Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2 տարրական դպրոց (8, 5 հզ․ աշակերտ, 505 ուսուցիչ, որոնցից բարձրագույն կրթությամբ՝ 243), 8 մսուր–մանկապարտեզ (384 երեխա)։ 1971-ին շրջանում գործում էր 31 մասսայական գրադարան (146, 4 հզ․կտոր գիրք)։ Բոլոր բնակավայրերն ունեն մշակույթի տներ կամ ակումբներ, 11 բնակավայր՝ կինո։ Փանիկի դպրոցում ստեղծվել է հայրենագիտական թանգարան։ 1931-ից լույս է տեսնում «Լեռնագործ» շրջանային թերթը։
Պատկերազարդումը տես աղ․ V, 48-49 էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ․ տես Հայկական Խորհրդային Սոցիաիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը։
Ռ․ Հովեսյան

ԱՐԹԻԿԻ ՏՈՒՖԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է Արագած լեռան զանգվածի հյուսիս–արևմտյան լանջին, 1600-2100 մ բարձրության վրա, Արթիկ քաղաքի շրջակայքում։ Հայտնի է վաղ անցյալից (III - V դդ.)։ Տուֆերի ուսումնասիրությամբ XIX դ․ 50-ական թթ․ առաջին անգամ զբաղվել է Հ․Աբիխը։ Սիստեմատիկորեն հետախուզվել է 1927-ից։ Արթիկի տուֆի հանքավայրը ԽՍՀՄ վարդագույն տուֆի խոշորագույն հանքավայրն է։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցումեն վերից վար՝ վարդագույն տուֆալավաներ, անդեզիտաբազալտային լավաներ, պեմզաներ, պեմզային տուֆեր, երևան–լենինականյան տիպի սև ու կարմիր տուֆեր։ Տուֆալավաներից վեր, առանձին տեղամասերում, գտնվում են անդեզիտադացիտային լավաներ։ Հանքադաշտի ընդհանուր տարածությունը 225 կմ² է, տուֆաքարի շերտի միջին հզորությունը՝ 6-7 մ, հետախուզված պաշարները՝ 63 մլն․մ³ (1968)։ Հանքավայրի առաջացումը պայմանավորված է անթրոպոգենի հրաբխային գործունեությամբ։ Արթիկի տուֆի հանքավայրի շահագործման տեխնիկա–տնտեսական պայմանները բարենպաստ են։ Տուֆի հանույթի և տեղափոխման աշխատանքները մեքենայացված են։ 17 հանքից յոթն ունեն համալիր մեքենայացում։ Առանձին տեղամասերում կատարվում է պահանջվող ձևի և չափի քարի անմիջական հանույթ, որն առանց հետագա մշակման օգտագործվում է շինարարության մեջ։ Հանույթից ստացվող քարի մանրուքի բազայի վրա գործում է արհեստական տուֆաբլոկների կոմբինատը։
Կ․ Շիրինյան


ԱՐԹԻԿՏՈՒՖ ԿՈՄԲԻՆԱՏ, ՀԽՍՀ շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություն, հիմնադրվել է 1928-ին, Արթիկի շրջանում։ Թողարկում է վարդագույն, դեղին, սև գույնի մշակված և անմշակ տուֆ, կիսամշակ բազալտ, երեսպատման սալիկներ, այլ շինաքարեր։ Արթիկտուֆ կոմբինատի հիմնադրմանը նախորդել են տուֆի գործնական նշանակությունը, պաշարների ու կարողությունների մասշտաբները պարզելու գիտահետազոտական աշխատանքներ, որոնց գործուն մասնակցություն են ցույց տվել հայրենական և արտասահմանյան մի շարք անվանի գիտնականներ, երկրաբաններ, ճարտարապետներ (Դ․ Գ․ Չիսլիև, Ա․ Հ․ Մեսրոպյան, Կ․ Ա․ Մկրտչյան, Պ․ Ի․ Լեբեդև, Դ․ Ս․ Բելյանկին, Բ․ Վ․ Զալեսսկի, Ա․ Ա․ Իվանչին–Պիսարև, Վ․ Պ․ Պետրով, Ա․ Ն․ Զավարիցկի, Հ․ Վ․Աբիխ, Ֆ․ Յու․ Լեվինսոն–Լեսսինգ, Կ․ Ն․Պաֆֆենգոլց)։ 1974-ին թողարկվել է 420հզ․ մ³ (1928-ի 30-40 հզ․ մ³ դիմաց), իսկ հիմնադրման օրվանից մինչև այսօր՝ 15, 5 մլն․ մ³ տուֆ։ 10-րդ հնգամյակում նախատեսվում է միայն երեսպատման սալիկների արտադրությունը հասցնել 2,5-2 մլն․ մ²։ 1960-ական թթ․Արթիկտուֆ կոմբինատի բազայի վրա, որպես ինքնուրույն արտադրական միավորներ, հիմնադրվել են «Պեմզաշենի հանքվարչությունը», Մարալիկի շինանյութերի կոմբինատը, Արթիկի տուֆաբլոկների գործարանը։ Արթիկտուֆ կոմբինատի արտադրանքն առաքվում է Մոսկվա, Լենինգրադ, Կիև, Մինսկ, Տաշքենդ, Խարկով, Վոլգոգրադ, արտահանվում՝ ԱՄՆ, Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, ԳԴՀ, Չեխոսլովակիա։ Արթիկտուֆ կոմբինատի գործունեության սկզբնական փուլում գերիշխում էր ձեռքի աշխատանքը, 1958-ից սկսած ներդրվեցին կոնստրուկտոր Ստոլյարովի առաջին քարհատ, ՍՄ–518, ՍՄ–89 ա, ՍՄ–89 աու, Ուրալ–33 տիպի ալմաստե կտրիչով մեքենաները։ Մեքենայացվեցին նաև տեղափոխման, բարձման և բեռնաթափման աշխատանքները։ Արթիկտուֆ կոմբինատի արտադրողական կարողությունները ռացիոնալ օգտագործելու, շինաքարի աճող պահանջարկը բավարարելու համար ՀԽՍՀ ԳԱ–ի գիտնականները մշակել են տուֆքարի մնացուկների հալման եղանակով բարձրորակ շինանյութ ստանալու տեխնոլոգիա։ Արթիկտուֆ կոմբինատի կոլեկտիվը միշտ եղել է արտադրության առաջավորների շարքում, բազմաթիվ անգամ նվաճել միութենական (14) և հանրապետական (18) փոխանցիկ դրոշներ։ Արթիկտուֆ կոմբինատի աշխատողներ Վ․ Փանոյանը, Հ․ Դարբինյանը, Ա․ Եգանյանը, Ա․ Ադամյանը, Մ․ Չոփիկյանը, Մ․ Վարդանյանը, Ե․ Հովակիմյանը, Ս․ Բիչախչյանը և ուրիշներ ընտրվել են ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների դեպուտատներ, ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների պատգամավորներ, արժանացել կառավարական բարձր պարգևների և վաստակավոր շինարարի կոչման։
Վ․ Ստեփանյան


ԱՐԹԻՆՅԱՆ Արթին Պետրոսի [ծն․8․ 12․ 1907, Բազարջիկ (Բուլղարիա)], ֆրանսիական գրականագետ, ազգությամբ հայ։ 1920-ից ապրում է ԱՄՆ–ում։ 1932-ին ավարտել է Փարիզի համալսարանը։ 1933-ին Հարվարդի համալսարանում ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան, 1941-ին՝ դոկտորի գիտական աստիճան Կոլումբիայի համալսարանում։ Հիմնականում զբաղվել է Գի դը Մոպասանի երկերի ուսումնասիրությամբ («Մոպասանի քննադատությունը Ֆրանսիայում․1880-1940», 1941, անգլ․), կազմել և հրատարակել է «Գի դը Մոպասանի չհրատարակված նամակագրությունը» (1951) և «Մոպասանին թեր և դեմ» (1955) գրքերը։ Արժանացել է «Օֆիսիե դ’Ակադեմի» (Ֆրանսիա) կոչմանը (1948)։


ԱՐԹԽԱՆ, Արդղան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Բալու գավառում, Արածանիի ստորին հոսանքի աջ կողմում։ XX դ․ սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Ուներ եկեղեցի (Ս․ Մինաս)։ 1910-ից Արթխանում գործել է վարժարան։ Գյուղն ավերվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։


ԱՐԹՈՒԽ, Հարթուխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սասունի Տալվորիկ գավառում, Հայկական Տավրոսի հյուսիսային լանջին, դեպի Մշո դաշտն իջնող մի լեռնաճյուղի վրա։ 1890-ական թթ․ ուներ մոտ 25 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և մասամբ պտղաբուծությամբ։ Արթուխում գործում էր եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կային հին ամրոցի ավերակներ։ Ավերվելու ամայացել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։


ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ, բարոյագիտական կատեգորիա։ Անձի՝ հասարակական նշանակության, հարգանքի ու գնահատականի արժանանալու ինքնագիտակցումը, որը հենվում է հասարակության կողմից մարդու սոցիալական արժանիքի ճանաչման վրա։ Սերտորեն կապված է մարդու դերի, աշխատանքային գործունեության և ծառայությունների հետ, որոնք նրան արժանացնում են պատվի։ Արժանապատվության զգացումն ու գիտակցումը հիմնավոր է, երբ մարդու ինքն իրեն տված գնահատականը համընկնում է հասարակության կողմից նրան տված գնահատականին։ Արժանապատվությունը խղճի հետ միասին, մարդու պարտքի ու պատասխանատվության գիտակցման ձևերից է, որը կարգավորում է նաև անհատի նկատմամբ նրա շրջապատի և ամբողջ հասարակության վերաբերմունքը։ Հակամարտ դասակարգեր ունեցող հասարակարգերում աշխատավորների արժանապատվությունը միշտ ոտնահարվել է։ Այնտեղ արժանապատվությունն ունի դասակարգային բնույթ։ Սոցիալիզմն ընձեռում է մարդկային արժանապատվության գիտակցման ու գնահատման բոլոր պայմանները։
Հ․ Քտրյան


ԱՐԺԵԹՂԹԵՐ, վկայություն որոշակի չափով ներդրած կապիտալի կամ տրամադրած փոխառության մասին, որը տալիս է կանոնավոր եկամուտ (դեվիդենտ կամ տոկոս) ստանալու իրավունք։ Կապիտալիստական երկրներում բաց են թողնում ձեռնարկությունները՝ բաժնետոմսերի կամ փոխառությունների, կառավարությունները՝ պետական փոխառության պարտատոմսերի (տես Պետական փոխառություն), հիպոթեկային բանկերը և վարկային այլ հաստատությունները՝ գրավաթղթերի ձևով։ Արժեթուղթը կեղծ կապիտալ է, որովհետև աշխատանքի արդյունք չէ և չունի արժեք։ Նրա ընթացագինն ուղիղ համեմատական է ստացվելիք եկամուտներին և հակադարձ համեմատական՝ փոխատվական տոկոսի մակարդակին։ Արժեթղթերը ազատ փոխանակվում են, և դրանց տերը, թեկուզ ձևականորեն, համարվում է ձեռնարկատեր։ Սակայն ձեռնարկության իրական տերերը նրանք են, ովքեր տնօրինում են արժեթղթերի այսպես կոչված «հսկիչ ծրարը»։ Բաժնետիրական ընկերությունների հիմնադիրները արժեթղթեր թողարկելիս ստանում են հիմնադրական, իսկ արժեթղթերի էմիսիայով և տարածումով զբաղվող բանկերը՝ էմիսիոն շահույթ։
Կ․ Աբգարյան


ԱՐԺԵՁԵՎ, ապրանքի արժեքի դրսևորման ձև, որ արտահայտում է մի ապրանքի՝ մյուսի նկատմամբ ունեցած փոխանակա–