Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրկ․ Դոլուխանովա Ն․ Ի․, Հայկական ԽՍՀ կուրորտային հարստությունները, Ե․, 1963: Աղաջանյան Դ․ Ի․, Թոփչյան Ժ․ Ս․, Հայաստանի առողջարանները և առողջավայրերը, Ե․, 1968: Акопян А․ А․, Курорты Армении, Е․, 1934; Паничкина М․ 3․, Палеолит Армении, Л. 1950․ Գ․ Աղաջանյան, Հ․ Գրգեարյան, Ա․ Անանյան, Հ․ Իսաբեկյան

(նկ․) Արզնիի հիդրոէլեկտրակայանի գլխային հանգույցը

ԱՐԶՆԻԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐՈԿԱՅԱՆ, Սևան–Հրազդան կասկադի չորրորդ (ստորգետնյա երկրորդ) կայանը: Կառուցվել է 1953-56-ին, Արզնիի կիրճում: Օգտագործում է Հրագդան գետի միջին հոսանքի 120 մ անկումը (մոտ 10 կմ երկարության վրա): Արզնի հիդրոէլեկտրոկայանի գլխային հանգույցում, որը գտնվում է Գյումուշի ՀԷԿ–ից մոտ 2 կմ հեռավորության վրա, տեղավորված է երկաթբետոնե պատվարը՝ ջրընդունիչ և ջրթող կառուցվածքներով: Ջրընդունիչի միջոցով ջուրն անցնում է դերիվացիոն թունելը (երկարությունը՝ 4 կմ, կտրվածքը՝ 18 մ²) և դուրս գալիս աջափնյա սարահարթ: Այնուհետև ջրթող կառուցվածքով՝ մեկ կարճ թունելով և դերիվացիոն ջրանցքով (երկարությունը՝ 4 կմ) ջուրը մոտենում է վերին հանգույցին: Ջրանցքի վերջում ջրթափ կառուցվածքով ճնշման ավազանն է (այստեղից սկիզբ է առնում Արզնի–Շամիրամ ոռոգման համակարգը), որից ջուրը ուղղաձիգ հորանով (խորությունը՝ 98 մ, տրամագիծը՝ 3 մ) առանձին խողովակներով մոտեցվում է երեք տուրբիններին: Արզնի հիդրոէլեկտրոկայանում տեղադրված են 70, 5 հզ․ կվտ ընդհանուր հզորությամբ 3 հիդրոագրեգատ: Արտադրական բոլոր պրոցեսներն ավտոմատացված են: Կառավարվում է նաև Երևանի կենտրոնական դիսպետչերական կայանից: Արզնի հիդրոէլեկտրոկայանը 110 կվ հաղորդման գծով սնում է ՀԽՍՀ էլեկտրահամակարգը: Հ․ Մանուկյան

(նկ․) 1․ Մայր ջրանցք, 2․ Բաժանարար խողովակ


ԱՐԶՆԻ–ՇԱՄԻՐԱՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, Սևանա լճի և Հրազդան գետի ջրերը օգտագործող ոռոգիչ համակարգ: Ոռոգում է ՀԽՍՀ Նաիրիի, Աշտարակի և մասամբ Աբովյանի ու էջմիածնի շրջանների 30 հզ․ հա հողատարածությունները: Մայր ջրանցքը (երկարությունը՝ մոտ 90 կմ) սկիզբ է առնում Արզնիի հիդրոէլեկտրակայանը սնող ճնշման ավազանից և սկզբնամասում ունի 25 մ³/վրկ թողունակություն: Շինարարությունն ավարտվել է 1973-ին: Գ․ Աղախանյան


ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Անդրեաս Հռվսեփի [18․7․1876, գ․ Թաղավարդ (այժմ՝ ԼՂԻՄ Մարտունու շրջանում) - 24․ 4․ 1931, Երևան], հայ բժիշկ, նյարդախտաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1914) , պրոֆեսոր (1925): 1898-ին ավարտել է Լազարյան ճեմարանը, իսկ 1903-ին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1926-31-ին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի նյարդախտաբանության և հոգեբուժության ամբիոնը: Արզումանյանի գիտական աշխատությունները նվիրված են բազմանյարդաբորբի, հիպոֆիզի և գանգի հիմքի ուռուցքների ուսումնասիրություններին: Հայաստանում աշխատելու տարիներին մեծ ուշադրություն է նվիրել մալարիայի հետևանքով առաջացած նյարդաբորբերի, ընդհանուր և սուր ատաքսիայի, վիրաբուժական տուբերկուլոզի բուժման ընթացքում նյարդահոգեկան ոլորտի բարդությունների հարցերին: Վ․ Մարտիրոսյան

(նկ․) Ա․ Հ․ Արզումանյան

(նկ․) Ա․ Ա․ Արզումանյան


ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Անուշավան Աղաֆոնի [27․ 2․ 1904, Կավարտ (այժմ՝ ՀԽՍՀ Ղափան քաղաքի շրջագծի մեջ) - 18․ 7․ 1965, Մոսկվա], հայ խորհրդային տնտեսագետ: Ակադեմիկոս (1962): ԽՄԿԿ անդամ 1921-ից: 1912-18-ին սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում: 1921-28-ին կատարել է կոմերիտական, ապա կուսակցական ղեկավար աշխատանք Խորհրդային Հայաստանում: 1928-ին սովորել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1933-35-ին՝ Կարմիր պրոֆեսուրայի ագրարային ինստիտուտում: Աշխատել է ՀԿԿ Ղուրդոսլուլու (այժմ՝ Հոկտեմբերյան, 1929-30), Միկոյանի (1935-36), Երևանի Կիրովյան շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ (1930-33): 1937-ին եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ վարելով կուսակցական–քաղաքական աշխատանք: 1946-52-ին Ադրբեջանի պետական համալսարանի պրոռեկտորն էր գիտական գծով, 1952-ին՝ ԽՍՀՄ ԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի դիրեկտորի տեղակալ, 1956-ից մինչև 1965-ը՝ նորաստեղծ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի դիրեկտորը: 1962-ից եղել է ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար: Արզումանյանը ուսումնասիրել է համաշխարհային կապիտալիստական սիստեմի ճգնաժամի, պետական մոնոպոլիստական կապիտալիզմի, բանվորական շարժման, արդի բուրժուական հասարակության կառուցվածքի, միջազգային հարաբերությունների և այլ հարցեր: Գիտական աշխատանքը համատեղում էր համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների բնագավառում բարձրորակ կադրեր պատրաստելու հետ: Եղել է ԽՍՀՄ VI գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, Ազգությունների խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, սահմանադրական հանձնաժողովի անդամ: Լայն էին Արզումանյանի հասարակական գործունեության շրջանակները՝ «Պոլիտիզդատի» գլխավոր խմբագրության անդամ, «Սովետական հանրագիտարան» հրատարակչության գիտա–խմբագրական խորհրդի անդամ, «Դիվանագիտական բառարան» (հ․ 1-3, 1960-1964, ռուս․) , «Միջազգային հարաբերությունները համաշխարհային պատերազմից հետո» (հ․ 1-3, 1962-65, ռուս․) խմբագրական կոլեգիաների անդամ: Մասնակցել է միջազգային գիտական կոնֆերանսների և համաժողովների: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Երկ․ Տնտեսագիտական ընտիր երկեր, Ե․, 1971: Кризис мирового капитализма насовременном этапе, М․, 1962; Борьба двухсистем и мировое развитие, М․, 1964․ Ջ․ Բաշինջաղյան


ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Աշոտ Մարտիրոսի (ծն․ 29․5․ 1913, Շուշի) , հայ խորհրդային գրող և լրագրող: ԽՄԿԿ անդամ 1939-ից: Ավարտել է (1936) Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: 1965-ից ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող է: Գրել է հայ և ռուս ժողովուրդների մշակութային և գրական կապերին նվիրված աշխատություններ («Բարեկամություն», 1958, ռուս, վերամշկ․ հրտ․, հ․ 1-2, 1960): Հեղինակն է նաև «Յան Ռայնիսը և հայ ժողովուրդը» (1953) , «Ճանապարհ դեպի գիտություն» (1956) , «Ակը Բյուրականի» (1962, ռուս․ հրտ․ 1969) , «Հրաշալի էստաֆետը» (1971) , «Հրեղեն ոտնահետքեր» (1973) գրքերի: Պարգե–