Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(նկ․) Արգիշտիխինիլիի արևմտյան հատվածի հատակագիծը

կան մասում, Աբաքս գետի միջին հոսանքի նախկին հունի ձախ ափին (այժմ՝ ՀՍՍՀ Հոկտեմբերյան շրջանի Նոր Արմավիր, Նոր Ամասիա, Նալբանդյան, Հայկավան և Ջրաշեն գյուղերի միջև ընկած բարձունքների վրա)։ Առաջին հնագիտական ուսումնասիրությունը կատարել են Ա․ Երիցյանը և Ա․ Մ․ Ուվարովը, 1870-ին։ ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ–ը 1962-ին Ա–ում սկսեց նոր, պարբերական պեղումներ։ Ա–ի հիմնադրման, ինչպես նաև այնտեղ պաշտպանական, պալատական, պաշտամունքային և տնտ․ կառույցների մասին տվյալներ կան Արգիշտի Ա–ի և նրա հետնորդներ Սարդուր Բ–ի, Ռուսա Ա–ի և Ռուսա Գ–ի 17 սեպագիր արձանագրություններում։ Պեղածո նյութերից և արձանագրություններից երևում է, որ մ․ թ․ ա․ VIII դ․ կեսին Ա․ դարձել է ուրարտական թագավորության մշակութային–տնտեսական և պաշտամունքային խոշոր կենտրոն։ Ա–ի կառուցապատված մասը գրավել է շուրջ 1000 հա տարածություն, որտեղ եղել են այգիներ, բանջարանոցներ, ցանքսեր։ Պեղումների ընթացքում քաղաքի բնակելի տներում հայտնաբերվել են քարե օջախներ, կավանոթներ, աղորիքներ, սանդեր, ջուլհակի գործիքներ, երկաթե մանգաղներ, դանակներ են։ Բնակչությունը հիմնականում կազմված է եղել երկրագործներից ու արհեստավորներից, որոնց ընդարձակ և մեծաշուք տները զբաղեցրել են քաղաքի գրեթե ամբողջ տարածքը։ Արվարձաններում բնակվել է երկրագործ բնակչության ցածր խավը։ Քաղաքի և մերձակայքի լավագույն հողերը, ինչպես նաև անասնահոտերը կենտրոնացած էին ստրկատիրական ավագանու, քրմերի և հատկապես՝ թագավորի ձեռքում։ Արհեստանոցներն ու բնակելի թաղամասերը գտնվում էին ջրանցքների, առուների մոտ։

Ա․ արհեստագործական արտադրանք (քարե նուրբ կնիքներ, մետաղյա և կավե իրեր, դեկորատիվ բազալտե թասեր) է մատակարարել Ուրարտուի հս․ շրջաններին։ Ապացուցված է, որ մ․ թ․ ա․ VII դ․ կեսին մի շարք կավե առարկաներ Ա–ից տեղափոխվել են Թեյշեբաինի (Կարմիր–բլուր)։ Հայտնաբերվել են բրոնզագործի, դարբնի, քարագործի, դեղագործի և հյուսնի մենատներ։ Հատկապես կատարելության էր հասել խեցեգործությունը։ Տարածված էին գեղարվեստական արհեստագործության արտադրանքները՝ բրոնզաթիթեղը, դրոշմազարդ գոտիները, բարձրաքանդակ վահանները, սաղավարտներն ու մետաղյա արձանիկները։ Պեղածո իրերը (նուրբ ու կոպիտ գործվածքների, պարանների, փոկերի, կաշվե իրերի մնացորդներ) ցույց են տալիս մանածագործության, ջուլհակության, կաշեգործության և այլ արհեստների առկայությունը։ Ա–ում զգալի թիվ էին կազմում շինարար վարպետներն ու գործավորները։ Ա–ի արմ․ հատվածը շրջապատված է եղել բերդապարսպով, որի մնացորդները 1,5–2 կմ երկարությամբ մասամբ պահպանվել են։ Ա–ի քաղաքաշինական սխեման կազմվել է տեղանքին համապատասխան։ Քաղաքն իր արլ․ և արմ․ կողմերում ունեցել է երկու հսկայական միջնաբերդ, որտեղ եղել են թագավորական պալատներ, տաճարային շինություններ, արհեստանոցներ, հացահատիկի պահեստներ, գինու մառաններ։ Պալատական, տաճարային շինությունները տեղավորված էին արմ․ կողմում, բլրաշարքի ամենաբարձր մասում՝ շրջափակված եռաշարք հզոր պաշտպանական պարիսպներով, աշտարակներով, որմնահեցերով։ Պալատներից մեկի պեղումներից երեում է, որ այն բաղկացած է եղել սյունազարդ երկու դահլիճներից, բնակելի և տնտեսական ընդարձակ շենքերից։ Քաղաքի արմ․ մասում գտնվում է Արմավիր բլուրը (բարձրությունը՝ մուո 80 մ), որից 1 կմ հեռավորության վրա շղթայաձև ձգվում է Դավթի բլրաշարքը՝ մոտ 2,5 կմ երկարությամբ։ Այս բլրաշարքի արմ․ բարձրադիր հատվածում տեղադրված է եղել արմ․ ամրոցը։ Բնակելի թաղամասերը զբաղեցրել են բլրաշարքը, նրա լանջերն ու ստորոտի հարթավայրը։ Առանձին հետաքրքրություն են ներկայացնում քաղաքի պաշտպանական կառույցները։ Արմ․ ամրոցը շրջապատված է եղել 3,5 մ հաստության եռաշարք պարիսպներով, որոնք կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում՝ միջնաբերդի տարածությունը ընդարձակելու նկատառումով։ Ամրոցի մուտքերը գտնվել են հս․ և արլ․ պարսպամասերում։ Բլրաշարքի կենտրոնում (կենտրոնական մեծ սենյակի շուրջը) բացվել են 6–10 սենյակներով միահարկ բնակելի առանձնատներ։ Երվանդունիների թագավորության առաջին շրջանում Ա–ի մեծ մասն ավերակ էր։ Կյանքը վերսկսվեց միայն նրա արլ․ մասում, երբ հիմնադրվեց Երվանդունիների գահանիստ Արմավիրը։

Պատկերազարդումը տես աղ․ I, 48–49 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ․ Ղաֆադարյան Կ․ Կ․, Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդի ամրաշինական կառույցները, «ԼՀԳ», 1972, № 3։ Никольский М․ В․, Клинообразные надписи Закавказья, Материалы по археологии Кавказа, в г 5, М., 1896; Арутюнян Н. В., Новая урартская надпись из Давти-блура, «Вестник древней истории», 1966, № 3; Мартиросян А. А., Раскопки Аргиштихинили, «Советская археология», 1967, № 4; Его же, К социально-экономической структуре города Аргиштихинили, «Советская археология», 1972, № 3; Его же, Аргиштихинили, Е․, 1974 (Археологические памятники Армении, 8․ Урартские памятники, в․ 1)․ Հ. Մարտիրոսյան

ԱՐԳՈՆ (Argon, <հուն․ άργός, – անգործունյա), , տարրերի պարբերական համակարգի VIII խմբի քիմ․ տարր։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 18, ատոմական զանգվածը՝ 39,948։ Ա․ р տարր է, նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է ։ Բնական Ա․ բաղկացած է (0,337%), (0,063%) և (99,600%) կայուն իզոտոպներից։ Արհեստական ռադիոակտիվ յոթ իզոտոպներից ամենակայունը է (T½ = 265 տարի)։ Բնության մեջ հանդիպում է միայն ազատ վիճակում։ Իներտ գազերից ամենատարածվածն է, կազմում է օդի ծավալի 0,933%-ը (1,6·1013 տ), Ա․ են պարունակում նաև երկրի կեղևը՝ 1,65·1011 տ, ջուրը՝ 7,52·1011 տ։

իզոտոպը մշտապես հանդիպում է կալիում պարունակող միներալներում․ այն -ի ռադիոակտիվ քայքայման արդյունք է։ Դրանով է բացատրվում -ի բարձր տոկոսը մթնոլորտում։ Ա․ առաջին անգամ անջատվել է մթնոլորտային ազոտից (Ջ․ Ռելե, Ու․ Ռամզայ, 1894)։

Սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է, խտությունը՝ 1,7839 կգ/մ³ (0° C-ում, 101325 կգ/մ² ճնշման տակ), հալման ջերմաստիճանը՝ –189,3°С, եռմանը՝ –185,9° С։ Մոլեկուլը բաղկացած է մեկ ատոմից։ Լուծվում է ջրում (1 լ–ում՝ 51,9 սմ³), ավելի լավ՝ օր գանական լուծիչներում, մետաղներում գործնականորեն չի լուծվում։ Ա–ի իոնացման էներգիան () մեծ է (15,755 էվ)։ Էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի և քիմիապես պասսիվ է։ Որոշ նյութերի հետ դոնոր–ակցեպտորային կապի հաշվին առաջացնում է կոմպլեքսային միացություններ՝ ( ևն)։ Ավելի լավ է ուսումնասիրված հիդրատը՝ , սինթեզել է Պ․ Վիյարը 1896-ին՝ ջուրը բյուրեղացնելով Ա–ի մթնոլորտում (150 մթն ճնշման տակ)։ Արդյունաբերության մեջ Ա․ ստանում են հեղուկ օդի կոտորակային թորումից։ Մյուս իներտ գազերից բաժանում են գազաքրոմատոգրաֆիական եղանակով։ Ա․ լայնորեն կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմ․ և մետալուրգիական պրոցեսներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման, կիսահաղորդչային միաբյուրեղների աճեցման ժամանակ, լուսատեխնիկայում՝ շիկացման և ֆլուորեսցենտային լամպերի պատրաստման (արգոնային խողովակները տալիս են կապտաերկնագույն լույս, օգտագործվում են լուսային ազդասարքերում) համար և գիտական հետազոտություններում։ Երկնաքարում և