վտարվել է «Պատվո նշան» շքանշանով (1973) ։
Երկ․ Мальчик из Санаина, М․, 1966; Тайна булата, Е․, 1967; Адмирал, Е․, 1973․
Արզումանյան Արտաշես (Արգո) Նիկոլայի [ծն․ 5 (17) ․ 5․ 1898, Շուշի], հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ (1954) և ՀԽՍՀ (1971) ժողովրդական արտիստ։ ԽՄԿԿ անդամ 1941-ից։ Աշխատել է Բաքվի (1929-49) , Ստեփանակերտի (1949-54) հայկական թատրոններում։ 1956-ից Լենինականի Մռավյանի անվան թատրոնի դերասան է։ Վ․ Ի․ Լենինի դերի առաջին կատարողներից է հայ բեմում (Կապլերի և Զլատոգորովայի «Լենինը 1918-ին», 1940) ։ Արզումանյանի լավագույն դերակատարումներից են՝ Հայրապետը, Մինթոեը (Շիրվանզադեի «Նամուս», 1936, «Մորգանի խնամին», 1949) , Սալամովը (Զաբարլիի «1905 թվին», 1937) , Բալաբեկը (Ն․ Զարյանի «Աղբյուրի մոտ», 1950) , Մելիք աղան (Վաղարշյանի «Օղակում», 1956) , Նազարը (Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1965) , Սչաստլիվցևը (Ա․ Օստրովսկու «Անտառ», 1968)։
Արզումանյան Գրիգոր Աղաֆոնի [ծն․22․ 4․ 1919, Կավարտ (այժմ՝ ՀԽՍՀ Ղափան քաղաքի շրջագծի մեջ,) ], խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1944-ից։ Սկզբնական կրթությունն ստացել է Ղափանում, միջնակարգը՝ Բաքվում։ 1941-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետը, 1942-ին՝ Լենինգրադի ռազմատրանսպորտային ակադեմիան։
Գ․ Ա․ Արզումանյան
1941-46-ին ծառայել է խորհրդային բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելով բանակից աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր խճուղային ճանապարհների գլխավոր վարչությունում (1946-48)։ 1948-1952-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի տրանսպորտային բաժնի հրահանգիչ, 1952-1953-ին՝ ՀԿԿ Երևանի օկրուգային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1953-54-ին՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի և խճուղային ճանապարհների մինիստրի տեղակալ, 1954-56-ին՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, 1956-1959-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար։ 1960-65-ին Արզումանյանը պատասխանատու աշխատանք է կատարել ԽՄԿԿ Կենտկոմի կուսօրգանների բաժնում։ 1965-72-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1972-ից Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն է։ Եղել է ԽՍՀՄ VII և IX գումարումների Գերագույն խորհրդի և ՀԽՍՀ IV, V, VI, VII, VIII, IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի անդամ 1955-62-ին և 1966-ից, բյուրոյի անդամ 1965-ից։ Պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով։
Արզումանյան Գուրգեն Միրզոյի [8․11․ 1914, գ․ Խնձորեսկ (այժմ՝ ՀԽՍՀ Գորիսի շրջանում) - 22․9․1943], Խորհրդային Միության հերոս (ետմահու, 15․ 1․ 1944) , լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ 1940-ից։
Գ․ Մ․ Արզումանյան
1935-ին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ավարտել է հեծելազորային ուսումնարանը։ Մասնակցել է խորհրդա–ֆիննական պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին կռվել է ԽՍՀՄ արևմտյան սահմանում, ապա մասնակցել Ստալինգրադի պաշտպանությանը, Հարավարևմտյան և Կենտրոնական ռազմաճակատների մարտերին։ Սնովի գետանցման և ուկրաինական Կուլիկովկա բնակավայրի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։
Արզումանյան Երվանդ Ավանեսի [ծն․12 (25) ․2․ 1909, գ․Թաղավարդ (այժմ՝ ԼՂԻՄ Մարտունու շրջանում)], հայ խորհրդային անասնաբույծ–սելեկցիոներ։ ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1972) ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1952) , պրոֆեսոր (1953) ։ ԽՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1958-ից ղեկավարում է նույն ակադեմիայի տավարաբուծության ամբիոնը։ Ուրալի բնակլիմայական պայմաններում ստեղծել է տավարի սև–խայտաճամուկ նոր ցեղը։ Ուսումնասիրել է կաթնագեղձի ձևաբանության ու ֆունկցիայի, կրծի շարակցական ու ճարպային հյուսվածքների փոփոխության հարաբերակցության, կաթի քիմիական բաղադրության, լակտացիայի երկփուլային բնույթի, տոհմաբուծության, տավարաբուծության տարբեր հարցեր։ Արզումանյանը ԽՍՀՄ ԺՏՆՑ–ի կաթնատու տավարի ցեղերի գնահատման փորձարարական հանձնաժողովի նախագահն է։
Երկ․ Животноводство, М․, 1964 (совместнос др․)․
Ա․ Մանուչարով
Արզումանյան Կիմ Գուրգենի (ծն․ 31․3․1926, Գորիս) , հայ խորհրդային ռեժիսոր, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967) ։ ԽՄԿԿ անդամ 1948-ից։ 1950-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1962-63-ին՝ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի, 1964-71-ին՝ հեռուստատեսության ստուդիայի գլխավոր, իսկ 1971-ից՝ Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր։ 1962-ից դասավանդում է Երևանի գեղարվեստա–թատերական ինստիտուտում։ Բազմաթիվ ռադիոբեմադրությունների (Ա․ Պ․ Չեխովի «Արջ») և հեռուստատեսային ներկայացումների (Հ․ Մուրադյանի «Սայաթ–Նովա», Ե․ Օտյանի «Միջնորդ Տեր Պապա») ռեժիսորն է։ Սունդուկյանի անվան թատրոնում Արզումանյանի հաջողված բեմադրություններից են՝ Վ․ Ս․ Ռոզովի «Երեկոյից մինչև կեսօր»-ը (1971) , Վ․ Սարդուի և Է․ Մորոյի «Մադամ Սան–ժեն»-ը (1972)։
Արզումանյան Մակիչ Վահանի [ծն․25․ 10․ 1919, գ․ Բարսում (այժմ՝ Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանում)], հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1963) , պրոֆեսոր (1964)։ ԽՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1942)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-50-ին և 1960-1961-ին դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1951-54-ին աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին կից ՄԼԻ հայկական մասնաճյուղում, 1954-59-ին՝ ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցական դպրոցում։ 1962-ից Երևանի Վ․ Յա․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչն է։ Գիտական աշխատությունները նվիրված են ԽՄԿԿ պատմության հարցերին, Անդրկովկասի և Հայաստանի բոլշևիկների գործունեությանը, հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը։ Որպես հեղինակ մասնակցել է «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր» (մաս 1; 1967, ռուս․) , «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1967) կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։
Երկ․ Ասքանազ Մռավյան, Ե․, 1955։ Բոլշևիկների գործունեությունը և հեղափոխական շարժումները Հայաստանում 1907 -1917 թվականներին, Ե․, 1959։ Արսեն Ամիրյան, Ե․, 1961։ Հայաստան․ 1914 - 1917, Ե․, 1969։ Արհավիրքից վերածնունդ, Ե․, 1973։
Արզումանյան Պավել Ռուբենի [ծն․10․ 10․ 1923, Չարջոու (Թուրքմենական ԽՍՀ) ], այգեգործ–ագրոնոմ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1972) ։ ԽՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1952)։ 1960-63-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչ։ 1963-74-ին՝ Հայկական ԽՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ–ի դիրեկտոր, 1974-ից՝ ՀԽՍՀ Պետպլանի նախագահի տեղակալ։ Արզումանյանի աշխատությունները նվիրված են այգեգործության, պտղաբուծության պատմության առանձին հարցերին, տեսակների և սորտերի շրջանացման, պահածոների արտադրության տեղաբաշխման, մասնագիտացման և զարգացման հեռանկարների ուսումնասիրմանը։ Եղել է ՀԽՍՀ V և VI գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Երկ․ խաղողագործության վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանում, Ե․, 1967։ Культура абрикоса в Армянской ССР, в сб․։ Абрикос, Е․, 1970․
Արզումանյան Սևակ Հարությունի (ծն․22․ 11․ 1929, ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանի Սեյդիշեն գ) , հայ խորհրդային գրականագետ–քննադատ։ Բանասիրական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/49
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է