գրադարան, Փարիզ) պլաստիկ գեղեցկությամբ, նուրբ կոլորիտով հիանալի մանրանկարները վերակենդանացնում են անտիկ մոտիվները։
Մայրաքաղաքի մանրանկարչական դպրոցին հատուկ է եղել դասական և արլ․ արվեստների համադրումը։ X դ․ վերջին Բ-ի մանրանկարչությունը ընթացել է պայմանականության ուղիով։ Մանրանկարներում տեղ են գտել նաև կենդանագրերը։ XI դ․ տարածվել է տեքստին միահյուսվող նկարների պատկերման ոսկերչական–վիրտուոզ եղանակը։ Պատմական անձանց ներկայացնելիս կենդանի դիտարկումները զուգորդվել են պայմանականությանն ու հանդիսավորությանը։ XII դ․ մանրանկարչությունը դարձել է ավելի սխեմատիկ։ Չնայած Պալեոլոգոսների շրջանում մանրանկարչությունը վերելք է ապրել, սակայն գեղարվեստական մակարդակով զիջել է նախորդ շրջանին։ Գերիշխող է դարձել աշխարհիկ թեման։ Նշանակալից են Սքիլիցեսի բյուզանդական քրոնիկները (XIV դ․ Մադրիդ), որտեղ պատկերված է պալատական զինվորական կյանքի առօրյան։
Դեկորատիվ–կիրառական արվեստի ասպարեզում IX–XII դդ․ Բ-ում ստեղծվել են բարձրարժեք գործեր՝ գործվածքներ, միջնորմավոր բազմագույն արծնակիտված առարկաներ, փղոսկրից և մետաղից պատրաստված գեղարվեստական իրեր։
Ճարտարապետությունը։ Բյուզանդական ճարտարապետությունը Արևելյան Հռոմեական կայսրության սահմաններում ստեղծված ճարտարապետությունն է Կոստանդնուպոլսի հիմնադրումից (330) մինչև նրա անկումը (1453)։ Գիտական գրականության մեջ նման սահմանումը պայմանական է։ IV և V դդ․ Կոստանդնուպոլիսը համարվել է Արևելքի քրիստոնեական ճարտ․ կենտրոններից մեկը, իսկ Հուստինիանոս I-ի օրոք (527–65), գերազանցելով մրցակից քաղաքներ Ալեքսանդրիային, Անտիոքին, Նիկոմեդիային և որոշ չափով նաև Հռոմին, դարձավ ամենանշանավորը, ինչպես նաև Հռոմից, Հունաստանից, Եգիպտոսից, Մերձավոր Արևելքից և Հայաստանից եկող արվեստագետների գործունեության վայր։ Օտարազգի վարպետները, ըստ տեղական պայմանների և տիրող գաղափարախոսության, վերամշակեցին իրենց երկրների շինարարական ավանդները՝ սկիզբ տալով կազմավորման շրջանը (ընդգրկում է անցումը ուշ անտիկից՝ քրիստոնեականին և վաղ բյուզանդական ճարտ–ը) բնորոշող բաղադրյալ ոճին։ Բյուզանդական ճարտ․ հետագա պատմությունը ժամանակագրական կարգով բաժանվում է չորս շրջանի. առաջին (527–726, ստորաբաժանվում է Հուստինիանոս I-ի կամ առաջին ոսկեդարի և ետհուստինիանոսյան ենթաշրջանների), պատկերամարտության (726–867, ոմանց կարծիքով մինչև 843-ը, համապատասխանում է Իսավրյան տոհմի ժամանակաշրջանին՝ 717-820), միջին բյուզանդական կամ երկրորդ ոսկեդար (867-1204, համապատասխանում է Մակեդոնական, հայկական տոհմի, 867–1081 և Կոմնենոսների ժամանակաշրջաններին՝ 1081-1185), ուշ բյուզանդական կամ Պալեոլոգոսների (1261-1453)։ Կ․ Պոլսի անկումից հետո բյուզանդական ճարտ․ հարատևեց օրթոդոքս (ուղղափառ) եկեղեցու երկրներից Ռուսաստանում (մինչև XVI դ․), Ռումինիայում (մինչև XVII դ․), իսկ սլավոնական մյուս երկրներում (Բուլղարիա, Սերբիա, Մակեդոնիա, Հորվաթիա) ստացավ ազգային ոճավորում։ Բ-ի ճարտ․ տարածվեց նաև Բալկաններում, Հարավային Իտալիայում, Ռավեննայում, Վենետիկում, Արևելյան Միջագետքում, Փոքր Ասիայի և Կովկասի հունադավան երկրներում։ Բ-ի ճարտ․ կազմավորման հարցում կարևոր էին ուշ հռոմեական (Զ․ Տ․ Ռիվոիրա), որոշ չափով սիրիական (Հ․ Չ․ Բատլեր), ավելի ուշ շրջանում՝ հայկական և իրանական (Յ․ Ստրժիգովսկի) ազդեցությունները, իսկ հիմնական դերը հելլենիստական ճարտարապետությանն էր (Շ․ Գիլ)։ Կոստանդին Մեծի կառուցած մայրաքաղաքից մեզ են հասել միայն ջրամատակարարման կառույցներ (Վալենտե կայսեր ջրանցույցը, Էցիո, Ասպար, Ս․ Մոչիո և Հուստինիանոսի շրջանից՝ ֆիլոսսենո և բազիլիկատիպ ջրամբարները) Մարչիանոյի, Արկադիոյի (միայն հսկա խարիսխը) և պորֆիրե հուշասյուները, Թեոդոսիոս II-ի կառուցած պարիսպների մի մասը, Անտիոքոս կայսեր պալատի ավերակները, կոստանդինյան ֆորումի մուտքի քանդակները, Տաուրոյի հաղթակամարի բեկորները (բոլորը մինչև VI դ․)։ Սետտիմիո Սևերոյի (143–211) հելլենիստական–հռոմեական քաղաքաշինական սկզբունքներով կառուցած քաղաքի հիմնական կորիզն էին ձիարշավարանը, ագորան և Ձեուքսիպոսի թերմերը։ Կոստանդին կայսրը մեծացրեց ձիարշավարանը (500 մ երկարություն), ավելացրեց կայսերական օթյակը (kathisma), դրան հաղորդակից կառուցեց Մեծ (Սուրբ) պալատը (չի պահպանվել), որը մինչև XI դ․ Բ-ի կայսրերի նստատեղին էր։ Նշված կառույցներից արմ․ ձգվում էր Մեզե կոչվող արքայական սյունաշար մայրուղին՝ տանելով դեպի Կոստանդին Մեծի ֆորումը, որի կենտրոնում, պորֆիրե հուշասյունի վրա էր կայսեր պաշտպան աստծո՝ Ապոլլոն–Հելիոսի արձանը։ Մեզեի շարունակությամբ տեղադրված էր Թեոդոսիոս I-ի օրոք կառուցված՝ Տաուրոյի ֆորումը, որից քիչ հեռու Փիլադելփիոն հրապարակն էր՝ Կոստանդինի որդիների արձանները կրող երկու հուշասյուներով (հետագայում տարվել են Վենետիկ, տեղադրվել Ս․ Մարկոսի հրապարակում՝ Լագունայի դիմաց)։ Փիլադելփիոնից Մեզեն ճյուղավորվելով, դեպի հս․ հասնում էր մինչև Կոստանդինի եկեղեցի–դամբարանը (Ս․ Առաքյալներ), դեպի արմ․՝ հանգում Բովիսի և հետո Արկադիոյի ֆորումներին։ Վաղ բյուզանդական շրջանում քաղաքների մեծ մասը եղել է հռոմեական տիպի։ Այդ քաղաքներից Ջեռաշան (Հորդանան) I դ․ վերակառուցվել է ըստ Կարդո և դեկումանո հռոմեական քաղաքաշինական սկզբունքի և պարսպապատվել։ Ադրիանոսի և Դիոկղետիանոսի կառուցած թատրոններով, ձիարշավարանով, տաճարներով և պալատներով Ջեռաշան IV դ․ դարձել է եպիսկոպոսանիստ քաղաք։ V դ․ կեսերին Արտեմիսի տաճարից հվ․ կառուցվել է պաշտամունքային շենքերի համակառույց, որի կազմում էին եռանավ բազիլիկը, կենտրոնական աղբյուրով (ֆիալե) սյունաշար բակը և Ա․ Թեոդորոս բազիլիկատիպ եռանավ վկայարանը (494–96)։ Բազմաթիվ եկեղեցիներից նշանավոր է «Մարգարեներ, Առաքյալներ և Մարտիրոսներ» (464–65) խաչաձևվող զույգ սյունաշարերով եկեղեցին։ Որոշ տարբերություններով, Ջեռաշայի նմանությամբ բյուզանդականի են վերածվել Փոքր Ասիայի արմ–ում Եփեսոս, Պերգամոն,