Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիրապետությունը։ 1054-ին տեղի ունեցավ Հռոմի ու Կոստանդնուպոլսի պատրիարքական աթոռների վերջնական բաժանումը։ Բ-ի դրությունն էլ ավելի ծանրացավ, երբ սելջուկները Վասպուրականի ու Բասենի վրայով ներխուժեցին Բ-ի արլ․ նահանգները։ Նրանց դիմադրելու նպատակով Բ․ վերանայեց իր քաղաքականությունը հայերի նկատմամբ։ 1064-ին Ալփ-Արսլանը գրավեց Անին, իսկ 1071-ին Մանազկերտի ճակատամարտում պարտության մատնեց Բ-ի բանակը և գերեց Ռոմանոս IV Դիոգենես կայսրին։ Արևմուտքից կայսրությանն սպառնում էին հունգարներն ու կումանները։ 1065-ին անցնելով Դանուբը՝ կումանները հասել էին Թեսալոնիկե։ Բ-ի թուլացման պատճառներն էին՝ երկրի քայքայումը, բյուրոկրատական նեխած վարչակարգը, աշխատավոր խավերի անողոք կեղեքումը, զինվորական դասի այլասերումը։ Բանակը համալրված էր հիմնականում օտարերկրացի (նաև թուրք) վարձկաններով։ Այդ հանգամանքը նույնպես նպաստեց սելջուկների հաջողությանը։ 1074-ին, սելջուկների և բյուզանդացիների միջև կնքված հաշտությամբ, սելջուկները ճանաչվեցին իրենց գրաված նահանգների տերը։ Զինվորական դասը, ձգտում էր պահպանել Բ–ի ամբողջականությունը։ 1078-ին Ասիայում Նիկեփորոս Բոտանիատեսի, իսկ Եվրոպայում Նիկեփորոս Բրիեննիոսի գլխավորությամբ ապստամբություններ բռնկվեցին։ Տապալելով Նիկեփորոս III-ին (1078-1081)՝ գահ բարձրացավ Ալեքսիոս Կոմնենոսը (1081-1118), որը հիմնադրեց Կոմնենոսների դինաստիան (1081–1185)։ Կոմնենոսների օրոք Բ․ մասամբ կարողացավ դուրս գալ ճգնաժամից։ Սելջուկներից խույս տալով՝ բազմահազար հայեր հեռացան Հայաստանից և ստեղծեցին Ուռհայի, Քեսունի, Մարաշի ու Կիլիկիայի իշխանությունները։ Մակեդոնական հարստության կայսրերը վերացրին պատկերամարտությունը, վերականգնեցին Հուստինիանոսի օրենսդրությունը, ոչնչացրին քաղաքային ինքնավարության մնացորդները։ Սենատը դադարեց օրենսդրության մշակմանը մասնակցելուց։ Խոշոր կալվածատերերը (դինատները) ուժեղացրին մանր գյուղացիների հողազրկումը, սակավացան ազատ գյուղացիները, ուստի և փոքրացավ ստրատիոտների՝ զինվորական ծառայություն կատարող հարկատու գյուղացիների դասը։ Այդ կանխելու համար Ռոմանոս I 922-ին օրենք հրապարակեց, որի համաձայն գյուղացու հողը կարող էին գնել, ամենից առաջ, վաճառողի ազգականները, հարևանները, համագյուղացիները, իսկ նրանց հրաժարվելուց հետո՝ միայն կողմնակի մարդիկ։ Խոշոր հողատերերը զրկվեցին գյուղացու հողը գնելու կամ այլ ճանապարհով ձեռք բերելու իրավունքից։ Ռոմանոսի միջոցառումները վաղանցուկ էին։ IX դ․ կազմավորվեց ֆեոդալական ուժեղ ավագանի, ստեղծվեցին խոշոր կալվածներ՝ լատիֆունդիաներ, մեծացան վանքապատկան հողատարածությունները։ Ընդդեմ դրա՝ Նիկեփորոս II Փոկասը արգելեց հողի վաճառքը կամ նվիրատվությունը վանքերին ու եկեղեցիներին։ Սակայն Նիկեփորոսի հաջորդները չեղյալ հայտարարեցին նրա օրենսդրությունը, ուստի հոգևոր կալվածատերերը շարունակեցին գյուղացիների հողազրկումը։ XI դ․ վերջին ազատ գյուղացիությունը կորցրեց իր հողերի մեծ մասը, ազատությունը և դարձավ աշխարհիկ ու հոգևոր ֆեոդալից կախյալ պարիկոս։ XI դ․ լայն տարածում գտավ իմունիտետի (էքսկուսիա) իրավունքը, որով աշխարհիկ ու հոգևոր ֆեոդալները լայն առանձնաշնորհումներ ստացան։ Մեծ ծավալ ստացավ հարկերը կապալով տալը։ Զարգացան քաղաքները, արհեստները, առևտուրը։ Արհեստավորները միավորվում էին կորպորացիաներում։ Մասնագիտացված արհեստանոցներում օգտագործվում էր հիմնականում վարձու աշխատանքը։

Ալեքսիոս I-ի ժամանակ պետությանը սպառնում էին բազմաթիվ թշնամիներ։ Նորմանները Էպիրոսի վրայով ներխուժել էին Բ–ի խորքերը։ Ալեքսիոսը դաշինք կնքեց վենետիկցիների հետ, նրանց նավատորմի օգնությամբ հաղթեց նորմաններին և մինչև 1085-ը ետ նվաճեց կորցրած շրջանները։ Այդ գործում կարևոր դեր խաղաց Արևմուտքի մեծ դոմեստիկոս Գրիգոր Բակուրյանը։ 1086-ին պեչենեգների և կումանների դեմ արշավեց Նիկողայոս Մավրոկատակալոնը, որն անհաջողության մատնվեց։ Թրակիան դարձավ թուրք. ցեղերի ասպատակությունների թատերաբեմ։ Միայն 1091-ին Ալեքսիոսին հաջողվեց ջախջախել թշնամուն։ Սելջուկների վտանգն Արևելքում չէր վերանում։ Գրեթե ողջ Փոքր Ասիան նրանց ձեռքում էր։ Ալեքսիոսը դիվանագիտությամբ վերանվաճեց Սինոպն ու Նիկոմեդիան։ Խաչակիրների օգնությամբ 1097-ին Նիկիայի մոտ ջախջախեց Ռումի սուլթան Խլիճ Արսլանին և վերստին տիրեց Փոքր Ասիան։ Հովհաննես II Կոմնենոսը (1118–43) վենետիկցիների հետ կնքված նվաստացուցիչ պայմանագրերից ազատվելու նպատակով երկրից արտաքսեց առևտրի ասպարեզում բավական ուժեղ դիրքեր հաստատած վենետիկցիներին։ Սակայն չունենալով հզոր նավատորմ՝ վերստին ընդունեց Բ-ում նրանց ունեցած առանձնաշնորհումները։ 1123-ին Հովհաննես II հաղթեց պեչենեգներին, որոնք անհետացան պատմության ասպարեզից։ 1137-ին նա մեծ բանակով արշավեց Կիլիկիա՝ նպատակ ունենալով վերացնել հայկ․ պետությունը, սակայն անհաջողության մատնվեց։ Մանուիչ I (1143–80) ձգտում էր վերականգնել Բ-ի վաղեմի սահմանները։ Նա փորձեց նվաճել Կիլիկիայի հայկ․ պետությունը, բայց 1152-ին Թորոս Բ իշխանի դեմ ուղարկված Անդրոնիկոս Կոմնենոսը պարտվեց։ 1158-ին Մանուիլը արշավեց Կիլիկիա և Սիրիա, ապա Անտիոքի և Կիլիկիայի իշխանների հետ դաշինք կնքեց ընդդեմ Հալեպի ամիրայի։ Մանուիլը ձգտում էր հայ ու բյուգանդական եկեղեցիների միություն հաստատել։ Այդ նպատակով վարած բանակցություններին մասնակցել է Հայոց կաթողիկոս Ներսես Դ Կլայեցին (Շնորհալի), հետագայում՝ նաև Գրիգոր Դ Տղան։ Բանակցություններն ապարդյուն են անցել՝ Հայոց եկեղեցին իրեն ենթարկելու Բ–ի ձգտումների պատճառով։ Մանուիլը 1176-ին հարձակվեց Ռումի սուլթան Խլիճ Արսլան II-ի վրա, բայց պարտվեց։ Մինչ այդ նա 1167-ին հաղթել և կախման մեջ էր դրել հունգարներին։ Իսկ նորմաններին ընկճելու, Իտալիան վերանվաճելու Մանուիլի բոլոր փորձերն ապարդյուն անցան։ Անդրոնիկոս Կոմնենոս կայսրը (1183–85) փորձեց բարելավել պետ․ վարչակարգը, սահմանափակել խոշոր ավատատերերի իրավունքները, սակայն 1185-ին Իսահակ Անգելոսը տապալեց նրան՝ հիմնադրելով Անգելոսների դինաստիան (1185–1204), որը, ենթադրվում է, ծագել է Մեծ Հայքի Անգեղ-տուն գավառից։ Իսահակը 1185-ին ջախջախեց նորմաններին և հեռացրեց հուն. մայր ցամաքից։ Նրա ժամանակ բուլղարները Պետր և Իվան Ասենների գլխավորությամբ ապստամբեցին Բ–ի դեմ և անկախացան։ Իսահակ Անգելոսը փորձեց բարելավել հարաբերությունները հզորացող Կիլիկիայի հայկական պետության հետ, վերսկսեց հայ և հույն եկեղեցիների միություն հաստատելու բանակցությունները։ Ալեքսիոս III (1195–1203) 1196-ին թագ ուղարկեց Լևոն Բ–ին։

Բ–ի պատմության երրորդ ժամանակաշրջանին (1204–1453) հատուկ էր ֆեոդալական մասնատվածության հետագա խորացումը, կենտրոնական իշխանության անկումը և մշտական պայքարը արտաքին թշնամիների դեմ։ Երևան են գալիս ֆեոդալական տնտեսության քայքայման նշաններ։ 1204-ին խաչակիրները գրավեցին Կոստանդնուպոլիսը և քաղաքում ու նրան հարող շրջաններում ստեղծեցին Լատինական կայսրությունը (1204–61)։ Բ–ում գործածության մեջ դրվեցին Երոնսաղեմի ասիզները, որոնք արտացոլում էին խաչակիրների ներմուծած հողատիրության լենային կարգը։ Խաչակիրները չէին հողազրկում Բ-ի ֆեոդալներին, այլ իրենց մեջ էին բաժանում կայսեր կամ պետությանը պատկանող հողերը։ Հողատերերն իրենց ունեցվածքի համեմատ պարտավոր էին պետությանը զինվորներ տալ։ Լատինական տիրապետությունն ավելի վատթարացրեց գյուղացիության վիճակը, սրվեցին հարաբերությունները լատինական և նրան ստորադասված հուն. հոգևորականության միջև։ Հույներին հաջողվեց Բ-ի տարբեր շրջաններում ստեղծել լատիններից անկախ իշխանություններ։ 1204-ին Միքայել Անգելոսը տիրացավ կայսրության Նիկոպոլիս բանակաթեմին, որտեղ հիմնադրեց Եպիրոսի դեսպոտատը։ Նրան հաջորդած Թեոդորոս Դուկանը 1222-ին գրավեց Թեսալոնիկեն և իրեն հռչակեց Արևմուտքի կայսր՝ իր տիրապետությունը տարածելով մինչև Ադրիանուպոլիս, Փիլիպուպոլիս և Խրիսուպոլիս։ Ալեքսիոս Կոմնենոսը 1204-ին Տրապիզոնում հիմնեց կայսրություն, որն ընդգրկում էր նախկին Պոլեմոնյան Պոնտոսի տարածքը։ Թեոդորոս Լասկարիսը 1208-ին Նիկեայում հռչակվեց հռոմեացիների կայսր, լատինների օգնությամբ հաղթեց Ռումի սուլթան Քեյ Խոսրովին և տիրացավ Փոքր Ասիայի մեծ մասին։ Սելջուկների իշխանությունը նա սահմանափակեց Սանգարիոս և Մեանդրոս գետերի վերին հոսանքներում, իսկ Կոստանդնուպոլսի լատինների