Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տոնից։ 1462-ին Ա․ Բ Ա–ի անունով կոնդակ է ուղարկվել լեհահայերին։ 1465-ին, Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի մահից հետո, Ա․ Բ Ա․ դարձել է կաթողիկոս՝ իրեն աթոռակից ունենալով Աարգսին՝ հետագայի իր հաջորդին (տես Սաբզիս Բ Աջատար)։ 1467-ին Ա․ Բ Ա․ Խաչատուր եպիսկոպոսին ուղարկել է Լվով, որպես տեղի հայերի առաջնորդ՝ համագործակցելու տեղի Տանուտերաց ժողովին։ Ա․Բ Ա․ վախճանվել և թաղվել է Էջմիածնում։ Շիրիմն անհայտ է։
Գրկ․ Առաքել Դավրիժեցի, Պատմութուն, Վաղ–պատ, 1896, էջ 436-37։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ,1912։
Ն․ Միքայելյան

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԳՐԻՉ (ծն․ և մահ․ թթ․անհտ․), հայ գրիչ, բառարանագիր։ Ծնվել է XII դ․ 2-րդ կեսին, Մեծ Հայքում։ Ուսանել է Կիլիկիայի Լամբրոն բերդի մոտ գտնվող Սկևռա վանքում, ուր բարձր զարգացման էին հասել գրչության արվեստն ու մանրանկարչությունը։ Նույն վանքում ծավալել է գիտական գործունեություն, գրել «Վերլուծութունք բացերևապէս բազմազան բայից» աշխատությունը և փաստորեն հիմնադրել գրչության արվեստի լեզվական–քերականական տեսությունը։ Արիստակես Գրչի ուղղագրական բառարանի առաջին էջը Իր գրքում, որ ժամանակի համար գիտական նորույթ էր և ուներ գործնական մեծ նշանակություն, Ա․ Գ․ քննել է ուղղագրությանը, գրելու արվեստին, տառադարձությանը, կետադրությանը, տողատմանը, պարբերություններին, վերնագրմանը և գրչությանն առնչվող հարցեր։ Նա հեղինակն է հայերենի առաջին ուղղագրական բառարանի («Վերլուծութիւնք․․․», գլուխ Ժ), որ պարունակում է երկգրություն ունեցող, դժվարագիր բառերի բազմաթիվ օրինակներ և աչքի է ընկնում արդի նույնատիպ բառարանների բոլոր հատկանիշներով։
Վ․ Առաքելյան

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԳՐԻՉ, Ռըստակես Գրիչ, «որդի Խոցադեղի և Գրամիկի»։ Գործել է Արտազի Թադեի վանքում։ Մեզ է հասել 1315-ին նրա օրինակած Ներսես Շնորհալու «Մեկնութիւն Սաղմոսաց»-ը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N: 3778), ինչպես նաև մի Ավետարան (1330), որ պահպանվում է Նոր Ջուղայի մատենադարանում (ձեռ․N: 47)։
Ա․ Մաթևոսյան

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԳՐԻՉ, «որդի Զանփաշի և Նուկրարի»։ Նշանավոր գրիչ Հովհաննես Սանահնեցու աշակերտը։․Գործել է Սանահնի վանքում (1463-97)։ Նրանից հայտնի է վեց ձեռագիր, որոնցից երկուսը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում են (ձեռ․ N:N: 6383, 3333)։ Եղել է նաև գրչության ուսուցիչ և ծաղկող։
Ա․ Մաթևոսյան

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԼԱՍՏԻՎԵՐՏՑԻ, Արիստակես Լաստիվերցի (ծն․ և մահ․թթ․ անհտ․), XI դարի հայ պատմիչ։ Ծնվել է Արծն քաղաքի մոտերքում գտնվող Լաստիվեր գյուղում։ Եղել է վարդապետ։ Գլխավոր աշխատությունն է «Պատմություն»-ը՝ գրված 1072-79-ին։ Նկարագրված դեպքերի մեծ մասի ժամանակակիցն է և ականատեսը։ «Պատմություն»-ը բաղկացած է չափածո նախերգանքից, 25 գլուխներից և հեղինակի հիշատակարանից։ Նախերգանքում Ա․ Լ․ նկարագրում է սելջուկ–թուրքերի պատճառած սարսափները, ողբում նվաճված Հայաստանի վիճակը։ Բուն շարադրանքը ընդգրկում է 1000-45-ի հայ–բյուգանդական հարաբերությունները, սելջուկների ներխուժումը և Թոնդրակյան շարժման որոշ դրվագներ։ Մանրամասն նկարագրում է Տայքը նվաճելու Բյուզանդիայի փորձերը (1000-22), բանակցությունները հայ և վրաց իշխանների հետ, Անիի թագավորության անկումը(1045) ևն։ Բյուզանդիայի պատմությանը վերաբերող գլուխները լիովին համընկնում են բյուզանդական պատմիչների հաղորդածին, երբեմն նաև լրացնելով նրանց, ինչպես նաև արաբ և պարսիկ մատենագիրների տեղեկություններին։ Ա․ Լ․ առաջին հայ հեղինակն է, որ նկարագրում է սելջուկյան արշավանքները 1047-48-ից մինչև Անիի գրավումը (1064) և Մանազկերտի ճակատամարտը (1071)։ Հեղինակը տեղեկություններ է հաղորդում արշավանքների բնույթի, ուղիների մասին։ Թոնդրակյան շարժմանը նվիրված 22-րդ և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտական բացառիկ արժեք, որովհետև Ա․ Լ–ու տեղեկություններն այլ աղբյուրներում չեն հանդիպում։ Ա․ Լ–ու «Պատմություն»-ը XI դ․կարևորագույն սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Այն միաժամանակ հայրենասիրական ողբ է, ուր հեղինակը նկարագրում է XI դ․ աղետները։ Պատկերավոր և ազդու ոճի շնորհիվ Ա․ Լ–ու երկը հայ միջնադարյան գեղարվեստական արձակի խոշորագույն գործերից է։ «Պատմություն»-ը հայերեն առաջին անգամ տպագրվել է 1844-ին, թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն, վրացերեն, վերածվել աշխարհաբարի։ Աշխատության ձեռագրերը պահվում են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում և այլուր։
Երկ․ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։
Կ․ Յուզբաշյան

ԱՐԻՍՏԱԿԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ, Ռըստակես Աեբաստացի (ծն․ և մահ․ թթ․անհտ․), XIV-XV դարերի հայ գրիչ, կազմող։ Սովորել է Երզնկայի Ավագ վանքի դպրոցում՝ աշակերտելով ժամանակի նշանավոր վարդապետ Գեորգ Երզնկացուն։ Աշխատել ու ստեղծագործել է հիմնականում Ավագ վանքում՝ զբաղվելով գրչության արվեստով։ Իր դասընկեր Հովհաննես Երզնկացու հրավերով 1412-ից հետո եղել է Տաթևի, Հերմոնի և Եղվարդի վանքերում։ Էջ Արիստակես Աեբաստացու ընդօրինակած Խազգրքից Ա․ Ա–ու գրչին է պատկանում «Խրատ ուսումնականաց անձանց» գործը, որ զետեղել է իր ընդօրինակած Գրիգոր Տաթևացու Ոսկեփորիկում։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում պահպանվում են Ա․ Ա–ու 1405-ին և 1408-ին ընդօրինակած երկու Խազգիրք, Մանրուսմունքները (ձեռ․ N:N: 753, 763), Հովհաննես Որոտնեցու Լուծմունք իմաստասիրական գրոց (1412 թ․, ձեռ․N: 1701) և Գրիգոր Տաթևացու Ոսկեփորիկ (1412 թ․, ձեռ․N: 5118) ժողովածուները։ Հայտնի են նաև Ա․ Ա–ու 1383-ին ընդօրինակած Ավետարանը և 1409-ին՝ ժամագիրքը։
Գրկ․ Սյուրմեյան Ա․, Ցուցակ հայերեն ձեռագրաց Հալեպի Ա․ Քառասուն Մանկունք եկեղեցվո և մասնավորաց, Երուսաղեմ, 1935։ Խաչիկյան Լ․, ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Ե․, 1950։ Նույնի, ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս 1, Ե․, 1955։ Մուրատյան Ա․ Ա․, Մարտիրոսյան Ն․ Պ․, Ցուցակ ձեռագրաց Մշո Ա․ Առաքելոց–թարգմանչաց վանքի և շրջակայից, Երուսաղեմ, 1967։
Ա․ Մաթևոսյան

ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ էմին Ասպետի (ծն․19․11․1936, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր։ ՍՄԿԿ անդամ 1967-ից։ 1961-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ Հիմնական ստեղծագործություններից են՝ Սիմֆոեիա (1962), «Հայաստան» պոեմը երգչախմբի համար (1963), «Պրոմեթևս» բալետը (1967, լիբր․ Ե․ Չանգայի, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1968), «Պոեմ Լենինի մասին» ձայնի, երգչախմբի և դաշնամուրի համար (1970), «Սահակ Պարթևի հինգ շարականները» (1971, մշակում ձայնի և դաշնամուրի համար) ևն։ Ա–ի «Պրոմեթևս» բալետը Երևանից և ՍՍՀՄ այլ քաղաքներից բացի բեմադրվել (1968) և նկարահանվել է (1969) Լեհաստանում։
Ռ․ Աթայան

ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ Վահրամ Ավագի [ծն․4(16)․ 4․ 1899, էրզրում], հայ սովետական պարուսույց–բալետմայստեր, բժիշկ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1958)։ 1920-1922-ին, որպես հայկ․ ժողովրդական պարերի պարուսույց, աշխատել է հայ ազգի պրոֆեսոր Վ․ Էտարյանիի պարի դպրոցում (Թիֆլիս), միաժամանակ ավարտել (1922) Վրաստանի Լուսժողկոմատին կից պարերի դասատուների հատուկ դպրոցը (ղեկավար՝ իտալացի բալետմայստեր Ա․ Ֆ․ Ինոչենցի)։ 1922-ին կազմակերպել է վրաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան, եղել է վարիչ և դասատու, նաև՝ Վրաստանի պետօպերայի բալետի արտիստ։ 1924-ին հիմնադրել է Հայաստանի Լուսժողկոմատին կից պա–