Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անցման «անտարբերությունը», իմաստավորելով, արժեքավորելով, ուրեմն՝ «մարդկայնացնելով» բնությունը, հասարակությունը, մարդկային գոյությունն ու պատմությունը, որոնք գիտության մեջ հանդես են գալիս «ինքնին», սոսկ որպես մեխանիզմ։ Արժեքաբանության տեսակետից ինքը՝ գիտությունը, կազմելով մարդկային մշակույթի էական բաղադրամասը, հանդես է գալիս իբրև տեսական արժեք, ուստի կարող է ստանալ արժեքային գնահատականներ՝ բարիք, հարստություն, գեղեցկություն, կարող է հանդիսանալ քաղաքակրթության (և առանձին անհատների) զարգացման չափանիշներից մեկը։
Արժեքների տեսության (արժեքաբանության) համաձայն մարդկային հասարակության պատմությունը հատկապես քաղաքակրթության պատմություն է, որով և մարդկային գոյությունը էապես տարբերվում է բնության պրոցեսներից։ Ահա թե ինչու արժեքաբանությունը երբեմն հավակնում է լինելու հասարակագիտական, համընդհանրական տեսություն։ Հասարակության գիտական ըմբռնումը, սակայն, մերժում է արժեքաբանության նման նկրտումները՝ իրականության նկատմամբ արժեքային մոտեցումը համարելով ածանցյալ հասարակական ավելի խորը օրինաչափություններից։
Հ.Գևորգյան
Աժեքաբանություն, աքսիոլոգիա (<հուն․ άξία - արժեք, λόγΟς- բան, խոսք, բառացի՝ ուսմունք արժեքների մասին) , իդեալիստական ուսմունք արժեքների մասին, լայն տարածում է գտել XX դ․ բուրժուական փիլիսոփայական ուղղություններում։ Սկիզբ առնելով նեոկանտականության բադենյան դպրոցի շրջանակներում՝ աժեքաբանությունը տեսական և գործնական մտածողության (գիտության և աշխարհայացքի) Կանտի անտինոմիան փորձում է լուծել բացարձակացնելով աշխարհի արժեքային իմաստավորումը և ընդունելով տեսական ճանաչողության նկատմամբ նրա տրամաբանական առաջնությունը։ Սրանով հերքվում է ճանաչողության օբյեկտիվ բովանդակությունը, ճշմարտությունը դիտվում է որպես «գիտակցության նորմատիվություն», որը որոշվում է ապրիոր, արժեքների իրական գոյությունից անկախ։ Իրական կապակցություններից արժեքների կտրման, նրանց բացարձակացման այս գիծը հետագա զարգացում է ստանում աժեքաբանության օբյեկտիվ իդեալիստական տարատեսակներում (Ն․ Հարտման, Մ․ Շելեր, Ջ․ Սանտայանա, Ա․ Զ․ Մուռ) ։ Նեոթոմիստները ձգտում են արժեքների հիերարխիկ համակարգերի կառուցման, արժեքային կատեգորիաների ապապատմական բովանդակության հայտնաբերման միջոցով բացահայտել մարդու և հասարակության գոյության հավերժական իմաստը։ Արանով աժեքաբանությունը մերձենում է թելեոլոգիային։ Աժեքաբանության սուբյեկտիվ իդեալիստական տարատեսակներում (նեոպոզիտիվիզմ, սոցիոլոգիական պոզիտիվիզմ, պրագմատիզմ) արժեքները դիտվում են իբրև սուբյեկտի հոգեբանական վիճակը արտահայտող հավանության կամ մերժման ռեակցիաներ։ Արժեքների նման «փաստականացման» հետևանքով նրանց ուսումնասիրությունը մնում է ֆենոմենալ–նկարագրական մակարդակի վրա։ Գիտական տեսակետից անիմաստ է համարվում արժեքների օբյեկտիվ հիմնավորման խնդիրը, բացառվում է արժեքավորման հանրանշանակ չափանիշների մշակման հնարավորությունը։ Դրանով իսկ մի նոր կողմից ընդգծվում է գիտության և աշխարհայացքի անհամատեղելիությունը, արդարացվում է քաղաքական, իրավական, բարոյական և գեղագիտական նորմերի ռելյատիվիստական ըմբռնումը։ Արժեքների էության մարքսիստական ըմբռնումը մերժում է ինչպես արժեքային հատկանիշների բացարձականացումը, այնպես էլ նրանց ձուլումը սուբյեկտի մեջ։ Առարկայի նշանակալիությունը նրանից կտրված մի հատուկ էություն չէ, ոչ էլ գնահատող գիտակցության արգասիք։ Այն ձևավորվում է հասարակական պրակտիկայի ընթացքում՝ պայմանավորված է ինչպես մարդկանց շահերով ու պահանջմունքներով, այնպես էլ դրանց նկատմամբ գնահատվող առարկաների ռեալ հարաբերությամբ։ Գնահատման և պարտադրման նորմատիվ սկզբունքների բովանդակությունը հարաբերական է՝ կախված հասարակական կյանքի պատմական պայմաններից, ինչպես նաև տարբեր սոցիալական խմբերի հասարակակն կեցության առանձնահատկություններից։ Այսպիսով, մերժվում է պատմական իրականությունից դուրս արժեքների չափանիշը՝ տեսնելով այն հենց հասարակության վերընթաց զարգացման օբյեկտիվ օրինաչափության մեջ, որի գիտական ճանաչումն էլ հնարավորություն է տալիս մշակելու ճշմարիտ աշխարհայացք, հիմնավորելու առաջադեմ հասարակական նորմեր և իդեալներ։
Կ․ Սարինգուլյան
Արժեքականություն, վալենտականություն (լատ․ valentia - ուժ) , ատոմի՝ քիմիական կապեր առաջացնելու հատկությունը։ Արժեքականության թվային արժեքը որոշվում է մոլեկուլում տվյալ ատոմի հետ միացած միարժեք ատոմների քանակով։ Արժեքականություն հասկացությունը ձևակերպվեց քիմիական կապի հասկացության հետ միաժամանակ։ Բազմապատիկ հարաբերությունների օրենքից (Ջ․Դալթոն, 1803) հետևում էր, որ տարրի յուրաքանչյուր ատոմը կարող է միանալ որոշակի ամբողջ թվով այլ ատոմների հետ։ Ատոմի հատկությունը՝ իրեն միացնել կամ միացություններում տեղակայել որոշակի թվով ատոմներ, անվանվեց «Արժեքականություն» (Է․Ֆրանկլենդ, 1853)։ Արժեքականությանը թվային արժեք տալու համար որպես միավոր ընդունվեց ջրածնի արժեքականություն, քանի որ նրա ատոմը իրեն չի միացնում որևէ այլ տարրի մեկից ավելի ատոմներ։ Տարրի արժեքականությունը որոշվում էր նրա մեկ ատոմին միացած ջրածնի ատոմների թվով (քլոր, ֆտոր՝ 1, թթվածին, ծծումբ՝ 2, ազոտ, ֆոսֆոր՝ 3, ածխածին, սիլիցիում՝ 4 և այլն)։ Քանի որ այդ նույն տարրը այլ միացություններում կարող է ունենալ ըստ ջրածնի որոշվածից տարբեր արժեքականություն, անհրաժեշտ եղավ զուգահեռաբար ստեղծել նաև արժեքականությունների թթվածնային սանդղակ (թթվածնի արժեքականությունը հավասար է երկուսի)։ Ատոմները միանում են փոխադարձաբար հագեցնելով իրենց արժեքականությունները, հետևաբար, եթե հայտնի է մոլեկուլը առաջացնող ատոմներից մեկի արժեքականությունը, ապա կարելի է որոշել մյուսինը։ Այսպես՝ Cl2O7, ՏO3, N2O5 միացություններում քլորի, ծծմբի և ազոտի արժեքականությունները համապատասխանաբար հավասար են 7-ի, 6-ի և 5-ի։ Արժեքականությունն ընկած է քիմիական կառուցվածքի տեսության (Ա․ Մ․ Բուտլերով, 1861) հիմքում, ըստ որի, ածխածնի արժեքականությունը օրգանական միացություններում հաստատուն է և հավասար 4-ի (Ա․Կեկուլե, Ա․Կուպեր, 1857-88)։ Ենթադրվեց, որ արժեքականությունը տարածության մեջ ունի որոշակի ուղղություն։ Պարբերական օրենքը (Դ․ Ի․ Մենդելեև, 1869) բացահայտեց տարրի արժեքականության և տարրերի պարբերական համակարգում նրա գրաված տեղի փոխադարձ կապը (միևնույն խմբում գտնվող տարրերն ունեն միևնույն բարձրագույն արժեքականությունը, որը մեծ մասամբ համընկնում է խմբի համարի հետ)։ Կոմպլեքսային միացությունների հայտնաբերումով գիտության մեջ մտցվեց կոորդինացիոն թվի գաղափարը (Ա․ Վեռներ, 1893), որը նշանակալիորեն ընդլայնեց արժեքականության իմաստը։ Արժեքականությունը որոշակի ֆիզիկական իմաստ և բացատրություն ստացավ միայն ատոմի կառուցվածքի ուսմունքի ստեղծմանը զուգընթաց։ Ստեղծվեց արժեքականության էլեկտրոնային տեսությունը, ըստ որի, քիմիական կապը իրականանում է ատոմի էլեկտրոնային արտաքին թաղանթի՝ արժեքական էլեկտրոնների միջոցով (Ջ․ Թոմսոն՝ 1907, Ի․ Շտարկ՝ 1912)։ Քիմիական միացություն առաջացնելու ատոմի հակումը բացատրվեց իներտ գազի ատոմի նման կայուն արտաքին էլեկտրոնային շերտ ունենալու նրա ձգտումով (Գ․ Լյուիս, Վ․ Կոսսել, 1916)։ Ըստ Վ․ Կոսսելի, իրար միացող ատոմներից մեկը իր արտաքին շերտի էլեկտրոնները տալիս է մյուսին։ Առաջանում են տարանուն իոններ, որոնք միանում են իրար էլեկտրաստատիկական ուժերով։ Արժեքականությունը հավասար է ատոմի տված կամ վերցրած էլեկտրոնների թվին։ Այս հիպոթեզը դարձավ իոնական կապի տեսության և հետերովալենտականության հիմնաքարը։ Ըստ Գ․ Լյուիսի, միացող ատոմներն առաջացնում են էլեկտրոնային զույգեր, որոնք պատկանում են այդ ատոմներին՝ միաժամանակ։ Արժեքականությունը հավասար է նոր էլեկտրոնային զույգերի առաջացման համար ատոմի օգտագործած էլեկտրոնների թվին։ Այս հիպոթեզը իր հերթին սկիզբ դրեց կովալենտ կապի էլեկտրոնային տեսությանը և կովալենտականության հասկացությանը։ Գ․ Լյուիսի և Վ․ Կոսսելի հիպոթեզները ոչ միայն չեն հակասում, այլև լրացնում են իրար։ Ըստ էության նրանք ներկայացնում են բևեռայնացված կապի սահմանային դեպքերը, առաջացած էլեկտրոնային զույգը հավասարապես պատկանում է միացող ատոմներին (կովալենտ կապ) կամ ամբողջությամբ նրանցից մեկին (իոնականկապ)։ Ատոմի արժեքականությունը հավասար է նրա չզույգված էլեկտրոնների թվին, որոնք մասնակցում են քիմիական կապի առաջացմանը։ Նմանձևով չի կարելի բացատրել կոմպլեքսային միացությունների {K3[A1F6}, K2[SiCl6], K4[Fe(CN)6] և այլն} առաջացումը։ Սրանց կառուցվածքի ռենտգենոգրաֆիական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ լիգանդները (բերված օրինակներում F, Сl, CN) շրջապատում են կենտրոնա–