Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միլեթ, Սարդին, Զմյուռնիա քաղաքները, որոնք ավերվել են պարսկական արշավանքների հետևանքով VII դ․ սկզբին։ Բյուզանդական շրջանում հիմնադրված քաղաքներից սակավաթիվ օրինակներ են մեզ ծանոթ։ Դրանցից են Հուստինիանոսի կառուցած՝ Հուստինիանա Պրիման (ավերակների ժամանակակից անվանումը՝ Ցարիցինգրադ, Սերբիա), որը քիչ ավելի մեծ էր (մոտ 500 մ X 100 մ), քան Կալատ Սիմանի վանական համակառույցը։ Քաղաքի ակրոպոլիսում էր կաթողիկեն և արքեպիսկոպոսի պալատը, իսկ ցածրադիր մասը բաժանված էր խաչաձևվող մայրուղիներով, որոնց հատույթում բոլորաձև հրապարակն էր, ուր, ինչպես Ջեռաշայում, գտնվում էր առևտրական կենտրոնը։ Պեղումներից հայտնաբերվել են հինգ եկեղեցի, բաղնիք, իսկ պարիսպներից դուրս՝ գերեզմանոց։ Մեզ ծանոթ քաղաքներից են նաև Պալմիրայից Սուրա (Եփրատի ափին) տանող ճանապարհին կառուցված Ռեսաֆան (կամ Սերջիոպոլիս, Ասորիք), Անաստասիոս I-ի 507-ին հիմնադրած Դարան, Եփրատի ափերին կառուցված Զենոբիան (կամ Հալաբիե, որը հիմնադրել էր Պալմիրայի թագուհի Զենոբիան), որոնք բոլորը վերակառուցել և պարիսպներով ամրացրել է Հուստինիանոս I։ IV-VI դդ․ Արլ–ում և Արմ–ում Հռոմի ազդեցության ներքո քրիստոնեական շենքի պաշտոնական տիպը դարձավ բազիլիկը։ Կոստանդին Մեծի Կ․ Պոլսում կառուցած Ս․ Սոֆիա, Ս․ Իրենե, Ս․ Ակաչիո եկեղեցիներից ոչինչ չի պահպանվել, իսկ Ս․ Առաքյալների խաչաթև բազիլիկը Հուստինիանոսը վերափոխել է 536-ին (1469-ին վերածվել է մզկիթի)։ Մեզ հասած նշանակալից օրինակներից է մայրաքաղաքի բազիլիկների դասական տիպը ներկայացնող Ստուդիոյի Ս․ Հովհաննեսը (կիսավեր է), որը վաղ քրիստոնեական ճարտ․ օրենքների համաձայն, բաղկացած է երկու շենքից՝ սյունաշար, քառանկյունի զավթից (paradisus, պահպանվել է նախամուտքը՝ narthex) և եկեղեցուց։ Եկեղեցու կողային նավերը և նարտեքսը երկհարկանի են, որոնց երկրորդ հարկում կանանց դասն էր (լատ․ matroneum, հուն, γυναιχωνίτίξ), իսկ ավագ խորանն ուներ մի քանի շարք բոլորաձև աստիճաններ (synthronon)՝ հոգևորականների դասը։ Ավագ խորանից դուրս, գլխավոր նավի առանցքին պատարագասեղանն էր և ամպհովանին (πβώριον)։ Խորանի տակ ստորգետնյա խաչաձև դամբարանն էր (cripte), իսկ բեմին կից՝ ամբիոնը (հուն, «αμβων», լատ․ ambone)։ Նույն տիպի եռանավ բազիլիկներից Թեսալոնիկեի Ակեիրոպոետոսը (V դ․) ունի ավելի ձգված աղոթադահլիճ, սինթրոնոնը ամպհովանու երկու կողերի երկայնքին է, իսկ խորանի խորքում եպիսկոպոսի գահն է։ Գլխավոր՝ արմ․ մուտքը «եռաբացվածք» (tribeeon) տիպի է (տես Շքամուտք)։ Լեկայոնի (Կորնթոս) Ս․ Լեոնիդասը և Կոստանցայի (Կիպրոս) Ս․ Եպիփանոսը ներկայացնում են Բ-ի կենտրոնական մասում տարածված բազիլիկների դասական տիպը, որոնք կառուցվածքով կրկնում են Ստուդիոյի Ս․ Հովհաննեսը՝ տարբերվելով ներքին հարդարանքի՝ որմնանկարների, խճապատկերների, մարմարե երեսպատումների, սալահատակների ճոխությամբ, խոյակների, կամարների և ճարտ․ այլ տարրերի քանդակային այլազանությամբ։ Հռոմի Կոստանդինյան բազիլիկները (I Ս․ Պետրոսը՝ 330, Ս․ Լորենցոն՝ 330, Ս․ Պողոսը՝ 380 ևն), ինչպես և Հայկական բարձրավանդակի ու Ասորիքի բազիլիկների կողային նավերը միահարկ էին։ Ասորիքյան, բյուզանդական, իտալական վաղ շրջանի բազիլիկների ծածկը փայտակերտ է, կենտրոնական նավը ավելի բարձր է և ունի լուսամուտներ (ամբողջ բարձր մասը՝ cleristerio), մինչդեռ հայկ. բազիլիկում (անատոլիական որոշ օրինակներում) նավերը քարե թաղածածկ են։ Բ-ի ճարտ․ վաղ շրջանում վկայարանների կառուցման տեղը պայմանավորված էր մարտիրոսների, սյունակյացի սյան (Թեսալոնիկեի Ս․ Դեմետրիոն), ինչպես և Քրիստոսի կյանքին առնչվող վայրերով։ Եվսեբիոսի և պեղումների տվյալներից ծանոթ է Կոստանդին Մեծի (գուցե նրա մոր՝ Հեղինեի) կառուցած Բեթղեհեմի Ս․ Ծնունդ եկեղեցին (333, հիմնովին վերակառուցել է Հուստինիանոսը), որը բաղկացած էր գլխավոր առանցքով տեղադրված գավթից, բազիլիկից և «ծնունդի քարանձավը» շրջափակող ութնիստ վկայարանից։ Ձիթենյաց լեռան էլեոնը ուներ սյունաշար գավիթ, նարտեքս, եռանավ բազիլիկ և դեպի աղոթադահլիճը երկարող բեմի տակ՝ քարանձավ (Քրիստոսի քարոզի վայրը)։ Երկհարկ սյունաշարով, փայտակերտ, երդիկավոր, վրանանման ծածկով Ս․ Անաստասիոսը (380, ըստ ավանդության կառուցված էր Կոստանդինի բազիլիկ–վկայարանի գավթում և տարափակում էր Քրիստոսի շիրիմը) շրջաբոլոր վկայարանի վաղագույն օրինակներից է և նախատիպ է Կոստանդնուպոլսի Ս․ Կարպոս և Պոլիկարպոս (400), Հռոմի Ս․ Կոստանցա (IV–V դդ․), ռոմանական շրջանի՝ Պիզայի Մկրտարանի, Բոլոնիայի, Ս․ Ստեֆանիո, Ֆուլդայի Ս․ Միքայել կառույցների։ Կենտրոնակազմ կառույցներից նշանակալից է եղել Կ․ Պոլսի՝ Կոստանդին Մեծի Ս․ Առաքյալներ դամբարան–եկեղեցին՝ Ապոստոլեոնը, որը Եվսեբիոսի վկայությամբ խաչաձև էր։ Եռանավ թևերը հանգում էին քառանկյունի տարածության, որի կենտրոնում տեղադրված էր կայսեր շիրիմը՝ շրջանակված 12 առաքյալների շիրիմներով (արձանագրություններով հուշասյուներ էին)։ Կենտրոնական տարածությունը ծածկված էր թմբուկի վրա բարձրացող փայտակերտ վեղարով։ Կոստանդին I-ի կառուցած Ապոստոլեոնից հետևում է խաչաթև վկայարանի տիպը (Նիսսայի վկայարանը՝ 370, Անտիոքի Ս․ Բաբիլան՝ 378, Եփեսոսի Ս․ Հովհաննեսը՝ 463, Ասորիքի Կալատ Սիմանը՝ 476–91)։ V դ․ սկիզբ առավ եկեղեցիների տիպային դասավորումը ըստ եկեղեցական կանոնադրության։ Տիպերի ընտրությունը մայրաքաղաքում կրում էր պահպանողական բնույթ, իսկ Եգեյանի ափերին, Մերձավոր Արևելքում ավելի ազատ էր՝ կապված տեղական ավանդներին։ Այս առումով կարևոր է Բոսրայի եպիսկոպոսանիստ համակառույցի կաթողիկեն (512), որի տիպին են պատկանում V և VI դդ․ մի շարք եկեղեցիներ (Ռեսաֆայի եպիսկոպոսանիստ պալատ)։ Ճարտ․ ձևի մշակման և տիպերի ընտրության առումով, IV–VI դդ․ քրիստոնեական երկրներում մշակվել են երկայնական դահլիճը և կենտրոնակազմ կառույցը՝ բազմաթիվ տարբերակներով (ութնիստ, եռաթև, քառաթև, շրջանաձև)։ Հուստինիանոս կայսեր շրջանում Հռոմի ազդեցության