 1828–29-ի ռուս-թուրք․ պատերազմին Բալկանյան ռազմաճակատում, որտեղ և մահացել է։

ԲԵՆՅՈՒԿ (Beniuc) Միհայ (ծն․ 20․ 11․ 1907, գ․ Սեբիշ, Ռումինիա), ռումինացի գրող։ Ակադեմիկոս (1955)։ 1938-ին հրատարակել է բանաստեղծությունների անդրանիկ հատորը՝ «Կորստյան երգեր»։ «Մարդն սպասում է արևածագին» (1946), «Խնձորենին ճամփեզրին» (1954), «Կենսունակություն» (1955), «Ծեր Վեզուվի սիրտը» (1957), «Այլ ճանապարհներ» (1967), «Խճանկար» (1968) բանաստեղծությունների ժողովածուներում երգել է ժողովրդի պայքարը լուսավոր ապագայի համար։ Գրել է նաև նովելներ, պիեսներ, վեպեր («Անձնական ատելություն», 1955,