Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նավթ։ Ունի մետրոպոլիտեն, 40 կմ հեռավորության վրա՝ էսեյսա միջազգային օդանավակայանը։ Բ. Արգենտինայի արդյունաբերության կարևոր կենտրոնն է, օգտագործում է երկրի էլեկտրաէներգիայի 3/4-ը։ Զարգացած են մեքենաշինությունը (հատկապես էլեկտրատեխնիկական), նավթավերամշակումը, քիմիական, տեքստիլ և սննդի արդյունաբերության ճյուղերը։ Ունի համալսարան (հիմնադրվել է 1821–ին), կոնսերվատորիա, գիտական հիմնարկություններ, Ազգային գրադարան, պատմական, ազգագրական թանգարաններ, թատրոններ։ Բ. Լատինական Ամերիկայի հրատարակչական կենտրոնն է։

Պատմական տեղեկանք։ Բ. հիմնադրվել է 1536-ին, իսպ. կոնկիստադոր Պեդրո Մենդոսայի կողմից։ 1541-ին իսպանացիները, հնդկացիների ճնշման տակ թողնելով քաղաքը, ավերեցին ու հրդեհի մատնեցին այն։ 1580-ին սկսվեց Բ–ի վերակառուցումը, իսկ 1776-ին այն արդեն Լա Պլատայի փոխարքայության մայրաքաղաքն էր։ 1810-ի մայիսից Ամերիկայի իսպ. գաղութների անկախության պատերազմի կենտրոններից էր։ 1816-26-ին Լա Պլատայի միացյալ նահանգների, իսկ 1880-ից Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաքն է։ XX դ. սկզբներից երկրի բանվորական շարժման կենտրոնն է, ուր տեղի են ունեցել պրոլետարիատի զինված դասակարգային մարտեր (1919) և խոշոր գործադուլներ (50–60-ական թթ․)։

Ճարտարապետությունը։ Բ–ի հատակագծի հիմքը ուղղանկյուն փողոցների ցանցն է և դեպի Լա Պլատա բացվող գլխավոր հրապարակը։ Հարավում, նավահանգստի շուրջը, արդ. ձեռնարկություններն են, կենտրոնում՝ գործարար և առևտրական մասը, կառավարական հիմնարկները, պրեզիդենտի նստավայրը, բանկերը, խանութները։ Պահպանվել են Սան-Իգնասիո (1710-34) և Էլ Պիլար (1716-32) եկեղեցիները, ռատուշան (1725-54)։ XIX-XX դդ․ կառուցվել են բազմահարկ էկլեկտիկ և արդի ոճի շենքեր, կառուցապատվել են հանդիսավոր մայրուղիները՝ Ավենիդա դե Մայո (1889), Ավենիդա 9–ը հուլիսի (1930-ական թթ.), քաղաքը գոտևորող Ավենիդա Գեներալ Պասը (1937-41, մոտ 30 կմ, լայնությունը՝ 100 մ)։

Հայերը Բուենոս Այրեսում։ Բ-ում (Վիժա Սոլդատի, Ֆլորեստա, Փալերմո թաղամասեր) և նրա արվարձաններում (Վալենտին Ասինո, Լամոս) բնակվում է Արգենտինայում հաստատված հայության մոտ 90 %-ը, շուրշ 60 հզ. մարդ։ Համայնքը կազմավորվել է առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ մեծ թվով հայեր են գաղթել Մարաշից, Ադանայից, Հաճընից, Կեսարիայից, Այնթապից, Կուտինայից։ Բ-ում են գտնվում արգենտինահայերի գրեթե բոլոր մշակութային, բարեգործական, հայրենակցական, կրթական, եկեղեցական, երիտասարդական կազմակերպությունները։ Գործում են հայկ. ամենօրյա վեց դպրոց, եկեղեցիներ, երգչախմբեր, պարախումբ, նվագախումբ։ Լույս է տեսնում 13 անուն պարբերական, որից երկուսը՝ իսպաներեն։ (Տես նաև Արգենտինա, Հայերը Արգենտինայում մասը)։

Պ. Մարտիրոսյան